Գրիգոր Գրիգորյան․ Գարնան ճահիճը
«Եվ ե՞րբ ես դարձա այսպիսին։ Կար ժամանակ՝ դրսում գարուն էր, և ես գիտեի, որ դրսում գարուն է։ Ոչ միայն գիտեի, այլև ամբողջ մարմնով զգում էի գարնան ներկայությունը․ երաժշտության սրնգե ելևէջները թրթռում էին արևի առաջին շողերի հետ, երակներումս գալարվող գնդիկներն ավելի խանդավառությամբ էին պարում, ու ես ծլկում էի տնից, թափառում առավոտից մինչև երեկո՝ շնչելով ծաղկող գույների, փայլող հույսերի, ծնվող կանաչի անուշ բույրը, մանկան պես պտտվում էի փոթորկոտ ոգևորության մեջ և ամբողջ հոգով մանրակրկիտորեն ապրում այդ գարունը․․. Իսկ հիմա՝ հասարակ, սովորական գարուններ, հոգսեր տեղափոխող ծանր ժամանակ, ոչինչ չբերող, ամենը տանող մաշված մի բեռնատար՝ խուլ ձմեռների և հուսախաբ ամառների արանքում։
Բայց ինչո՞ւ ես դարձա այսպիսին։ Ինքս ինձ դարձրի՞, թե՞ ոչինչ բաց չթողնելու, ամենուր լինելու ինքնահոս պարտադրանքն աստիճանաբար փոխեց ամեն ինչ։ Թերևս ես նույնիսկ չհասկացա, որ փոխվում եմ, չնկատեցի այդ տրանսֆորմացիայի ո՛չ ծիլերը, ո՛չ էլ արդեն ճյուղավորվող ամենահաս արմատների ճանկերը։ Ինձ հաճախ թվում է՝ ինչ-որ բան, ինչ-որ կարևոր բան բաց եմ թողնում ու անընդհատ շտապում եմ, վազում այդ թվացյալ բացի հետևից, որ հանկարծ այն դավադրաբար չշրջանցի ինձ, և ես տեսնեմ, զգամ այդ կորուստը մաշկիս վրա ու ափսոսեմ, որ ոչի՛նչ չեմ ձեռնարկել այդ հուսախաբությունը կանխելու համար։ Այս զգացողությունը գրեթե միշտ ինձ հետ է, բաց չի թողնում, ու ես մշտական անհանգստության մեջ եմ։ Ստիպված գործում եմ, ինձ հետ պատահած, ապրող ու շնչող երջանկությունն անտեսելով՝ անընդհատ ինձ գցում եմ ինչ-որ հոսքի մեջ, չեմ վայելում ապրած օրերի ոչ մի վայրկյանը․․․ նույնիսկ չեմ էլ փորձում․․․ արդեն չեմ էլ կարողանում, քանի որ այն մեղքի զգացողություն է ծնում, և սլանում եմ կայծակնային արագությամբ այդ թվացյալ բացը բացառելու, ինչ-որ բանով լցնելու համար։ Սակայն նույնիսկ այս դեպքում բավարարված չլինելու զգացողությունը չի լքում։ Այդ էլ քիչ է, ստիպում է ինձ անել ավելին՝ պատռվել մեջտեղից, ու վախը, այս պահին երջանիկ զգալու մեղավորությունից ծնված սարսափելի վախը, վերածվելով տագնապի, պարտադրում է ավելի արագ սուրալ մշուշոտ անիմացության խորքը։ Եվ ես հանձնել եմ ինձ անհանգստության այս հոսքին, սև թունելով գնում եմ առաջ, հուսալով՝ վերջապես հասնել փրկության լույսին։
Սակայն լույս չկա։ Այն չի երևում․․․
Ինչո՞ւ ինքս ինձ հանգիստ չեմ թողնում։ Ինչո՞ւ ես չեմ կարողանում հանդարտվել։ Ինչո՞ւ հանգստությունն ինձ միայն անհանգստություն է պատճառում, իսկ անհանգստությունը դարձել է հոգու սնունդ։ Ի՞նչն է ինձ ստիպում լինել խստապահանջ, դառնալ սեփական անձին բռնապետ ու բացառել որևէ այլ տարբերակ։ Հետևում թողնել մի ամբողջ աշխարհ, գունեղ մի աշխարհ ու խրվել լուռ մթության մեջ, թմրամոլի պես գերլարված ձգվել, հանկա՛րծ չշեղվել՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ, և խելակորույս վազել միա՛յն առաջ, միա՛յն դեպի ելք, միա՛յն դեպի վերջ․․․ Եվ գուցե մի օր, հասնելով վերջին, կարող եմ ինքս ինձ ասել, համոզել, խոստովանել, արդարացնել կամ մխիթարել, որ ինձ պարապուրդի չեմ մատնել, ամեն հնարավոր և անհնար բան ձեռնարկել եմ շարժումն ապահովելու համար․ և հավիտենական հրաժեշտից առաջ, մաքուր խղճով, առանց որևէ մեղքի զգացողության, լայն ժպիտը դեմքիս, վերջապես կարող եմ աչքերս անխռով փակել․․․ Փակել հանգիստ, փակել խաղաղ, փակել այնպես, ինչպես զգույշ փակում են կափարիչը՝ փոսն իջեցնելուց առաջ»։
Նա աննշան ժպտաց պահի դառնությանը և մոտեցավ կիսաբաց պատշգամբին։ Դեմ դիմաց խոյացած երկնաքերներից այն կողմ՝ հեռվում կախված բոսոր երկնքի տակ, օրվա իր վերջին շողերն էր արձակում Արագածի սպիտակ լանջին ննջող մայրամուտի արևը։
«Որքա՜ն գեղեցիկ է այս ամենը, որքա՜ն իրական է այս գեղեցկությունը…»։
Այդպես անշարժ կանգնեց մի քանի րոպե, մինչև արևի հրեղեն օղակն ամբողջությամբ թաքնվեց սարի հետևում։ Դանդաղ ու զգույշ քայլերով անցավ ճաշասենյակն ու մտավ ննջարան։ Լուռ էր ու խաղաղ, և Նա փորձում էր չխաթարել ննջասենյակի սև հանդարտությունը։ Կանգնեց մեծ մահճակալի դիմաց, երկար նայեց մթի մեջ արտացոլվող վարդագույն բարձին։ Մոտեցավ մահճակալին, մատները սահեցրեց սավանի երկայնքով, լայն բացեց ձեռնափն ու դրեց վարդագույն բարձի վրա։ Այնուհետև ձեռքը մոտեցրեց քթին, փակեց աչքերն ու փորձեց զգալ մատների բույրը։ Այդ պահին սենյակի անկյունից ինչ-որ ձայն լսվեց, և Նա, հիշելով, որ ննջարանում մենակ չէ, արագորեն մոտեցավ փոքրիկ մահճակալին։ Քնած երեխայի խոպոպները գրեթե ամբողջությամբ ծածկել էին նրա հրեշտակային դեմքը։ Հայրը փոքր-ինչ կռացավ, զգուշորեն ծնկեց մահճակալի կողքը ու լուռ նայեց փոքրիկին։ Ձեռքը տանելով խոպոպներին՝ մազերը թեթևակի հետ տարավ, և քնած աղջնակի դեմքը գրեթե ամբողջությամբ բացվեց Նրա առջև՝ լուսավորելով ննջասենյակի մռայլ դատարկությունը․․. Հոգին տիրեց մարմնին՝ նորից զգալով անցած գարունների մոգական բույրը․․․






