ԳիտաՆյութ ՄարզաԴիտակ Մարինե Թաթոյան

Թումանյանի հերոսների առեղծվածը

Թումանյանի հերոսների առեղծվածը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն ու գեղարվեստի աշխարհը Դսեղ գյուղն է` ձորերով շրջապատված հարթավայր կամ ժայռ` անդունդով եզերված։ Ոտք դնելով այս գյուղ, շփվելով Դսեղի` ավանդույթներով ու վարքուբարքով փոքր-ինչ ծանրացած և մի քիչ էլ ծանրախոս բնակիչների հետ՝ ակամայից Թումանյանին ես գտնում, որ այնպես է քննադատում Գիքորի հորը, Մարոյի ծնողներին, Անուշի եղբորը, գյուղական սնոտիապաշտությունը, մի բան անելու մղումը, զցացմունքներն ու հոգու ավերումը, ասես չի քննադատում, այլ սոսկ գեղագիտորեն  ներկայացնում է ընթերցողին։ Եվ հետաքրքիր է նաև Թումանյանի հերոսների և այժմյան դսեղցիների գրեթե չփոփոխված արժեհամակարգը։  Ցանկացա Մեծ լոռեցու հերոսներին բացահայտել։ Փաստորեն, բացարձակ իրական հերոսներ են Գիքորը, Մարոն, Լոռեցի Սաքոն և մասամբ էլ Անուշը։

    Գիքորի իրական նախատիպը Թումանյանի բարեկամներից է` Ստեփանը, որը իրականում ոչ թե Թիֆլիսում է մահացել, այլ հայրը իր հետ բերել է Դսեղ, և տանն է վախճանվել, իսկ բազազի կերպարը գրողը վերցրել է թիֆլիսյան իր ապրած միջավայրից, որտեղ բազազի (առևտրականի) տանը երեխաներին էր դասավանդում։

    Հաջորդ հերոսը` Մարոն, Անտոնյան Սաքոյի դուստրն է, որը զուռնաչի է եղել, մայրը Մանան Անտոնյանն է։ Ներկայիս գյուղի կենտրոնում, որն այն ժամանակ գյուղի ծայրամասն է եղել, շիրմաքարեր կան ու խաչքար։ Շիրմաքարերից մեկը Մարոյի մոր գերեզմանն է, կողքին Մարոն է թաղված, որը շիրմաքար չունի։ Պատմությունը ամբողջովին իրական է` բացի մի փաստից․ իրականում Մարոյի մայրը երեխային տարել թաքցրել է գոմում, և նա մսուրքում է մահացել։

    Իրական է նաև Լոռեցի Սաքոյի պատմությունը։ Նախատիպը Ռամազի Մաթոսն է, որն իրականում խելագարվել է։

     Անուշը պայմանական կերպար է, որը մասամբ է իրական։ Գյուղում «Անուշի քար» կոչվող ժայռ կա։ Ըստ պոեմի` Անուշը քարից ընկել է Դեբեդ գետը, մինչդեռ ժողովրդի մատնացույց արած քարից գետն ընկնել չէր կարող։ Սակայն իրական են աղջիկ փախցնելու, հարսանիքի, կոխ բռնելու, Վարդավառի և այլ ավանդույթներ, որոնք այժմ մասամբ են պահպանվել։

     Թումանյանի բնաշխարհում այժմ էլ քիչ չեն ուշագրավ դեպքերը, բայց ինչպես Հրանտ Մաթևոսյանն է ասել` Թումանյանն ամեն ինչ գրել է, նույնիսկ շան ու կատվի մասին է գրել։

Մարինե Թաթոյան