ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Անուն և հափշտակվածություն

07.01.2024

             

         Աստվածաշնչային Հակոբն իր գիշերային թափառումներից մեկի ժամանակ ճանապարհին հանդիպեց, մթության մեջ գուցե բախվեց Տիրոջ Հրեշտակին ու դաժան գուպարի մեջ մտավ վերջինիս հետ։ Հրեշտակը խնդրում էր՝ բաց թողնել իրեն, բայց Հակոբը պայման դրեց՝ մինչև Հրեշտակն իրեն անուն չտա՝ բաց չի թողնելու։ Մարտը ձգձգվեց մինչև լուսաբաց, և վերջապես Հրեշտակն անուն տվեց Հակոբին, ասաց՝ քո անունն Իսրայել է, որ նշանակում է՝ Աստծուն հաղթող։ Հակոբը հասավ իր ուզածին, թեկուզ՝ հաշմանդամ դառնալու գնով- նրա ոտքը կոնքի շրջանում ջլախախտվեց, բայց այն ո՞վ չէր պարծենա այդպիսի վեհապանծ կռվում Տիրոջից ստացած հաշմանդամությամբ, մի՞թե միջնադարյան ասպետները չեն պարծեցել իրենց դեմքի՝ ԱՅՍԻՆՉ հայտնի ասպետից ստացած վերքի սպիով․․․ Համարձակվեմ ասել, որ․․․ բանաստեղծ լինելն էլ է Ի ՎԵՐՈՒՍՏ ստացած հաշմանդամություն, դա տառապանք է և դատապարտվածություն, թեև շատերն այն երանություն են համարում՝ փառքի քաղցրությունն ըմբոշխնելու պատճառով ․․․

          Ամեն ինչ կա,գոյություն ունի, եթե անուն ունի, այսինքն` գտնվում է Աստծո երկրային դասակարգման սանդղակում։ Շտեֆան Գեորգեի «Բառը» բանաստեղծության մեջ իրը «կորչում» է, անհետանում է՝ անունը կորցնելով։ Ասում ենք՝ այսինչ մարզիկը, այնինչ արվեստագետը անուն հանեց։ Որտեղի՞ց։ ՆՐԱՆԻՑ, ով մեր երկրային ընթացքում աներևույթ ուղեկցում է մեզ, ինչպես Խաչելությունից հետո Էմմավուսի ճանապարհին Հիսուս ուղեկցում էր առաքյալներից երկուսին, ի վերջո, հայտնվեց, հաց կիսեց նրանց հետ՝ ԱՅԼ մի դեմքով, իսկ նրա հեռանալուց հետո ապշած առաքյալներն ինչ-որ բան կռահելով հարցրեցին․ «Մի՞թե Տերն էր սա․․․»։

          1941 թ․ պատերազմի ժամանակ, սովի տարիներին, մեր գյուղին հարևան Օձուն գյուղում Տելեմաք անունով մի երեխա գիշերաթիրեռ էր բռնել և թափահարվող թևերով թիթեռին «Հակոբի հանգույն» ասում էր՝ «Ալյուր արա՝ բաց թողնեմ, ալյուր արա՝ բաց թողնեմ․․․» (այն փոշին, որ թափվում է բռնված թիթեռի թևերից)։ Մի՞թե մենք կարող ենք երկնային մի որևէ բան ԻՐ կամքին հակառակ բռնել և մեր կարիքներին ծառայեցնել, ինչպես փղշտացիները՝ դավադրությամբ բռնած և կուրացրած Սամսոնին դատապարտեցին ցմահ տաժանակրության, ինչպես, ասենք, տիեզերական հրաշքը՝ էլեկտրականությունը, էլեկտրոնն ենք խցկում մեր տուրբինների ու գեներատորների մեջ․․․ Ոչ, դա արվում է՝ ցորենհատիկը հողին ի սպաս է դրվում Վերին Կամքով միայն։ Բայց ամեն մի աչքի ընկնող գործի համար ՀԱՓՇՏԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ  է պետք։ Պողոս առաքյալը Դամասկոսի ճանապարհին, տեսիլքի մեջ, գիտակցությունը կորցրած, տեսավ Հիսուսին և լսեց Նրա հանդիմանությունը․ «Սավու՜ղ, Սավուղ, ինչու՞ ես ինձ հալածում․․․» (երբ նա քրիստոնյա գերիներին տանջելով Դամասկոս էր տանում ՝ որպես հռոմեացի վերակացու)։ Նույն Պողոս առաքյալը ՀԱՓՇՏԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ մեջ տեսավ Երրորդ երկինքը-գուցե Պողոս առաքյալն ընկնավորություն է ունեցել, բայց դա էական չէ։ Այդպես՝ ՀԱՓՇՏԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ մեջ, Հովհաննես ավետարանիչը, Պատմոս կղզում մեկուսացած, տեսավ և գրի առավ Հայտնության Գիրքը․․․

          Ես գրել և տպագրել եմ երևի հազարից ավելի բանաստեղծություն, բայց դրանցից մի քանիսն են միայն գրվել ՀԱՓՇՏԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ մեջ, երբ բանաստեղծությունն ավարտելուց հետո իրականությունն է սառը ցնցուղի պես խփվում դեմքիդ, և փոշմանած ու վշտացած մտածում ես, թե ինչու՞ հետ եկար ԱՅՆՏԵՂԻՑ, ուր որ քիչ առաջ հայտնվել էիր․․․

No Comments

Leave a Reply