Հրոն բռունցքները հենեց սեղանին` ասես ուժ ստանալու համար, կանգնեց, հետ հրեց աթոռը, գլուխը մինչև ձախ ուսը թեքեց` չհամարձակվելով շրջվել նայել ու քայլերն ուղղեց դռան կողմը։ Այս անգամ գնում էր, որ էլ չգար։ Այս անգամ գնալու համար պատճառ հորինել պետք չէր։ Կինն էլ էր գիտակցում, որ չափն անցել է ու խեղճացած ծղրտաց հետևից.
-Հրո՜…
Անդրդվելի էր։
Հասել էր դռանը, երբ մտքում կամքից անկախ կնոջ անունը տվեց, ուզեց հրաժեշտի խոսք ասել, բայց արագ լեզուն կծեց։ Հիասթափվելիս անգամ մարդու անունն է դառնում, մեղմ ասած, չսիրելի։ Հրոն հոգնել էր. վաղուց էր հոգնել, բայց փորձում էր ինքն իր մնալու համար հիմնավորումներ գտնել։ Ինչից ասես կառչել էր` ամուսնական պարտավորություն, տրված խոստումներ, պատիվ, ինչ ասես կուլ էր տվել այս տարիների ընթացքում` թաքուն արցունք, վիրավորանք, արհամարհանք, բայց ամեն ինչ վերջացավ, երբ հասկացավ, որ Անուշի կողմը հայացք չի կարողանում այլևս նետել, էլ ո՜ւր մնաց` դիպչել նրան։ Կնոջ մեղքն այս դեպքում մի մասն էր, մնացածում ինքն էր մեղավոր, ավելի ճիշտ…
Չէր ատում, բայցև սեր էլ չկար նրա հանդեպ, ով ամեն կերպ, թեկուզ չուզելով, բայց հիշեցնում էր իրեն իր թուլությունները։ Մանր-մունր բաները կուտակվել շիկացել էին ու Հրոյի սիրտը վառել վերքոտել։
Հարմար առիթ էր։
Չթքեց, բայց հեռացավ։
Միշտ հակառակն է լինում, իսկ Հրոյի դեպքն ուրիշ էր. Հրոն տնփեսա էր։
***
Մի քանի ամիս առաջ վերջապես ընդունվել էր աշխատանքի։ Երկար փնտրտուքից, մերժումներից հետո բախտը ժպտացել էր։ Դրանից շատ առաջ թքել էր տարիներով սովորած պատմաբանի անստույգ մասնագիտության, վաստակած դիպլոմի վրա ու դուրս էր եկել դպրոցում ուսուցչի աշխատանքից։ Դուրս չէր եկել, ստիպել էին սեփական դիմումի համաձայն ազատվել։ Դասերի ժամանակ օրվան ու ժամանակին ոչ համարժեք վերլուծություններ էր արել ու գնահատականներ տվել։ Դիմումը գրել ու դուրս էր եկել առանց ավելորդ խոսքերի։ Երբ արդեն դպրոցից բավականաչափ հեռացել էր, միայն կիսաձայն ասել էր. «Սաղդ էլ մի սանրի կտոր եք…»։
Այդ օրվանից հետո Հրոն լռեց։ Ինքն իրեն խոստացավ, որ այլևս ոչ մի բառ չի ասի։ Կյանքը բազմիցս ապացուցել էր, որ լռելը հաճախ ազատում է կեղծավոր լինելու բեռից։ Մնում էր լռել կարողանար` ինքն իրեն պարտվել համոզեր, որ կյանքում հաղթել կարողանար` ազատվեր կեղծ ժպտալու հոգսից ու աշխարհով մեկ չլիներ ժպիտներից, լռեր, որ ստիպված չլիներ շինծու մտքեր արտահայտել, ինչ է թե հաճելի լիներ դիմացինին։ Որ նախանձ չշարժեր… Թեկուզ գլուխը պատեպատ տար, ներսից կրծեր հոգին, պետք է լռեր, որ չպարտվեր ստին, կյանքին հաղթելու ձև ունենար…
