(քաղաքական թրիլեր)
I ՄԱՍ
Արյունոտ մատները վերցրել էր դանակը ու ինչ որ աղջկա շեկ մազերի վրա մաքրում էր այն։ Երկու զիվորական մի անկյունում ծիծաղում էին դիակներին նայելիս, որոնց քիչ առաջ սպանել էին, իսկ մյուս զինվորականը նստել էր ձիու վրա ու ստիպում էր ձիուն սմբակներով հարվածել ծեր դիակի անկենդան դեմքին։
Ապրիլի սկիզբ էր։ Ննջասենյակի պատշգամբի բաց դռնից, ծառերի կանաչած տերևները շտապում էին ներխուժել սենյակ։ Իսկ մի տերևը թեթև քամու օգնությամբ նույնիսկ հարվածեց դեմքիս։ Կիսաքնած աչքերս բացվեցին՝ հերթական մղձավանջից։ Տերևը հեռացնելով դեմքիցս ձգվեցի մահճակալիս մեջ։ Դուրսը հանգիստ էր, թեթև քամին դող մտցրեց մարմնումս ու որոշեցի փակել պատշգամբի դուռը։ Վեր կացա, մոտեցա պատշգամբին և նախքան փակելը՝ աչք գցեցի կառապանների վրա, որոնք անսանձ ձիերին փորձում էին կառավարել։ Հեռվից նկատեցի մանկությանս ընկերոջը, որը կարծես թե ինչ-որ տեղ էր շտապում, ուզում էի բղավել նրան, բայց հետո հասկացա՝ շտապում է ինձ մոտ։ Մի քանի րոպե անց, երբ աճապարանքով հագնվում էի, որպեսզի ընկերոջս կիսամերկ չդիմավորեմ, լսեցի դռան թակոց՝ Մարիան էր, ծեր կինը, տան տերը, ումից վարձակալել էի այս սենյակը։
-Բարի լույս պրն Ատոմ,- ի տարբերություն մնացած օրերի, այսօր Մարիայի ծեր դեմքը սովորականից հանգիստ էր, նույնիսկ թեթև ժպիտ նկատեցի,- ինչպե՞ս եք քնել։
-Մի փոքր անհանգիստ,- նստեցի Սաբանելի հայտնի «Ընկած հրեշտակի» գեղանկարի տակ։
-Կրկին մղձավանջ եք տեսե՞լ,- նա իսկապես անհանգստանո՞ւմ էր։
-Կարծես թե՝ այո, բայց այս անգամ անկողնուցս չեմ ընկել,- Մարիան ծիծաղեց և սկսեց ուղղել անկողինս, այնուհետև հիշելով, թե ինչի համար էր եկել սենյակ ասաց․
-Պրն․ Դանիելը Ձեզ էր հարցնում, կարծես թե մի փոքր անհանգիստ էր, — սիրտս սկսեց արագ խփել, ես շատ լավ գիտեի՝ եթե Դանիելը անհանգիստ է, ուրեմն վատ լուրերով է եկել։
-Կանչեք, թող գա։ Մեզ կարո՞ղ եք սուրճ պատրաստել։
-Իհարկե։
Մարիան շտապեց դուրս գալ և րոպե չանցած ներս մտավ Դանիելը։ Նրա կապույտ աչքերը վախ և անհանգստություն էին հաղորդում, իսկ գանգուր շեկ մազերը սանրած ու խնամված չէին։ Դանիելը անխոս նստեց աթոռին ու մի պահ նրա դեմքն ու Սաբանելի գեղանկարի «հրեշտակի» դեմքը համեմատելով՝ հասկացա, որ շատ նման են իրար։ Ուղղակի Սաբանելի «հրեշտակի» աչքերը վրեժխնդիր ու խռովարար էր, ի տարբերություն Դանիելի աչքերի։
-Դանիե՞լ,- կանգնեցի նրա դիմաց, բայց նա կարծես թե չէր լսում ինձ։ Մտքերով հեռվում էր։ Դանիելի սպիտակ կիսաբաց օձիքից նկատվում էր սպիտակ մաշկը։ Ես հասկացա, որ նա ինչ-որ ժողովից է աճապարել ինձ մոտ։ Դանիելը հայ դիվանագետ էր և Ֆրանսիա էր ժամանել որոշ թուրք դիվանագետների հետ փոխհամաձայնությունների համար։ Որոշ տեղեկություններ նա ինձ չէր հաղորդել դեռևս և միգուցե կուտակված տեղեկությունների ճնշվածությունն էր ստիպել գալ ինձ մոտ։
-Փակիր դուռը,- ձայնը տագնապած էր։ Ես փակեցի դուռը ու նստեցի նրա դիմաց։ Նա անընդհատ շարժվում էր աթոռի վրա, բայց իմ համառ հայացքը նրա շարժումներին՝ ստիպեց հանգստանալ և խոսել։
-Քիչ առաջ ռեստորանից եկա։ Հանդիպում էր նշանակված Թ․ փաշայի հետ,- Դանիելը լռեց, փորձելով հիշել այն, ինչը իրեն ասվել է կամ ինչը որ տեսել է։
-Զոհրապն էլ էր հետս,- շարունակեց Դանիելը։
-Գրիգո՞րը, նովելի՞ստը,- Դանիելի մասնագիտական հաջողություններում շատ մեծ դեր է խաղացել նաև հայ դիվանագետ, նովելիստ Գրիգոր Զոհրապը, ումով միշտ հիացել և ոգեշնչվել եմ։
Դանիելը գլխով արեց և վեր կացավ տեղից։ Սկսեց սենյակում անհանգիստ ետ ու առաջ անել։
-Ես հասկանում եմ, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, բայց գրո՜ղը տանի, մի՞թե այնքան շփոթված ես ու վախեցած, որ չես կարողանում բառ արտաբերել։
-Ատոմ, ամեն բան գրո՜ղի ծոցն է գնալու, լո՜ւրջ եմ ասում։ Ամեն բան ավելի վատ է, քան մենք պատկերացնում էինք։
-Ի՞նչ նկատի ունես,- Մարիան սկսեց դուռը թակել, ես բացեցի այն։ Նա ներս մտավ և սեղանին դրեց սուրճերն ու շաքարի կտորները։ Դանիելը, չգիտես ինչու, սկսեց նրան ատելությամբ նայել, և երբ Մարիան մոտեցավ դռանը, նա կանգնեցրեց նրան․
-Ո՜նց է սիրտդ գնացել լքելու երկիրդ ու հաստատվելու էստեղ, քո համար առո՜ք-փառո՜ք ապրում ես ուսանողների հաշվին, իսկ հայրենակիցներդ ո՜ւր որ է կոտորվելու շեմին են։
Մարիայի աչքերը զարմանքից չռվեցին։ Նա թուքը կուլ տվեց և անհասկանալի հայացք նետեց Դանիելի կողմը․
-Պաղդո՜ն․․․
-Գործերդ Ֆրանսիայում կարգավորել ես ու վայելո՜ւմ ես կյանքդ։ Փորդ կուշտ է, փողերդ էլ գրպանումդ։
-Չեմ հասկանում պրն․ Դանիել Ձեզ ինչն է անհանգստացնում այս պարագայում։
-Բոլորդ էլ կույր, խուլ ու համր եք ձևանում այն ժամանակ, երբ ամենաշատն եք պետք ձեր երկրին։
Մարիան փորձեց ինչ-որ բառ ասել, բայց ես հայացքով հասկացրեցի , որպեսզի դուրս գա սենյակից։ Դանիելը կրկին սկսեց անհանգիստ հետ ու առաջ անել, կարծես սիրտը չհանգստանար։
-Ինչպես նշեցի՝ քիչ առաջ ռեստորանից եկա այստեղ։ Ես էինք, Թ․ փաշան, Զոհրապը և էլի երկու թուրք դիվանագետներ։ Ես ու Զոհրապը խոսում էինք նրանից, որ պետք է համերաշխություն հաստատել տարածաշրջանում։ Մենք համոզիչ ու հիմնավորված փաստարկներ էինք ներկայացնում, մինչդեռ նրանք․․․
-Ի՞նչ․․․
