«Fear-Less-Hope․Շրջանակելով ժամանակը»․ Ինչ է առաջարկում հայ-գերմանական արվեստի փառատոնը
Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» Կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնի համագործակցությամբ մարտի 12-ից 31-ը «ՀայԱրտ» Կենտրոնում կանցկացվի «Fear-Less-Hope․ Շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնը։
Փառատոնի ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, վարպետաց դասեր և գիտական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն արդի արվեստին և կրթությանը վերաբերող հարցեր:
Հայ-գերմանական արվեստի փառատոնի շրջանակում «ՀայԱրտ» կենտրոնում բացվել է եւ մինչեւ մարտի 31-ը կգործի «Մեղադրանքը՝ հայ․ Խորհրդային տեռորը ցեղասպանության ստվերի ներքո» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանում խորհրդային բռնաճնշումներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք տարբեր ձևերով դիմադրել են խորհրդային ռեպրեսիվ նարատիվներին, և նրան, թե ինչպես է խորհրդային ժամանակաշրջանի այս կողմը հիշվում Հայաստանում այսօր։ Ցուցահանդեսում կներկայացվեն պատմաբանների մասնագիտական տեքստեր, լուսանկարներ, աուդիո և վիդեո նյութեր, ինչպես նաև եզակի արտեֆակտներ։
Ցուցահանդեսի համադրող Աննա Մարգուլիսն արդեն երկար տարիներ ուսումնասիրում է Խորհրդային միության և պետական ահաբեկչության թեման․ «Այս ցուցահանդեսը նվիրված է Խորհրդային միության ահաբեկչությանը Խորհրդային Հայաստանում։ Մեր ցուցահանդեսը բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը վերաբերում է հենց բռնաճնշումներին, խորհրդայնացումից մինչև խորհրդային իշխանության ավարտը, 2-րդ մասը՝ նվիրված է գաղտնի խմբերին և բողոքներին, ցույցերին, որոնցով հայերը հակադրվել են խորհրդային պաշտոնական տեսակետին, իսկ 3-րդ մասը նվիրված է հիշողությանը, թե ինչպես են այս թեմաները հիշվում, հիշատակվում կամ երբեմն չեն հիշվում այսօր Հայաստանում»։
Մարտի 15-ին, երեկոյան ժամը 18․00-ից Կինոյի տան մեծ էկրանին ներկայացվելու է «Շարժվող պատկերներ» կարճամետրաժ համր ֆիլմերի ծրագիրը։ «KOKI Freiburg» կինոթատրոնի տնօրեն՝ Ներիման Բայրամի խոսքով, ծրագիրը չունի սահմաններ․ «Ընտրված կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը կենտրոնացած է շարժման և ռիթմի վրա։ Տեսողական երաժշտության հիմնադիրներից մինչև կինոխորեոգրաֆիայի վարպետներ՝ ֆիլմերը գործում են որպես երաժշտական նոտաներ»։
Երեկոյի ընթացքում կցուցադրվի «Բժիշկ Քալիգարիի առանձնասենյակը» (1920թ.) ֆիլմը, որը գերմանացի ռեժիսոր Ռոբերտ Վինեի էքսպրեսիոնիստական համր ֆիլմ է, այն համարվում է կինոյի պատմության ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը։ Ցուցադրությունը կուղեկցվի կենդանի դաշնամուրային երաժշտությամբ՝ Թոմաս Վենկի կատարմամբ։
«Շարժվող պատկերներ» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը ներկայացնում է ֆիլմերի ընտրանի, որը դուրս է լեզվական սահմաններից։ Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը մարտի 12-ից մինչև ապրիլի 10-ը կներկայացվի նաև «ՀայԱրտ» Կենտրոնում։







«Մշակույթի և արվեստի միջոցով մենք ցանկանում ենք նպաստել երկու քաղաքների միջև համագործակցությանը»,-ասում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը, նկատելով, որ առաջին անգամ «ՀայԱրտ» կենտրոնը հյուրընկալել է 47 հոգուց բաղկացած պատվիրակություն գերմանական Ֆրայբուրգ քաղաքից, որը ներկայացնում է գերմանական մշակույթի տարբեր ոլորտները՝ կերպարվեստ, կինո, թատրոն, երաժշտություն, ինչը բացառիկ առիթ է ընձեռում տվյալ ոլորտների հայ և գերմանացի արվեստագետներին՝ միմյանց ճանաչելու և մասնագիտական փորձի փոխանակման համար։
“Fear–Less–Hope․ Շրջանակելով ժամանակը» ցուցահանդեսը դիտարկում է վախն ու հույսը միաժամանակ, որոնք խորապես փոխկապակցված են իրար։ Դրանք առաջանում են ինչպես անցյալի վերաիմաստավորման, այնպես էլ հնարավոր ապագայի պատկերացման ընթացքում։ Դրանք ձևավորում են մեր ընկալումները, ուղղորդում մեր որոշումներն և առաջ բերում պատմություններ։ Այսպիսով, ներկան դառնում է մի տարածք, որտեղ վախն ու հույսը միաժամանակ տեսանելի և քննարկելի են։
Ֆիլմի, վիդեո ինստալացիայի միջոցով Վահրամ Աղասյանը, Գրետա Հարությունյանը, Անաս Քահալը և Յոհաննես Վայլանդտը ուսումնասիրում են, թե ինչպես են վախն ու հույսը փոխկապակցվում և շարժվում ժամանակի, սահմանների, ինչպես նաև հավաքական և անձնական փորձառությունների միջով, որտեղ մտերմությունն ու հեռավորությունը, հիշողությունն ու սպասումը, ճեղքումն ու վերականգնումը մշտապես հատվում են։
Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» Կենտրոնի, DELPHI_space Freiburg-ի և «ՀայԱրտ» Կենտրոնի կողմից կազմակերպված «Fear–Less–Hope․ Շրջանակելով ժամանակը» համատեղ ցուցահանդեսային նախագիծը համադրել են Եվա Խաչատրյանը, Կատարինա Գրյունը և Մարգարիտա Աուգուստինը։ Այն առաջին անգամ ներկայացվել է DELPHI_space Freiburg-ում 2025թ.-ի հոկտեմբերին և հանդիսանում է գերմանա-հայկական FEAR–LESS–HOPE երկխոսության մաս, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։