Տարիների ընթացքում կուտակված պարտքերը մարելու համար տունը գրավ էր դրել ու… անտուն էին մնացել, գնացել էին զոքանչի տուն։ Հոգնել էր թուքումուրից։ «Ջահել տղա ես, ի՜նչ ես վեր ընկել տանը, դուրս արի, մի գործ գտի,- ամեն Աստծու օր կինն ու զոքանչը շպրտում էին երեսին,- հո պաշտոնով չե՞ս ծնվել, հիմա գործը թափած ա, հել, քեզ մի բան գտի, տուն փող բեր»:
Որոշել էր տաքսի քշել. ով պարապ էր կամ այլ բանի ձեռքը չէր հասնում, քշում էր, անգամ աշխատանք ունեցողներն էին քշում, երբ վաստակածը չէր հերիքում։ Հրոն երկար չէր դիմացել. հաճախորդների մուննաթն ու հիմար խոսակցությունները քթից էին բերում աշխատած երկու կոպեկը։ Քշելու վերջին օրը, երբ արդեն պատվերն ավարտված էր, հետևից ծանր հարված էր ստացել գլխին։ Երբ ուշքի էր եկել, օրվա վաստակած յոթ հազար դրամն էլ գրպանում չէր։ Բան չէր հիշում, գործ տալ էլ չէր սիրում։
Երբ տարիների ընթացքում կոպեկ առ կոպեկ հետ գցածը արդեն վերջանալու վրա էր, քարը փեշից թափ էր տվել ու դիմել էր աշխատանքի տեղավորման գործակալություն։ Կարոտած հանել էր զգեստապահարանում կախած ու վաղուց չհագած, բայց խնամքով արդուկած վերնաշապիկն ու շալվարը, իջել դուրս, բացել ավտոտնակի դուռն ու միացրել երկար ժամանակ կայանած «Օփելի» շարժիչը։ Բենզին կար, բայց քիչ էր։ Մի քանի փռթփռթոցից հետո, ասես տարիներով ձայն չհանած մեկը կոկորդը մաքրեր խոսելու համար, մեքենան պոկվել էր տեղից։
Աշխատանքը թափած էր, բայց մեջը փող չկար… Բազմաթիվ առաջարկներից` էլ շինարարության բանվոր, էլ պահեստի աշխատակից ու խանութի խորհրդատու- վաճառող, ընտրել էր հացի արտադրամասի առաքիչի տարբերակը։
-Մեքենա ունե՞ք,- թերևս ամենակարևոր հարցն էր հնչեցրել երիտասարդ, բայց ոչ խոստումնալից բարեմասնություններով աշխատակցուհին։
-Հա, բա ոնց, էս քաղաքում առանց ավտո ոնց կարաս:
-Էս քաղաքում արդեն ավտոյով էլ ա անհնար, ուղղաթիռ ա պետք,- առանց գլուխը համակարգչի էկրանից կտրելու հակադրվել էր դեռևս երիտասարդ աշխատակցուհին,-ի՞նչ ավտո ա։
-Օփել։
-Լավ…
Մի պահ խոսքի դադար էր. ոչ այն է՝ հերթական պարտադիր տողն էր լրացնում, ոչ այն է` խոր հիասթափություն էր ապրել մեքենայի մակնիշից։ Հրոն լուռ էր ըստ քաղաքավարության օրենքի։
-Կգնաք այստեղ, հասցեն նշված է, կընդունեն, մենեջերի կարիք ունեն, ձեր ավտոն էլ կակռազ էդ գործի համար լավ է,- աշխատակցուհին, որը սովորական քարտուղարուհի էր ու տնօրենի համար սուրճ պատրաստելուց ազատ ժամերին զբաղվում էր հայտերի ընդունմամբ, հանել էր տպիչից թարմ թանաքի հոտով բուրող տաք, լավաշի պես բարակ թղթերն ու մեկնել Հրոյին։
-Շնորհակալ եմ,- չէր ուշացել Հրոյի պատասխանը։ Վերցրել էր ուղեգիրը, վերջին անգամ հայացք նետել քարտուղարուհու` շոգից ծորացող տոնային կրեմով ու մի քանի այլ համապատասխան քսուքներով պատված դեմքին ու դուրս եկել։
Գիտեր, որ մենեջերի վեհ ու պաշտոնական հնչող հաստիքի տակ ընդամենը սովորական առաքիչի գործ է լինելու. վեհ ու խոստումնալից խոսքերին վաղուց կուլ չէր գնում։
Գիտեր ու համաձայն էր առաջարկին. կարևորը` հա՛մ աշխատավարձն էր բարձր, հա՛մ էլ տոկոսներ էր ունենալու վաճառքից։
***
Հացի արտադրամաս ընդունեցին առանց բարդության, բայց առանց գրանցման. պարզվեց` ո′չ մենեջեր է լինելու, ո′չ էլ առաքիչ։ Վարորդ է լինելու ու բանվոր, իսկ հաճախորդ ու խանութ «կպցնելու» համար հետը մի ջահել աղջիկ նշանակեցին։
— Վաղվանից Անիի հետ կգնաք հին խանութները, սվեռկա կանեք ու նոր կլիենտներ կճարեք։ Գյուղի խանութներն ահագին պարտքեր ունեն, դրանք ո՜նց ուզում եք, կհավաքեք կբերեք,- հիմնական առաջադրանքներն էր տվել արտադրամասի իրական մենեջերը։
Հրոն լուռ էր, Անին ամեն ասածից հետո կրկնում էր. «Շատ լավ, ինչ որ պետք է, կանենք»։ Ու էդպես էլ եղավ. Անին ամեն ինչ անում էր. երիտասարդ էր ու խոստումնալից, փարթամ կազմվածքով, միշտ վառ հանդերձանքով ու տեսքով էր ներկայանում աշխատանքի։
Մի օր վերադարձի ճամփին, երբ կատարել էին հացի ու քաղցրավենիքի բաշխման օրվա պլանը, Անին հերթական անգամ նկատեց Հրայրի` ոչ այն է հիացական, ոչ այն է ցանկախեղդ հայացքն ու վառվող աչքերը, և առանց խոսքի սպասելու խոսք բացեց.
— Ամուսնացա՞ծ ես, Հրո։
-Հա, արդեն տասնմեկ տարի ա,- հայացքը ճանապարհից չկտրելով` պատասխանեց Հրոն։
-Օրվա մեծ մասն իրար հետ ենք, ուզես-չուզես պիտի իրար հանդուրժենք,- մազերն ականջի հետևը տանելով` շարունակեց Անին ու աննկատ արձակեց վերնաշապիկի մի կոճակ ևս,- կնոջիցդ շատ ես ինձ տեսնելու, Հրո, պիտի դիմանաս։
-Ինչի՞ն դիմանամ։ Հեն ա, էդքան դիմացել եմ,- հոգոց հանեց Հրոն։
-Ի՛նձ, Հրայր, ի՜նձ ու էս շոգերին…
Հրոն չդիմացավ: Մեկ շաբաթ էլ չէր անցել, որ փոխանցման տուփի տեղը շփոթեց` իբր ճանապարհին էր ուշադրությունը, կողքերը չէր նայում, ու ձեռքը հայտնվեց Անիի ձախ ազդրին. ճակատագրական են ոչ միայն աչքերը, այլև բույրն ու ձայնը, որ լցվում են զգայարաններովդ ներս ու շեղում ճանապարհներից։ Արդեն մթնշաղ էր, մեքենան սլանում էր նոր ասֆալտած հարթ մայրուղով, Անին էլ վաղուց տղամարդու հպում չէր զգացել, բայց դե առաջին քայլն անել չէր ուզում. ամենաչնչին կամ սխալ հարցերում անգամ կանայք պատվախնդիր են լինում։ Հացի բույրն