-Նրանք հրճվանքով ու ծաղրանքով համոզում էին, որ տեղահանություններ իրականացնելու արդյունքում Արևմտյան Հայաստանի մի շարք մասերում կկանխեն «խեղճ» հայերի, ինչպես իրենք էին ասում` վատ կենսակերպը, որպեսզի «մեր բարեկամ հայերը չբախվեն տնտեսական խնդիրների հետ, հացի, ջրի կարիք չունենան»։ Նրանք արդեն սկսել են այդ գործընթացը։
Տեղահանությունների տակ թաքնված էր մեկ այլ հասկացություն, որի մասին ես ու Դանիելը շատ լավ գիտեինք, բայց այդ մեկնարկը, որը արդեն իսկ տրված էր Թ․ փաշայի հրամանով, սարսափելի էր ու չափազանց լուրջ։
-Ես ու Զոհրապը բերեցինք մի շարք հիմնավորումներ, որ մենք ռուս կայսրի հետ արդեն եկել ենք մի շարք փոխհամաձայնությունների և նրանք հոգալու են Արևմտյան Հայաստանում ապրող հայերի բոլոր հոգսերն ու կարիքները, բայց Թ․ փաշան միայն ծիծաղեց ու ոլորեց բեղերը։ Այդ ծիծաղը․․․ Այդ լկտի ծիծաղի տակ թաքնված էր մի բան, ինչը դուրս է տրամաբանությունից։ Երբ դուրս եկանք ռեստորանից, Զոհրապի դեմքը կարմրեց և նա սկսեց մաքրել ճակատի քրտինքը։ Հետո խորը շունչ քաշեց ու ասաց՝ «Սա մի խաղ է, որի մեջ թաթախված է ողջ հայությունը։ Մենք միանշանակ պարտվել ենք»։
Դանիելի վերջին բառերը խոցեցին իմ սիրտը այնքան, որ վեր ելա տեղիցս ու հենվեցի պատին՝ հայացքս հառելով պատշգամբից այն կողմ։ Ես մի կերպ հավաքեցի մտքերս ու համարձակվեցի տալ այնպիսի մի հարց, որի պատասխանը ակնհայտ գիտեի։
-Ի՞նչ է լինելու հետո․․․
Դանիելի կապույտ աչքերը չէին հեռանում Սաբանելի գեղանկարից։ Նրան անհրաժեշտ էր մի քանի րոպե, որպեսզի կարողանար տալ ակնհայտ հարցի պատասխանը։
-Արյունոտ մեկնարկը տրված է, իսկ ա՜յ թե ո՞նց է կանխվելու՝ Աստված գիտի։
Դանիելը մոտեցավ ինձ ու հուսադրող ժպտաց, հետո շշուկով ավելացրեց․
-Դու ավելի լավ է մնա Ֆրանսիայում։ Իսկ Մարիայից՝ կոպտելուս համար ներողություն կխնդրեմ։
Դանիելը դուրս եկավ սենյակից՝ թողնելով ինձ մտքերիս հետ։ Աչքերիս առջև հայտնվեցին այն վայրերը, որտեղ ծնված օրվանից վազել եմ, վայելել մանկությունս։ Նույնիսկ զգացի դաշտերի զովությունը, այդ իրիկնային ժամերի հանգստությունն ո լռությունը, իսկ հետո․․․ միանգամից հայտնվեց հայրենակիցներիս մասնատված մարմինների կույտերը, փոքրիկ սոված ու անպաշտպան մանուկների դիակները, ինչ որ տեղերում վառված հյուղակներն ու արյունոտ գետում լողացող շորերը։ Սրտխփոցս հիշեցրեց, որ ժամանակն է կտրվել այդ մղձավանջից։ Ես խորը շունչ քաշեցի ու դիմեցի դուրս։
II ՄԱՍ
Ես Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնող լրագրի կետ ունեմ, որտեղ աշխատում են քսանից ավել լրագրողներ՝ ներկայացնելով քաղաքական, մշակութային, առօրյա, ստեղծագործական և այլ կետերը։ Աշխատավայրս գտնվում էր Ֆրանսիայի գրեթե կենտրոնում, շենքի կողքին գործում էր նաև կրպակը, որից ֆրանսիացիներն ու ֆրանսահայերը անշահախնդրորեն օգտվում էին։
