ՄշակութաԳիծ Կինո

Ինչպես ընդունեց Փարաջանովը տիկին Դը Գոլին

20.07.2025

Հուլիսի 20-ը Սերգեյ Փարաջանովի մահվան օրն է: Այս հրապարակումով կփորձենք վերապրեցնել նրա՝ արկածներով լի կյանքի անօրինակ դրվագներից մեկը:  

«Մի հրաշագործ, որ ոչնչից կարող է կերտել ամեն ինչ, մի խենթ, որ վարդերի ճամփան մի կողմ թողած, բոբիկ ոտքերով քայլում է, քայլում է կրակների, փշերի վրայով», — Հենրիկ Մալյանի բնորոշումն է Սերգեյ Փարաջանովին։

Խոսել և արժևորել ռեժիսոր, սցենարիստ, դերասան, նկարիչ, մարդ-հրաշագործ Սերգեյ Փարաջանով մեծահանճարի մասին, թերևս, բարդագույններից է։ Փարաջանովի ամբողջ արվեստը՝ առաջին ֆիլմից մինչև վերջինը, Աստծո հետ երկխոսություն է․ գեղեցիկի ու ճշմարտության հավերժ իր փնտրտուքն է, մաքառումը և ի վերջո բոլոր անպատասխան հարցերի պարզումն ու բացահայտումը Սկզբի ու Վերջի։ Նա իր ստեղծագործ գերբնական ուժով տալիս է անմահության ու հավերժի բանաձևումը․․․ Ու միայն կաղապարահեն ու կաղապարախեղդ ժամանակաշրջանի զոհը դարձած հանճարը պիտի կարողանար ճեղքել նախանշվածը՝ արվեստի զարմանահրաշ հրավառությամբ ձեռքը երկարեր կատարյալին՝ աստվածայինին։  

Անդրադարձը կինոյի հանճարին միշտ արդիական է ու մի նոր լույս է սփռում կինոյի մոգի վառ անհատականությանը։ Այս համատեքստում ուզում ենք մեր ընթերցողներին ներկայացնել Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող Ստեփան Անդրանիկյանի հուշը Սերգեյ Փարաջանովի մասին։

«Սերգեյ Փարաջանովի հետ ես շատ առիթներ եմ ունեցել շփվելու՝ սկսած Մոսկվայում ուսանելու տարիներից։ Նրա հետ հաճախ հանդիպել եմ Կիևում, աշխատել եմ «Նռան գույնը» ֆիլմում՝ որպես բեմադրող նկարիչ։ Հուշը, որ ցանկանում եմ ներկայացնել, գրի եմ առել մեր հանդիպումների անմիջական տպավորությունների տակ, օրագրիս էջերում։

Ստեփան Անդրանիկյան

Թե ինչպես ընդունեց տիկին Դը Գոլին

«Ավարտվել էին «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները։ Պատրաստ էր առաջին օրինակը, որը ներկայացված էր ԽՍՀՄ պետկինո։

Մոսկվայում լռում էին․ տիրում էր լիակատար անորոշություն։ Կընդունվի՞ արդյոք կինոնկարը միութենական էկրան, թե՞ կարժանանա  Տարկովսկու, Շուկշինի չընդունված ֆիլմերի ճակատագրին։

Ահա այս անորոշ սպասողական պայմաններում, երբ Փարաջանովը գտնվում էր բավականին ծանր նյութական և հոգեկան կացության մեջ, Կիևի իր բնակարանում, մի օր հեռախոսային զանգ հնչեց։ Խոսափողում լսվեց մեկի չոր հրամայական ձայնը, որը տեղեկացնում էր այն մասին, որ երեք օրից, երեկոյան ժամը 7-ին Փարաջանովին կայցելի Ֆրանսիայի պրեզիդենտ Դը Գոլի կինը՝ մադամ Դը Գոլը։ «Այդ նպատակով Ձեզ հատկացվում է վեց հարյուր ռուբլի գումար։ Տեսեք, որ ամեն ինչ լինի բարձր, համապատասխան մակարդակով»։

Փարաջանովն այդ անսպասելի լուրից դեռ ուշքի չէր եկել, երբ նորից նույն չոր ձայնը սթափեցրեց նրան․ «Հասկացա՞ք»։ Փարաջանովը զայրացած տոնով պատասխանում է․

-Ես չգիտեմ ում հետ եմ խոսում։ Չբարեհաճեցիք մինչև իսկ ներկայանալ․․․ վեց հարյուր ռուբլին ձեզ պահեք, իսկ մադամ Դը Գոլին կընդունեմ ինչպես հարկն է։

Եվ կատարվում է գրեթե անհավատալին։ Փարաջանովը, գործի դնելով իր ողջ հնարամտությունը, ծանոթությունները և, իհարկե, մեծ ծախսեր անելով, կարճ ժամանակում ձևափոխում և վերանորոգում է իր երկսենյականոց բնակարանը։ Ճաշասենյակը կահավորում և ձևավորում է ուկրաինական ոճով, իսկ մյուս սենյակը՝ հայկական և վրացական ազգային կարպետներով, հնաոճ իրերով, սրբապատկերներով, բրոնզե և արծաթե մոմակալներով։ Այս ամենը արված էր այնպիսի նրբին ճաշակով, որին կնախանձեր ուզածդ թանգարանը։ Երեք օրից, ըստ պայմանավորվածության, ժամը 7-ին մոտոցիկլավորների ուղեկցությամբ Փարաջանովի տան շքամուտքին է մոտենում մեքենաների շարասյունը։

Մադամ Դը Գոլին ջերմորեն դիմավորում է Փարաջանովը, ողջունելով՝ համբուրում ձեռքը։ Շքամուտքի վերելակի մոտ, կարծես արդարանալով, Սերգեյը բացատրում էր հյուրին, որ հոսանք չլինելու պատճառով վերելակը չի աշխատում։ Դժվար կլինի յոթերորդ հարկ բարձրանալը․ «Թույլ տվեք այս գեղեցիկ երիտասարդներին օգնել Ձեզ»։

Մինչ մադամ Դը Գոլի թարգմանչուհին կբացատրեր եղելությունը, նրան են մոտենում երկու բարձրահասակ, սև զգեստ հագած մորուքավոր հայ և վրացի երիտասարդներ։ Նրանք խաչաձև միացնելով ձեռքերը, կռանում են այնպես, որ մադամ Դը Գոլին մնում էր միայն նստել մատուցված «պատգարակին»։ Կռահելով իրավիճակը, պրեզիդենտի տիկինը «Օ՜, լյա-լյա» գոչելով, անմիջական ծիծաղով, նստում է կենդանի «պատգարակին», երկու ձեռքերով ամուր գրկելով տղաների ուսերը։ Եվ անսովոր այս շքախումբը սկսում է բարձրանալ հարկից հարկ։

Յոթ սանդղահարթակներում արձանացած, կանգնած էին երիտասարդներ՝ վառած մոմերը ձեռքներին։ Բնակարանի մուտքի մոտ հարգարժան տիկնոջը երեք գեղեցիկ աղջիկներ՝ ուկրաինական, վրացական և հայկական տարազներով, ծաղիկներ են մատուցում։

Բնակարանում գեղեցիկ մոմակալներում բազմաթիվ մոմեր էին վառվում՝ շուրջը տարածելով խորհրդավոր հանդիսավորություն։

Երկար, սպիտակ ժանեկավոր սփռոցով ծածկված սեղանին տեղ էին գտել ընտիր կերակրատեսակներ և ըմպելիքներ՝ թանգարանային սպասքեղենով։ Հյուրերին ամենայն հոգատարությամբ սպասարկում էին չորս տղամարդ մատուցողներ՝ հրավիրված Կիևի լավագույն ռեստորաններից։ Ընթրիքին մասնակցում էին տիկին Դը գոլին ուղեկցող պաշտոնյա անձինք, դիվանագետներ, արվեստագետներ, քաղաքացիական զգեստներով զինվորականներ։

Բարձրացնելով շամպայնով լի գավաթը՝ Փարաջանովը դիմում է ներկաներին․

-Ես անչափ շնորհակալ եմ ճակատագրին, որ արժանացել եմ նման պատվի։ Ես երջանիկ եմ։ Իմ հյուրն է Ֆրանսիայի առաջին տիկինը»։   

Նառա Դանիելյան