Կերպարվեստ Հասմիկ Ավետիսյան

Անվերջ փնտրտուք՝ Անդեմության միջավայրում

Անվերջ փնտրտուք՝ Անդեմության միջավայրում

                

Արվեստը միշտ եղել է մարդու հոգու և ժամանակի արտացոլանքը, այն միջավայրը, որտեղ ստեղծագործողը կարողանում է փոխանցել սեփական ներաշխարհը և արթնացնել դիտողի մտքերն ու զգացողությունները։ Մարտի 9-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ գեղանկարիչ և բեմանկարիչ Արեգ Միրիջանյանի «Անդեմ խաղ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։ Այն ներկաների ուշադրությունը գրավեց ոչ միայն իր ընդգրկուն թեմատիկայով, այլև արտահայտչականության և խորքային հաղորդակցության շնորհիվ։ Գայանե Թադևոսյանի և Էլմիրա Սոլոյանի պրոդյուսերական աջակցությունը ապահովեցին միջոցառման հագեցած և արվեստաշատ բնույթը, ինչպես նաև մասնակիցների լիակատար ներգրավվածությունը։

Ցուցահանդեսի հիմքում Արեգ Միրիջանյանի վերջին շրջանի աշխատանքներն են, այդ թվում՝ «Անդեմության շարք» անվանումը կրող աշխատանքները։ Ներկայացված գեղանկարները ընդգրկում են պորտրետային, ինչպես նաև մի քանի բնապատկերային աշխատանքներ, որոնց միջոցով արտացոլվում է մարդու ներաշխարհի, հոգևոր խաղաղության և ներդաշնակության անգամ ամենափոքր զգացումները։ Լեռներն ու բաց հորիզոնները չեն ներկայացնում միայն բնության գեղեցկությունը, դրանք նաև հոգու լռության, անհասկացվածության և փնտրտուքի խորհրդանիշեր են։ Արեգ Միրիջանյանի ստեղծագործություններում մարդը հաճախ կորցնում է սեփական «ես»-ը՝ դառնալով շրջապատի և տարածության փոքրիկ, անհաղորդ մասնիկ։ Ցուցահանդեսի խորագիրը՝ «Անդեմ խաղ», ոչ թե խաղի, այլ խորքային փնտրտուքների և մշտական անհասկացվածության խորհրդանիշն է, որը բնորոշ է ժամանակակից մարդուն։

Այս ցուցահանդեսը չի սահմանափակվում միայն դիտողական փորձով։ Այցելուն հրավիրվում է մտորելու, զգալու և ներգրավվելու՝ դառնալու ստեղծագործական գործընթացի մի մասը։ Ցուցահանդեսի օրերին՝ մարտի 9-12, ներկայացված աշխատանքների միջոցով այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու գեղանկարչի ստեղծագործական մոտեցումներին և հոգեբանական, ինչպես նաև գեղագիտական շերտերին, որոնք թաքնված են յուրաքանչյուր աշխատանքում։

Ցուցահանդեսի բացումը ազդարարեց Ավետ Բարսեղյանը, իսկ «Ուրու» ռոք բենդի ելույթը լրացրեց մթնոլորտը, ստեղծելով էներգիայով լեցուն, տոնական ու ներգրավող միջավայր։ Ներկաները հնարավորություն ունեցան դիտելու ոչ միայն գեղանկարները, այլև համատեղ մշակութային փորձառություններ՝ պարային և երաժշտական կատարումներ, մասնավորապես՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի բաժնի յուրահատուկ պարային performance-ը։ Այս բոլոր տարրերը միասին ստեղծեցին ինտերակտիվ փորձառություն, որտեղ արվեստը դառնում է միջոց մարդու ներքին աշխարհի ընկալման, ինքնության և հոգևոր ուղիների համար։

Ա․ Միրիջանյանի «Անդեմ խաղ»-ը ոչ միայն արտացոլում է իր իսկ որոնումների շղթան, այլև հրավիրում է դիտողին կանգնելու սեփական հոգու և կորսված «ես»-ի առջև։ Այն հիշեցնում է, որ ժամանակակից մարդը հաճախ մնում է հեռու իր ես-ից, սակայն արվեստի միջոցով հնարավոր է դառնում այդ փնտրտուքը դարձնել տեսանելի, շոշափելի և ընկալելի։ Ցուցահանդեսը, թեև կարճ ժամանակով, բայց խոր ազդեցությամբ, ստեղծում է այն տարածությունը, որտեղ մարդը կարող է կանգնել իր ներքին գոյության առջև՝ միայն գույնի, գծի և ֆորմայի միջոցով, առանց բառերի կամ բացատրությունների։

Ցուցահանդեսը ոչ միայն վավերագրում է Անդեմության թեմայի խորհրդանշական բնույթը, այլև դիտողի համար ստեղծում առավելագույն զգայական ու մտավոր առիթ՝ ընկալելու, մտորելու և վերաիմաստավորելու սեփական գոյության սահմանները։

Հասմիկ Ավետիսյան