Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցը, որն արդեն ավելի քան կես դար հանդիսանում է մայրաքաղաքի կրթական կարևոր օջախներից մեկը, շարունակում է հավատարիմ մնալ գեղագիտական կրթության իր հարուստ ավանդույթներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Մշակութային տարվա» շրջանակներում դպրոցի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջև կնքված համագործակցության հուշագիրը տվել է իր հերթական ստեղծագործական արդյունքը: «Կապույտ թռչուն» ներկայացման հաջողությունից հետո, կողմերը հանրությանն են ներկայացրել նոր նախագիծ:

ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում կայացել է Պերճ Զեյթունցյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված «Մի՛ նայիր հայելուն» ներկայացման առաջնախաղը:
«Գեղեցիկն ու վեհը վերականգնելու միակ ճանապարհը սեփական հոգու մեջ նայելու քաջությունն է…»։ Այս խորհրդանշական գաղափարն էր ուղեկցում ողջ ներկայացումը՝ հանդիսատեսին մղելով ինքնաճանաչման, խղճի և մարդկային արժեքների վերաիմաստավորման։ Ներկայացման բեմադրիչը դպրոցի ԿԱԴԱՀ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ելենա Կարապետյանն է: Վերջինիս մասնագիտական վարպետության և ստեղծագործական նվիրումի շնորհիվ բեմում կենդանացել է մի աշխարհ, որտեղ մարդն առերեսվում է սեփական ճշմարտությանը, վախերին ու խղճին։

Ներկայացման հաջողության գլխավոր գրավականներից մեկը դերակատարների՝ դպրոցի սովորողների և շրջանավարտների անկեղծ ու պատասխանատու խաղն էր: Նրանց միասնականությունը հոգեբանական խորություն ու առանձնահատուկ հուզականություն հաղորդեցին բեմադրությանը:
Այս ստեղծագործական նախաձեռնության կայացման գործում անկյունաքարային էր դպրոցի տնօրեն Նաիրա Մանվելյանի մշտական աջակցությունն ու հետևողական վերաբերմունքը, ինչը ևս մեկ անգամ փաստում է կրթության և մշակույթի միավորման ուժի հանդեպ ունեցած մեծ հավատը:
Մշակութային այս իրադարձությունը համախմբել էր ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների: Հյուրերի շարքում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Սվաջյանը,
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մ. Խաչատրյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Ս. Նալբանդյանը, կրթության, մշակույթի և արվեստի ոլորտների ճանաչված գործիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մասնագետներ:

Այս բեմադրությունը դարձավ ԵԹԿՊԻ-ի և հ. 155 հիմնական դպրոցի արդյունավետ գործակցության հերթական վառ ապացույցը՝ վկայելով, որ կրթությունն ու մշակույթը համատեղ կարող են ձևավորել մտածող, ստեղծագործ և արժեքային ամուր համակարգ ունեցող սերունդ։






