Կերպարվեստ

Մնո Եզեկյանի կտավներն իբրև ներքին հայելի

20.07.2025

Հուլիսի 18-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց վանաձորցի շնորհալի նկարիչ Մնո Եզեկյանի ստեղծագործական ցուցահանդեսը: Ռեալիստական, հաճախ էլ սյուրռեալիստական այս կտավները ստիպում են կանգ առնել բոլորի առջև, մեկ-մեկ, ու ոչ միայն դիտել, այլև խոսել՝ լուռ: Մնոյի կերպարները ոչ թե սոսկ հերոսներ են, այլ մենք ենք, կամ գուցե մեր ներսում ապրող հարցերը, որոնցից սովորաբար խուսափում ենք:

Հեղինակը շատ հստակ հարցադրում է անում՝ ով ենք մենք, երբ դիմակ չենք կրում: Նա պատասխաններ չի պարտադրում, չի բացատրում, այլ թողնում է այդ բացը, որպեսզի մենք անշտապ զգանք: Նա պարզապես նայում է մարդուն՝ այն մարդուն, որն ապրում է մեր մեջ, երբ անջատում ենք մեր սոցիալական ժպիտները, երբ հանում ենք բառերի հագուստը ու մնում մերկ՝ մեր վախերով, զավեշտով, աբսուրդով։

Կտավներում մարդն ասես քայքայվել է։ Այո, քայքայվել՝ իր ֆիզիկական ձևով։ Բայց միաժամանակ նա առավել ամբողջական է՝ որպես միտք, զգացողություն, մետաֆորա։ Մարմինը կարող է չունենալ ձև, բայց հստակ կերպար է։ Եվ այս ամենը ստեղծում է այն ներհոգեբանական միջավայրը, որտեղ արվեստը դառնում է հայելի՝ ոչ թե արտաքինի, այլ ներքինի համար։

Մնոն իրեն չի կաշկանդում տեխնիկական «կարգինությամբ», չփորձելով հարթացնել այն, ինչ բնույթով խորդուբորդ է։ Նրա գծերը՝ երբեմն կտրուկ, երբեմն՝ կոպիտ են. հենց այդպես են ստեղծում անկեղծության լեզուն։ Այս ցուցահանդեսում անհնար է լինել անտարբեր։ Միգուցե կծիծաղեք, միգուցե անհանգստություն զգաք, միգուցե՝ հարցնեք՝ «սա ի՞նչ էր»։ Ու հենց այդ հարցը կդառնա ամենաազդեցիկ պատասխանը։ Եվ գուցե հենց դա էլ է այս արվեստի հմայքը՝ այն չի առաջարկում ձեզ «հասկանալ»։

Այն առաջարկում է ձեզ լինել, մի քանի րոպե՝ առանց պատասխանների։ Մնում է միայն շնորհակալ լինել Մնոյին այն համարձակության համար, որով նա մեզ առաջարկում է տեսնել ոչ թե այն, ինչ կա, այլ այն, ինչ հաճախ թաքնված է, այս անձնական ու համարձակ ճամփորդության հրավերի համար։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 2-ը:

Հայկուհի Ավագյան
Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն