Դորան ծնվեց վաղ առավոտյան:
-Հրաշալի է շաբաթ օրով ծնվելը,- Դորայի փոքրիկ թրթուրային գլխում ծնված առաջին միտքը փախավ, անմիջապես հաջորդեց քաղցի զգացողությունը.
-Ուտել եմ ուզում…
Կանաչ տերևը, որի վրա աչքերը բացեց Դորան, հաջորդ վայրկյանին կռթկռթաց նրա ատամների տակ, Դորան ձգվեց երկայնքով մեկ, աչքերը ճպճպացրեց ու նայեց շուրջը: Տեսադաշտն այնքան էլ մեծ չէր. կանաչը վերջանում էր ցած իջնող ցողունով, հետո նորից կանաչ… Ցած նայեց. գլուխը պտտվեց բարձրությունից, այնպես որ, գլուխը հետ քաշեց ու նայեց վերև: Մեծ հյութեղ տերևը կախվել էր ճիշտ իր գլխավերևում, նայում էր իրեն ու կարծես խնդրում՝ կե՛ր ինձ:
-Կանաչ համեղ տերև…
Դորան երկար չմտածեց: Երկարուկ մարմինն ավելի ձգվեց, ճտճտաց ու տեղավորեց հաջորդ տերևը: Երրորդ տերևը ստամոքսն ուղարկելուց հետո կարծես կշտացավ, համ էլ հոգնեց: Ուստի փաթաթվեց ճյուղին ու որոշեց հանգստանալ:
Կապույտ երկնքում թել-թել ամպիկներ էին, ճիշտ ու ճիշտ վերի կանաչ տերևի դատարկ տեղում:
Հրաշալի է շաբաթ օրով ծնվելը` առաջին միտքը նորից հետ եկավ: Հետո ինչ-որ տխուր կարոտ նստեց նրա սիրունիկ երկար թարթիչներին: Քանի որ Դորան նոր էր ծնվել, դեռ ընդամենը մի ժամ կլիներ, որ բացել էր աչքերն ու համարյա ոչինչ չէր հասցրել տեսնել՝ կանաչ տերևներից բացի, ուղղակի հոգոց հանեց.
-Է՜հ…
Հոգոց հանելն ու կողքի տերևն ատամների տակ առնելը մեկ եղավ:
Դորան փակեց աչքերն ու թողեց, որ արևը խուտուտ տա կոպերը: Թվաց… կամ լսեց մայրիկի ձայնը՝ «Պիտի հասնես յոթնագույն ծաղիկների դաշտ: Այնտեղ է քո տեղը»:
-Իմ տեղը,- կրկնեց Դորան:
Մայրիկի ձայնն այնքա՜ն հաճելի ջերմությամբ պարուրեց Դորային: Նա չէր տեսել մայրիկին, բայց ճանաչում էր նրա քնքուշ ձայնը, որ իրեն ամեն օր պատմում էր աշխարհից, արևից, ծաղիկներից ու երկնքից, քանի դեռ Դորան ձվի պատյանի մեջ կծկված՝ սպասում էր ծնվելուն: Մայրիկը նրան պատմել էր տարատեսակ հրաշքների մասին, որ դեռ կատարվելու էին Դորայի կյանքում, միայն պիտի համբերել… ու անպայման հասնել յոթնագույն ծաղիկների դաշտ…
Դորան կիսաբաց արեց աչքերը, այդպես երկինքը ծովի էր նման… Դորան, իհարկե, ծով չէր տեսել, բայց հաստատ ծովը հենց այսպիսին է՝ կապո՜ւյտ-կապույտ… Հետո քիչ-քիչ կապույտը լղոզվեց, ու Դորան քնեց:
Արթնացավ անծանոթ ձայներից:
-Զի´կ:
-Զա´կ:
Ներկայացան եղբայր մրջյուններն ընթացքից, բեղիկները շարժեցին ի նշան ողջույնի ու շարունակեցին իրենց վազքը. շտապում էին:
Դորան մի կողմ քաշվեց, որ նրանց տեղ տա, հետո ձգվեց, նայեց հետ՝ մարմնին. ավելի էր երկարել, կամ իրեն թվաց: Ծանրացել էր: Չէ´, այս անգամ չթվաց. անտանելի քաղց զգաց: Մանր տոտիկներն ընտրեցին ամենահարմար ճանապարհը ու հաջորդ ճյուղի կանաչ տերևները իրար հետևից կռթկռթացին… Ամեն անգամ հենց կանաչ տերևիկը անհետանում էր Դորայի ստամոքսում, գլխավերևում կապույտ երկնքի պատառիկը մեծանում էր, խաղի նման: Դորան կարող էր նույնիսկ պատկերներ նկարել անհետացող տերևիկների ուրվագծով:
Զիկ ու Զակ մրջյունները քիչ անց մեկ անգամ էլ վազելով անցան Դորայի կողքով՝ մի-մի բարակ սիզախոտ մեջքներին: Դորան համարյա ինքն իր կրկնակի չափերին էր, քիչ մնաց չճանաչեին նրան:
-Հրաշալի եղանակ է,- մինչ Դորան մի կողքից շրջվեց մյուսին, Զիկն ու Զակը ծառի բնով իջան հասան մրջնաբույն, որ նույն ծառի տակ էր:
Դորան մի տերևիկ էլ ծամեց, չգիտես ինչու ամեն տերևից հետո քաղցը ոչ միայն չէր անցնում, այլև ավելի շատ էր ուտելու պահանջ զգում…
Առավոտից դեռ երկու ճյուղ ճանապարհ էլ չէր անցել…
-Պիտի հասնեմ յոթնագույն ծաղիկների դաշտ,- կրկնում էր, որ չմոռանա,- բայց ինչպե՞ս…
Արևը մայր մտնելուն մոտ էր, իսկ ինքը նույն ծառի վրա՝ տերև տերևի հետևից ուտում էր ու գիրանում: Անզորությունից լացեց: Մարմինը ցնցվեց, ճտճտաց, ու մաշկը կիսվեց- մնաց ճյուղին, իսկ տակից երևաց Դորայի նոր՝ փափլիկ վառ կանաչ մաշկը:
Զիկն ու Զակը ճիշտ պահին հայտնվեցին Դորայի կողքին: Եղբայրները շտապում էին մրջնաբույն, թե չէ արևի մայր մտնելու հետ միաժամանակ կփակվեին մրջնաբնի պատուհանիկները: Զիկն ու Զակն իրար աչքով արեցին, հասկացան, որ Դորան շատ մենակ է զգում իրեն ու տեղավորվեցին Դորայի կողքին՝ ճյուղին:
-Շատ գեղեցիկ ես…- ասաց Զակը, Դորայի հարցական հայացքին որպես պատասխան:
-Հա´, ճիշտ է ասում Զակը,- վրա բերեց Զիկը,- այս նոր՝ կանաչ զգեստդ շքեղ է:
Երեքով ծիծաղեցին: Հետո եղբայրները հրաժեշտ տվեցին ու վազեցին մրջնաբույն, իսկ Դորան հարմար տեղավորվեց ճյուղին ու քնեց:
Մրջյուն եղբայրները ամեն անցնել-դառնալիս ողջունում էին Դորային, ու չնայած Դորայի չափսերն ահագնացող արագությամբ փոփոխվում էին ամեն անգամ և արդեն հասցրել էր երեք անգամ մաշկափոխ լինել, Զիկն ու Զակը նրբանկատորեն քաջալերում էին նրան, շեշտում էին, որ Դորան հրաշալի տեսք ունի, իսկ փոփոխվող հանդերձները մեկը մյուսից շքեղ են: Դորան հաճախ նայում էր երկնքին ու ամեն հաջորդ տերևիկը ախորժակով խժռելուց հետո ավելի ու ավելի երազում երկնքի մասին: Կապույտն այնքան կախարդիչ էր… Ամենատխուր պահերին մայրիկի ձայնն էր լսում ու գոտեպնդվում:
Զիկ ու Զակ եղբայրները այսօր էլ ցորենի դաշտից էին հասկեր կրում, կեսօրից հետո մի քիչ ժամանակ ունեին, այցելեցին Դորային.
-Դո՛րա, ախր, անընդհատ ծամում ես,- չդիմացավ Զակը,- հինգ րոպե առաջ եկանք՝ ուտում էիր, հիմա նորից…
-Զա´կ,- սաստեց նրան եղբայրը, որ ավելի մեծ էր տարիքով,- Դորան հո մեզ պես մրջյունիկ չէ, որ կես հատ ցորենից կշտանա:
-Ես էլ կուզեի քիչ ուտել,- տխուր ժպտաց Դորան, — բայց ա´յ, այս տերևն ուտում եմ, թվում է՝ կշտացա, մեկ էլ միանգամից այնպիսի քաղց եմ զգում, որ չեմ կարող դիմանալ, հիմա էլ ա՜յ այն երկարուկ տերևն աչքով է անում, ո՜նց չուտեմ…
Երեքով ծիծաղեցին: Դորան երկարուկ տերևն էլ կերավ, և փորն անքան տռզեց, որ քիչ մնաց ճյուղից ընկներ ցած:
Հաջորդող օրերին առանձնահատուկ ոչինչ չեղավ, միայն անձրև եկավ. մեծ կաթիլները ընկնում էին Դորայի աչքերին, գլխին… Ամեն կաթիլի մեջ Դորան երկինքն էր տեսնում, իսկ անձևից հետո տերևներն ավելի անուշ էին բուրում… Այդ օրը, երբ երկինքը յոթ գույնի ծիածան կապեց, Դորան մի պահ տեսավ անհամար թռչող ծաղիկներ: Պիտի հասնեմ յոթնագույն ծաղիկների դաշտ, անպայման՝ ինքն իրեն խոստացավ Դորան քնելուց առաջ:
Յոթերորդ օրը Դորան ծառի սաղարթում ստվերոտ տեղ գտավ, պտտվեց ու դարձավ կծիկ, հետո մետաքսե թելերով ծածկվեց: Զիկն ու Զակը օրական մի քանի անգամ գալիս էին նրան տեսության:
-Դո՛րա, ո՞նց ես,- նստում էին կողքին ու կամացուկ կտկտացնում նրա մետաքսապատ պատյանը, զգույշ որ հանկարծ չվնասեն:
-Լավ եմ, — ներսից պատասխանում էր Դորան, — պարզապես մի քիչ ձանձրալի է և չեմ կարողանում շարժվել: Երկինքն ի՞նչ գույնի է այսօր:
-Կապո՜ւյտ- կապույտ է… — պատասխանում էին Զիկն ու Զակը միաբերան:
Երբ երկնքում ամպեր էին լինում, եղբայրները հերթով ամպերը նմանեցնում էին տարբեր բաների. ա՜յ այն մեկը ոնց որ ձյունը գլխին բլուր լինի, իսկ այս մեկը հսկա մրջյունի նման է… Իսկ հենց մեր գլխավերևինը շատ մեծ տերև է…
-Էլ ո´չ մի տերև,- հայտարարեց Դորան բոժոժի միջից:
-Դորա, քաղցած չե՞ս,- վախվորած հարցրեց Զիկն ու անհարմար զգաց, որ օրեր առաջ գուցե նեղացրել էր Դորային՝ շատակեր անվանելով,- ախր, մի շաբաթ է՝ ոչինչ չես կերել:
-Ուտելու մասին ընդհանրապես չեմ մտածում, հավատո՞ւմ ես, Զակ, պատկերացրու, ի՜նչ հրաշք բան է նորից ծնվելը…
-Հրա՜շք բան է,- միաբերան կրկնեցին եղբայր մրջյուններն ու վազեցին մրջնաբույն, քանի դեռ արևը մայր չէր մտել:
Հաջորդ ուրբաթ, երբ արևը մայր էր մտնում, մրջյուն եղբայրները նկատեցին, որ բոժոժի պատյանը բարակել է ու համարյա թափանցիկ դարձել: Դորան էլ այդ օրը արևամուտը տեսավ իր պատյանի ներսից ու տեսավ նարնջագույն երկինքը…
Առավոտյան պատյանն այնքան բարակեց, որ երբ Դորան գլուխը շարժեց, պատյանը կիսվեց, և Դորան հայտնվեց ազատության մեջ:
Անսովոր էր, կարծես իրեն փոխել էին: Ինքն էր ու ինքը չէր: Ամեն ինչ նույնն էր ու տարբեր: Նույն ծառն էր, նույն կանաչ տերևները, նույն կապույտ երկինքը… Ու ամեն ինչ այնքա՜ն ուրիշ… Ասես առաջին անգամ էր տեսնում:
-Հրաշալի՜ է շաբաթ օրով ծնվելը:
Դորան երջանկությունից տեղը չէր գտնում: Ուզում էր ճախրել դեպի երկինք: Այս անգամ քաղց ընդհանրապես չէր զգում և հիացած շուրջն էր նայում. ի՜նչ գեղեցիկ է աշխարհը, ծառը, ամեն մի տերևը… Դորան փորձեց շարժվել աջ-ձախ, մարմնին կպած ճմռթված թևիկները բացվեցին, անվստահ թափահարեց թևիկները… Ստվերոտ տեղում մինչև կեսօր Դորան թևիկներն էր չորացնում, որոնք շուտով ամրացան ու շքեղ գունավոր զգեստ դարձան:
Զիկն ու Զակը կեսօրին վազելով եկան ու շատ տխրեցին, երբ չգտան հարսնյակը.
-Խե՜ղճ Դորա…- տխուր հոգոց հանեց Զակը:
Հենց այդ պահին երկնքում թևիկների խշշոց լսվեց:
-Ի՜նչ սիրուն թիթեռնիկ է, — բացականչեց Զիկը:
Թիթեռնիկն իջավ նստեց ճյուղին՝ ուղիղ մրջյունների կողքին:
-Հրա՜շք բան է նորից ծնվելը… — Դորան թևիկները հավաքեց, պտտվեց տեղում, նորից վեր թևեց ու իջավ ճյուղին՝ մրջյունների զարմացած հայացքների ներքո:
-Անհավատալի՜ է…- բացականչեց Զակը,- դու Դորա՞ն ես:
-Դորան եմ, բա էլ ո՞վ:
-Անհավատալի՜ է…- կրկնեցին մրջյունները միաբերան,- Դո՛րա, դու թիթեռնի՜կ ես…
-Թիթեռնիկ եմ,- կրկնեց Դորան,- տո´ւր ձեռքդ Զակ, դո՛ւ էլ, Զիկ:
Դորան թափահարեց թևիկները, ու քիչ անց Զիկն ու Զակը թիթեռնիկի թևերով բարձրացան վեր, ծառից վեր… Ծառը փոքրացավ, դարձավ փոքրիկ կանաչ կետ, իսկ մրջնաբույնն ընդհանրապես չէր երևում…
Դորան մի քանի պտույտ արեց երկնքում, հետո իջավ ծառին, այն նույն ծառին, որտեղ ծնվել էր արդեն երկրորդ անգամ: Հրաժեշտ տվեց ընկերներին ու թափահարեց թևիկները.
-Պիտի թռչեմ յոթնագույն ծաղիկների դաշտ: Այնտեղ է իմ տեղը:
Զիկն ու Զակը տեսան, թե ինչպես թիթեռնիկը փոքրացավ, փոքրացավ ու ձուլվեց երկնքի կապույտին: Վազեցին մրջնաբույն, քանի դեռ արևը մայր չէր մտել:
Իսկ Դորան այնքա՜ն երջանիկ էր. չէ՞ որ քիչ անց կհասնի մյուս թիթեռնիկներին, որ սպասում են իրեն յոթնագույն ծաղիկների դաշտում: