ԳրաԴաշտ Դավիթ Սամվելյան

Դավիթ Սամվելյան. ՊԱՏրանք 618

Դավիթ Սամվելյան. ՊԱՏրանք 618

Եվ այս ի՜նչ լուռ է, դատարկ է այստեղ. օդում` անամոք ցավից նոսրացած, անրջանքներ են անուժ սավառնում։

Ու կարոտը` բութ, բառեր չի գտնում փարվելու համար… մեռնում է դանդաղ։

Անգամ պատերը լսելիք չունեն այս անմարդ վայրում։

Իսկ դրսում սուլող քամին տանում է, տանո՜ւմ է անվերջ, ոչինչ չի բերում հին հեքիաթներից` անցած մանկության, երազանքներից` անցյալում թաղված։

Եվ այս ինչ լուռ է, դատարկ է, ավաղ…

Միայն մի ձայն է անդադար հնչում գորշ պատերից ներս, որոնք սեղմվում են գիշերվա մթին, ու արձագանքում ամեն երեկո` ճեղքելով  անհույս հավիտենության ցնորքը մտքիս։ Միայն մի ձայն է հնչում ամեն օր, լսվում նույն ժամին կառամատույցում` լքված օրերի։

-Տխո՞ւր ես։

-Տխուր եմ, բայց ոչ հուսահատ։

-Հույսդ ինչի՞ վրա ես դրել։ Կամ` ում։

-Ոչ ոքի։ Հույսս դրել եմ ուսերիս ու քարշ եմ տալիս, փայփայում եմ, որ չխելագարվեմ։

-Իսկ մի՞թե աշխարհի խելագարությանը հնարավոր է ընդդիմանալ, խելքը չթռցնել։

-Չգիտեմ… Երևի։ Թեպետ այս կյանքը խելացի լինելու մասին չէ, այլ հնարամիտ կամ զոռբա, կամ թե ցուցամոլ։ 

-Այլևս չես գրում։ 

-Ո՞ւմ։ Կամ թե ո՞ւմ համար։

-Թեկուզ քեզ համար։ Ինչո՞ւ չես գրում։

-Ազդեցությունը խորքեր չի հասնում։

-Անզգա՞ ես կամ թե անզգամ…

-Ամեն ինչ այնքան պարզ է, ակնհայտ, կանխատեսելի…

-Իսկ  խո՞սքդ հատու… Լռե՞լ է արդյոք, որտե՞ղ ես թողել:

-Սուր ցավից անդին։ Դատարկություններ կան, որ երբեք չեն լցվի… անգամ ճշմարտությամբ։

-Ճշմարտությունը կործանո՞ւմ է, թե փրկում։ 

-Կործանվելով փրկում ես ուրիշներին։ Երբ գիտես, որ վատ է, բայց լավը չի երևում հորիզոնում։ Եվ դրանից հոգիդ մղկտում է` կուրանալով չարի ու չարյաց փոքրագույնի ընտրության խաչմերուկում։ Չարյաց փոքրագույն, որ թևեր առնելով` դառնում է մեծագույն չարիք։ Ու կործանում։

-Միշտ ընտրություն ունես: Կամքդ ազատ է…

-Երբ ընտրությունը կործանվելու և կործանված, ինքնախաբեության մեջ ապրելու մեջ է, երբ ինքդ քեզ խաբում ես, իբրև ապրում ես, բայց գիտես, որ կեղծ է ամեն բան։ 

-Հավիտենական կեղծի՞ք, թե՞ գիտակցված չգոյություն…

-Հավիտենական անկարողություն… որի ձեռքը կրակն են ընկնում մեծությունները` իրենց ուսերին կրելով ցավը, ցավը՝ հաղթահարելու և հաղթանակելու, պարզերես անելու ծանր ու անշնորհակալ լուծը` դոնկիխոտաբար անհույս կոխկրտելով հողը հայրենի…

-Բայց ցավը… մի՞թե դրանից չեն ազնվանում, ավելի բաց չեն դառնում օգնության համար։

-Ցավը… Ցավալի է, երբ մի մեղքը մերժելով` այլ մեղք ես գործում, բայց ավելի սարսափելի է, երբ արդարացնում ես մեկ ուրիշ մեղք` ասես կեղծավոր համաձայնության գալով նրա հետ, ով քեզ հաճելի է, ով արդարացնում կամ աչք է փակում քո իսկ մեղքերի վրա։