Աշխատավայրում բոլորը խառնված էին իրար ու անհույս աչքերով նայում էին ինձ։ Մի պահ շփոթվեցի, հետո աշխատակիցներից մեկը մոտեցավ ինձ ու խնդրեց առանձնանալ։
-Մենք շատ վատ նորություն ենք իմացել,- աշխատակիցը կարմրած էր ու բառերը դժվար էր արտաբերում;
-Տեղահանման մասին է խոսքը, ճի՞շտ է,- աշխատակիցը շփոթված ինձ նայեց, հետո գլխով արեց՝ հաստատելով հարցս։
Տիրեց ծանր լռություն։ Աշխատակիցը, անհարմար իրավիճակից ելնելով, նստեց գրասեղանիս դիմացի աթոռին ու կախեց գլուխը՝ սպասելով հրահանգի։ Քիչ անց, երբ այնուամենայնիվ որոշեցի հրահանգավորել՝ լուսաբանելու Արևմտյան Հայաստանում տեղի ունենալիք «տեղահանման» մասին, պատուհանից լսվեց ամբոխի ձայներ, որոնք մոտենում էին կենտրոնական հատված։ Աշխատակիցը վեր թռավ տեղից ու մոտեցավ պատուհանին։ Նրան միացա նաև ես, ու քիչ անց նկատեցինք ամբոխի մեծ հոսք, որը պիտի անցներ մեր պատուհանի տակով։ Ամբոխը, ինչպես հասկացանք, բաղկացած էր հայերից, քանի որ բոլորը միաբերան բղավում էին ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Աշխատակցին հրահանգեցի ճշտել՝ ի՞նչ հավաք է, թեպետ շատ լավ գիտեի, որ «տեղահանության» մասին չարաբաստիկ լուրը կայծակնային արագությամբ տարածվելու էր Ֆրանսիայում բնակվող հայերի մեջ և բոլորն էին դուրս գալու փողոց՝ արտահայտելու իրենց կարծիքը։
Քիչ անց, երբ բարկացած որոշեցի պատուհանը փակել և ինքս դուրս գալ փողոց, նկատեցի, որ բախում սկսվեց ամբոխի և Ֆրանսիայում բնակվող մի շարք թուրքերի միջև։ Տուրուդմփոցը վերածվեց արյունահեղ քաղաքացիական պատերազի, որի դեմը չէին կարողանում առնել ոստիկաններն ու կռիվը բաժանող քաղաքացիները։
Դուրս եկա փողոց։ Շտապեցի ամբոխի կողմը, բայց ոստիկաններից մի քանի հոգի հրեցին ինձ՝ հասկացնելով, որ պատրաստավում են ցրել արյունալի պատերազմի վերածված հավաքը։ Սկսեցի բղավել մի քանի թուրք քաղաքացիների վրա, որոնք նկատելով ինձ թուրքերեն ինչ-որ բաներ էին բղավում, իսկ հետո նկատեցի Դանիելին, որը անօգնական ընկած էր գետնին։ Դեմքը լիովին արյոնոտված էր, նա անընդհատ արյուն էր թքում ու փորձում էր բարձրանալ։ Ոստիկանի դեմն առնելով՝ մի կերպ մոտեցա Դանիելին։ Դանիելը նայեց ինձ։ Աչքերի կապույտը թաքնվել էր արյան տակ, Դանիելը խեղճացած չէր, այլ ընդհակառակը՝ բղավում էր, որ օգնություն հարկավոր չէր։
-Չեմ կարողանում գտնել Զոհրապին, Ատոմ։
-Միգուցե բանակցությունների է գնացել, — փորձեցի բարձրացնել Դանիելին, բայց վերջինս ցանկանում էր գտենին նստած՝ հասկանալ, թե որտեղ է Զոհրապը։- Արի գնանք իմ աշխատասենյակ, աշխատողներս կմշակեն վերքերդ։
-Դրա ժամանակը չի, Ատոմ։ Ես Զոհրապին չեմ կարողանում գտնել։ Նա երբեք առանց ինձ տեղյակ պահելու չէր գնա բանակցությունների։
Դանիելի մտավախությունները տեղին էին այն առումով, որ Զոհրապը, քանի որ թուրքական պառլամենտի կարևորագույն գործիչն էր համարվում, կարող էին ինչ-որ կերպ գաղտնի բանակցությունների կամ քննարկումների հրավիրել՝ հրահանգավորելով այդ մասին չտեղեկացնելու անգամ մոտ կոլեգաներին, սակայն Դանիելը հիմար չէր և այդ ամենը շատ լավ հասկանում էր։
-Կարծում ես, որ նրան առևանգե՞լ են։
-Չեմ կարծում, այլ վստահ եմ։
Սա շոկային եզրահանգում էր։ Այն, որ թուրք մի շարք գործիչներ կարող էին ճնշել, վախեցնել համախոհ կոլեգային, կասկած չկար, սակայն առևանգել նման կարևորագույն ու հարգված գործչին, ինչպիսին որ Զոհրապն էր՝ տրամաբանությունից դուրս էր։
Ոստիկանները փորձեցին հեռացնել մեզ ճանապարհից, և Դանիելը իր ողջ զայրույթը ուղղեց նրանց կողմ։ Չնայելով իր ստացած վերքերին՝ Դանիելը վեր թռավ տեղից ու հարձակվեց ոստիկանի վրա՝ բռունցքի հարվածներ հասցնելով դեմքին։ Նրան մի կերպ պոկելով ոստիկանից՝ փորձեցի դուրս հանել ամբոխի միջից, բայց րոպե չանցած մեզ շրջապատեցին ոստիկանները և սկսեցին հարվածել։ Գիտակցությունս կորցրի։
III ՄԱՍ
Խոնավության հոտն ու անտանելի գլխացավս արթնացրին ինձ այն ժամանակ, երբ ականջներիս հասավ Դանիելի ֆրանսերեն հայհոյանքները, որոնք ուղղված էին ոստիկաններին։ Ծանր հոգոց հանելով վեր կացա, ու մոտեցա ճաղավանդակին։ Բանտախցի դուռը բաց էր, ու քիչ հեռու նկատեցի արյունոտված շորերով Դանիելին, որը հայհոյում էր ոստիկանին՝ մեկ հայերեն, մեկ ֆրանսերեն։ Այնուհետև նկատելով, որ արթնացել եմ, մոտեցավ ինձ։
-Սրանք գիտեին՝ հենց այնպես կարող էին բռնել ինձ ու բանտախուցը գցել,- Դանիելը թևքով մաքրեց քթից հոսող արյունը ու նստեց չոր մահճակալին։
-Տեղեկություններ կա՞ն Զոհրապից։
Դանիելը ծանր հոգոց հանեց և աչքերը չհեռացնելով ոստիկանից՝ բացասական պատասխան տվեց։
-Մենք կարող ենք դուրս գալ, մեկ վայրկյանից ավել չեմ ուզում մնալ էստեղ,- Դանիելը բարձրացավ, բայց հանկարծակի գլխապույտը ստիպեց նրան նահանջել։ Ոստիկաններից մեկը մոտեցավ մեզ և ջուր մկենեց Դանիելին, բայց վերջինս զայրույթով ձեռքին հարածեց, ու բաժակը քիչ էր մնում ընկներ։
-Ձեր կեղծ պահելաձևը փաշաների վրա կօգտագործեք,- Դանիելը սկսեց բղավել ոստիկանի վրա, բայց ոստիկանը անմեղ հայացք գցեց նրա վրա և խոնարհաբար դուրս եկավ բանտախցից․ կարծես այդպես էլ պետք է լիներ։ Զգալով զարմանքս՝ Դանիելը քմծիծաղեց, ապա ավելացրեց։
-Հենց իմացան, որ «կարևոր դեմք» եմ, սկսեցին հատուկ ուշադրության արժանացնել։
