ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Աննը Ֆրանկ, Հետնատունը (հատված գրքից)

17.03.2020

Սկսել եմ պաշտել այն ամենը, ինչ բնություն է: Գուցե դրա պատճառն այս երկար ժամանակն է, ինչ չեմ կարողացել քիթս խոթել դրսի մաքուր օդի մեջ: Ես շատ լավ հիշում եմ, որ առաջ ջինջ ու կապույտ երկինքը, ծլվլող ծիտիկները, լուսնի ճառագայթներն ու բացված ծաղիկներն ի զորու չէին երկար ժամանակով գրավել իմ ուշադրությունը: Այստեղ ես փոխվել եմ այդ առումով: Հոգեգալստի օրվա երեկոյան, օրինակ, երբ շատ շոգ էր, աչքերս բռնությամբ բաց եմ պահել, որ ժամը տասնմեկն անց կեսին գնամ բաց պատուհանի մոտ ու գոնե մեկ անգամ մենակ և ուշադրությամբ ուսումնասիրեմ լուսինը: Ցավոք, այս ինքնազոհաբերությունը զուր անցավ, քանի որ լուսինը շատ լույս էր սփռում, ինչի պատճառով պատուհանը բացելու վտանգը շատ մեծ էր: Ուրիշ անգամ՝ մի քանի ամիս առաջ, պատահաբար վերևի հարկում էի, երբ երեկոյան պատուհանը բաց էր: Այնքան ժամանակ մնացի վերևում, որքան մեզ թույլ էր տրված պատուհանը բաց թողնել: Ինձ գերել էին մութ ու անձրևոտ երեկոն, փոթորիկը, սուրող ամպերը… Մեկ և կես տարուց հետո առաջին անգամ նորից դեմ առ դեմ հանդիպել էի գիշերվան: Այդ երեկոյից ի վեր՝ նույնը կրկին տեսնելու ցանկությունս ավելի մեծ էր, քան վախերս գողերից, առնետներով լի մութ տնից կամ խուզարկումներից: Մեն-մենակ իջնում էի ներքև ու դուրս նայում առանձնասենյակի կամ խոհանոցի լուսամուտներից: Շատերն են սիրում բնությունը, շատերը երբեմն բաց երկնքի տակ են քնում, շատերը բանտում կամ հիվանդանոցում անհամբեր սպասում են այն օրվան, երբ կկարողանան կրկին ազատության մեջ վայելել բնությունը, սակայն քչերն իրենց ցանկության հետ մեզ պես առանձնացված ու մեկուսացված են այն ամենից, որ հավասարապես պատկանում է և՛ աղքատներին, և՛ հարուստներին:

Այն գաղափարը, որ երկինքը, ամպերը, լուսինն ու աստղերը տեսնելն ինձ դարձնում է հանգիստ ու սպասողական, երևակայություն չէ: Շատ ավելի լավ դեղամիջոց է, քան կատվախոտը կամ բրոմը. բնության դիմաց ինձ զգում եմ փոքր և պատրաստ քաջաբար դիմանալու կյանքի բոլոր հարվածներին:

Ճակատագիրը որոշել է, որ ես իրավունք ունեմ միայն փոշու հաստ շերտով ու կեղտոտ վարագույրներով ծածկված լուսամուտներով նայել բնությանը: Այդպես նայելը հաճույք չի պատճառում: Բնությունը միակ բանն է, որին սուռոգատով փոխարինել հնարավոր չէ:

***

Այս ժամանակների ամենադժվար խնդիրն այն է, որ բոլոր իդեալները, երազանքներն ու գեղեցիկ սպասումները ստեղծվելու պահին արդեն ցնցվում ու ոչնչացվում են ամենադաժան իրականության պատճառով: Իրոք, մեծ հրաշք է, որ ես դեն չեմ շպրտել իմ բոլոր հույսերը, որոնք թվում են անհեթեթ ու անիրագործելի: Ամենով հանդերձ՝ ես կառչում եմ դրանցից, քանի որ դեռ հավատում եմ մարդկանց ներքին բարությանը: Ինձ համար բացարձակապես անհնար է աշխարհայացք կառուցել մահի, արհավիրքի ու քաոսի հիմքով: Տեսնում եմ, թե ինչպես է աշխարհը գնալով վերածվում անապատի, լսում եմ, թե ինչպես է գնալով ավելի ծանր որոտում այն ամպրոպը, որը մեզ էլ է սպանելու, ես էլ զգում եմ միլիոնավոր մարդկանց տառապանքները, բայց և այնպես, երբ նայում եմ երկնքին, համոզված եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը, որ այս դաժանությունն էլ վերջ կունենա, որ նորից կլինի անդորր ու խաղաղություն աշխարհի կարգում: Եվ մինչ այդ պիտի ապահով պահեմ իմ գաղափարները. միգուցե դեռ գալո՜ւ է այն ժամանակը, երբ իրագործելի կլինեն:

Հոլանդերենից թարգմանությունը՝ Աննա Մարիա Մատտաարի
Լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը
Գիրքը կարող եք ձեռք բերել գրախանութներից

No Comments

Leave a Reply