ու մաշկահոտը խառնվեցին իրար այդ երեք քառակուսի մետր, մգեցված ապակիներով ակվարիում հիշեցնող տարածքում։ Հրոյի մատներն այնպես էին սահում Անիի մարմնի վրայով, ասես խմոր հունցեին։ Կարծես գիտակցելով արածի սխալը` շտապում էին։ Արագ էին։ Ի՜բր շտապելուց սխալի չափը քչանալու էր։ Օրերով սոված մնացած ու ձեռքը մի կտոր հաց ընկածների պես անհագուրդ խժռում էին իրար։ Հետո ամեն ինչ շարունակվեց այնպես, ինչպես օրինաչափ է նման դեպքերում. սիրահարվեցին իրար։
Անին կորցնելու բան չուներ, ավելին` փորձում էր գտնել կորցրածը. երեք տարեկան աղջկան հայր էր պետք, Հրոյի պես լուռումունջ, բայց գործից հասկացող մեկը, ոչ թե նախկինի պես, որ շան հացը բերանից կտրում էր, այնքան էր խոսում։ Միայն խոսում էր, անբանի մեկն էր, անգամ իր` խմորի գնդերի պես պիրկ կրծքերը չէր կարողանում հունցել… Երեխայի ծնվելուց մեկ տարի անց տնից դուրս էր եկել ու էլ չէր վերադարձել։ Ամիսներ անց Անին իմացել էր, որ երկիրը լքել է՝ հետախուզման մեջ է եղել։
— Հրո՛, վերջապես ընդունիր, որ տեսքն ա կարևոր, տե՜սքը, ու նաև, թե ոնց ես քեզ ներկայացնում,- պատասխանել էր Անին այն հարցին, թե ոնց է կարողանում հաջողել, նոր խանութներ «կպցնել»,- անգամ եթե ներսդ փուչ ու դատարկ ա, էս դարում կարևորը տեսքն ա։ Ու լեզուն։
— Հատկապես երբ ներսդ փուչ ու դատարկ ա…,- կիսաձայն կրկնել էր Հրոն…
Ժամանակի ընթացքում Հրոյի «Օփելը» դարձավ բեռնատար «Ֆորդ»` խանութները շատացել էին, պատվերները` ևս, հատկապես թխվածքի ու տորթերի. մարդիկ ալարկոտ էին դարձել, ամեն ինչի պատրաստին հաճելի ու թեթև էր։ Օրական երեք հաց էին տալիս ու վեց հազար դրամ։ Շատ չէր, բայց լավ էր։ Անիի ջանքերով Հրոյի աշխատավարձը երկու հազար դրամով բարձրացրին։ Միայն թե կնոջ երեսը չէր տեսնում։ Չգիտեր` լավ էր, թե չէ։ Գիշերն ուշ գալիս էր տուն, հանում էր հացահոտ շորերը, որին խառնված էր լինում Անիի թանկարժեք օծանելիքի բույրը, կախում էր աթոռին ու քնում։ Չէր ընթրում։ Միշտ կուշտ էր։ Անուշը` կինը, տարբերում էր հացի հոտն օծանելիքի բույրից, բայց լռում էր. Հրոն տուն փող էր բերում… Անին օրեցօր ավելի ինքնավստահ էր դառնում, ինչն ուղիղ համեմատական էր արտադրամասի մենեջերի` նրա հանդեպ աճող վստահությանը։ Գործերն աջ էին գնում` հա՛մ մենեջերի, հա՛մ Անիի, Հրոյինը միշտ ձախ էր։ Անիի հետ ձախ էր գնում։ Ամիսներ անց Անին դարձավ նոր բացված մասնաճյուղի մենեջեր, Հրոն` հերթափոխի պետ ու սկսեց արդեն օրերով տուն չգնալ։
Կնոջ նյարդերը մի օր տեղի տվեցին, չկարողացավ զսպել ամիսներով կուտակված անտարբերությունն ու անպատվությունը.
-Բա որ օրերով տուն չես գալիս, դրսերում հաց ես ուտում, մտքովդ չի՞ անցնում, որ երեխեդ տանը նստած սպասում ա ճամփիդ, սպասում ա, որ գաս ու գրկես, որ գոնե քնելուց առաջ երեսդ տեսնի։ Մտքովդ անցնո՞ւմ ա, որ բերածդ էդ մի կտոր հացը կուլ չի գնում. դուխու հոտ ա գալիս հացերից, դուխու դառը հոտ… Անաղուհաց քրդի շուն…
***
Չթքեց, բայց հեռացավ։ Հեռացավ, քանի դեռ դուրս չէին արել։ Առիթը բաց չթողեց ու գնաց Անիի մոտ։ Գնաց ու հերություն արեց ուրիշի երեխուն, իր երեխուն որբ թողեց, ուրիշինը գրկեց։ Գիշերները հերթափոխի էր լինում, ցերեկը երեխուն էր տիրություն անում։ Հա՛մ Անուշին էր փող ուղարկում, հա՛մ փող էր հետ գցում. աշխատավարձն արդեն տասը հազար էր, բայց Անիին ուշ-ուշ էր տեսնում։ Անին օրեցօր ավելի էր փթթում։ Ինքը սկսել էր հազվադեպ նրա մաշկն ափերով ձգել, բայց Անին միշտ թարմ էր և ուրախ։ Այդ ընթացքում նախկին զոքանչը մահացավ. ծեր էր, բայցև աղջկա վիճակն ազդեց վրան։ Նոր զոքանչ էլ չուներ։ Արտադրամասում շշուկներ էին պտտվում, որ Անին Աշոտի` նախկին մենեջերի հետ է։
Մինչ Հրոն գիշերները հերթափոխի էր լինում, տան դռներն ու Անիի գիրկը բացվում էին Աշոտի առաջ։ Պտտվեցին, պտտվեցին լուրերը, մինչև Հրոյի ականջն ընկան։ Բայց ոչ ապացույց ուներ, ոչ էլ ապացույցի կարիք. հիմա ում հետևից ինչ ասես խոսում են։ Հերթական գիշերային հերթափոխն էր, որ զանգ ստացավ. շտապօգնությունից էր։ Հայտնեցին, որ ավտովթարի հետևանքով Անին հիվանդանոցում է, վիճակն էլ ծանր է։ Գցել- բռնելու, մտածելու ժամանակ չուներ. գործը կիսատ թողեց, տաքսի կանչեց ու շտապեց հիվանդանոց։ Շտապեց, բայց ուշացավ։ Գլխուղեղի վնասվածք ու բազում կոտրվածքներ։ Կանգ էր առել նաև Աշոտի սրտի աշխատանքը…
***
-Անո՜ւշ։ Ա՜յ Անուշ… Անտեր երեխա է, դուռը բաց արա,- դարպասների դիմացից ձայն էր տալիս Հրոն,- եղած-չեղած անցել-գնացել ա, համ էլ տղին քուր կլնի։
Արձագանք չկար։ Անուշը լուռ էր։
-Անո՜ւշ, բաց արա, թքած էդ փռի էլ, աշխատավարձի վրա էլ, կգնամ նորից դասատու կաշխատեմ, որ հացը կոկորդովս կուլ գնա։
Անուշը լուռ, աննկատ հենվել էր երկրորդ հարկի պատուհանի կողքի պատին ու եղունգներն էր կրծում։ Աչքերը թաց էին, բայց զսպում էր իրեն, միայն անուժ ու նվաղած ծղրտում էր.
-Հրո՜…
-Հրո…
Լուսանկարը՝ Նունե Սարգսյանի
No Comments