(Սկիզբը՝ այստեղ)
Հույսի շավիղ
-Բարև Ձեզ, ես միջազգային բարեգործական կազմակերպությունից եմ, որն օգնություն է տրամադրում դրա կարիքն ունեցող մարդկանց: Դուք մեր ցուցակում եք:
-Ի՜նչ եք ասում: Իմ կյանքում անսպասելի բաներ են կատարվում այս երկու շաբաթվա ընթացքում,- անթաքույց հետաքրքրությամբ և կասկածանքով հյուրին ներս հրավիրեց տանտերը:
Բնակարանը կրում էր անտերության ու թանձր փոշու դրոշմը: Անկանոն թափթփված հագուստը, հյուրասենյակի սեղանին կիտված կեղտոտ ափսեներն ու բաժակներն ուղղակի գարշահոտում էին:
-Ասեք, թե ինչի կարիք ունեք: Գումար, հագուստ, սնունդ, դեղորայք… Ես կուղարկեմ մեր կազմակերպության սոցիալական աշխատողին, որը կհոգա Ձեր կարիքները:
-Իսկապե՞ս: Իսկ փոխարենը ի՞նչ եք ակնկալում ինձանից: Բնակարանս պիտի ձեր կազմակերպությա՞նը կտակեմ: Սովորաբար այդպես են անում:
-Մենք Ձեր բնակարանի կարիքը չունենք: Կտակեք այն Ձեր ժառանգներին, եթե ունեք:
-Ես ոչ ոք չունեմ: Եվ չունեմ ոչինչ: Չեմ հասկանում՝ ինչների՞դ եմ պետք, որ փնտրել-գտել եք ինձ,- տարակուսանքը չթաքցրեց ծերունին:
Նա զննում էր իր առջև կանգնած երիտասարդին, որի մուգ ակնոցը և մինչև քթարմատն իջեցրած կեպին թույլ չէին տալիս տեսնել դեմքը: Կաղացող, դեմքին երկար սպի ունեցող անծանոթը բնավ վստահություն չէր ներշնչում, բայց մի բան անվիճելի էր. իր նման լքված, չքավորության մեջ ապրող մեկից ինչ-որ բան գողանալու պատրվակով բարեգործ ներկայանալը հեչ տրամաբանական չէր: Այդուհանդերձ, ծերունին չէր շտապում բացել խաղաքարտերը: Դեռ բարեգործին էր պետք տնտղել:
-Անունդ ի՞նչ է, տղա՛ ջան:
-Գագի՛կ:
-Ո՞վ պիտի գա ինձ խնամելու: Իմ տա՞նը պիտի գիշերի:
-Ո՛չ: Նա կգա օրվա մեջ մի քանի ժամով, կօգնի Ձեզ կենցաղային հարցերում, գնումներ կկատարի: Եթե առողջական խնդիրներ ունենաք, կտեղեկացնի մեր կազմակերպությանը, մենք բժիշկ կուղարկենք Ձեր տուն:
-Դու ի՞նչ ես աշխատում էդ կազմակերպությունում: Ինչպե՞ս է այն կոչվում:
-Ես տնօրենն եմ այդ կազմակերպության հայաստանյան նորաստեղծ մասնաճյուղի, որի մասին առայժմ քչերը գիտեն: «Հույսի շավիղ» է կոչվում:
-Ինչ ասեմ, ոնց որ հեքիաթ պատմես: Բայց ես պատճառ չունեմ ձեր ծառայություններից հրաժարվելու: Միևնույն է, ուրիշ տեղից օգնության չեմ սպասում: Ուզում եք օգնել, օգնեք: Միայն բնակարանս այս կեղտից մաքրելու համար շնորհակալ կլինեմ,- ոչ այնքան վստահ փնթփնթաց ծերունին:
-Պայմանավորվեցինք: Վաղը կուղարկեմ մեր աշխատակցին:
Բարեգործը գրի առավ ծերունուն անհրաժեշտ պարագաների ցանկը և հեռացավ:
Հաջորդ օրը նրա տուն եկավ միջին տարիքի մի կին, որին վերապահված էր միջազգային բարեգործական կազմակերպության սոցիալական աշխատողի դերը:
***
Վահե Սերոբովիչի նման մարդուն չէր կարելի կասկածել մութ գործերի մեջ, բայց և այնպես Գոհարը տարակուսած էր. ի՞նչ գործ ունի նա էս անդուր, փնթփնթան ծերուկի հետ: Այդուհանդերձ, կինը լուռ, առանց ավելորդ հարցեր տալու, սկսեց կատարել իրեն հանձնարարվածը, որի դիմաց բավական լավ վարձատրություն էր խոստացված:
Գոհարը բարեխիղճ, ազնիվ մարդ էր, տարիներ առաջ սանիտար էր աշխատել Վահեի ղեկավարած բաժանմունքում: Հաստիքները կրճատելու հետևանքով կորցրել էր աշխատանքը: Երբ Վահեն առաջարկել էր նրան խնամել միայնակ մի ծերունու, առանց տատանվելու համաձայնել էր: Միայն տարօրինակ էր թվացել նախկին ղեկավարի պայմանը. իր անունը Գագիկ է, ինքը բարեգործական կազմակերպության ղեկավար է, Գոհարն էլ՝ այդ կազմակերպության սոցիալական աշխատող: Իսկ մեծագույն խնդրանքն այն էր, որ Գոհարը կարողանա շահել ծերունու վստահությունն ու տեղեկություններ կորզել նրա ընտանիքի մասին:
Գոհարը ամեն օր նույն ժամին գալիս էր իր «աշխատավայր», անցկացնում այնտեղ երկու-երեք ժամ: Մաքրում էր ծերունու տունը, լվանում-արդուկում հագուստը, սպիտակեղենը, պատրաստում կերակուրներ նախապես գնված մթերքով, հետևում, որ նա ժամանակին ընդունի դեղերը, որոնք իբրև թե ուղարկում էին բարեգործական կազմակերպությունից:
Արդեն երեք ամիս շարունակվում էր այս օրակարգը: Ծերունին կարծես սկսել էր վստահել իրեն կցված սոցծառայողին: Մեկ-մեկ կատակում էր հետը, պատմում իր փառահեղ տարիներից: Հիշելիս միշտ հուզվում էր, ձայնը սկսում էր դողալ:
Վահեն այդ ընթացքում նրա տուն էր եկել երկու-երեք անգամ՝ Գոհարի բացակայության ժամերին: Իբրև թե ցանկացել էր ծերունուց տեղեկանալ՝ գո՞հ է իրեն կցված աշխատակցից, թե՞ կցանկանար՝ ուրիշ մեկով փոխարինեին:
Ծերունին լսել անգամ չէր ցանկացել ուրիշ մեկի մասին: Նա արդեն կապվել էր Գոհարի հետ:
***
-Հայրի՛կ, այդքան բանիմաց, ուսյալ մարդ եք, ինչո՞ւ ընտանիք չեք կազմել ժամանակին,- մի օր ուղղակի հարցրեց Գոհարը՝ չգիտես իր, թե Վահեի հետաքրքրասիրությունը բավարարելու թաքուն հույսով:
-Ես ունեցել եմ ընտանիք: Միշտ այսպես մենակ չեմ եղել,- մռայլվել էր ծերունին:
-Բա ո՞ւր են հիմա Ձեր ընտանիքի անդամները:
-Մեկը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, մյուսն արտասահմանում է:
-Որդի՞ եք կորցրել Արցախում:
-Կի՛ն: Բժշկուհի կին, որ զոհվել է՝ վիրավորի փրկելով: Աղջիկս է արտասահմանում:
-Ձեզ այս վիճակում լքել-գնացել է արտասահմա՞ն:
-Կյանք է, ամեն բան կպատահի:
-Կան էդպիսի երեխեք: Քանի ծնողներն ապրում են, երեսներին չեն նայում, հենց մեռնում են, գալիս թաթները դնում են տունուտեղի վրա:
-Իմն այդ դեպքը չէ: Աղջիկս ո՛չ իմ, ո՛չ էլ բնակարանիս կարիքն ունի: Անգամ չի ասում՝ որտեղ է:
-Ի՞նչ գիտեք, որ չունի: Երևի ձևեր է թափում, որ Ձեզ խնամելու հոգսից գլուխն ազատի:
-Տարիներով ոչ մի լուր չունեի: Երբ կորցրի աշխատանքս ու մնացի թոշակի հույսին, անսպասելի նրանից էլեկտրոնային նամակ ստացա: Ուզում էր՝ հաշվեհամար ասեմ, որպեսզի կարողանա փող փոխանցել: Նամակներ է գրում, գումար ուղարկում, բայց երեսս տեսնել, ունեցվածքս ժառանգել չի ցանկանում:
-Հանելուկային աղջիկ ունեք:
-Վերջերս հիվանդանոց էի ընկել: Ծանր վիրահատություն տարա, բայց ոտքի կանգնեցի: Մենք լավ բժիշկներ ունենք, պարզվում է: Երբ իմացավ այդ մասին, սկսեց ավելի հաճախ գրել: Հաշվիս վրա էլ մեծ գումար է նստեցրել, բայց չեմ կարողանում տանից դուրս գալ, որ ստանամ,- ասաց ու փոշմանեց ծերունին:
***
-Գոհար, շատ հարցախեղդ չանես, բայց փորձիր հենց էնպես, իբրև թե իմիջիայլոց հետաքրքրվել աղջկանով: Էլ ի՞նչ գիտի նրա մասին, ո՞ւմ հետ է ապրում արտասահմանում, ինչո՞ւ է հրաժարվում հոր ժառանգությունից,- անհարմարության զգացումը մի կերպ հաղթահարելով՝ խնդրեց Վահեն:- Եվ երբեք չանդրադառնաս աղջկա ուղարկած գումարին: Ասես՝ չես էլ լսել դրա գոյության մասին: Եթե ինքն էլ կխոսի, փորձիր սահուն շրջանցել:
Անբացատրելի խառնաշփոթ էր Վահեի գլխում: Տասնվեց տարի առաջ կատարված ողբերգության գլխավոր գործող անձանցից մեկը կամա-ակամա դարձել էր այն հմայիլը, որը, հնարավոր է, բացեր անվերծանելի թվացող առեղծվածի խճճված հանգույցը:
***
-Էսօր շատ լարված եք, ի՞նչ է պատահել:
-Հիմա էլ նոր բան է մոգոնել,- փնչացրեց ծարուկը,- ասում է՝ տունդ կտակիր զոհվածի երեխայի, դա կլինի կյանքումդ արած միակ բարի գործը: Թե չէ՝ ես քիչ բարի գործեր եմ արել: Քանի՜ սերունդ եմ կրթել, կյանք ճանապարհել: Ի՜նչ կառավարական պարգևներ ունեմ:
Գոհարը դժվարությամբ հանգստացրեց ծերունուն և անցավ արդեն վեց ամիս շարունակվող իր պարտականություններին:
No Comments