Աղավնի Գրիգորյան ԳրաԴաշտ

Աղավնի Գրիգորյան․ Բարև, ես Լուին եմ

Աղավնի Գրիգորյան․ Բարև, ես Լուին եմ

«Առնետները շատացել են…»:

«Պիտի պայքարենք առնետների դեմ…»:

«Մաքրե՛նք քաղաքն առնետներից…»:

«Ո՛չ՝ կրծողներին…»: 

Հայտարարություններն ու թռուցիկներն ամենուր էին… Մեծ-մեծ տառերով՝ խանութների ցուցափեղկերին, շենքերի տանիքներին վազող լուսային տողով հայտագրերում, անգամ մեքենաների հետնապակուն էին փակցված. կարմիր շրջանակի մեջ առնված առնետը՝ ճաղերի հետևում, առնետը՝ թակարդի տակ ճզմված, առնետներով լեցուն տակառը՝ զմռսված ու ջուրը նետված…

 Լուին աչքերն ու ականջները փակեց, ուզում էր փախչել, որ չտեսնի, որ չլսի…

 «Ասում են՝ Փարիզում վխտում են առնետները, արդեն ուզում եմ տոմսս չեղարկել»,- գրեց մի կին իր բարեկամուհուն, ինչին ի պատասխան՝ ստացավ. 

«Լսել եմ, որ նրանք խմբերով են շրջում ու վախեցնում են անցորդներին…»:

«Չե՛մ հավատում… չե՛մ հավատում, որ իմ մասին է այս ամենը…»։ Լուին տեղը չէր գտնում: Դեսուդեն էր վազում, մտքերը խառնվել էին իրար, խճճվել: Շտապ մի բան էր պետք մտածել, ինչ-որ կերպ պետք էր մարդկանց մտափոխել, բացատրել, որ առնետները վտանգավոր չեն, որ առնետները մարդկանց չեն վնասի…դե՛, գոնե իր ճանաչած փարիզաբնակ առնետները բոլորովին այդպիսին չեն: Իսկ խոսքը հենց նրանց մասին էր… Ինքը շատ է սիրում այս քաղաքը… Իր ճանաչած առնետներն էլ, բոլորը՝ առանց բացառության… 

«Ո՞ւմ է ձեռնտու այսպիսի լուրեր տարածելը, ո՞ւմ է ձեռնտու, որ մարդիկ ու առնետները թշնամանան…»: 

«Տեսնես, ուրիշ քաղաքներո՞ւմ էլ առնետներից խուսափում են…»: 

Լուին վազում էր պտույտներով: Խառնիխուռն մտքերը հանգիստ չէին տալիս: Վազեց բարձրացավ կամրջակի վրա: Հնարավոր ամեն տեղից անթիվ-անհամար փոքրիկ կողպեքներ էին  ամրացված, որ համաչափ չխկչխկում էին քամուց… Կամրջակից վեր բարձրացող սյունը համարյա չէր երևում դրանց խիտ-խիտ՝ իրար կողքի դասավորության տակ: Կողպեքապատ մի շարք էլ ձգվում էր կամրջակի երկայնքով՝ գետի մի ափից մյուսը…Քաղաք եկող այցելուներն էին դրանք ամրացնում: Մեկ-մեկ էլ քաղաքի երիտասարդները: Դրանցից յուրաքանչյուրը սիրո պատմություն ուներ իր մեջ պահ տված… Լուին էլ էր ուզում իր սիրո մասին պատմել բոլորին… Եթե կախ տված բոլոր կողպեքների մեջ եղած սերը գումարեին, էլի իր սիրուն չէր հասնի: Ա՜յայդքան սիրում էր նա իր քաղաքը, այնքա՜ն մեծ ու անսահման էր իր սերը առ Փարիզ…

Պետք էր մի լուծում գտնել, մի ելք գտնել ու համոզել մարդկանց, որ նորից թույն շաղ չտան փողոցներում ու թակարդներ չդնեն: Անցյալ տարի իր ազգականներից երեքն արդեն զոհ են դարձել այս դաժան դատաստանին: «Չե՛մ հավատում… Ախր սա իմ քաղաքն է: Ես այստեղ եմ ծնվել: Ինչո՞ւ պիտի ինձ վռնդեն իմ քաղաքից: Ո՞վ է որոշել, որ առնետները հարձակվում են մարդկանց վրա: Ինչ ինձ հիշում եմ՝ հակառակն է. մարդիկ անվերջ նեղացնում են մեր ապրելու տարածքը, մի օր էլ Կարմիր գրքում կհայտնվենք…»:  

Լուին հուսահատ այսուայնկողմ էր նայում… ի՞նչ աներ… ո՞ւմ դիմեր… Արդեն երեք պտույտ արեց կամրջակի երկայնքով: Աչքն ընկավ երկնքին՝ աստղազարդ էր: Իսկ երեք օրական լուսինը՝ բարակ մահիկով արտացոլվել էր գետի ջրերում. մեկ մոտենում էր կամրջակին, մեկ հեռանում՝ լողացող նավակի պես: Ամառվա սկիզբն էր, մարդիկ ծրագրում էին իրենց արձակուրդները: Այս օրերին փարիզաբնակները մեկնում են ուրիշ քաղաքներ, իսկ աշխարհի բոլոր ծագերից Փարիզ են գալիս, և Փարիզն ավելի խայտաբղետ է դառնում:

Իսկ Լուին երբեք չի լքել Փարիզը… Լուին գիտեր Փարիզի ամեն ծակուծուկը: Գիտեր, թե որ կետից է հրաշալի երևում լուսաբացը, որտեղ են ամենահամեղ խորտիկները, և թե ինչ հեռավորությունից և որ անկյունից են ստացվում հրաշալի լուսանկարներ Էյֆելյան աշտարակի հետ:

Մեծ հայտագրի կողքով վազեց. այս մեկը Լուվրի մասին էր: Գոնե այստեղ առնետներին չէին մեղադրում…Աշխատակիցները այսօր՝ կիրակի օրով, դռները փակել էին՝ «Լուվրն էլ է ուզում հանգստանալ այցելուներից ու վերականգնվել…»:

Լուին այսօրվա պես հիշում էր առաջին այցը Լուվր: Առաջին անգամ տատիկի հետ էր վազել մտել… մտել ու հիացել, հիացել ու դարձել Լուվրի մշտական այցելուն: Մարդի՛կ, ախր ինչպե՞ս կարող եք վախենալ Լուիից, Լուին ձեզ ո՜նց կարող է վնասել…Դուք առաջին անգամ եք գալիս Լուվրը տեսնելու, Լուին արդեն մի ողջ առնետային կյանք Լուվրում է… անգամ դռնփակ օրերին:

«Օ՜ Պաղի… Օ՜ Սեն… »՝ Լուին մտածեց, որ եթե ճիշտ է, և հոգիները վերածնվում են ու մի քանի կյանք ապրում, ապա ինքը իր բոլոր կյանքերը կուզի ապրել միայն ու միայն Փարիզում:

***

Երկուշաբթին Լուիի ամենասիրելի օրերից էր, երբ Լուվրը փակվում էր, ու ինքը հանգիստ կարող էր վայելել գեղանկարները, քանդակները, գորգերն ու տարատեսակ արքայական իրերը:

Լուին վազեց դեպի կամրջի հարևանությամբ վեր ցայտող շատրվանը. ջուրը բարձրանում էր, հետո ցած թափվում… Ու թվում էր, եթե մտնես շատրվանի մեջ, այն կողմում ուրիշ աշխարհ կգտնես… Լուին այդպես էլ արեց. այն պահին, երբ ջուրը բարձրացավ, ցատկեց շատրվանի մեջ: Ջուրը շղարշի պես ծածկեց նրան քաղաքի աղմուկից, անհանգիստ մտքերն էլ կարծես մնացին ջրից այն կողմ… «Ամեն ինչ լավ կլինի», ինքն իրեն վստահեցրեց Լուին ու վազեց տուն, որ կամրջից ոչ շատ հեռու էր: Այստեղ շատ չէին առնետները, բայց այստեղ էր ծնվել Լուին: Տեսնես ինչպե՞ս են ապրում մյուս վայրերում առնետները… Լուին որոշեց պարզել դա ու չհետաձգել վաղվա: 

Գրադարանի ընթերցասրահում համակարգիչներ կային, ու շատ հաճախ դրանցից մեկն ու մեկը մոռանում էին անջատել:  Լուին վաղուց տառաճանաչ էր: Նա հավաքեց «առնետ» բառն ու միանգամից բացվեց քարտեզը, թե որտեղ ինչքան առնետ կա… «Օհո՜… ինչ էլ շատ ենք…»՝   Լուին համ զարմացավ, համ հիացավ առնետազգիների այս քանակով: Հետո այն, ինչ տեսավ, շատ տխրեցրեց նրան. ազգակից առնետները մի տեղ վնասել էին ջրատար խողովակը, մեկ այլ տեղ՝ խանութի պահեստի ամբողջ մթերքը… Իսկ ամենավատը, որ տեսավ ու կարդաց, այն էր, թե ինչպես մի ոմն գիտնական՝ Օքսիուսը, հայտարարեց, որ առնետների դեմ պայքարի նոր հզոր միջոց է գտել՝ մահաբեր թույն:

Լուիի աչքի առաջ հերթով եկան Փարիզի տաճարը, հետո Լուվրի նկարները… Չէր հասկանում՝ ինչպե՞ս կարող են մարդիկ այսպիսի նկարներ ստեղծել ու հետն էլ առնետների դեմ թույն… Առնետներից մի քանիսի հասցեները գրանցեց ու նրանց հեռագրեր ուղարկեց: Պարզվեց, որ առնետներին բոլորովին հետաքրքիր չէին ո՛չ Լուվրը, ո՛չ Լուվրի նկարները, ո՛չ Փարիզը…

-Դու էն ասա, կերակուրը շա՞տ է…  էնքան կեր ես հայթայթում, որ դեռ թանգարան-մանգարան ես գնում… — խոսեց մի խոշորամարմին առնետ, երբ Լուին հեռակապով կապվեց նրա հետ, որ պարզի՝ ինչպե՛ս կարելի է խուսափել սպասվող զանգվածային թունավորումներից: 

Մյուս առնետը, որի էկրանին մեծ գրքի նկար էր, իսկի կարդալ չգիտեր: Սա կողքին  ապրող դաշտամկանն էր խնդրել, թե՝ «միացրո՛ւ Փարիզ…»:

-Եղբա՛յր, մեզ օգնել կարո՞ղ ես, կամ էլ Փարիզ հրավիրել, թե չէ, գնանք մեր գործերին: Իսկ  թույնը հա՛ էլ եղել է, մենք էլ հա՛ էդ թույնը շրջանցել ենք՝ մանր-մունր զոհերով…

Լուին արդեն փոշմանում էր, որ փորձել է կապվել իր ազգակիցների հետ… Ոչ ոքի հետաքրքիր չէր, որ Փարիզում ուզում են առնետների հետ հաշվեհարդար տեսնել, այն էլ այդպիսի դաժան ձևով: 

Անծանոթ համարը անսպասելիորեն կանաչով թարթեց, զանգ եկավ: Մի փոքրիկ առնետուհի էր… 

-Սո՛ֆի,- ներկայացավ առնետուհին: 

Պարզվեց, որ նա ինչ-որ հեռու սարերում կորած փոքրիկ գյուղից է:

-Oh là là!- բացականչեց Լուին:

Սոֆին հետաքրքրասեր էր, արագախոս և ժպտերես:

-Լո՛ւի, ինչ լավ է, որ քեզ գտա:  Ես էլ արդեն կարծում էի՝ աշխարհում արվեստասեր առնետները վերացել են:

Լուին ոգևորված պատմեց նրան Փարիզի մասին, Լուվրի մասին… Պատմեց նաև վերջին օրերի տխուր և անհանգստացնող դեպքերի մասին:

-Կուզեի՞ր Լուվղ այցելել…

-Իհարկե… բայց ինչպե՞ս:

-Մի բան կմտածեմ, որ տեսնես Լուվղը,- ասաց Լուին: 

-Վաղը այստեղ կգամ նորից, գրադարանում համարյա միշտ մոռանում են անջատել համակարգիչը, ես կարդում եմ, ինչ հնարավոր է, տեսնեմ՝ աշխարհում ինչ է կատարվում… 

«Ինչ լավ է, որ առնետները մարդկանց պես տարբեր լեզուներով չեն խոսում, ու աշխարհի որ ծայրում էլ լինես, առնետն առնետին հասկանում է: Մի քիչ շեշտերն են փոխվում, մի քիչ ավելի կամ պակաս մեղեդային են խոսում այս կամ այն վայրում, բայց բոլորը նույն լեզվով են շփվում…»:

Լուին, օրինակ, շատ էր սիրում «ղ»-ն իսկական փարիզեցու շեշտադրմամբ, երբեմն հատուկ ընտրում էր «ղ»-ով բառեր, կամ «խ»-ն էր փոխում «ղ»-ի:

«Ա՜խ» ասելու փոխարեն ասում էր «ա՜ղղ», առնետի փոխարեն աղնետ, իսկ Փարիզը, իհարկե, Պաղի էր հնչում Լուիի շուրթերից…

-Սո՛ֆի, ուղղակի աղղետ է, աղնետների համար Պաղիում… 

 Սոֆին ծիծաղեց Լուիի շեշտերի վրա… 

-Պատկերացնո՞ւմ ես, մեծ արշավ են պատրաստվում անել Պաղիիի աղնետների դեմ…   Իմ սիրտը չի դիմանա: Սա իմ քաղղաքն է, Սո՛ֆի, ես ինչպե՜ս չտեսնեմ Լուվղը… c’est pas possible.

Սոֆին տխրեց անշուշտ, բայց փոխարենը պատմեց Լուիին, որ իրենց գյուղում շատ բարի են մարդիկ:

-Նրանք առնետներից չեն վախենում, երբեմն ձմռանը նույնիսկ ինձ համար հատուկ հացի կտոր են թողնում ցախանոցի դռան տակ… 

-Պաղիիի մարդիկ այնքան զբաղված են, նրանք նույնիսկ Լուվղ գնալու ժամանակ չունեն… պատկերացնո՞ւմ ես…

Լուին այդ օրն այնքան անհամբեր էր, որ համարյա չքնեց: Հաջորդ օրը առավոտից արդեն Լուվրի մոտ էր… Մտածում էր՝ ինչպես անի, որ Սոֆին տեսնի Լուվրը: Այդպես անհանգիստ վազվզում էր, պտույտներ անում տեղում և նույնիսկ չէր նկատել նստարանին նստած փոքրիկ աղջկան, որ իրեն էր հետևում: 

-Բարև՛,- ասաց աղջիկը:

Լուին շատ զարմացավ. փոքրիկ աղջիկները վերջերս առնետներից ոչ թե վախենում են, այլ կարելի է ասել՝ սարսափում են: Այս աղջիկը ոչ միայն չվախեցավ, դեռ մի բան էլ բարևեց:  Լուին կանգնեց, վախվորած շուրջը նայեց, ոչ ոք չկար:

 -Արի՛, մի՛ վախեցիր, ես քեզ չեմ վնասի: Ես տանը փոքրիկ սպիտակ մկնիկ ունեմ ու գիտեմ, որ առնետները նաև բարի են լինում:

 Լուին թռավ նստեց նստարանին:

-Բարև՛, աղջի՛կ,- ասաց Լուին:

-Անունս Լուիզա է…

-Իմն էլ Լուի… 

-Անվանակիցներ ենք:

 Ծիծաղեցին:

 -Ի՞նչ ես անում այստեղ:

-Նստած եմ ուղղակի, իսկ հիմա եկար դու, և քեզ հետ ծանոթացա:

-Դասի չե՞ս,- Լուին մտաբերեց, որ այս ժամին աղջիկը՝դատելով տարիքից, դպրոցում պիտի լիներ:

-Դասերը ավարտվել են անցյալ շաբաթ, իսկ ես գալիս, նստում եմ այստեղ առավոտ շուտ ու ծիտիկների ծլվլոցըմի քիչ լսում: Դո՞ւ ինչ ես անում այստեղ: 

-Ես գնում էի Լուվղ։

Աղջիկը աչքերը լայն բացեց:

-Առաջին անգամ եմ տեսնում արվեստասեր առնետ:

-Ես էլ՝ առնետի հետ զրուցող փոքրիկ աղջիկ:

Նորից ծիծաղեցին:

-Լուվրո՞ւմ ես ապրում:

-Չէ՛,- ժպտաց Լուին,- տունս կամրջից քիչ այն կողմ է, իսկ Լուվղ գնում եմ ամեն երկուշաբթի, երբ մարդ չկա: Կուզե՞ս հետս գաս, եթե, իհարկե, չես վախենում աղնետներից մյուսների պես… Ես մի գաղտնի մուտք գիտեմ, որով դու էլ կանցնես, թունելի մյուս կողմում է, որ պոչիս նայես, չես կորչի:

 Աղջիկը հեռախոսով ինչ-որ բան հավաքեց, երևի ծնողներին գրեց, հետո ասաց՝ գնացինք…

-Երբ հասնենք Լուվղ, կարո՞ղ ես քո հեռախոսով զանգել Սոֆիին,- վազելուն զուգահեռ հարցրեց Լուին: 

-Սոֆին ո՞վ է…

-Ուրիշ, շա՜տ հեռու գյուղում է ապրում… շատ բարի աղնետ է, խոստացել եմ Լուվղը ցույց տալ:

-Պարզ է, դե՛ ինչ, բարի գործի համար կարելի է անգամ Լուվղղ ներխուժել առանց տոմսակի, — ծիծաղեց Լուիզան:

-Այս կողմով,- ասաց Լուին,- այստեղ սպասիր, ես հիմա կգամ:

Լուին մտավ գրենական պիտույքների խանութ, ու քանի որ ոչ ոք չէր նայում, պոչը մտցրեց հատուկ ֆոսֆորային գելի մեջ:

-Ա՛յհիմա պոչս կլինի քեզ համար լապտեր, — ասաց Լուին վերադարձին: 

Ամեն ինչ սպասվածից էլ արագ ու հեշտ ստացվեց․ Լուիզան նիհարիկ էր ու հեշտ սողաց թունելի միջով: Լուվրում լռություն էր, ու նրանք էլ սկսեցին շշուկով խոսել, որպեսզի նկարներին չխանգարեն:

Սոֆին չհավատաց աչքերին.

-Լո՛ւի, դու աշխարհի ամենաքաջ ասպետն ես… առնետն ես… 

-Ասպետ-առնետ է, — կամացուկ ծիծաղեց Լուիզան:

-Լուիզան առնետների ընկերն է, նա է ինձ օգնել…- ասաց Լուին, հետո երեքն էլ լռեցին: Լուին և Լուիզան ուղղակի անձայն անցնում էին սրահներով, իսկ Սոֆին այդ ամենը տեսնում էր էկրանին և հիանում:

Սրահները շատ-շատ էին, բայց մի քանիսը դիտելը բավական էր, որ Սոֆիի աչքերը հիացմունքից փայլեին, նա այնքան էր հուզվել, որ նույնիսկ արցունքներ հայտնվեցին աչքերին:  Սոֆին օդային համբույր ուղարկեց որպես շնորհակալություն, իսկ Լուին կարմրեց և ուղղակի ասաց.

-Դեռ կզրուցենք…mademoiselle.

Վերադարձան նույն ճանապարհով: Հետդարձին Լուին պատմեց Լուիզային այն մասին, որ մարդիկ առնետների դեմ պայքարի դաժան ձևեր են մտածել, նույնիսկ նոր տեսակի թույն են ստեղծել…

-Հայրիկը լրագրող է, ես նրան կպատմեմ այս ամենը, քո մասին, Լուվրի մասին, առնետների մասին… Մի ելք կգտնվի, հաստատ:

-Իսկ եթե չհավատա՞…

-Հայրիկը կհավատա, չէ՞ որ նա իմ հայրիկն է: Վաղը այս ժամին արի այգում հանդիպենք: Տեղում կորոշենքինչ անել:

***

Լուին չգիտեր՝ ինչ դուրս կգա այս ամենից, ամեն դեպքում հաջորդ օրը վազեց այգի: Զարմանքը զսպել չկարողացավ, երբ նստարանին՝ Լուիզայի կողքին տեսավ մի ժպտադեմ մարդու.

-Oh là là!

-Լո՛ւի, արի մոտ, մի՛ վախեցիր, հայրիկը ամեն բան գիտի, նա կօգնի քեզ:

Զարմանալիորեն Լուիզայի հայրը ևս հասկանում էր առնետերեն: 

-Դեմ չե՞ս, եթե քո նկարը լինի թերթերում, Լո՛ւի…

 Լուին ուղղակի խնդրեց, որ արևային ակնոցով լինի լուսանկարում, ինչին մսյո Դայզը սիրով համաձայնեց: Լուին ոգևորված պատմում էր քաղաքից, պատմում էր այնպիսի բաներ, որ նույնիսկ երկարամյա փորձ ունեցող լրագրող հայրիկը զարմացած էր…

Հաջորդ օրը բոլորը կլանված կարդում էին «Մեծ քաղաքի փոքրիկ սիրահարը» հոդվածը: «Բարև՛, ես Լուին եմ»՝ այսպես էր սկսվում փոքրիկ Լուիի և Փարիզի մասին պատմող հուզիչ պատմությունը…  

Իհարկե, Լուիզայի հայրը չէր գրել, որ Լուին երկուշաբթի օրերին այցելում է Լուվր, ոչ էլ նրա հասցեն էր նշել, իսկ արևային ակնոցով Լուին ցանկացած ուրիշ առնետի նման էր: Այդպես մարդիկ առնետ տեսնելիս մտածում էին, որ գուցե հենց սա´ է այն բանիմաց, արվեստասեր Լուին, խնայում էին նրան, թույն չէին լցնում: Նույնիսկ գիտնական Օքսիուսը կարդաց նյութը, նախ զարմացավ, ժպտաց, հետո չեղարկեց գործարանի հետ իր պայմանագիրը և թույնի փոխարեն նոր առողջարար քսուք ստեղծեց, որ անվանեց Լուի… 

Հեռու փոքրիկ գյուղում, որտեղ ապրում էր Սոֆին, թերթը չէր հասնի, իհարկե, բայց Սոֆին այն կարդաց հաջորդ շաբաթ՝ գրադարանում և շատ ուրախացավ: Սոֆին նամակ էլ ուներ.

«Բարև, ես Լուին եմ…»․ հեռավոր Փարիզից գրել էր նրան մի բարի առնետ-ասպետ: