ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Գայտո Գազդանով. Վիշապը

07.01.2025

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի

Ես ապրում էի այդժամ Julie փողոցում. Փարիզում ձմեռ էր, աղոտ աղջամուղջը երերում էր օդում, ջրակաթիլները զրնգում էին կղմինդրի վրա, տրամվայի աղմուկը մոտենում էր և ստիպում ապակիներին դղրդալ և հետզհետե թաղվում էր մշուշի և տարածության մեջ, այն լքում էր սենյակս, և ես միայնակ էի մնում։  

Միայնության համանման զգացում ես ապրում էի հեռացող գնացքին նայելիս, անիվները կդղրդան, փոշի կելնի և կնստի, իսկ ես դեռ հենց այնտեղ կանգնած եմ։ Նման պահերին ինձ թվում էր՝ ամենակարևորը տրամվայում և գնացքում լինելն ու  մյուսների հետ ընթանալն է, բայց և գնացքում, երբ հանդիպակաց ճեպընթացը անցնում էր վագոնի ապակիների առջևով, ինձ չէր լքում այդ զգացումը, ուզում էի միաժամանակ բոլոր ուղղություններով սլանալ։ Մշտական անհանգստությունը ինձ չէր լքում։ 

Այդ ձմեռ, Julie փողոցում, ես անփող էի, և ոչինչ չուտելով ու օրերով մահճակալին պառկելով՝ անափսոսանք կտրվում էի անմիջական բաներից, բիֆշտեքսի, ռեստորանի, տեղավորվելու հնարավորության մասին մտքերից։ Երևակայությանը խանգարող մշտական արգելքը, պարզ և ուժեղ ֆիզիկական զգացումների արգելքը, թեթև և թափանցիկ էր դառնում, և այդ կարճ ազատության կախարդանքը նորից ինձ էր վերադարձնում երևակայության ֆանտաստիկական թափառումների այն ունակությունը, որ ունեի մանուկ հասակում և որը, մեծանալով, կորցրի։ Ես նորից մաքուր ընկալման հնարավորություն էի ձեռք բերում, վարդագույն խեցե մոխրամանը ես զննում էի զարմանքով, ասես առաջին անգամ էի այն տեսնում, զգում էի, որ մահացման երկար շրջանից հետո նորից վերադառնում եմ կյանք, և ամենաընտել երևույթների՝ տների, պատուհանների, մարդկանց, արտասովոր անիմաստությունը, դրանց հրեշավոր անճշմարտացիությունը և անհնարինությունը ակնհայտ էին դառնում։  

Ամբողջ կյանքը՝ առաջինից մինչև վերջին տարիները, ինձ միշտ մի քանի պատկերացումների վրա կենտրոնացած էր թվում. ոչ այն պատճառով, որ ես ոչինչ չգիտեի բազմազանության մասին, բայց այդ պատկերացումներից յուրաքանչյուրում հազարավոր այլ պատկերացումներ էին, և մեկը հիշելով՝ իսկույն հիշում էի ողջ մնացյալը՝ կապված դրա հետ, և թափառում էի դրանց մեջ՝ մեկընդմիշտ անշարժացածների իրական տարածության մեջ, որի գաղափարը ինձ ներշնչում էր մաթեմատիկան, և մեկընդմիշտ հիշողությանս մեջ պահպանված։

Ես մտածում էի՝  ինչպես են մարդկանց մեջ ֆանտաստիկական պատկերներ ծագում, և ինչպես ես ստեղծեցի վիշապի մասին պատկերացումը, նրա հետ են կապված Բելոռուսիայի մարգագետինները, Սվիսլոչ գետը, Մինսկ քաղաքը, թաղքուճով և կտնառքով մարդիկ՝ անշարժ հրեշները կյանքիս շեմքերին։ Հիշում էի, որ մանկուց հավատում էի Աստծուն և վախենում նրանից, նա նույնպես ինձ վիշապանման էր թվում, և Աստծո գալուստը երկրի վրա ինձ պատկերանում էր որպես իր հետևից փոշու, ջրի և ավազի հատիկներ բարձրացնող տիեզերական մռայլ հողմապտույտ։ 

Մանկահասակ, երբ պատկերացում չունեի կշռի, ժամանակի և չափի մասին, կյանքն ինձ համար հոգեկան ցնցումների հերթափոխ էր։ Շատ արագապտույտ թափանիվ պատկերացրեք. դրա սարսափելի թռչող ծանրությունը թանձրանում է և ստիպում օդին դողդողալ, այդ երերացող օդի հետ ես կհամեմատեի հոգեվիճակս, զգացումներիս թափանցիկ և ցնցվող հեղուկը։ Բայց և այդժամ երկու ըմբռնումների հնարավորություն ունեի. մեկն այդուհանդերձ ինձ օտար էր մնում և վախեցնում, մյուսն էլ էր վախեցնում։ Երբ ինձ վիշապի մասին հեքիաթներ էին պատմում, իմ առջև բոժոժավոր թեփուկով էակ էր հայտնվում, բայց գիշերները վիշապն ինձ չէր երազվում։ Իրական վիշապին ես ավելի ուշ տեսա։

Մի անգամ ուշ գարնանը ես քաղաքից դուրս, դաշտ էի գնացել. գետը պղտոր հոսում էր ցածում, և խոտը նրա ափերին արդեն փոշեծածկ էր, գետնասկյուռների բները սևին էին տալիս, հեռվում երևում էր անտառը, այն դանդաղ շարժվում էր կապույտ օդում և հար տեղում մնում։ Ես գնում էի մարդաձկներ և ջրե բզեզիկներ որսալու, որոնք թեթև սարդոստայնային ոտքերով սահում էին փոքր գետափնյա լճերի հարթ ջրի վրայով։ Տասնյակ մարդաձկներ որսալով, ես դրանք արձակում էի ջրով դույլը, հետո հողը փորում և մի քիչ թրթուրներ էի գտնում՝ միաժամանակ նման թեփուկաթևավորների և ծղրիդների. դրանք տարբեր գույների էին՝ մի մասը շատ զարգացած, մյուսները՝ փոքր ծնոտներով, երրորդները՝ անծնոտ։ Թրթուրներին տեղավորում էի ու արկղը տուն բերում և լսում՝ ինչպես էին նրանք զեռում և խշխշում։ Պառկելով քնելու՝ արկղը մահճակալիս կողքն էի դնում: Իսկ առավոտյան կողմ սպասվում էր տեսարան, որ ավելի ուժեղ էր ցնցում, քան ամենը, ինչ ինձ առհասարակ վիճակվել էր տեսնել. արկղում վիշապ էր։  

Նա պառկած էր հատակին, գույնզգույն և բազմոտանի, դեղնաչ գլուխը խոյանում էր  իրանի վրա, մեծ ծնոտները սեղմվում և բացվում էին։ Ես խոշորացույց էի բերում և վիշապի վրա ուղղում արևային ճառագայթափունջը. վիշապը, մարմինը դժվարությամբ քարշ տալով,  դանդաղ սողում էր ստվարաթղթի վրայով։ Ես սարսափով և զզվանքով էի նայում նրան. կտրված գլուխներն ու ոտքերը ընկած էին արկղի անկյուններում, մահացու մարտից հետո բոլոր թրթուրները մահացել էին, բացի ամենաուժեղից, բայց նա էլ բոլոր կողմերից սեղմված էր մահացած ծնոտներով։ Վիշապը ամբողջ օրը շարժվում էր, բայց երեկոյան կողմ մահացավ, ես նրան ապակե սրվակիկի մեջ դրեցի և թաղեցի այգում։ Հաջորդ գիշեր ինձ հար երազվում էին թրթուրների լուռ  ճռինչը, և վիշապը, սարսափելի և դաժան կենդանի, անաղմուկ և զզվելի։  

Ես պառկած էի rue Julie-ի անկողնում և հանկարծ հիշեցի, որ Լեոնարդո դա Վինչին բազում զեռունների միացությամբ հրեշ էր նկարել, և որ այդ նկարը մեզ չի հասել։ Վիշապ բառում ինձ համար միավորվում էին ամենայն գարշելին և անհավանականորեն մոտը, որ ես չէի դադարում առջևս տեսնել։ 

Ես մեծանում, ընթերցում, որսում էի պոկվող պոչերով մողեսներին, ծայրին մոմագնդիկով թելի օգնությամբ հանում էի վայրագ մորմերին իրենց բներից, կարիճների շուրջ հրե ցանկապատ էի սարքում,- երբ Կովկասում էի լինում,-  սոճուտներում հետևում էի  մրջյուններին՝ կարմիր, մեծ, աշխատավոր և ռազմիկ,- և հետզհետե ներթափանցվում էի իմացության զգացմամբ։  

Այն ամենատարբեր ձևեր էր ընդունում, և հազարավոր բաներ ամեն օր հիշեցնում էին ինձ դրա մասին, և ամեն անգամ ձանձրանում և սարսափում էի։  

Պատահել է՝ անծանոթի հետ զրուցելիս հանկարծ իմացել եմ, թե ինչ նա կասի, բայց դրանք  պարզ արտահայտություններ չէին, որոնք այնքան հեշտ է նախազգալը. ամենից հաճախ անսպասելի և երկար պարբերություններ էին, երբեմն՝ շատ բարդ… 

Ես անհամբեր և լարված սպասում էի արտահայտությանը, որ զրուցակիցս պետք է աներ, և երբ նա  ասում էր դա, ես ցնցվում էի, և ներսումս ինչ-որ բան ախ էր անում և փլվում, բայց ակնթարթ անց երկրորդ կյանքիս թույլ աղմուկը սկսում էր նախկինի պես հնչել։ Այդ երկրորդ գոյությունը, անհամեմատ ավելի նշանակալից,- երբեմն ես զգում էի այն արտասովոր ուժով և անողոքությամբ,- միշտ ձայներանգ ունի, — և եթե այդ աղմուկը դադարի՝ կմահանամ։ 

Բայց ես չէի մահանում, թախտին, Jullie փողոցում, ես լոկ զգում էի, ասես երազում,  ինչպես ծագում եմ կյանքի համար, և իրերի և զգացումների մթին աշխարհը արագորեն հայտնվում է առջևս, և ես նախկինի պես նորից գնում եմ անտառով, և ճանաչում եմ մոռացված և ծանոթ ավազածածկ արահետները, ձարխոտերի կապտավուն գույները և մրջնաբույների բազմահարկ բուրգերը։ Ես օդ էի հավաքում և արտաշնչում, և արտաշնչման ուժով տեղափոխվում այլ վայրեր. մթին անտառը անձայն փոշեցրվում էր և անհետում, և ահա ես Բելոռուսիայի դաշտերում եմ, Սվիսլոչ գետի մոտ. նորից մոռացված մարդիկ և թաղքուճով տղամարդիկ՝ հրեշները մանկությանս շեմքերին, իմացության զգացումը և վիշապը՝ շրջանը, որին ես այդքան վերադառնում էի։ 

Ութ տարեկան էի, ապրում էի Ուկրաինայում, մի անգամ արթնացա. պատուհանների առջև թավ այգի էր, և անհայտ տեսակի թռչունը ցատկոտում էր բալի ճյուղերին։ Արևալույսը և տապը զրնգում էին միապաղաղ մետաղաձայնով, գետում կռկռում էին գորտերը, և դոդոշները ուռցնում էին կոկորդները ստվերի հով մթության մեջ։ Ես արթնացա ոչ այնպիսին, ինչպիսին քնել էի, և ինձ տեսա կողքից՝ մարմին, ոտքեր, դեմք, աչքեր։  Հատկապես՝ աչքեր, և այդ ժամանակվանից, հայելուն մոտենալիս, ես մշտապես հանդիպում էի օտար, բայց հեռավոր կերպով ինչ-որ բան հիշեցնող հայացքի՝ անդեմ և դաժան։ Ես ճանաչում էի այն ուրիշների մեջ. դա սարսափելիորեն ծանոթ էր, ես ինքս ինձ կորցնում էի և լռում, ու վիշապը նորից հայտնվում էր իմ առջև։ 

Բայց երբ կուշտ էի  (մի անգամ ես դիագրամ տեսա՝ որքան է շարքային մարդը կյանքի ընթացքում ուտում. մի քանի կով և ցուլ,  ոչխարների փոքր հոտ, բազում հավեր, սագեր և բադեր, նապաստակներ, այծեր, խոզեր, վայրի վարազներ և անգամ որմզդեղն, միայն,  չգիտես ինչու, ձիուն են մոռացել. շատ հետաքրքրական դիագրամ է, իմիջիայլոց), ապա այդ երկրորդ ներքին կյանքը բիֆշտեքսների և մակարոնների բեռի տակ խոնարհվում և սսկվում էր։ Եվ այդժամ ես ծիծաղում էի վախերիս և վիշապի վրա, և, խորհելով վերացական թեմաների շուրջ, հիշում էի գիտական գրքերը և մարդկային զարգացման օրենքները, և լոկ ինչ-որ պահերի հասկանում, որ դառնում եմ նման մարդկանց, որոնց ամեն ինչ հասկանալի է՝ թերահավատներին և խանդավառներին՝ բերկրալի կույրերին և կենսախինդ հաշմանդամներին։ 

Հետո նորից վրա էր հասնում քաղցը՝ երևակայության թափառումները. Ֆրանցիսկ Ասսիզեցին՝ իմաստուն սուրբը, թաքնվում էր անտառում, կենդանիները վազում էին նրա հետևից, և ոսկե շրջանը նրա գլխի վրա ստվեր էր հատում։ 

Եվ այնտեղ, որտեղ նա հենց նոր կանգնած էր, հայտնվում էր հսկայական, բազմավերջույթ մարմին և գլուխներ մոլեգին աչքերով, որոնցում ես լուռ ճանաչում էի վիշապի մարդկային հայացքը՝ նա պառկած էր մարգագետնին, և գետակը հոսում էր նրա առաջ։ 

Մեծախպիպ մարդիկ հայտնվում և անհետում էին օդում, և վիշապը անսահմանորեն աճում և մեծանում էր լուռ ճռինչով։ Նա, ուռչելով և վեր բարձրանալով, մոտենում էր ինձ, և ես տեսնում էի աչքերը հայելում։ 

Փողոցից կանաչ լապտերը լուսավորում էր պատուհանս, և ձմռան շողշողուն աղջամուղջում զրնգում էին վաղորդյան տրամվայները։