Յուրաքանչյուր ազգի լեզու ունենում է տարբեր տեղային դրսևորումներ, որոնք մենք կոչում ենք բարբառներ, իսկ դրանց ենթատեսակները՝ խոսվածքներ։ Ժողովրդի աշխարհագրական տարանջատումը դարերի ընթացքում հանգեցնում է միևնույն բառերի տարբեր արտասանության, տարբեր ձևաբանական փոփոխությունների։ Տեղի բնությունը, պատմական հանգամանքներն ու այլ գործոններ ևս ազդում են խոսվածքի փոփոխության վրա, և այդպես դարերի հոլովույթում մենք ունենում ենք միևնույն լեզվի բազմաթիվ տարածքային տարբերակներ։
Գրական լեզուն, այսինքն գրքի լեզուն, ծագում է բարբառներից։ Գրողների և ազգի «հոգևոր խավի» ուղիղ միջնորդությամբ՝ տվյալ ժամանակաշրջանի գրական լեզուն ձևավորվում է եղած բարբառներից մեկի կամ մի քանիսի հիման վրա։ Գրական արևելահայերենը, օրինակ, հիմնված է առավելապես Արարատյան բարբառի վրա, բայց սնուցվել է նաև բազմաթիվ այլ բարբառների խոսքային միավորներով, գրաբարի ու միջին հայերենի շատ ու շատ տարրերով։
Լեզվաբանների և բանասերների համար բարբառները արժեքավոր են լեզվի զարգացման պատմությունը բացահայտելու, հին ձևերի վերակազմության և լեզվական փոփոխությունների ընթացքը հասկանալու տեսակետից։ Բարբառներում հաճախ անթեղված են այնպիսի լեզվական ձևեր ու արտահայտություններ, որոնք կենդանի վկայություն են լեզվի հին բառապաշարի, արտասանության և քերականական երևույթների։
Անգնահատելի է բարբառների դերը գեղարվեստական լեզվում։ Պատահական չէ, որ գրողները հաճախ դիմում են բարբառային տարրերի՝ իրենց պատումին գույն, բնութագրական հնչերանգ կամ տեղային շունչ հաղորդելու համար։ Օրինակ՝ Հովհաննես Թումանյանը, Ակսել Բակունցը, Հրանտ Մաթևոսյանը, Շիրվանզադեն լայնորեն օգտագործել են բարբառային խոսքը՝ իրենց կերպարներին կենդանացնելու և իրականությանը առավել հարազատ դարձնելու համար։ Այսօր ո՞ւմ ականջին հարազատ չեն այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ ջահել, ախպեր, աչոն, աքլոր, իրիկուն, գարունք, թուշ, ճամփա, կռնակ, իսկ չէ՞ որ սրանք բոլորը բարբառային տարրեր են։ Եվ այդ տարրերի չափավոր ու նպատակային ներմուծումը հարստացնում է գեղարվեստական լեզուն՝ նրան հաղորդելով ազգային գունավորում, կենդանի խոսք, ոճական բազմազանություն, և բնավ էլ չի խախտում գրական լեզվի ամբողջականությունը։
Բարբառները նաև ժողովրդի աշխարհընկալման, կենցաղի ու հոգեբանության արտահայտությունն են։ Յուրաքանչյուր բարբառ գրական լեզուն հարստացնում է իր դարձվածքներով, որոնք ասես աղ ու համ լինեն մեր խոսքի համար, օրինակ՝ սիրտը ճմլել, սիրտը փլվել, երկու ոտքը մի մաշիկ դնել, աչքը կուշտ, ծալը պակաս, աչքը ջուր կտրել, միտք անել, առյուծ կտրել, աչք չփակել և այլն, և այլն։ Առանց այս սեղմ ու դիպուկ հարադրությունների՝ աղքատ ու անարյուն կլիներ հատկապես գրական լեզուն։
Բարբառները բոլոր առումներով անփոխարինելի հարստություն են գրական լեզվի համար, նրա արմատներն ու հենասյուները, առանց որոնց գրական լեզուն կկարողանա ծառայել թերևս միայն վարչական բնագավառին, բայց ոչ երբեք ազգի լիարժեք հոգևոր-մշակութային կյանքին։
Նշան Աբասյան

