Ardi.am-ը սկսում է ժամանակակից հայերենին նվիրված հանրամատչելի զրույց-մտորումների շարք, որը կվարի բանասեր, գեղարվեստական խմբագիր Նշան Աբասյանը՝ աչքի առաջ ունենալով այսօր հայկական մեդիատիրույթում ամենից հաճախ հանդիպող լեզվական սխալներն ու ամենից հաճախ բարձրաձայնվող այն հարցերը, որոնց պատասխանները դժվար է գտնել դասագրքերում։
Որևէ գրքից դուրս բերված արժեքավոր հատվածների շարքը կոչվում է ծաղկաքաղ։ Պատկերացրեք՝ այսօր առարկենք, թե գրքից մեջբերումները կապ չունեն ծաղկի հետ, բացի այդ՝ դրանք հնարավոր չէ քաղել, ուստի ծաղկաքաղ բառը սխալ է։ Կամ՝ միջնադարում հանրագիտարանները (և ոչ միայն) կոչվել են ոսկեփորիկ, որովհետև պարունակել են կարևոր՝ «ոսկե» գիտելիքներ։ Ստացվում է՝ գեղեցիկ այս բառից էլ պետք է հրաժարվենք, որովհետև «գիտելիքները ոսկյա չեն լինում, գիրքն էլ փորիկ չի ունենում»։ Ավելի ցայտուն մի օրինակ․ վերելակով միայն վերև չեն բարձրանում, այլ նաև ցած են իջնում, ուստի վերելակ բառը թերի է։ Նույն տրամաբանությամբ՝ թերի է նաև սրճարան բառը, որովհետև այնտեղ միայն սուրճ չեն խմում (այցելուները կարող են առհասարակ սուրճ չպատվիրել)։
Սակայն ինչպես իրականում հասկանում եք, բառերի ներքին և արտաքին իմաստների այսպիսի «գեղարվեստական» կամ ընդհանրական առնչակցությունը միայն լեզվի հարստության և տվյալ ժողովրդի լայն ու պատկերավոր մտածողության մասին է վկայում։ Իսկ երբեմն էլ բառիմաստի՝ ժամանակի ընթացքում արձանագրված փոփոխությունը մեզ որևէ պատմական «էքսկուրսի» հնարավորություն է տալիս։ Ահա թե ինչու կարիք չկա բոլոր առարկաների ու երևույթների բնորոշման համար բացառապես ուղիղ և ամբողջական նշանակությամբ կազմություններ պահանջել․ այդպիսի մոտեցումը, ըստ էության, ոչ թե հարստացնում, ոչ թե ընդլայնում է մեր լեզվամտածողությունը, այլ հակառակը՝ կաշկանդում։
Բացի այդ՝ ցանկացած անսովոր բառ էլ «համառորեն» գործածվելուց հետո ինչ-որ պահից ականջին սովորական է հնչում։ Այսօր մեզ համար միանգամայն բնական հնչող շա՜տ ու շատ բառեր էլ իրենց ժամանակին են տարօրինակ կամ մերժելի համարվել։ Օրինակ՝ պատմում են, թե Մանուկ Աբեղյանը բառիս բուն իմաստով մարտնչում էր այն ժամանակ նոր «ի հայտ եկած» կանգառ բառի դեմ, որը ստեղծվել էր ոչ թե օրինաչափ բառակազմական կաղապարով, այլ պարզապես «կա՛նգ առ» նախադասության քարացմամբ։ Ի դեպ, զարմանալիորեն, երբեմն սխալ կազմությունները ընդունելի են դառնում, իսկ չափազանց գրագետ շատ առաջարկներ՝ այդպես էլ մնում բառարաններում։
Հայերենը շատ «խանդով» է վերաբերվում օտար բառերին։ Դա մեր լեզվի առանձնահատկություններից է։ Ըստ ամենավերջին հաշվումների՝ արդի հայերենի բառերի թիվը անցնում է 300 հազարից, իսկ օտար բառերը դրանց շարքում կազմում են 4-7 %, ինչը խոսում է մեր լեզվի լիարժեք ինքնաբավության և այդ ինքնաբավությունն ապահովելու լայն հնարավորությունների մասին։
Անգամ գիտաբառերի (տերմինների, եզրույթների) համար հայերենն իր տարբերակներն է առաջարկում։ Իհարկե, միշտ չէ, որ այդ տարբերակները հաջող են լինում կամ ընդունվում են, բայց, միևնույն է, դրանք առաջարկել և «քվեարկության դնել» պետք է:
Օտար բառերի հայերեն համարժեքները հիմնականում նորաստեղծ կազմություններ են լինում, բայց երբեմն էլ՝ հին բառեր նոր իմաստավորմամբ կամ նոր շնչով։
Ավարտելով՝ ներկայացնենք մի քանի բառերի թարգմանություններ, որոնք, մեր կարծիքով, բավականին հաջող են և՛ բառակազմության, և՛ բարեհնչության տեսանկյունից, ուստի դրանց լայն կիրառությունը համարում ենք միանգամայն խրախուսելի․
ակումուլյատոր – կուտակիչ
ավտորիտար – միահեծան
բեյջ – անվանաքարտ, անվանակ
բորդյուր – եզրաքար
բուլկի – նկանակ
բուլիժնիկ – գետաքար
գազոն – սիզամարգ
դեկորատիվ – զարդարարական
դիսփլեյ – ցուցադրիչ
զիփլայն – ճախրուղի
կապսուլա – պատիճ
կրեատիվ – ստեղծարար
նարատիվ – պատում
չարթեր – վարձերթ
սքոթչ – կպչերիզ
վաֆլի – փխրահացիկ
տռայնիկ – եռաբաշխիկ
օտվյորտկա – դարձուցակ
No Comments