Արմինե Սարգսյան Երաժշտություն

«Հիմա այդ երաժշտությունն ապրում է աշխարհով մեկ»

18.02.2020

Հայաստան – Ֆրանսիա – Բելգիա. կյանքի ու ստեղծագործության այս երթուղին անցած կոմ­պո­զի­տոր, դաշ­նա­կա­հար, երգ­չու­հի, դե­րա­սա­նու­հի Նառա Նոյանը ներկայանում է երևանյան հերթական համերգով: Վայրը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Խորագիրը՝ «Ֆրանսիական շանսոնի էլեգանտ երեկո»: Ծրագրում՝ Շառլ Ազնավուր, Էդիթ Պիաֆ, Միշել Լեգռան, Սալվատորե Ադամո, Իվ Մոնտան, Ժակ Բրել, Բարբարա, Ջո Դասեն, Ժաննա Բլբուլյան և Նառա Նոյան:
Նառա Նոյանը ե­լույթ է ու­նե­նա­լու Նաի­րա Մա­նու­չա­րյա­նի հետ։ Մի քա­նի հե­ղի­նա­կա­յին երգ կներ­կա­յաց­նի երգչուհու մայրը՝ Ժաննա Բլբուլյանը: Ձևա­չա­փը ՝ դաշ­նա­մուր և ձայն: Համերգը տեղի կունենա փետր­վա­րի 22-ին՝ ժա­մը 20:00-ին:

Հայկական,  այնուհետև ֆրանսիական հայտնի երգերով օտարերկրյա հանդիսատեսի սիրտը գերած երգչուհին իր կյանքի ճանապարհին հանդիպել է Շառլ Ազնավուրին: ardi.am-ին նա պատմեց, իր իսկ բնորոշմամբ, այդ  հրաշք պատմությունը:

Հրաշք պահեր եմ ապրել: Երբ պետք է թողարկվեր իմ  հինգերորդ ալբոմը, որն այդպես էլ կոչվում էր՝ «N հինգ», ես մտադիր չէի այնտեղ ընդգրկել Ազնավուրի, Բրելի և մյուս հայտնիների երգերը: Վախենում էի,  մտա­ծում, որ ֆրան­սե­րենն իմ մայ­րե­նին չէ, և չեմ կա­րող մա­տու­ցել այն­պես, ինչ­պես դա կա­նեն լեզ­վի կրող­նե­րը: Սակայն  ընկերներս լսել էին՝ ինչպես եմ կատարում այդ երգերը, և հոր­դո­րեցին Ազ­նա­վու­րի հրա­տա­րակ­չու­թյանն ու­ղար­կե­լ ձայ­նագ­րու­թյուն­նե­րս: Ես  կարող էի համերգների ժամանակ երգել, Youtube-ում տեղադրել այդ երգերը, բայց ալբոմում ներառելու համար թույլտվություն էր պետք:
Ազնավուրը լսել էր բոլոր ձայնագրություններն ու հավանել: Ինձ տեղեկացրեցին,  որ կարող եմ ալբոմում ներառել երգերս՝ պայմանով, որ գործիքավորումը չպետք է իմ անունով լինի: 2013 թվականն էր:

2016-ին  Շառլ Ազնավուրը համերգ էր տալիս Բրյուսելում (հիմա ես Բելգիայում եմ ապրում)  ու ինձ հրավիրել էր իր համերգին` որպես VIP հյուր, ինչը հնարավորություն էր տալիս համերգից հետո կուլիսներում հանդիպելու նրան: Ես այնքան երջանիկ էի: Նա ինձ համար շարժիչ ուժ էր. երբ օտար երկրում դժվարություններ էի ունենում, հիշում էի Ազնավուրին, նրա հզոր կամքը, նրա օրինակը ու մտածում, որ պիտի հաղթահարեմ: Համերգից հետո գնում եմ կուլիս ու տեսնում՝ մի ծեր պապիկ է գալիս դեպի ինձ: Երկու ժամ համերգ տված երիտասարդ տղամարդը անճանեչելիորեն փոխվել էր, հազիվ էր քարշ տալիս ոտքերը, քայլում էր տղայի՝ Նիկոլայի ուղեկցությամբ:  Ես ցնցված էի:
Մոտեցավ, ներկայացա, ասաց՝ ուրախ է, որ եկել եմ համերգին, հարցրեց՝ հայերեն չե՞մ խոսում, ասացի՝ իհարկե, խոսում եմ: Ու սկսեցինք հայերեն զրուցել: Հետո Նիկոլային ասաց, որ բերի իմ ալբոմը, և խնդրեց ինքնագիր թողնել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ էի զգում: Գիտե՞ք՝ մարդկային ի՜նչ դաս է դա: Մի քանի վայրկյանից ուշքի եկա, հասկացա, որ երազ չէ: Ազնավուրն ինձ ասաց. «Չփոխվեք, մնացեք այն արտիստը, որ կաք»: Այդ հանդիպումից հետո ես ասացի՝ այսօր կարող եմ մեռնել…

Երազանքներիցս մեկն էր շանսոնիեի հետ երգ ձայնագրելը,  բայց  արդեն ուշ էր: Դրանից հետո նա հիվանդացավ, համերգները հետաձգվեցին …. չստացվեց:
Նրա «Hier Encore» երգի իմ կատարումը  չորս միլիոնից ավելի դիտում ունի համացանցում: Այդ երաժշտությունը հնչում է ֆիլմերում: Գործիքավորումն իմ անունով չէ, բայց դա ինձ ամենևին չի մտահոգում: Որովհետև հնարավորություն եմ ունեցել կատարել, ընդգրկել ալբոմում. դա այնպիսի՜ նվեր է, հիմա այդ երաժշտությունն ապրում է աշխարհով մեկ:

Նառա Նոյանը կատարում է հինգ երգ  Ազնավուրի երգացանկից՝ Hier Encore, La bohème, La mamma, l’amour c’est comme un jour, Quand tu m’aimes (Երբ սիրում ես ինձ):

Երգչուհու երգացանկում 500-ից ավելի երգեր կան, որոնցիցի 350-ը հե­ղի­նա­կա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ են՝ դա­սա­կան, շան­սոն, Word Music և այլ ժան­րե­րում (այդ թվում՝ կի­նո­յի հա­մար գր­ված ե­րաժշ­տու­թյուն):

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply