Ազդագիր

Հազվագյուտ գրքեր և ձեռագրեր են գնվել աճուրդից

Հազվագյուտ գրքեր և ձեռագրեր են գնվել աճուրդից

Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հազվագյուտ գրքեր և ձեռագրեր աճուրդից գնվել և նվիրաբերվել են «Կերոն» զարգացման հիմնադրամին «Wilco» ընկերության կողմից

Փարիզի Սամուելյան Արևելյան գրախանութի հազվագյուտ և արժեքավոր հավաքածուն, որն արդեն 95 տարի հանդիսանում է Փարիզի հայ համայնքի մշակութային կենտրոնը, 2025 թվականի հունիսի 11-ին աճուրդի էր հանվել:  

Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութը (Librairie Orientale Hrant Samuelian) հիմնադրվել է լրագրող և արևելագետ Հրանտ Սամուելյանի կողմից 1930 թվականին Փարիզի Լատինական թաղամասի կենտրոնում: Նրան հաջողվել էր գնել մեծ գրադարանի սեփականատեր, պոլսահայ Պալենցի հին գրքերի հավաքածուն։ Գրատունը համարվում է աշխարհի ամենաերկար գործող հայկական գրախանութներից մեկը և նշանավոր է իր հազվագյուտ ձեռագրերով, հին գրքերով և արժեքավոր նյութերով, որոնք ներկայացնում են հայկական մշակույթի և պատմության կարևորագույն դրվագներ։ Գրախանութը ղեկավարել են հիմնադիր Հրանտ Սամուելյանը մինչև իր մահը՝ 1977 թվականը, ապա նրա երեխաները՝ Արմեն Սամուելյանը և Ալիս Ասլանյանը։ Սակայն 2016 թվականին գրախանութը փակվել է, իսկ 2025 թվականին Սամուելյանի ժառանգները որոշում են աճուրդի հանել գրախանութում պահպանվող հազվագյուտ գրքերի և ձեռագրերի ամբողջ հավաքածուն, որը մեծ արժեք է ներկայացնում հայկական մշակույթի և պատմության համար։  

2025 թվականի հունիսի 11-ին Փարիզի աճուրդում հայտնվեցին այնպիսի արժեքավոր գրքեր և ձեռագրեր, ինչպիսիք են Մաշտոցի ծիսարանները, Գրիգոր Նարեկացու «Նարեկ. Գիրք Աղոթքից» 1782 և 1829 թվականների տպագիր օրինակները, հեքիմարաններ և տարբեր ժողովածուներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես հայ միջնադարյան մշակույթի, այնպես էլ ժողովրդական բժշկության ուսումնասիրության համար։ 

 «Wilco» կապիտալի կառավարման ընկերությանը, որը Հայաստանում գործում է 2002 թվականից, հաջողվել է մասնակցել աճուրդին և ձեռք բերել «Սամուելյան» գրախանութի հավաքածուից 17-19րդ դարերի 13 տպագիր գիրք և 5 բացառիկ ձեռագիր։ Դրանց թվում են՝  «Հայ- Վենետ կամ յառընչութիւնք հայոց և վենետաց»/ Ղևոնդ Ալիշան, 1896թ, Վենետիկ, Սուրբ Ղազար, «Պատմութիւն հայոց գաղթականութեան ի Լիվոռնոյ»/ Մեսրոպ Վարդապետ Ուղուրլեան, 1891թ, Վիեննա, Մխիթարյան տպարան, «Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»/ Հայր Վահան Պասմատյան, 1880թ, Էջմիածին, «Աստվածաշունչ»/ 1733թ, Վենետիկ, Անտոնիո Բորդոլիի տպարան ևն։