Արմինե Սարգսյան Երաժշտություն

Անահիտ Ավետիսյան․ «Առանց լռության երաժշտություն լինել չի կարող»

Անահիտ Ավետիսյան․ «Առանց լռության երաժշտություն լինել չի կարող»

Անահիտ Ավետիսյանը 2020 թվականից հետաքրքրվում է հարվածային գործիքներով։ Շուրջ երեք տարի եղել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Զենիթ» վոկալ-գործիքային բենդի թմբկահարը։ Ներկայացրել են հայ երաժիշտների գործեր, ինչպես նաև համաշխարհային հիթեր՝ սեփական գործիքավորմամբ։ Երաժշտական ուղին ու հենց հարվածային գործիքներն ընտրելու հետաքրքիր փորձառության մասին Անահիտ Ավետիսյանը պատմել է Ardi.am-ին։

-Անահիտ, գիտեմ, որ  խմբավարի յուրօրինակ փորձ ունես։ Չորս տարեկանում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում լարային քառյակն եսղեկավարել։ Ի՞նչ նախապատմություն ունի քո վաղ մանկության այդ փորձառությունը։ 

-Դա շատ հանկարծակի է եղել։ Ընտանիքով մասնակցում էինք ցուցահանդեսի։ Կվարտետի ելույթի ժամանակ որոշել եմ, որ պետք է դիրիժորություն անեմ։  Ներկաներն էլ այդպես հավաքվեցին, սկսեցին նկարել, ուրախանալ։ 

Դու այդ տեսարանը հիշո՞ւմ ես, թե՞ քեզ պատմել են։

-Չէ, հիշում եմ, տեսանյութեր էլ կան այդ օրվանից։ Իրականում շփոթվել էի, բայց շարունակեցի մինչև վերջ չափ տալ։ 

-Ինչպե՞ս երաժշտությունը մտավ քո կյանք։ Որքան էլ էքսպրոմտ է եղել ելույթդ, պիտի ներսումդ երաժշտություն լինի, որ կարողանաս այդպես ինքնադրսևորել, իսկ արդեն հետո ընտրել իբրև մասնագիտություն։ 

-Տանը միշտ հնչել է լավ երաժշտություն։ Վինիլային նվագարկիչների մեծ հավաքածու ունենք։ Ես հետաքրքրվում էի, հարցեր տալիս,  մորեղբայրս էլ ժամանակ էր հատկացնում, ծանոթացնում էր երաժիշտներին, ժանրերին և այլ մանրամասնությունների։ Ես տպավորվում էի ու հաճախ մտովի նվագում էի դուրս եկած մեղեդիները։ Բայց երբեք չեմ մտածել՝ ո՛ր երաժշտական ասպարեզն եմ ընտրելու։ Գիտեի, որ նկարիչ եմ դառնալու կամ դրան մոտ մի բան։ 

-Եվ ընտրությունդ քեզ դեպի ո՞ւր է տանում։ 

-Քննությունների եմ պատրաստվում, նպատակ ունեմ արտերկրում սովորելու։  

-Վերադառնալո՞ւ ես։

-Անպայման։

-Ի՞նչ ես կարծում՝այստեղ կա՞ հնարավորություն  ներկայանալու։

-Մարդուց է կախված, ինձնից է կախված։ Երկրից չէ, պայմաններից, հանգամանքներից չէ։ 

-Կա՞ն երաժիշտներ, որ քեզ ոգեշնչել են։ 

-Մի քանի տարի առաջ շատ լսում էի Արման Մնացականյանին, որը ֆանտաստիկ  թմբկահար է։ Հիմա շատ սիրում եմ Արտ Բլեյքի կատարումները։

-Ինչո՞ւ հարվածային գործիքներ։ 

-Փոքր հասակում ինձ գրավում էին հարվածային գործիքները, բայց միշտ  ինձ դա երազանքի պես մի բան էր թվում։ Մի լավ ընկեր ունեմ, որը հարվածային գործիքներ է նվագում։ Նրա օգնությամբ ինքս էլ սկսեցի նվագել։ Տանը ինչի վրա ասես նվագում էի, քանի դեռ գործիք չունեի։ Հետաքրքրությունս մեծանում էր, սկսեցի տարբեր նյութեր կարդալ, տեսանյութեր դիտել ու ի վերջո հասկացա, որ շատ է իմը, այն է, ինչ ես ուզում եմ։ 

-Թվում է՝  հարվածային գործիքներ նվագում են  հիմնականում տղամարդիկ, գուցե  ուժի հե՞տ է կապված։ Կա՞ նման կարծրատիպ։

-Այսօր արդեն շատ աղջիկներ սովորում են, նվագում։ Ընդհանրապես ուժ չի պահանջում, ավելի շատ դիմացկունության հարց է ՝ երկար նստելու, երկար նվագելու,  ռիթմը պահելու, քան ուժի կամ ուժեղ հարվածելու։

-Ինչո՞վ են առանձնանում քո կատարումները, ուսուցիչներդ ի՞նչ են ասում։ Ի վերջո, կարևոր է բնատո՞ւր ձիրքը, թե՞ այն, ինչ սովորում ես։