Քիչ անց ոստիկաններից մեկը մոտեցավ մեզ և ասաց, որ կարող ենք դուրս գալ։ Դանիելը բղավեց, որ առանց նրանց զգուշացնելու էլ մենք միևնույն է դուրս էինք գալու և դուրս գալուց առաջ թքեց բանտախցի մեջտեղում ՝ ուշադրությամբ նայելով ոստիկանի աչքերի մեջ։
-Սա էլ ձեզ հիշատակ՝ իմ կողմից։
Դրսում ամեն բան հանդարտ էր թվում։ Ամբոխը մասնատվել ու հանդարտվել էր։ Ֆրանսիացները, որ մինչ այդ չէին նկատվում փողոցներում, հիմա սրճարաններում և ռեստորաններում նստած վայելում էին օրը՝ մի բաժակ սուրճի, թեյի շուրջ։ Դանիելը քայլեց նրանց կողքով, ու այդ տեսարանը ստիպեց ինձ արտասվել։ Ճոխ, գեղեցիկ, մաքուր ֆրանսիացների կողքին՝ Դանիելն իր արյունոտ շորերով և մոլորված հայացքով խորհրդանշում էր Հայաստանի ներկայիս վիճակը։ Նա զայրույթով հետևում էր այն ֆրանսիացներին, որոնք աչք չէին կտրում նրանից ու ծիծաղում էին տեսքի վրա։ Ես Դանիելի թևը մտա ՝ ուղեկցելով աշխատավայրս։
-Ես չեմ կարող գալ հետդ։ Պիտի Զոհրապին գտնեմ։ Հավանաբար ինքը ինձ սպասում է։
-Էսպես չես կարող Զոհրապի մոտ գնալ։ Արի գնանք ինձ մոտ։ Տեսքի կգաս ու կգնաս։
-Թքած ունեմ տեսքի վրա։ Դու էլ ես սրանց նման դարձել,- գլխով ցույց տվեց մի ֆրանսիացի երիտասարդի, որը ուղղում էր վերնաշապիկի թևքը։
-Դանիելը արագ քայլերով հեռացավ։ Բղավեցի նրա հետևից, սակայն անօգուտ էր։ Միշտ հիացել եմ նրա կերպարով։
IV ՄԱՍ
Մարդկանց արյունոտ քարավանը շարվեշարան քայլում էր ավազոտ գետնի վրայով։ Ձիերի վրա նստած սրբապիղծները մտրակում էին թե՛ ձիերին, որոնք քայլում էին արյունտոված շարասյան կողքին, թե՛ նույն շարասյանը, որտեղ նկատվում էին և՛ երեխաներ, և՛ ծերեր։ Նրանցից մեկը ընդվզում էր ու չէր հաշտվում ճակատագրի կողմից «ընծայված» սարսափելի իրականությանը։ Մեկ վայրկյան էր անհրաժեշտ սրբապղծին, որ սպաներ ընդվզողին ու շարունակեր կառավարել արյունոտ շարասյանը։
Երբ հանկարծակի վեր թռա անկողնուցս, դիմացս նկատեցի Դանիելի գունատված դեմքը։ Նա աչքերը հառել էր վրաս ու լուռ նայում էր մի կետի, կարծես այդ կետի մեջ փորձում էր գտնել իրեն տանջող հարցի պատասխանը։
-Դանիե՜լ, էս ինչ է վիճակդ, որտե՞ղ ես եղել,- Դանիելի փոշոտ կեղտոտ սպիտակ վերնաշապիկը մերկացրել էր սպիտակ պարանոցը։ Նկատվում էր, որ չէր գիշերել։
-Զոհրապից նորություն ունե՞ս,- Դանիելը գլխով բացասական նշան արեց։
-Նա այլևս ողջ չի, Ատոմ։
-Ի՞նչ գիտես։
-Թուրքիայի բոլոր կարևորագույն իշխանականները Թ․-ից սկսած մեկնել են։ Զոհրապին էլ են հետները տարել։ Բայց Զոհրապը սպանված է։ Նրան սպանել են։
-Անհնարին բաներ ես ասում։ Նա թուրքական պառլամենտի ամենաներից է։ Եթե նրան սպանեն կքանդվի կարևորագույն օղակներից մեկը։
-Օղակը ճզմված ու սպանված է Ատոմ,- Դանիելը խորը շունչ քաշեց և բարձրանալով՝ տեղից հենվեց պատշգամբին։ Նրա մատների վրա չորացած արյան հետքեր նկատեցի, երբ վառեց ծխախոտը: Արևը մի պահ թափանցեց նրա շեկ գանգուրների մեջ, ու Դանիելը փակեց աչքերը։ Քթի տակ Կռունկն էր մրմնջում։
-Թուրքական յաթաղանը Արևմտյան Հայաստան է հասել․․․ արդեն,- նրա հաճելի մրմնջումը վերածվեց արյունոտ ճշմարտանման բառերի, որոնք կատարվում էին «հենց հիմա»։ Զոհրապը լավագույններից է, բայց նա ինքն էլ գիտեր իր ճակատագիրը։ Ոհմակի մեջ նա միակ անմեղ գառներից էր, որից ազատվել էր պետք, զոհաբերել․․․ հանուն ինչի՞։ Ոչնչի։ Ես ու դու էստեղ ապահով նստած «վայելում» ենք ֆրանսիայի արևը, մինչդեռ էն մյուս կողմում, էն մյուս արևի տակ մորթվում են։ Զոհրապն էլ իրենց հետ։ Մենք ի՞նչ գործ ունենք էստեղ, Ատոմ, ինչի՜ ենք եկել էստեղ։ Էս կապիկությունները ինչի համար են,- նա սկսեց մատով ցույց տալ սրճարանում նստած տիկնանց և պարոններին, որոնք երջանիկ ժպտում ու վայելում էին սուրճը շոկոլադե կրուասանով։- Կամ քո է՜դ թերթը, իբր Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնող առաջին օրաթերթի հիմնադի՜րն ես․․․ Ինչի՜ս է պետք քո թղթի կտորը, որտեղ պիտի մեծ տառերով վերնագրես ՑԵՂԱՍՊԱՆՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՋ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ․․․, — Դանիելը կանգնեց սենյակի մեջտեղում ու ծանր հևոց հանեց, հետո ափերով փակեց դեմքն ու խոնարհվեց մահճակալիս դիմաց։
-Ես որոշել եմ մեկնել, Դանիել։
-Ո՞ւր։
-Տուն։
-Ես էլ եմ գալիս։ Առանց Զոհրապ ես էլ, դու էլ էստեղ անարժեք ենք։
Ցավալի էր պատկերացնել Դանիելի դեմքը, երբ վերջինս մի կերպ կարողացավ ոտքի կանգնել ու դիմել դեպի դուռը։ Նրա աչքերում վախ, տագնապ ու զարմանալիորեն հանգստություն կար։ Մտքիս ծայրով անգամ չանցավ այն փաստը, որ Դանիելին ես վերջին անգամ եմ տեսնելու։
Հայկական օրաթերթ
24.07.1915թ․
Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 12:00-ի սահմաններում հայտնի պետական հայ գործիչ Դանիել Ավանեսյանին գտել են իր ննջասենյակում մասնատված, իսկ ճակատին փակցված էր թուրքական հետևյալ գրառումը․
«Հային պիտի տանջելով սպանել»։
Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի պետությանը և իր մարդասպան քաղաքագլխին։
Մեր ցավակցությունն ենք հայտնում սպանվածի հարազատներին։
Ես քայլում էի ամայի փոշոտ ճանապարհով։ Դիմացս շարասյունն էր ՝ բաղկացած փոքրերից ու մեծերից։ Լսվում էին խուլ հառաչներ, լաց, մորթվող երեխայի աղաղակներ։ Բթացել էր նյարդերս։ Արթնացա մղձավանջից։ Իսկ օրաթերթը շարունակում էր ձեռքումս մնալ։
No Comments