ՄշակութաԳիծ Թատրոն

Կյանք ու թատրոն

01.08.2019

Երվանդ Ղազանչյանն այլևս մեզ հետ չէ: ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կյանքից հեռացավ 2019 թվականի հուլիսի 30-ին, 82 տարեկան հասակում:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ, 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):
ardi.am-ը «թերթել է» անվանի արվեստագետի հետ տարբեր տարիներն արված զրույցներն ու առանձնացնել նրա մտքերից մի քանիսը: Հայաստանում ամեն թատերաշրջանում ծնվում է 50 ներկայացում, սակայն հինգ տող անգամ չի գրվում դրանց մասին: Ժամանակը գա, մարդիկ կասեն՝ այս տարիներին թատրոն չի եղել:

Մենք  Օստրովսկի ենք խաղում, Շեքսպիր, բայց գերակշռող մասը պետք է լինի հայ դասական և ժամանակակից դրամատուրգիա, ուրիշ կերպ հայ թատրոն կոչվել չես կարող:

Չորս կողմս երիտասարդներ են, և ես խոստացել եմ դառնալ իրենց երդվյալ ասիստենտը: Եթե չկարողանամ օգնել, հաստատ չեմ խանգարի:

Կենդանի շփումը զարմանալի բան ունի իր մեջ, դա ոչնչով հնարավոր չէ փոխարինել: Մտածեք՝ ինչո՞ւ են թատրոնի և եկեղեցու բեմերը մի մետր բարձր: Որովհետև այդտեղից ոչ թե քարոզում, այլ հուշում են մարդկանց, թե ինչ արժեքներով պիտի ապրեն:

Ես երկրի համար ամենակարևոր խնդիրը համարում եմ մշակույթը: Չգիտեմ՝ երկրորդ այդպիսի ազգ գոյություն ունի՞, որ իր դժվար օրերին բարձրանա լեռան գագաթը, 40 օր կռվի, ու էդ 40 օրվա ընթացքում դաս անի տեր հայրը, որպեսզի երեխաներն ուսումից հետ չմնան:

Երիտասարդներն արդարացնում են իմ գոյությունը: Ուրախ եմ, որ դեռ կան մարդիկ, որոնք թատրոնին խելագարի պես նվիրված են:

Ռեժիսորներին, հատկապես՝ երիտասարդներին հորդորում եմ մի քիչ զբաղվել ռեժիսորությամբ… Ես ուրախանում եմ, որ շատ պիեսներ նրանց (ռեժիսորների)  ձեռքը չեն ընկնում, որովհետև այդ պիեսներից ոչինչ չի մնա:

Մեր թատրոնի խաղացանկում 28 անուն ներկայացումից 16-ը հայ ժամանակակից հեղինակների են, որովհետև հայ մարդն ուզում է տեսնել իրեն, իր բարեկամին, իր հարևանին, իր սիրուհուն, իր փողոցի մարդկանց, իր շրջապատը: Եվ պատահական չէ, որ այդ պիեսների հիման վրա ստեղծված ներկայացումները 10-15 տարի մեր խաղացանկում են ու մինչև հիմա հետաքրքրում են հանդիսատեսին:

Իմ ճակատագիրն անծիված է. առավոտյան մտնում եմ թատրոն, երեկոյան ուշ՝ գնում տուն: Ընտանիքով զբաղվելու համար երբեք ժամանակ չի գտնվել:

Քանի կար Գալյան, իր վրա էր վերցրել ամեն հոգս: Իսկ ես աշխատում եմ տանը, ընտանիքում քիչ գործ անել, որպեսզի չսխալվեմ: Հիմնականում թատրոնում եմ:

Լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության կայք-էջից

No Comments

Leave a Reply