-Չարություն եմ տեսնում սրտումդ, խաղաղվիր։

-Իսկ ո՞ւմ է պետք խաղաղ բարությունը, որն օգտագործում են քո իսկ դեմ, երբ օգտագործում են հենց քեզ` իրենց նպատակներին հասնելու համար։ Չարությո՜ւն… Իսկ մի՞թե չարություն չէ իմանալն ու լռելը, իմանալն ու ստելը` անազնվությունը, մսխելը։ 

— Չե՛ս կարող, դու ոչինչ չե՛ս կարող փոխել։ Մարդը հորձանքին է տրվում, ժամանակների սովորություններին։ Շատ բաներ անգամ ժամանակն ու պատմությունը չեն փոխվել, կրկնվում են։

-Կրկնվում է ցավը…

-Իսկ դու ասում էիր` հուսահատ չես։

-Տխուր եմ, բայց ոչ հուսահատ։ 

-Ո՞ւմ վրա ես հույսդ դրել։

-Ավարտվող օրվա և հեռացողների, որ այլևս չեն վերադառնա։

-Կվերադառնան, եթե ուրիշ գնալու տեղ չունենան։

-Ո՞վ ես դու։ Որտեղի՞ց ես միշտ գալիս։

-Քո խիղճն եմ։

-Եկել ես, որ տանջե՞ս։

-Ոչ մի տեղ էլ չէի գնացել։ Գնալու տեղ չունեմ։ Քոնն եմ։

-Իմն ես, բայց ծանր ես, ծանրացնում ես ընթացքս։ Որ գնալու տեղ ունենայիր, չէիր մնա…

-Չկորցնես ինձ։

-Հույսս չկորցնեմ, խիղճս չկորցնեմ… էսպես ո՞ւր կհասնեմ։ 

-Եթե կորցնես, ուրիշներին պիտի խնդրես, որ հույս տան, խղճան… ու կկարոտես քեզ։

-Ախր մի բութ կարոտ` հին թերթերից հյուսված, առագաստի նման ինձ քամուն է տալիս…

եվ սուրում եմ արագ, հեռանում եմ ափից, դառնում անհանգրվան… ալիքների վրա վազող թափառական… որ լռում է ցավից…

-Բացիր պատուհանդ, թող որ քաղաքը լցվի քո սենյակ… Եվ լռությունը հեռանա գլխիկոր, ասես մի հեքիաթ` կյանքին պարտված ու ավարտված։

-Ի՜նչ խոսք, պոետիկ է։ Ի՞նչ գործ ունի պոեզիան այս արվեստազուրկ իրականության մեջ։ Հեքիաթը պարտվել է, պոեզիան պարտվել է, լռությունը պարտվել է, խիղճը պարտվել է։ Դու ի՞նչ գործ ունես այստեղ։ Հեռացի՜ր։ 

-Միայն մի դեպքում։

-Ամեն օրը մի դեպք է իր հետ բերում։ Դեպքերի անվերջ շարան է այս իրականությունը։ Դո՞ւ ինչ ես առաջարկում։

— Միայն մի դեպքում։ Եթե իմ փոխարեն ընդունես ներկան, եթե ընդունես իրականությունը։ 

-Գիտակցեմ, բայց ոչ երբեք ընդունեմ, բայց ոչ երբեք համակերպվեմ։

-Փաստորեն ճիշտ ես, հուսազուրկ չես։ Բայց հույսդ ո՞ւմ վրա ես դրել։

-Քնի’ս, գրողը քեզ տանի’, քնիս վրա։ Ուր լռում են ձայները, որտեղ իրականությունը իրական չի լինում, որում դո’ւ չկաս, ու չես տանջում քո անվերջանալի հարցերով…

-Քնի՜ր… քնի՛ր… միայն թե խիղճդ հանգիստ քնիր։

-Հանգիստ թող, որ քնեմ… հանգիստ թող, որ քնեմ…

-Քնի՛ր… քնի՜ր, միայն թե արթնացիր երազից, սին պատրանքներից…