Սոնա Մգրդունցը, Սոս Բեգլարյանը, Մելինե Աղաբեկյանը, Արսեն Հարությունյանն ու Սուսաննա Բաբալարյանն ապրում են Սյունիքի Մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրում: Նրանք պատմում են հակառակորդի հարևանութամբ ապրելու մասին:
Սոնա Մգրդունցը 23 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, ուսուցիչ է:
Ես ծնվել եմ Տեղ գյուղում, այժմ էլ շարունակում եմ ապրել այնտեղ: Արդեն մեկ տարի է կերպարվեստ եմ դասավանդում Տեղի Ա. Սարգսյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում: Երեխաները հաճույքով են մասնակցում դասերին, սիրում են նկարել, հատկապես՝ գյուղն ու մեր եռագույնը:
Տեղը Հայաստանից Արցախ վերջին, իսկ Արցախից Հայաստան՝ առաջին գյուղն է: Հենց դրա շնորհիվ է, որ գյուղի կյանքը ակտիվ էր, սակայն, ցավոք սրտի դարպաս դարձավ երկրի համար: Հակառակորդի առաջխաղացման պատճառով արոտավայրերի, վար ու ցանքի խնդիրներ ևս առաջացան: Դժվարություններն ու վախերը շատ են, բայց երբևէ գյուղը լքելու մասին չեմ մտածել, այստեղ է իմ տունն ու տեղը: Երբեմն լինում են ընդհարումներ, կրակոցների ձայները լսվում են, բայց դա ինձ չի խանգարում ապրել ու արարել իմ Տեղում: Հակառակորդի կողքին ապրելով տխրություն, կորուստ և միաժամանակ զգոնություն եմ զգում, քանի որ թշնամին միշտ մնալու է թշնամի:
Սոս Բեգլարյանը 21 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, սահմանապահ է:
Ծնվել և մեծացել եմ Տեղ գյուղում, երբևէ մտքովս չի անցել և չի էլ կարող անցնել լքել այն: Ես սահմանապահ եմ, գիտակցորեն և վճռված եմ ընտրել այդ աշխատանքը, ինչն ինձ համար միայն հպարտության առիթ է: Ես իմ հայրենակիցների անդորրն եմ հսկում, իմ սահմանը, իմ հողը, իմ ջուրը, իմ գերեզմանն եմ պաշտպանում, իսկ հակառակորդին դեմքով կանգնելուց միայն ուժ եմ զգում, ապրելու, արարելու ձգտում: Մեծ դժվարության միջով ենք անցել, այժմ պետք է ավելի հզորանանք, զարգանանք, փորձենք ծաղկեցնել մեր հայրենիքը՝ մեր և մեր հետագա սերունդների հզոր հայրենիքի համար: Պարզապես պետք է սիրենք մեր հայրենիքը: Էական չէ Տեղն այլևս սահմանամերձ է, թե ոչ, ապրողը՝ կապրի:
Մելինե Աղաբեկյանը 19 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, ուսանողուհի է:
Ես բնիկ տեղացի եմ, Տեղն իմ սրտի ամենահանգիստ և խաղաղ հանգրվանն է: Չնայած խաղաղը մի քիչ հարաբերական է ասված, որովհետև պատերազմից հետո Տեղը փաստացի դարձավ սահմանամերձ, սակայն չի դադարում ամենաջերմ անկյունը մնալ:
Կրթությունս շարունակում եմ Գորիսի պետական համալսարանի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի երկրորդ կուրսում, ապագա ծրագրավորող եմ: Որպես ուսանող իմ հիմնական խնդիրը փոխադրամիջոցն է, քանի որ մենք չունենք Գորիս գնացող հասարակական տրանսպորտ, իսկ տաքսիները միշտ չէ, որ հեշտ են գտնվում, հատկապես՝ ձմռանը: Թեև Տեղի բնակիչները՝ կին, թե տղամարդ, տարեց, թե մանուկ յուրաքանչյուրը լիովին պատրաստ է իր բնականոն կյանքով ապրել: Լինելով Տեղի բնակիչ, չեմ կարծում, որ երբևէ կլքեմ գյուղը՝ սահմանամերձ լինելու պատճառով: Հակառակորդի հարևանությամբ ապրելը չի կարողացել ընկճել իսկական տեղցու ոգին:
Արսեն Հաությունյանը 39 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, անվտանգության հսկիչ է:
Նախկինում բնակվում էինք Արցախում, իրադարձություններից ելնելով որոշ ժամանակով տեղափոխվել էինք Երևան, փորձել բնակություն հաստատել այնտեղ, սակայն, տան վարձերի թանկ լինելու պատճառով, սեպտեմբերի 27-ից տեղափոխվեցինք Տեղ գյուղ: Այստեղ մեզ բավականին բարեհամբյուր են դիմավորել, սակայն, միևնույն է ինձ և ընտանիքիս համար բնակարանի խնդիրը շարունակում է մնալ առաջնային: Երեխաներս հաճախում են դպրոց, կրթության հետ կապված որևիցե խնդրի չենք բախվում: Իհարկե, մի փոքր վտանգ կա հակառակորդի հարևանությամբ բնակվելու, բայց փորձում ենք ձիգ մնալ:
Սուսաննա Բաբալարյանը 58 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, հաշվապահ է:
35 տարի է ինչ բնակվում եմ Տեղում: Երբ դարձանք սահմանամերձ, սկզբից վախը մեծ էր, սակայն հիմա հարմարվել ենք և ոչ ոք չի պատրաստվում լքել Տեղ գյուղը: Մենք բոլորս կանգնած ենք մեր երիտասարդների, սահմանապահների, բոլորի թիկունքին, եթե անհրաժեշություն լինի մենք էլ կգնանք կռվելու: Չնայած այդ ամենին, մենք որևէ դժվարություն չունենք, պարզապես պետք է աշխատենք, որովհետև ամեն ինչի հնարավորություն կա: Էական չէ ինչ կաշխատենք. հողագործ, ուսուցիչ, շինարար:
Պարզապես պետք է աշխատել և ապրել:
Իզա Ասծատրյան
No Comments