Գուրգեն Խանջյան․ կալանքը՝ որպես հոգեբանական դրսևորում
Հայ ժամանակակից դրամատուրգիայում սակավաթիվ են այն գործերը, որոնցում կարելի է գտնել մտահղացման, թեմայի ու սյուժեի այնպիսի ընտրություն, կերպարների այնպիսի երանգավորում ու բազմաշերտություն, որ անգամ ընթերցելիս հնարավոր լինի տեսնել, զգալ, ըմբռնել, վերապրել այն բոլոր իրավիճակներն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունենում պիեսում՝ հերոսներից յուրաքանչյուրի կյանքում։ Մենք ակամա սկսում ենք ապրումակցել նրանց՝ հետզհետե բացահայտելով կերպարների ներաշխարհը, նրանում առկա հոգեբանական ամենավառ դրսևորումները։ Նման ստեղծագործություններից են Գուրգեն Խանջյանի պիեսները։ Այս հոդվածում կանդրադառնանք հեղինակի երկու՝ «Կալանք» և «Արևային նավ» պիեսներին, որոնք, չնայած ժանրային տարբերություններին, միավորված են միևնույն առանձնահատկությամբ։ Երկու պիեսներում էլ հերոսները «կալանված» են կամ հասել են «ինքնակալանման»՝ չգիտակցելով դրա հետևանքները։
Գուրգեն Խանջյանի «Կալանք» դրաման հայ դրամատուրգիայի կարևորագույն դրսևորումներից է, որը քննում է մարդու ներքին ազատության և արտաքին, քաղքենիական իրականության միջև գոյություն ունեցող խոր անջրպետը։ Ստեղծագործությունը բացահայտում է մարդկային հոգեվիճակի ամենանուրբ, հոգեբանական շերտերը։ Պիեսի հիմքում հոգու և մարմնի, երազանքի և կորսված արժեքների միջև անդադար պայքարն է, որն ակնհայտ է դառնում ընտանիքի՝ Մարդոյի, Նազոյի, նրանց դստեր՝ Թինայի, խորհրդավոր հյուրի՝ Տավրոսի, ինչպես նաև Թինայի տատիկի և բժշկի միջև ծավալվող երկխոսությունների միջոցով։
Պիեսի սյուժեն պարզ է՝ սկսվում է Մարդոյի տանը, մոլեգնող բքի հետևանքով ստեղծված մեկուսացումով, որը հանգեցնում է ընտանիքի անդամների միջև թաքնված լարվածության բացահայտմանը։ Բուքը և հոսանքազրկումը խորհրդանշում են հերոսների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական կալանքը։ Իրավիճակների բուռն զարգացումը սկսվում է Տավրոսի՝ խորհրդավոր հյուրի անսպասելի մուտքով, որը, ինչպես բացահայտվում է պիեսի ավարտին, երեք օր առաջ փախել էր հոգեբուժարանից, որտեղ «բուժվում» էր խոր դեպրեսիայից։ Նա իր հետ բերում է այլընտրանքային մտածողություն՝ փորձելով «կենդանացնել» ընտանիքին, ստիպել մտածել իրենց կորցրած երազանքների և արժեքների մասին։ Պիեսում իրենց արտահայտությունն են գտել դինամիկ, բայց միևնույն ժամանակ անկապակցված երկխոսությունները, որոնք ցույց են տալիս հերոսների միջև հաղորդակցության բացակայությունը։ Հեղինակն օգտագործում է հեգնանք և սև հումոր՝ բացահայտելու համար կերպարների դատարկությունը։
Պիեսը լի է խորհրդանիշներով։ «Կալանք» վերնագիրը բազմաշերտ իմաստ ունի. այն ոչ միայն ֆիզիկական մեկուսացում է, այլև մարդու՝ սեփական վախերի, երազանքները թաղելու և քաղքենիական արժեքներով ապրելու հետևանքով առաջացած հոգեբանական կալանք։ Տավրոսի բերած ծաղրածուները խորհրդանշում են կյանքի ուրախությունն ու ստեղծագործականությունը, իսկ Մարդոյի հերբարիումը՝ վերջինիս ռոմանտիկ և չիրականացած երազանքները։ Տավրոսը փորձում է ապացուցել, որ մարդու կյանքի իմաստը նյութական բարիքը չէ, այլ երազանքներն են ու ստեղծագործելու ունակությունը։
Պիեսի գործող կերպարները ներկայացնում են մարդկային տարբեր տիպեր։ Մարդոն շինարար բրիգադիր է, որը կարծես թե իր կյանքի հիմնական նպատակն է համարում նյութական բարիքների ձեռքբերումը՝ «պատշգամբ, գարաժ, խանութ»։ Սակայն իրականում նա հոգու խորքում ռոմանտիկ մարդ է, որը տարիներ շարունակ գաղտնի հավաքում է հերբարիումներ՝ նշելով. «Մեջս սեր կա բույսերի նկատմամբ»։ Մարդոյի պայքարը ներքին և արտաքին աշխարհի միջև ավարտվում է հուսահատությամբ, երբ կնոջ հետ կռվի ընթացքում իր երկար տարիների աշխատանքի պտուղը՝ հերբարիումը, այրում է սեփական ձեռքերով։ Նազոն պրագմատիկ, կեղծ բարեպաշտության և անցյալի հիշողություններին կառչելու հակումներ ունեցող կնոջ կերպար է։ Նրա մտածելակերպը խիստ սահմանափակ է և մերժում է ցանկացած նորամուծություն։ Նազոն անընդհատ կրկնում է «մեղա, մեղա» և «մեղայ ասծու», սակայն նրա բարեպաշտությունը մակերեսային է։ Թինան ընտանիքի միակ անդամն է, որի մեջ դեռ կենդանի է երազանքը։ Նա ցանկանում էր դաշնակահարուհի դառնալ, բայց ծնողների ճնշումները («ամուսնացի, ամուսնացի») կոտրել են նրա ոգին։ Չնայած դրան՝ Թինան միակն է, որն ունի բավականաչափ զգայունակություն՝ տեսնելու Տավրոսի բերած ծաղրածուներին, ինչը վկայում է, որ նա միակն է այդ տանը, որ կարող է ազատվել իր կալանքից։ Տատը և Բժիշկը նույնպես ունեն իրենց խորհրդանշական դերը։ Տատը, որը «մի քիչ գժոտ է, նյարդայինը խախտված է», մարմնավորում է անցյալի կոնֆլիկտները, որոնք շարունակում են տիրել ներկայում։ Տատի կերպարը խորհրդանշում է ընտանիքի հոգեբանական ծանր վիճակը։ Թինայի խոսքերը՝ «նույնիսկ բուժվել է, բայց առանձնապես օգուտ չեղավ», վկայությունն են այն բանի, որ նրանց խնդիրները արմատական են, և արտաքին միջամտությունները անզոր են դրանք բուժելու։ Բժիշկը, որը հայտնվում է պիեսի ավարտին Տավրոսին հետ՝ հոգեբուժարան ուղեկցելու համար, պարզվում է՝ ավելի հիվանդ է, քան հենց ինքը՝ Տավրոսը։
«Կալանք»-ը սուր և արդիական պիես է, որը հոգեբանական դրամայի միջոցով բարձրացնում է կարևոր հարցեր՝ կապված անհատի դերի, երազանքների և սեփական կյանքը կառուցելու պատասխանատվության հետ։ Պիեսն ապացույցն է այն բանի, որ «կալանքը» հաճախ պայմանավորված չէ արտաքին հանգամանքներով, այլ կախված է մարդու ընտրությունից, և որ մարդիկ հաճախ հենց իրենք են դառնում սեփական վախերի և կորսված երազանքների «կալանված զոհը»։
Հեղինակի մյուս՝ «Արևային նավ» կատակերգությունը հայ դրամատուրգիայի ևս մեկ կարևորագույն ստեղծագործություններից է, որը երգիծանքի և դրամատիկ տարրերի միջոցով վերլուծում է ազգային ինքնության, իշխանության և իրականության միջև գոյություն ունեցող խոր հակասությունները։ Պիեսը, որը բաղկացած է երկու մասից, հարուստ է խորհրդանիշներով և ստիպում է մտածել հայ հասարակության բազմաթիվ ցավոտ խնդիրների մասին։
Պիեսի սյուժեն պտտվում է Նավապետ Աբգարի և նրա անձնակազմի շուրջը, որոնք իրենց «Արևային նավով» իջնում են լեռնային գետով՝ նպատակ ունենալով հասնելու բաց ծով։ Սկզբում նրանք լի են անսահման ոգևորությամբ և հայրենասիրական պաթոսով։ Աբգարը իր առաքելությունն է համարում «մեծ, աստվածային սիրո օրինակ» լինելը, «արթնացնելու պաղած սրտերը» և աշխարհին ի ցույց դնելու «նոյյան խորհուրդը»։ Նա ինքն իրեն համարում է «նախահայր, առաջնորդ, քուրմ»։ Սակայն պարզվում է, որ նավը խրվել է գետի նեղ հունի մեջ, և անձնակազմի բոլոր ջանքերը անցնում են ապարդյուն, զուտ դատարկախոսության ու անարդյունավետ մտորումների մեջ։ Այս «կալանված» իրավիճակը հնարավորություն է տալիս բացահայտելու կերպարների դատարկախոսությունը, անկարողությունը և իրականության հետ կապի բացակայությունը։
«Արևային նավ» պիեսի հիմնական առանձնահատկությունը սուր երգիծանքն է և հեգնանքը։ Հեղինակը կտրուկ հակադրում է կերպարների վեհ գաղափարները կենցաղային ու մանրուք թվացող իրավիճակների հետ։ Աբգարի՝ Շուշանին համբուրելու անհաջող փորձերը կամ նավի մեխանիկական խնդիրները մշտապես ի ցույց են դնում վերջինիս պաթոսը։ Երկխոսությունները, որոնք պետք է լինեն կառուցողական, հաճախ վերածվում են փնթփնթոցի, հակասությունների և անպատասխան հարցերի։ Օրինակ՝ Գոքորի և Ցականի մշտական դժգոհությունները՝ «Ես ամենասկզբից զգուշացրի ախր, ասեցի՝ նեղն ենք ընկնելու, տղերք», կամ Աբգարի բարձր խոսքերը «Չար ուժերի մարտահրավերն է» արտահայտությունը անմիջապես հակադրվում է անօգուտ լուծումներով։
Պիեսը հարուստ է խորհրդանիշներով։ Նավը խորհրդանշում է պետությունը կամ ազգային ճակատագիրը, որը պետք է առաջ շարժվի դեպի բարգավաճում։ Լեռնային գետը Հայաստանն է՝ իր բնական և հասարակական սահմանափակումներով, իսկ բաց ծովը՝ ազատություն, զարգացում և աշխարհի ճանաչում։ Նոյ Նահապետի ոգին հանդես է գալիս որպես ազգային ինքնության և մեծ առաքելության խորհրդանիշ, որին ձգտում է Աբգարը, սակայն որն այդպես էլ մնում է միայն խոսքերի մակարդակում։
Պիեսի կերպարները հանդես են գալիս ոչ միայն որպես անհատներ, այլև որպես հայ հասարակության տարբեր տիպերի մարմնավորում։ Աբգարը ներկայացնում է այն ղեկավարի տեսակը, որը լի է վեհ գաղափարներով, բայց անկարող է դրանք իրականություն դարձնել․ «Չէ, սխալ ժամանակներում հայտնվեցի»։ Գոքորը և Ցականը ներկայացնում են հասարակության պրագմատիկ, միևնույն ժամանակ քննադատող ու դժգոհող մասը։ Նրանք անընդհատ փնթփնթում են, հարցեր տալիս և չեն հավատում Աբգարի մեծ գաղափարներին։ Շուշանը՝ խոհարար և բուժքույր, իր պարզությամբ և անկեղծությամբ հակադրվում է մյուս կերպարների դատարկապորտությանը, նա միակն է, որը կարծես թե իսկապես հավատում է նավապետի երազանքին՝ «Այո, իմ նավապետ»։
Պիեսի մյուս կերպարները՝ Հովիվը, Աշուղը, Գուշակը և Գյուղապետ Ափոն, խորհրդանշում են Հայաստանի տարբեր կողմերը։ Հովիվը պարզ է, բնության մարդ, որը նավը դիտում է որպես «հարմար կամուրջ»՝ իր հոտը մեկ ափից մյուսը տանելու համար։ Աշուղը՝ իմաստուն, բայց մի փոքր դատարկախոս, սիրում է մտածել ժողովրդական իմաստությունների մասին, սակայն նրա լուծման տարբերակը՝ «սապոն քսեք, կպլստաք-կանցնեք», ցույց է տալիս, որ նույնիսկ իմաստուն մարդիկ կարող են տալ պարզունակ և անիրական լուծումներ։ Գյուղապետը՝ պրագմատիկ և քաղքենիական աշխարհի ներկայացուցիչ, գնահատում է նավապետի «ազգանվեր գաղափարը», սակայն միևնույն ժամանակ զբաղված է իր սեփական շահերով։ Գուշակը՝ էզոթերիկ, կեղծավորության ու մոլորության կրող, մշտապես փորձում է իրեն ներկայացնել իբրև բարձրագույն իմացությունների կրող՝ «Ես աստրալ տարածքներից իջած մի Կասանդրա եմ»։ Կերպարների այս համակցությունը արտացոլում է հասարակության տարասեռությունը և ներքին հակասությունները։
«Արևային նավ» կատակերգության երկխոսությունները շատ բնորոշ են հայկական իրականությանը։ Հերոսները խոսում են, բայց չեն լսում միմյանց։ Յուրաքանչյուրը զբաղված է իր սեփական մտքերով և անհանգստություններով՝ անկարող հաղթահարելու ընդհանուր խնդիրը։ Հեղինակը բացահայտում է «մեծ հայրենասիրության» թաքնված դատարկությունը, երբ Աբգարի վեհ խոսքերը հակադրվում են նրա մանրուքային մակարդակի հասնող գործողություններին։ Պիեսը քննադատում է անցյալի հերոսացումը և ներկայի անկարողությունը։ Աբգարի կողմից Նոյ Նահապետի ոգուն անընդհատ դիմելը վկայում է այն մասին, որ մարդիկ ապրում են անցյալի փառքով՝ մոռանալով ներկան կառուցելու անհրաժեշտության մասին։ Նավը, որը պետք է դուրս գար «բաց ծով», մնում է գերված՝ անկարող առաջ շարժվելու, ինչն էլ պիեսի ավարտին հանգեցնում է նրա լիարժեք ու անվերադարձ խորտակմանը։ Այս կատակերգությունը վկայում է, որ մեծ գաղափարները առանց իրական գործողությունների դառնում են անօգուտ պոռոտախոսություն։
Այսպիսով՝ իր երկու պիեսներում էլ Խանջյանը խիստ և արդիական քննադատություն է ուղղում հասարակությանը, որն ապրում է երազներով՝ մոռանալով, որ իրականությունը կառուցվում է աշխատանքով և անհաղթահարելի թվացող փորձությունների հաղթահարմամբ։
Հասմիկ Ավետիսյան
Գլխավոր լուսանկարը՝ Նառա Վարդանյանի






