Գրիգոր Գրիգորյան․ Մարիամը
-Ներս արի։
-Չէ-չէ, ներս գալու համար չեմ եկել։
-Հա, ոչինչ, Մարիա՛մ, մտի, մարդավարի կնստենք։
-Չէ՛, եկել եմ, որ ասելիքս ասեմ, չեմ եկել, որ ներս մտնեմ։
-Հա, բայց հո դրսում․․․
-Ներս չե՛մ գալու, Սյուզի՛, եկել եմ խոսելու համար․․․
-Լա՛վ,- արհամարհաբար ասաց կինն ու ձեռքերը խաչելով՝ թեթևակի հենվեց դռանը.- Դե խոսա, Մարիա՛մ ջան, լսում եմ։
-Ավելի շուտ՝ նույնիսկ խոսելու չեմ եկել, եկել եմ քեզ․․․ ձեզ տեղյակ պահելու։ Բայց մինչև ասելիքս կասեմ, հենց սկզբից ուզում եմ զգուշացնել…
-Զգուշացնե՞լ,- Սյուզիի հարցի մեջ ավելի շատ ագրեսիա կար, քան զարմանք։
-Հա՛,- ձայնին կտրուկ երանգ հաղորդեց Մարիամը,- զգուշացնում եմ, որ այն՝ ինչ լսես, երևի հաճելի չլինի քեզ համար։ Նախապես ներողություն եմ խնդրում, գուցե անցանկալի կամ կոպիտ բառեր լսես, չնայած կաշխատեմ չափերի մեջ մնալ։ Բայց ինչքան էլ չափերի մեջ լինեմ, չեմ եկել ձեր տուն հայերենի գիտելիքներս ցույց տալու համար․ իրավիճակն այնպիսին է, որ ավելի կարևոր բաներ կան, քան կոռեկտությունը։
-Ի՞նչ իրավիճակ, Մարիա՛մ ջան,- արհամարհանքը շարունակում էր գերակայել Սյուզիի ձայներանգում,- չլինի՞՝ էլի ծնողական ժողովի թեման ես ուզում շարունակել։
-Ծնողական ժողովին դեռ կհասնեմ, մի՛ շտապիր։ Սկսեմ սկզբից, որ ոչ մի բան բաց չթողնեմ, դուք պիտի ամեն ինչ մանրամասնորեն իմանաք, որ գալիք դժբախտությունից խուսափեք։
-Մենք խուսափե՞նք։
-Մի՛ ընդհատիր։ Ուղղակի լսիր, իսկ դատողությունները երեկոյան տնեցիքով կանեք։ Երբ Մուշեղն առաջին անգամ եկավ ու ասաց՝ Մա՛մ, դպրոցում մի քանի հոգի գնում-գալիս կպնում են, իբր պատահական բրթում են, ձեռ են առնում, խփում են, ծիծաղում, սիրտս ճմլվեց․․․ Սրտխառնոցի աստիճանի սիրտս ճմլվեց, բայց կարողացա ինձ պահել և տղայիս ուղղակի հարցրի․․․ Չէ՛, չհարցրի՝ ովքեր են, չէր էլ ասի, դա այնքան էլ կարևոր չէր, հիմա էլ կարևոր չէ․․․ Հարցրի՝ Բա դու ի՞նչ արեցիր, բալա՛։ Ասաց՝ Մա՛մ, չգիտեի ինչ անել․․․ Ուզում էի մի բան անել, բայց չգիտեի՝ ինչ պետք ա անել։ Էդ պահին մեջս ամեն ինչ եռում էր, մա՛մ, ձեռքերս քոր էին գալիս, դողում էի լարվածությունից, բայց էդ չիմանալուց լացս էկավ, մա՛մ, հազիվ էի ինձ պահում, հազիվ․․․ Ասաց ու գիրկս ընկնելով՝ կես ժամ լացեց Մուշեղը։ Հայրը եկավ, լսեց Մուշեղին, ինքն էլ հարցեր չտվեց, ուղղակի ասաց՝ Հաջորդ անգամ․․․ Իսկ հաջորդ անգամ լինելու է, տղա՛ս, շատ անգամներ են դեռ լինելու քո կյանքում․․․ Հաջորդ անգամ ուղղակի ասա էդ խմբին՝ թո՛ղ չանեն, ասա՛ խիստ ու հստակ տոնով, որ քեզ, մեղմ ասած, հաճելի չէ, ու որ դու ջղայնանում ես, շատ ես ջղայնանում․․․ Իսկ, Սյուզի՛ ջան, երբ ձեր Լյովիկը… Ի դեպ, տղադ ինչ լավ հասակ է առել տարեկիցների համեմատ… Հաաա՜, երբ Լյովիկը կռիվ արած տուն է գալիս՝ դուք ի՞նչ եք ասում նրան։
-Ո՞վ․․․ Լյովի՞կը․․․ Մե՞նք․․․- հարցից անակնկալի եկավ կինը։ — Լյովիկը․․․ Լյովիկս կռիվ արած չկա կյանքում, Մարիա՛մ ջան, ինքը հեչ կռվարար չէ․․․
-Հաաա՜․․․ Ինձ էլ թվում էր՝ դուք ասում եք, որ քարը վերցնի ու տա գլխին․․․ Ինչևէ, շատ լավ է, որ կռվարար չէ․․․ Մուշեղն էլ, ինչպես դու ասացիր, հե՛չ կռվարար չէ, բայց նման դեպքերի մեջ, մանավանդ վերջերս, հաճախ է հայտնվում։ Երկրորդ անգամ, ծնողական ժողովից առաջ, կապտուկները դեմքին տուն մտավ. երեքն էին կապտուկները, հետո մեջքին ու ոտքին էլ տեսա, հասկացա, որ գցել են գետնին․․․ Ասաց՝ Պապայի ասածով արեցի, հետո չեմ հիշում՝ ինչ եղավ՝ արդեն գետնին էի։ Երկար չտևեց, ասաց, երևի մի քսանհինգ-երեսուն վայրկյան, հետո աչքերս բացեցի՝ մարդ չկար կողքիս, մա՛մ։ Հետաքրքիրը գիտես որն է, Սյուզի՛, այդ անգամ սիրտս չճմլվեց․ առաջին անգամ, ամոթ էլ է ասել, բայց մեղքս եկել էր տղաս, չէին ծեծել, չէին վնասել, բայց իր անճարությունից մեջս փլվել էր ամեն բան։ Այս անգամ, կապտուկներն ու քերծվածքները մշակելով, ավելի շատ ջղայնության զգացողություն ունեի։ Այդ զգացողությունը լաց չի ծնում, Սյուզի՛, բռունցքներս սեղմվում էին, աչքերս թացանալու փոխարեն վառվում էին, բիբերիս մոտ տաքություն էի զգում, չար տաքություն․․․ Ամուսինս այդ անգամ էլ լսեց ուշադիր, կրկին չհարցրեց՝ ովքեր են, միայն Մուշեղին ասաց՝ այն էլ հանգիստ տոնով՝ Ապրես, որդի՛, իրենք որոշ ժամանակ հեռու կմնան քեզնից։ Իսկ հետո, երբ Մուշեղը քնած էր, ինձ ասաց, որ կխոսի դասղեկի կամ տնօրենի հետ։ Դե դա էլ հենց այդ ծնողական ժողովի պատճառը եղավ․․․ Դու եկե՞լ էիր ժողովին, Սյուզի՛:
-…
-Կատակ եմ անում, աղջի՛․․․- Մարիամն իր «աղջի՛»-ից զարմանալով՝ թեթևակի ժպտաց իրավիճակի դառնությանը,- քո ցնցող ելույթը ո՞նց կարող էի մոռանալ․ պաշտպանեցիր դպրոցի բարքերն ու դասղեկի անվերջ արդարացումներին մի քանիսն էլ դու ավելացրիր։ Տնօրենին էլ ծաղիկ էիր բերել․․․ Խոշոր գլխիկներով, երկար-կարմիր վարդեր․․․ Շատ շքեղ էին, Սյուզի՛, ուղղակի աչք էին շոյում, անմիջապես ուշադրություն գրավում. զգացվում էր, որ մե՜ծ սիրով ու հոգատարությամբ էիր ընտրել փունջը։ Երևի անցումի տակից էիր գնել․․․ Չէէէ՜, դժվա՛ր։ Հաստա՛տ հայտնի, հնչեղ անունով մի խանութից թանկ-թանկ գնած կլինեիր։ Ո՞ր խանութն էր, Սյուզի՛ ջան։
-…
-Մի՛ փորձիր հիշել, հարցս հռետորական էր, պատասխանն ընդհանրապես կարևոր չէ։ Իսկ կարևոր բանն այն է, որ ծնողական ժողովի ժամանակ քո ելույթը տպավորեց շատերին, շատ հուզումնառատ ու կրակոտ էր հնչում։ Մտքի խորության, իմաստի ու անկեղծության մասով կդժվարանամ որևէ մեկնաբանություն անել, բայց կրքոտ ու փրփրուն ժեստերդ մինչև հիմա աչքերիս առաջ են, դիմամկաններդ կարծես նազանքով պար գային հայկական պարեղանակի տակ: Իսկ վերջում, որպես ելույթի ամփոփում, թեթևակի հայացք գցեցիր իմ կողմ, հետո ուղիղ ու կարոտագին նայելով տնօրենին՝ Մուշեղի կապտուկ-քերծվածքները, գետնին գցելն ու ոտքերով «տշելը» որակեցիր՝ «դե լավ, հաաա՜, տղա են, հիմա մեկ-մեկ էլ կռիվ կանեն» անմոռանալի արտահայտությամբ։ Այնուհետև չզլացար ու ավելացրիր․ «Հարգելի՛ տիկին Ալավերդյան, ես բոլոր ներկաների անունից ուզում եմ մեծ, շա՜տ մեծ շնորհակալություն հայտնել Ձեզ․․․»։ Իհարկե, այդպես էլ չհասկացա, թե ինչու էիր մնացածի ու հատկապես իմ անունից շնորհակալություն հայտնում տիկին տնօրենին, բայց այդ պահին հասկացա, որ լավ «ցրում ես» թեման, ու շատ ափսոս, որ այդպես էլ չիմացանք՝ ովքեր են այդ խմբակի «համարձակ» տղաները, որ մի քանի հոգով մեկին․․․ իմ տղային․․․ գցում են գետնին ու «քաջաբար» ծեծում այնքան, որ Մուշեղից մի քանի րոպե է պահանջվում ոտքի կանգնելու համար․․․
-Մարիա՛մ․․․
-Պետք չէ՛, մի՛ ընդհատիր, դու շարունակությունը լսիր, Սյուզա՛ննա, ես արդեն մոտենում եմ վերջին, ավելի շուտ՝ այս ամենի հանգուցալուծմանը։ Ծնողական ժողովից հետո ես ու ամուսինս անքուն գիշերներ ունեցանք, Մուշեղը հաճախ մեզ մոտ էր քնում։ Բոլորն ապրում էին իրենց նույն կյանքով, նույն առօրեայով անցկացնում էին օրերը, վստահ եմ՝ ձեզ մոտ էլ բան չէր փոխվել։ Երևի առավոտները նախաճաշում էիք սովորականի պես, իսկ գիշերները հանգիստ քնում էիք․ ձեր անմեղ գլուխները դնում էիք բարձին ու հանգիստ քուն մտնում։ Թերևս բնական է, բայց մեզ մոտ, մեր ընտանիքում նոր իրականություն էր, մենք չէինք մոռացել և չէինք էլ փորձում մոռանալ․ մենք շատ լավ գիտեինք, որ նոր միջադեպը սարերի հետևում չէ։ Բայց մեր Մուշեղը շատ ուժեղ տղա է, այս բոլոր միջադեպերը կարծես վառվող կրակ լինեին, իսկ տղաս՝ թրծվող թուր․ իմ ու ամուսնուս աչքի առաջ նա օր օրի ավելի մտածող ու անվախ տղա էր դառնում։ Երեկոյան մեր զրույցներից մեկի ժամանակ նա հարցրեց՝ Ի՞նչ եք կարծում, որ դրանք էլի փորձեն, ես նորից շարունակեմ նույն ձևով՝ լեզվո՞վ, խոսքո՞վ բացատրել և այլն․․․ Մուշեղի հայրը հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ դու ի՞նչ ես կարծում, տղա՛ս»։ Մուշեղն առանց աչքերը թարթելու, հանգիստ տոնով ասաց. «Դե, եթե ինձ մնա․․․ Եթե դուք ինձ թողնեք․․․ Այս անգամ երևի դրանց պետք է «սատկացնել», հաստատ արժանի են, մանավանդ էն բոյովը։ Իհարկե, առանձին-առանձին խնդիր չէ, բայց բոլորով միասին՝ խմբով էլ կարող եմ ջարդները տալ․ իզո՞ւր եմ այսքան տարի բոքսի գնում»: Մուշեղի հայրը, որն ուշադիր լսում էր, անվրդով կում արեց սուրճի բաժակից ու մեղմորեն ասաց․ Մուշե՛ղ ջան, ոնց կհամարես ճիշտ, այնպես էլ արա․ մենք քեզ վստահում ենք ու ցանկացած, կրկնում եմ, ցանկացած իրավիճակում կողքիդ ենք լինելու․․․ Հետո փոքր դադար վերցրեց ու ժպտալով ավելացրեց՝ Բայց մի քիչ մեղմ կլինես, տղա՛, այնպես դաստիարակչական ծեծ տուր՝ ամիսներով չընկնեն հիվանդանոց, նույնիսկ «էն բոյովին»։ Մուշեղի շուրթերին ժպիտ առաջացավ, վաղուց չէինք տեսել այդ ժպիտը, Սյուզի՛ ջան, ժպտաց ու գրկեց մեզ։ Հիմա ես ուղղակի եկել եմ քեզ մոտ․․․ Դե, քեզ հետ շփվել եմ, շատ չէ, բայց շփում ունեցել ենք, մյուս ծնողներին ընդհանրապես չեմ ճանաչում․․․ Եկել եմ տեղյակ պահելու, որ դու իմանաս այս ամենի մասին։ Քո տղան՝ Լյովիկը, ինչպես ասացիր, հե՛չ կռվարար չէ, բայց աշխույժ տղա է, գուցե էդ խմբակի տղաներին իմանա,- Մարիամն աչքով արեց Սյուզիին,- թող տեղյակ պահի դրանց, թե ինչ է սպասում իրենց, թող զգուշացնի, որ իրենց ապագա «սխրագործությունում» փոքր-ինչ զգուշավոր լինեն այդ լակոտները։ Վաաա՜յ, Սյուզի՛ ջան, քեզ լավ չես զգո՞ւմ:
-Չէ՛, չէ՛, լավ եմ,- կինն ամեն կերպ փորձում էր փախցնել հայացքը, շնչառությունը ծանրացել էր, և բառերը դժվարությամբ էր արտաբերում.- Մեր Լյովիկը մեղավոր չէ․․․ Բայց դժվար ճանաչի ինչ-որ մեկին․․․ Հերն ա միշտ էրես տալիս․․․ Կռվարար չի ինքը․․․ Բայց կասեմ, կասեմ, Մարիա՛մ ջան, թող հեռու մնա․․․ Պիտի գնամ հիմա, պիտի գնամ, հաջո՛ղ,- Սյուզին դուռը բաց թողեց ու հապճեպ քայլերով գնաց տան խորքը։
Մարիամը փոքր-ինչ սպասեց, մի քանի անգամ դռնից ներս նայեց, բայց տուն չմտավ, ուղղակի սպասեց այնքան, որ սրտի զարկերի անհամաչափ դմփդմփոցը փոքր-ինչ միաձուլվի լռության ռիթմիկ խշշոցի հետ, և քայլեց դեպի շենքի մուտքը։ Ոտքերն ինքնաբերաբար առաջ էին տանում Մարիամի մարմինը, գլխում պտտվող հիշողության դրվագներն ուրվականի պես սավառնում էին նրա անկառավարելի ցնորքներում։ Ծնկների դողը, որը ծայրահեղ լարվածության ծնունդ էր, ժամանակ առ ժամանակ Մարիամին վերադարձնում էր իրականություն, և նրան թվում էր, թե հաջորդ քայլն անել չի հաջողվի։ Հազիվհազ հասավ երեխաների խաղահրապարակ և նստելով երկաթե նստարանին՝ փակեց աչքերն ու խոր շունչ քաշեց։ Ձեռքերը դրել էր ծնկներին և ափերով զգում էր ծնկահոդերում լողացող լարվածության դողը։ Գլուխը ցած կախեց՝ փորձելով մեղմել ստամոքսում գալարվող անտանելի կծկումները։ Ընդարմության թմբիրը դեռ երկար կշարունակվեր, եթե չլսվեր բջջային հեռախոսի բարձր զանգը։ Սթափեցնող զանգը արթնացրեց կնոջ քնած բանականությունը, բոլոր ցավերը կորցրին իրենց տիրապետությունը, և Մարիամն ուղղելով մարմինը՝ սկսեց առույգորեն փնտրել բջջային հեռախոսը։ Վերջապես դուրս հանեց բջջայինը պայուսակից, և զանգի ձայնն էլ ավելի բարձր հնչեց կնոջ ականջներում։ Մարիամը, բութ մատը դրած կանաչ սեղմակին, ուշադիր նայում էր հեռախոսի էկրանին։ Սակայն ամուսնու՝ Գևորգի զանգին պատասխանել դեռ չէր շտապում, բարձր զանգն այնքան սթափեցնող և բուժիչ էֆեկտ ուներ, որ Մարիամը հատուկ ձգում էր զանգին պատասխանելը։
-․․․ամուսնու ձայնը մեղմ էր, ինչպես միշտ։
-Լավ է, ամեն ինչ ուղղակի հիանալի է, սիրելի՛ս․․․ Բայց․․․ Բայց․․․ Բայց մի խնդրանք ունեմ, չմերժես միայն․․․
-․․․ Գևորգի ձայնի մեջ փոփոխություն չնկատվեց։
-Հա, հա, գիտեմ, որ երբեք ոչինչ չես մերժել․․․ Ուղղակի ուզում եմ․․․ Խնդրում եմ․․․ Չէ, կներես, իհարկե, գիտեմ, որ դու այլ կերպ ես մտածում ու երկար դեգերումներից հետո մեծ դժվարությամբ վերջապես կարողացել ես պայմանավորվել, որ Մուշեղը շախմատի գնա․․․ Բայց, Գևո՛րգ, քանի որ այլ տարբերակ այլևս չկա՝ խնդրում և պահանջում եմ, որ այս տարի Մուշեղը շախմատի փոխարեն բոքսի գնա․․․






