ԳրաԴաշտ ՄշակութաԳիծ

Լորկայի վերջին գիշերը

Լորկայի վերջին գիշերը

Լորկայի մահվան երեք վարկածները

1936 թվականին Ֆրանկոյի ռեժիմի կողմից գնդակահարված Ֆեդերիկո Գարսիա Լորկան իր մահից տարիներ առաջ գրել է մի քանի տող, որից ենթադրվում է, որ նա կանխազգացել էր իր սպանությունը։ Լորկայի մասունքներն այդպես էլ չհայտնաբերվեցին, սակայն կա վարկած, որ նա թաղված է Ալֆակարի և Վիզնարի (Գրանադա) միջակայքում, ինչ-որ անհայտ մի վայրում։

Երբ խորտակվեցին պատկերներն անբիծ
մարգարիտների «կրի-կրի» ձայնի տակ,
հասկացա, որ ինձ սպանել են․․․

Սրանք «Ինձ չգտան» բանաստեղծության առաջին տողերն են, որը Ֆեդերիկո Գարսիա Լորկան գրել է Նյու Յորքում, Կոլումբիայի համալսարանում ուսանելու ժամանակ։ Կային մարդիկ, որոնք ենթադրում էին, որ Լորկան կանխազգացումներ է ունեցել։ Ճշմարտությունն այն է, որ նա սպանվեց դրանից մոտավորապես հինգ տարի անց, երբ Իսպանիայում քաղաքացիական պատերազմը նոր էր սկսվել․․․ Մահվան հանգամանքները հայտնի են․ 1936 թվականի օգոստոսի 18-ին գրանադացի պոետը գնդակահարվեց  ֆրանկոյի ռեժիմի կողմից։ Նա միակը չէր, պոլիանացի հանրապետական ուսուցիչ Դիոսկորո Գալինդիոն և ցլամարտիկ Ֆրանցիսկո Գալադին նույնպես գնդակահարվեցին և թաղվեցին նույն օրը։

 Լորկան, Գալինդիոն և Գալադին վերջին գիշերը անց են կացրել Վիզնարի գաղութում՝ 1934 թվականին հանրապետականների կողմից երեխաների ամառային հանգստյան տուն ծառայած և երկու տարի անց բանտի վերածված վայրում, որտեղ ձերբակալված հանրապետականները սպասում էին իրենց վախճանին։

Վիզնարի գաղութը Գրանադայում

Հանրապետականների գնդակահարումը սկզբում իրականացվում էր Պուերտո Լոբոսում։ Ամռան կեսերին գնդակահարման վայրը Ալֆակարն էր, իսկ մեկ ամիս անց գործողությունները տեղափոխվեցին Վիզնարի կիրճ, որը, ըստ «Universo Lorca»-ի, համարվում է արյունոտ դարաշրջանի ամենասարսափելի վայրը։

Լորկայի վերջին գիշերը բանտում

Օգոստոսի 16-ի, 17-ի կամ 18-ի կեսգիշերին, Ֆեդերիկո Գարսիա Լորկան, հագին դատապարտյալի հանդերձանք, մի քանի բռնավորների հետ, բանտապահների ուղեկցությամբ տեղափոխվեց գաղութ: Օգոստոսի 18-ի առավոտյան  ընտանիքի սպասուհիներից մեկը՝ Անջելինա Կորդոբիլան, գնաց այնտեղ՝ Ֆեդերիկո Գարսիային մի թերմոս կաթ, տորտիլա, մի կտոր հաց, ծխախոտ և մի քանի թաշկինակ տանելու։ «Ես խնդրեցի տեսակցություն և որոշ ժամանակ համառելուց հետո ինձ թույլ տվեցին բարձրանալ նրա խուց: Ամեն ինչ հսկվում էր զինված մարդկանցով: Նրանք ստուգեցին իմ տարած իրերը,- պատմում է Կորդոբիլան։- Ես դրանք դրեցի սեղանին։ Խցում շատ քիչ բան կար՝ սեղան, թանաքաման, թուղթ և գրիչ: Ֆեդերիկը չէր գրում, ուտելու ցանկություն էլ չուներ․․․ Երբ 19-ի առավոտյան կրկին գնացի տեսակցության, ինձ ասացին, որ  Լորկան այլևս այնտեղ չէ․․․ Ես բարձրացա խուց՝ վերցնելու նրա իրերը։ Վարպետը ոչինչ չէր կերել․․․»։

Դա անդալուզյան բանաստեղծի վերջին գիշերն էր․․․

Չնայած պաշտոնապես ոչինչ հաստատված չէ, սակայն հանգամանքները վկայում են, որ Ֆեդերիկո Գարսիա Լորկան մահապատժի է ենթարկվել առավոտյան ժամը չորսի սահմաններում։ Այդ մասին Միգել Կաբալյերոն գրել է իր «Լորկայի կյանքի վերջին 13 ժամերը» ուսումնասիրության մեջ: Սակայն ինչու է նշվում հենց այդ ժամը: Փաստն այն է, որ պոետի մահը պաշտոնապես հաստատելու համար պատասխանատու Մարտինես Ֆահարդոն վաղ առավոտյան, ժամը հինգին, մեկնել է ճակատ: Կաբալյերոյի ուսումնասիրությունները նաև վկայում են, որ Գարսիա Լորկային և մյուս երկու դատապարտյալներին տեղափոխող մեքենան գաղութից  ուղղություն է վերցրել դեպի Ալֆակար, ապա ճանապարհի կեսին կանգ է առել և մեքենայի լուսարձակների լույսի ներքո, որպեսզի չվրիպի գնդակը, ֆալանգիստները նրանց գնդակահարել են:

Այս նույն ուսումնասիրությունում նշվում է, որ Լորկայի և մյուս դատապարտյալների մասունքները, որոնք մինչ այսօր չեն հայտնաբերվել, թաղված են Ալֆակարի տեքստիլ գործարանի ջրամբարի մոտակայքում, եղբայրական գերեզմանոցում։

Տասնյակ տարիներ անց՝ 2018 թվականին, Լորկայի հետ միաժամանակ մահապատժի ենթարկված դատապարտյալների արյունակիցները դիմել են Ազգային դատարան՝ խնդրելով կատարել իրենց հարազատների աճյունների արտաշիրիմում։ Եվ չնայած Լորկայի ընտանիքի՝ արտաշիրիմմանը դեմ լինելու հանգամանքին, պատմաբան Յան Գիբսոնը ժամանակին պաշտպանել է  իրավունքը իմանալու, թե արդյոք  բանաստեղծի մարմինը թաղված է այն վայրում, որտեղ, ենթադրաբար, գնդակահարվել է նա:

Գարսիա Լորկայի վերջին գիշերը գաղութում  ոչ վաղ անցյալում մարմնավորվեց «Անլուսին գիշեր» պիեսում, որի հեղիանակը և գլխավոր դերակատարը  Խուան Դիեգո Բոտտոն է, ռեժիսորը՝ Սերխիո Պերիս-Մենչետան: Անցյալ հունիսին Բոտտոն արժանացավ «Մաքսի» մրցանակի՝ թատրոնի լավագույն  դերասան անվանակարգում։ Նա ցանկանում էր նվիրել մրցանակը «բոլոր այն մարդկանց, որոնք դեռ հավատում են երկրում արդարության հաստատմանը»։

 «Գարսիա Լորկայի վերջին 13 ժամերը» ուսումնասիրության մեջ Կաբալյերոն հրապարակել է Լորկայի սպանությանը հավանական մասնակցություն ունեցած անձանց անունները, կամ առնվազն բոլոր նրանց, ովքեր ներկա են եղել պոետի գնդակահարությանը: Նրանք բոլորը Գրանադայի Ֆալանգայի «սև ջոկատի» անդամներ էին՝ կապիտան Մարիանո Ախենջո Մորենո, հրաձիգ Անտոնիո Բենավիդես, Սալվադոր Վարո Լեյվա, Խուան Խիմենես Կասկալես, Ֆերնանդո Կորեա Կարասկո, Անտոնիո Էրնանդես Մարտին և Մոլինա Ֆախարդո։

Գաղափարական կողմնորոշումն ու դրա մասին բարձրաձայնելը, թերևս, Լորկայի սպանության ամենահավանական վարկածն է։ Ի վերջո, հանրապետության դեմ ապստամբության ամենաթեժ պահին Լորկան Ժողովրդական ճակատի կողմնակիցն էր, գրանադացի սոցիալիստ Ֆերնանդես Դե Լոս Ռիոսի մտերիմ ընկերը և  հաճախ էր հանդես  գալիս սոցիալական անարդարության դեմ ելույթներով։

Լորկայի սպանությունը, սակայն, կապվում է ոչ միայն նրա հանրապետական գաղափարների, այլ նաև սեռական կողմնորոշման հետ։ «Երկու կրակ բացեցի նրա հետևից, որովհետև համասեռամոլ էր»: Այս խոսքերը վերագրվում են Խուան Լուիս Տրեսկաստրոյին, որը, ըստ Universo Lorca-ի, պարծեցել է Գրանադայի բարերից մեկում Լորկայի սպանությունից հետո։ Պոետի ընկերներից մեկը՝ Միգել Սերոնը, նշել է, որ Տրեսկաստրոն հպարտանում էր նրանով, որ հենց ինքն է «որոշիչ կրակոցը» հասցրել պոետին։ Սակայն Տրեսկաստրոյի մասնակցությունը Լորկայի մահվան մեջ ապացուցված չէ, և որոշ հետազոտողներ կասկածի տակ են առնում նրա պնդումները։

Լորկայի անձի շուրջ պտտվող ասեկոսեները միշտ չէ, որ բավարար հիմք ունեն, և բոլոր տվյալները չէ, որ համապատասխանում են իրականությանը։ Բայց բնական է, որ մեծ  աղմուկ պիտի հաներ մի քանի լրատվամիջոցների՝ Լորկայի համասեռամոլության մասին տարածած տեղեկությունները, և դա այն ժամանակահատվածում, երբ նույն սեռի հետ սիրային հարաբերությունները հետապնդվում էին։ Այն, որ Լորկան հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ, ապացուցված չէ, բայց միայն այդ կասկածը բավական էր՝ նրա կյանքին վերջ տալու համար։

Գարսիա Լորկայի մահվան մասին երեք հիմնական վարկածներից վերջինը նրա հնարավոր կապն է մասոնականության հետ. որոշ աղբյուրներ նշում են, որ նա եղել է «Ալհամբրա» կրոնական խմբավորման անդամ, որտեղ կրել է «Հոմեր» խորհրդանշական անունը։ Այդ աղբյուրները, սակայն, չունեն բավարար հիմք՝ հավաստի համարվելու համար։

 Ի վերջո, ինչու են շեշտվում Լորկայի սպանության այս երեք վարկածները․ Գրանադայի ոստիկանության գլխավոր շտաբի զեկույցներից մեկում կարելի է կարդալ պոետի մասին հետևյալ բնորոշումը․ «Ֆեդերիկո Գարսիա Լորկան սոցիալիստ և մասոն է, որին վերագրվում է համասեռամոլություն»։

Իսպաներենից թարգմանությունը՝ Շուշաննա Ալեքսանյանի

Նյութի աղբյուր՝ https://www.lasexta.com/noticias/cultura/ultima-noche-federico-garcia-lorca-que-mataron-poeta_2022081962ff4abd142d7b00018f0aea.html

Նյութը՝ մասնակի կրճատումներով և խմբագրումով