-Ինքնուրույն եմ սովորել։ Երկարաժամկետ ուսուցիչներ, որպես այդպիսին,  չեմ ունեցել։ Մասնագետներն ասում են, որ իմ նվագի մեջ շատ է բնականը, ներքին զգացողությունը։ Այն, ինչ  ուզում եմ նվագել,  ներսից է գալիս, այսպես ասած՝ ներսումս հնչող բաբախյունից։ 

-Իսկ եթե նոտագրված ես նվագում, սահմանափակվո՞ւմ է ազատությունդ։ 

-Կախված է տվյալ գործից, բայց իմ կարծիքով նոտագրվելիս միշտ ինչ-որ սահմանափակում է լինում։

-Կարելի՞ է ասել, որ երկխոսում ես գործիքի հետ։ 

-Հա,  նույնիսկ ֆիզիկական առումով, նույնիսկ  հարվածի առումով․ ուղղակի հարված չպետք է լինի, դրա մեջ լիքը խորություններ կան, ոչ միայն  տեխնիկայի առումով, այլև մոտեցման, զգացողության։ 

-Իսկ դժվար պահերին պատահե՞լ է, որ մոտենաս, նվագես, օգնի քեզ։

-Անգիտակցաբար գուցե, բայց գիտակցաբար՝ ոչ, չեմ ուզում այդպես մոտենալ գործիքին։ Դժվար պահերին նախընտրում եմ քայլել, վազել․․․ Իհարկե, հարվածային գործիք նվագելը շատ հաճելի է, բայց ես ամեն անգամ այդ գործիքին մոտենալիս ասես  ինչ-որ խնդրի  մոտենամ, որի հետ պետք է աշխատանք տանել, զրուցել։

-Ուրիշ գործիքներ  փորձե՞լ ես  նվագել։

-Այո,  բաս-կիթառ, փողային գործիքներ։ Միշտ ուզել եմ հասկանալ՝ ինչը կարող է գրավել ինձ այս կամ այն գործիքը նվագելիս։ 

-Մարդ-անսա՞մբլ․․․

-Գուցե․․․

-Միտք ունե՞ս ձայնագրելու, ներկայացնելու կատարումներդ։

-Կա նախագիծ, որի վրա աշխատում ենք։ Իմպրովիզներ կլինեն, համատեղ աշխատանք։

Հարվածային գործիքը հանդիպո՞ւմ է որպես սոլո գործիք։  

-Իհարկե։ Հիմա ամեն ինչ արվում է, ու արդեն շատ քիչ բան կա, որ չի արվել։ Բայց շատ կարևոր է երաժշտական խմբի հետ աշխատանքը։ 

Ջութակը  նուրբ ձայն ունի, թավջութակը՝ թավ, ինչպես կբնորոշես թմբուկի ձայնը։ 

-Կախված է մոտեցումից՝ կարող է լինել նուրբ, հուժկու։ Ավելին՝ հարվածները կարող են լինել կլոր, սուր։ Բազմաձև է։ Կան թմբկահարներ, որոնք կարողանում են շատ լավ ցույց տալ իրենց երաժշտական ունակությունները։ 

-Երբ պարապում ես, նվագում, տնեցիները, հարևանները չե՞ն դժգոհում։

-Տանը երբեք խնդիր չեմ ունեցել, որովհետև  ընտանիքիս անդամները միշտ խրախուսել են։ Բայց, իհարկե, միշտ,  հաշվի եմ առնում ժամերը և մարդկանց։ 

-Լռության կարիք ունենո՞ւմ ես։

-Պարապելուց  և համերգներից հետո միշտ լռության կարիք եմ ունենում։ Նույնիսկ եթե չեմ հոգնում, գիտակցաբար  ինձ տանում եմ դեպի լռություն, դա կարող է լինել իմ սենյակում,  դրսում քայլելիս կամ բնության մեջ։ Ես  լռությունը շատ-շատ եմ գնահատում, առանց լռության երաժշտություն լինել չի կարող։ 

Ի՞նչ երաժշտություն ես լսում։  

-Ջազ և դասական։ Հիմա Ռախմանինով եմ լսում շատ։

-Ի՞նչ կասեիր հասակակիցներիդ։  

-Շատ աշխատեն ու վստահ լինեն, որ կհասնեն իրենց ուզածին։ Նաև բաց լինեն հնարավորությունների առաջ  ու ընդունեն օգնությունը, որ տիեզերքը իրենց տալիս է։ Դա կարող է լինել ուսուցիչների միջոցով, ընտանիքի անդամների, ընկերների, այլ երաժիշտների․․․ 

-Քաղա՞ք, թե՞ բնություն։ 

-Բնություն։ Սիրում եմ Սևանը՝ Շորժայի ափը, շատ յուրահատուկ տեղ է ինձ համար,  նաև Դիլիջանը։ 

-Իսկ քաղաքի ո՞ր անկյունն ես ամենաշատ սիրում։

-Մեր տունը։ Երևանը շատ- շատ եմ սիրում, բայց աղմուկը շատ է, մարդիկ շատ են։ 

Համերգից հետո ի՞նչ ես զգում։ Այն, ինչ տալիս ես ունկնդրին, վերադառնո՞ւմ է քեզ։

-Ունկնդրից է, բայց առաջնահերթ քո նվագից, քո տվածից է կախված, թե ինչ կստանաս։ Միշտ, երբ ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ պատասխան ես ստանում, եթե նույնիսկ չես տեսնում այդ պատասխանը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը