ԳրաԴաշտ Վարդան Սմբատյան

Վարդան Սմբատյան․ Սելֆիի սերունդը

03.10.2025



Մայրս մակարոնով ու թարմ բանջարեղենով բեռնված ափսեով ներխուժեց սենյակս։

-Սոված չեմ, մա՜մ,- ասացի ու փոշմանեցի. սուր՝ ֆալցետային ճիչով անցավ հարձակման.

-Էլի սոված գնում ես գործի, ամբողջ օրը բան չես ուտում, դու քեզ տեսե՞լ ես, ա՛յ տղա, տեսե՞լ ես՝ ինչքան ես նիհարել, անորեքսիա ա սկսվում մոտդ, հասկանո՞ւմ ես։ Մինչև չուտես՝ ոչ մի տեղ։ Դուռը փակո՛ւմ եմ։

Սուս-փուս մի երկու կտոր բանջարեղեն կերա հացով, հետո սրիկայաբար մակարոնը լցրեցի պոլիէթիլենային տոպրակի մեջ, խցկեցի պայուսակս․ դրսում կգցեմ աղբամանը։
Արագ հագա սիրելի բաց վարդագույն շապիկս, լավ մաշված ջինսս, վերցրի ուսապարկս ու դուրս եկա տանից։

Արևը շրխկում էր ասֆալտին։ Շողերը ցավեցնում էին  գլուխս, պատսպարվեցի  նոր կառուցված մետաղական կանգառի խցիկում, դրեցի կեպիս, նայեցի ձեռքիս սև ժամացույցին. արևը ներսում էր, մեխանիկական սև սլաքները պտտվում էին շուրջը, մտածեցի՝ երևի իրականում արևը սև է, գուցե գիտնականները սխալվե՞լ են։
Եթե սև չէ, ինչո՞ւ են մարդիկ ածխի պես սևանում դրա տակ աշխատելիս, հը՞։
Հետո, որպես ասածիս հաստատում, հիշեցի  մանկությանս ընկերոջ՝ Աշոտի հանճարեղ էշությունը.

-Արևը նեգրերի Աստվածն է։

Փաստորեն, իմ ուղեղը ցանկացած հիմար բան արխիվացնում է։ Վերջնականապես համոզվեցի դրանում։

Մինչ հիմար մտքերով էի տարվել, ավտոբուսս հատեց  կանգառը։ Ճանապարհին Մուրակամի կարդացի.

Սահմանից հարավ, արեգակից արևմուտք…

 Թվում էր  թե բառերն են քշում ավտոբուսը, սքանչելի պատումներով տարված  տասնյակ էջեր կլանեցի, մինչ ավտոբուսը գրեթե դատարկ հասավ Վերնիսաժ։  
Ժամանակից շուտ  հասա, իմ լավ ընկերոջ՝ Արքմենիկի հաղորդմանն էի հյուրընկալվելու։ Կես ժամ ժամանակ ունեի, որոշեցի զբոսնել։ Սովորության համաձայն՝ զննեցի  շուրջս։

Երկու պտույտ  արեցի  ու նստեցի  այգում։

Կանացի խզված ձայնը խախտեց  այգու լեթարգիական լռությունը.

-Չի՛ լսվում, մի րոպե, Լիլի՛թ, մեսինջերից է, մի րոպե, չեմ կարողանում բարձրախոսը միացնել։

Նրա՝ օգնություն փնտրող աչքերը իմ կողմ  նայեցին։ Մոտեցա։

-Տղա ջան,- ամաչելով ասաց  կինը,- կօգնե՞ս, էս մեսինջերից գլուխ չեմ հանում, կարևոր զանգ է։

-Իհարկե, մի րոպեով կտա՞ք հեռախոսը։ Կինը մեկնեց հեռախոսը։

Էկրանին մի գեղեցիկ տղայի նկար էր։

Կնոջ՝ տխրությունից մաշված դեմքը փայեց ժպիտից.

-Իմ Ալենն ա․․․-Լրիվ Դելոնն ա,- սրամտեցի սովորությանս համաձայն։

Կինը ծիծաղեց, հետո մի րոպե շունչը տեղը բերեց։ Ծիծաղը վարակիչ  դարձավ. մենք, երկու րոպե ցավն ու ծիծաղը իրար էստաֆետի պես փոխանցելով, ցնցվեցինք ողջ մարմնով՝ ուշաթափվելու աստիճանի։

-Էդպես էլ կա, կեսկատակ-կեսլուրջ իրեն Դելոն էինք ասում, ոնց էլ իմացար,- ծիծաղի նոպայից ուշքի գալով՝ ասաց  կինը։

Ձայնային կարգավորումները շտկեցի, վերադարձրի հեռախոսը։ Քաշվեցի մի կողմ։

— Չէ, գնում եմ, Լիլիթ, ինչի՞ մնամ, տարվա մեջ երկու անգամ կգամ Ալենիս գերեզմանին այցելելու համար։

Զրուցակիցը կռվում էր:

-Գժվե՞լ ես, Սոնա՛ (կինը մոռացել է անջատել բարձրախոսը)։

-Հա,- հուզմունքը զսպել չկարողանալով՝ պատասխանում է Սոնան։

-Չլացե՛ս, դու ուժեղ կին ես,- գոտեպնդում է զրուցակիցը,- հերոսներին լացով չեն հիշում, մեր երեխեն կյանքը տվեց էս երկրի համար, որ գնաս Բելգիա՞։ Խոսա՜։

— Ստեղ էլ բան չունեմ պահող, Լիլիթ, հասկացիր, գնամ՝ Ալենիս նպատակը կիսատ չմնա, պանսիոնատ էր բացել կարիքավոր երեխեքի համար, գնամ, կարող ա…

Խոսքը կիսատ է մնում։ Կապի ընդհատման պատճառով,  կինը հեռախոսը շպրտում է պայուսակի մեջ. դողի ճոճքը բռնում է նրան։

Մոտենում եմ արագ, փորձում հանգստացնել։ Նա ինձ պատմում է Ալենից, ցույց է տալիս լուսանկարները, Ալենը հաշմանդամ երեխեքի հետ է, անթիվ սելֆիներ…
Նկարները կարծես շունչ են առնում, դառնում սյուրռեալ. երեխաների հրճվալից և ներթափանցող, ակնթարթորեն փայլող ու մեռնող ժպիտները դուրս են թռչում հեռախոսից ու մնում են սառած՝ օդի մեջ կախված:

— 21 տարեկան էր,- հանդարտ ձայնով պատմում  է կինը, արցունքը ջրից շուտ է հասնում շուրթերին, սրբում ու հետո մի կում է անում տվածս շշից, ապա շարունակում է պատմել։- Եկավ Բելգիայից կռվի ժամանակ, չլսեց ոչ ոքի։ Կյանքում ճանճ էլ չէր սպանել, բայց ինչ արեց կռվում, էնպես կրակել սովորեց, բոլորս ապշած էինք։ Դիպուկահար էր։ Վերջին մարտում չորս հոգու էն աշխարհ էր ուղարկել՝ երկու վարձկան արաբի ու երկու ադրբեջանցու։ Կիսամեռ արաբներից մեկը , աչքերը փակելուց առաջ, նայել էր, ասել. little boy, hey, Դելոնը շրջվել էր, սա էլ անսպասելի՝ հալալ ա, հալալ ա… Իսկ Ալենը տխուր նայել էր նրան ու ասել.
-Կներես, ես իմ հայրենիքն էի պաշտպանում։ I am so sorry bro, sorry…

-Ներողություն,- զգուշորեն հպվեցի կնոջ ուսին,- կարո՞ղ եմ գրի առնել էս ամենը, ես գրում եմ, դե, եթե կարելի ասել՝ գրող եմ։

Զարմանքից աչքերը պայծառացան.

-Իրո՞ք։

Գլխի շարժումով հաստատեցի։

-Բայց մի խնդրանք ունեմ, տիկին…

-Սոնա,- արձագանքեց կինը։

-Մի գնացեք, կամ գնացեք, կարգավորեք գործերը ու hետ եկեք, խնդրում եմ։ Ախր սա Ալենի, մեր հայկական Դելոնի փրկագնած երկիրն է։

Կինը անսպասելիորեն գրկեց ինձ, նրա արցունքները, որ իջնում էին իմ ուսերով, թաց արևի կաթիլներ դարձած՝ ջերմացրին ինձ։

-Կգամ, կգամ,- մի քանի անգամ կրկնեց կինը։

Նայեցի՝ արևը անցել էր հորիզոնը…

Ամպերը, որ լեգենդներ են նկարում, առասպելներ ու ինչ ասես, մեր գլխավերևում մի հսկա օդեղեն լանդշաֆտ էին ստեղծել, և հավերժորեն հոսող տիեզերքը դանդաղեցրել էր շարժումը ու, ինչպես տեսանկարահանող վիթխարի աչք, ակնդետ նայում էր մեզ վրա ու նկարում էր, բայց սա բնավ կինո չէր…

Մի քանի րոպե էլ խոսեցինք։

-Լավ,- հոգոց հանելով՝ ասաց կինը,- չեմ մնա երկար, նոյեմբերին հետ կգամ Երևան։

Դժվարանում եմ պատմել, թե ինչքան ուրախացա, ասես կյանքում առաջին անգամ էի ուրախանում, սիրտս անսանձ թռչնի պես ուզում էր դուրս թռչել։

Մտքերով ընկա, մեկ էլ կնոջ արդեն փոքր-ինչ խաղաղված ձայնը անակնկալի բերեց.

-Իսկ ո՞նց կվերնագրես Ալենիս մասին պատմվածքը։

Մի պահ մտածեցի, հիշեցի լուսանկարները։

Ուղեղիս մեջ մի տարօրինակ չխկոց սկսվեց։

-Սելֆիի սերունդը,- պատասխանեցի  ու վեր ելա տեղիցս։ Տեղում սելֆի արեցի Ալենի հեռախոսով. թող հիշատակ մնա մեր հանդիպումից։- Իրոք որ Սելֆիի սերունդ էր, գրեթե բոլորը 19, 20, նույնիսկ 18 տարեկան։ Ես չգիտեմ՝ ո՞նց հավատամ իրականությանը, ես…

Ցավի աչքերը էլի նայեցին դեմքիս…

Կնոջը տվեցի հեռախոսահամարս. եթե պետք լինի կզանգի, եթե չէ, չարժե զահլան տանել, ի՞նչ պիտի ասեի, ինչո՞վ պիտի օգնեի, մխիթարեի հիմար ու տափակ, սփոփող ստերո՞վ, թե նա երկնքում Ձեզ կսպասի, Դուք հերոսի մայր եք, նա Ձեզ համար է արել ամեն ինչ, նա Ձեզ համար է…

Չէ…

Հրաժեշտ տվեցի կնոջը ու քայլեցի դեպի ռադիոտուն։ Իմ ընկեր Արքմենիկը՝ արևմուտքից վերադարձած՝ արևով ջերմացած նստել էր դրսում, սքանչելի վեպի վերջին էջերն էր վայելում։

Հիմա մտածում եմ. լավ, ո՞նց գրեմ, ո՞վ կհավատա, որ ավելի սիրուն, ավելի քաջ, հետն էլ հայ Ալեն Դելոն է եղել, մի հրեշտակ, որը մասնակցել է Արցախյան պատերազմին, ո՞վ կհավատա, չէ՞ որ հրեշտակները ոչ կռվում են, ոչ մեռնում…

Բա ո՞նց եղավ, ո՞նց



Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի