ՄշակութաԳիծ

Հայուհին՝ Կորեայի տուրիզմի կոմիտեի դեսպան

07.09.2025

Հասմիկ Նիկողոսյանը՝ մասնագիտությամբ կորեերեն–հայերեն թարգմանիչ, կորեերենի լեզվի և գրականության մասնագետ, այսօր հանդիսանում է Կորեայի տուրիզմի կոմիտեի առաջին հայ դեսպանը։ Նա ապրում է Հարավային Կորեայում, ուսումնասիրում է Կորեայի գրական ժառանգությունը, ճանապարհորդում երկրի ամենահեռավոր անկյուններով, ու այս ամենը ներկայացնում է հազարավոր հայ հետևորդներին՝ ոգեշնչելով, կրթելով ու մոտեցնելով երկու մշակույթներ։ Նրա ուղին կրթությունից մինչև տուրիզմի դեսպանություն վկայում է՝ սիրով, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ կարելի է նոր երկիրը ոչ միայն բացահայտել, այլ նաև դառնալ նրա պատմության մի մասը։

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր կորեերեն սովորելու, Կորեա գնալու ճանապարհը։

 -Ամեն ինչ սկսվեց կյանքիս ամենապատասխանատու պահից՝ վարժարանս ավարտելու տարում, որից հետո համալսարանի ճիշտ ընտրություն պետք է կատարեի։ Այդ ժամանակ էր, որ սկսեցի մեծ հետաքրքրություն տածել կորեական մշակույթի և պատմության նկատմամբ։ Նույն տարում իմացա, որ Հայաստանում առաջին անգամ բացվելու է կորեերեն-հայերեն թարգմանչական գործ բաժինը, և հասկացա, որ հենց այդ բաժինը պետք է ընդունվեմ։ Լեզուն ինձ հեշտ չտրվեց, բայց անքուն գիշերներ անցկացնելու և երկար ժամանակ հետևողականորեն աշխատելուց հետո վերջապես հասա այն կորեերենի մակարդակին, որն էլ հնարավորություն տվեց համալսարանը ավարտելուց առաջ դիմել Կորեայի կառավարության կրթաթոշակի ծրագրին։ Ամեն տարի այս ծրագրին դիմում են հազարավոր ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից, և միայն սահմանափակ թվով ընտրված ուսանողներին է հնարավորություն տրվում յուրաքանչյուր երկրից գալ Կորեա այս ծրագրով։ Դիմելու գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելուց, հարցազրույցներ անցնելուց հետո, 2018 թվականին Կորեայի կառավարության և իմ դիմած համալսարանի կողմից ստացա այդքան սպասված հրավերը և արդեն օգոստոսի վերջ մեկնեցի Կորեա՝ ուսումս շարունակելու։

–Ի՞նչ է իրականում նշանակում լինել տուրիզմի դեսպան։ Ո՞րն է Ձեր հիմնական առաքելությունն այդ դերում։

-Կորեայում տուրիզմի դեսպան լինելը ինձ համար բավականին մեծ պատասխանատվություն է, քանի որ այն ենթադրում է ոչ միայն ճամփորդել Կորեայի տարբեր քաղաքներ, այլ նաև պաշտոնական հանդիպումների ժամանակ ներկայացնել իմ երկիրը։ Այստեղ իմ հիմնական առաքելությունն է այցելել նախապես ընտրված քաղաքներ, ուսումնասիրել այնտեղի ռեստորանների և հյուրանոցների հյուրընկալության մակարդակը և որակը, ինչպես նաև ծանոթանալ տվյալ քաղաքի այցեքարտը համարվող տեսարժան վայրերին։ Այցելություններից հետո ես անկեղծ կարծիք եմ հայտնում տեսածիս մասին, որպեսզի տուրիզմի ոլորտում հնարավոր լինի իրականացնել առողջ և նպատակային բարեփոխումներ։ Եթե որևէ վայր ինձ իսկապես դուր է գալիս և ես կցանկանայի կրկին ու կրկին վերադառնալ այնտեղ, այդ դեպքում իմ դրական փորձով կիսվում եմ նաև իմ սոցիալական հարթակներում։ Այս կերպ մարդիկ կարողանում են մոտավոր պատկերացում կազմել, թե տվյալ քաղաքում ինչ կարելի է տեսնել, ինչ հետաքրքիր վայրեր կարելի է այցելել և այլն։

-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչն է առավել գրավում հայ զբոսաշրջիկներին Կորեայում։ Որո՞նք են այն եզակի կողմերը, որոնք հատկապես պետք է ընդգծել հայկական լսարանի համար։

  -Կորեան միշտ գրկաբաց է ընդունում իր հյուրերին և յուրահատուկ կերպով կարողանում է այնպես անել, որ մարդիկ, անգամ մեկ անգամ այցելելով, ցանկանան կրկին վերադառնալ՝ նոր հիշողություններ կերտելու։ Մեր հայ զբոսաշրջիկներն էլ գալիս են և սիրահարվում այս երկրին։ Հիմնականում նրանց գրավում է այն հանգամանքը, որ անվերջ վեր խոյացող բարձրահարկ շինությունների կողքին կարելի է տեսնել հին, պատմական արժեք ունեցող կառույցներ, մինչ օրս կանգուն թագավորական պալատներ և այլն։ Այստեղ անցյալն ու ներկան կողք կողքի են և ներդաշնակորեն լրացնում են միմյանց, ինչը մեծ տպավորություն է թողնում բոլոր այցելուների վրա։ Հայ զբոսաշրջիկների սիրելի վայրերից են հատկապես Սեուլի եռուզեռով, բազմամարդ թաղամասերը, որտեղ միաժամանակ կարելի է և համեղ սնվել, և տարվել գնումներով։ Կորեական խոհանոցը շատ բազմազան է, և բոլորը կարողանում են գտնել իրենց ճաշակին և քիմքին համապատասխան ուտեստներ։ Բացի այդ, շատերին զարմացնում, որ նախուտեստներն ու ջուրը ռեստորաններում անվճար են և կարող են անսահմանափակ թարմացվել։

Լուսինե Սարգսյան
Ամբողջական հոդվածը՝ aravot.am-ում