ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Հոգնակիի կազմության մի քանի առանձնահատկություն

06.05.2024

1․ Հայտնի է, որ այն միավանկ բառերը, որոնք նախկինում վերջացել են հոդով, այսօր ստանում են -ներ հոգնակիակերտ․ ակ-ներ, բեռ-ներ, գառ-ներ, հարս-ներ, մատ-ներ։ Այս շարքից, սակայն, մատ և հարս միավորները բաղադրյալ բառերի վերջնաբաղադրիչների դերում արդեն ստանում են -եր վերջավորություն․ցուցամատեր, բթամատեր, նորահարսեր, ջրահարսեր։

2․ Այն բարդ բառերը, որոնք ունեն -ազն, -եղն, -ակն, -ոտն վերջնաբաղադրիչներ, ստանում են -եր վերջավորությունը՝ արքայազն-եր, որմզդեղն-եր, շողակն-եր, հետիոտն-եր և այլն։

3․ Դարձյալ հայտնի կանոն է՝ այն բարդ բառերը, որոնց միավանկ վերջնարմատը պահպանում է իր բուն գոյականական իմաստը, ստանում են-եր վերջավորությունը՝ ձեռագր-եր, իրիկնապահ-եր, դեղատն-եր, գաղթավայր-եր, գիսաստղ-եր, այտոսկր-եր, բուժքույր-եր, ծակուծուկ-եր, խնդրագրքեր, ձեռագրեր, նստացույցեր։ Սակայն այսպիսի բառերի շարքում նկատվում են բազմաթիվ շեղումներ տվյալ կանոնից, և դրանք պետք է պարզապես անգիր հիշել․ դերբայներ, վերելքներ, մանրէներ, միրհավներ, միջանցքներ, ծխախոտներ, ընձուղտներ, լեռնանցքներ, վզկապներ, փառատոններ, արշալույսներ, ցանկապատներ և այլն։

4․ Եթե -նիշ վերջնաբաղադրիչով բառը ածական է կամ գոյական է դարձել ածականի փոխանվանական կիրառությամբ (միանիշ, երկնիշ,տարանիշ, հոմանիշ, նույնանիշ, հականիշ), ապա ստանում է -ներ վերջավորությունը, որովհետև այդ դեպքում -նիշ-ը ունի բայական իմաստ:

Մինչդեռ նիշի (նշանի) տարատեսակ ցույց տվող գոյականները, կանոնի համաձայն, պետք է ստանան -եր հոգնակերտ․ աստղանիշ-եր, ախտանիշ-եր, գրանիշ-եր, դրոշմանիշ-եր, համարանիշ-եր,հայտանիշ-եր, աստղանիշ-եր)։ Սակայն ներկայիս խիստ տարածվածության պատճառով այս բառերի համար ընդունելի է նաև զուգաձևությունը:

5․ Այն փոխառյալ բառերը, որոնք փոխատու լեզվում բաղադրյալ կազմություն ունեն (դինոզավր, նոութբուք, կադաստր և այլն) հայերենում գիտակցվում են իբրև պարզ բառեր, ուստի դրանց հոգնակին պետք է ձևավորվի հայերենի բազմավանկ գոյականների նման. դինոզավրներ, նոութբուքներ, կադաստրներ և այլն։

6․ Եթե երկվանկ բառերի առաջին ձայնավորը գաղտնավանկի ը­-ն է, ապա այն ստանում է ­ներ վերջավորությունը․ (ը)ս­պի ­- սպիներ, (ը)շ­տաբ ­- շտաբներ, (ը)ս­պա —  սպաներ, բ(ը)լոկ — բլոկներ, բ(ը)լոգ – բլոգներ: Իսկ եթե գաղտ­նավանկը վերջում է, բառն ընդունում է ­-եր վերջավորությունը․ ար­կղ ­- արկղեր, կայ­սր-կայսրեր, տե­տր — տետրեր, գամ­փռ ­- գամփռեր։

7․ Հետաքրքրական է, որ սովորաբար -եր վերջավորություն ստացող բառերը -ներ կարող են ստանալ ստացական հոգնակի կազմելիս՝ աչքներս, տուններդ, ձեռքներս։ Այդպես հոդը փոխարինում է ստացական դերանվան հոգնակիին (մեր աչքը> աչքներս, ձեր տները>տուններդ)։

Նշան Աբասյան