ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո գործող գրադարանները կազմավորվեցին, սկսեցին գործել միասնական նախագծերի շրջանակում՝ «Մնա տանը գիրք կարդա», «Գրադարանը քո տանը»: Ստեղծված իրավիճակին ինչպե՞ս են արձագանքել համայնքային գրադարանները: Թեմայի շուրջ զրուցել ենք Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հետ:
— Ջերմուկի քաղաքային
գրադարանը կարողացա՞վ այս կամ այն կերպ պահել կապը ընթերցողի
հետ:
— Ջերմուկի քաղաքային գրադարանը դադարեցրել է ընթերցողների սպասարկումը և գրադարանային
մնացյալ աշխատանքները: Աշխատակիցները ժամանակավորապես գտնվում են հարկադիր պարապուրդում:
Ես համոզված եմ, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և չի բերի ընթերցողների հետ կապի
խզման: Նախ՝ նրանցից յուրաքանչյուրի մոտ գրադարանից վերցրած գիրք կա և այն պետք է վերադարձնել:
Երկրորդ՝ այս օրերին հեռավար կարգով աշխատում ենք նոր գրքեր ընտրելու և ձեռք բերելու
ուղղությամբ: Արդեն ունենք ընտրված գրքերի ցանկ «Անտարես» և «Արևիկ» հրատարակչություններից:
Առաջիկայում ձեռք բերված նոր գրքերի մասին մեր ընթերցողները կտեղեկանան գրադարանի կայք
և ՖԲ էջերից:
— Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել գրադարանն այս օրերին:
— Խնդիրներ, որպես այդպիսիք, չկան: Սպասում ենք գրադարանի բնականոն աշխատանքի վերսկսմանը:
— Այս պարագայում կարևորվեցին էլկետրոնային և աուդիո գրքերը:
— Այո, համացանցի ընձեռած հնարավորություններից յուրաքանչյուրը կարող է օգտվել և օգտվում է, այդ թվում՝ նաև ես:
— Գրադարաններն այս առումով որքանո՞վ են զինված, ի՞նչ հնարավորություններ ունեն:
— Գրադարանը ժամանակավորապես չի գործում. «Մնա տանը» կարգախոսը գրադարանի աշխատողներին էլ է վերաբերում:
— Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նոր ծրագրեր, նոր մարտավարություն թելադրել:
— Գրադարանի առաքելությունը ընթերցողի հետ անմիջական կապն է. գիրք տալ-ստանալը այս վիճակում հնարավոր չէ իրականացնել: Համացանցի հնարավորություններից յուրաքանչյուրը օգտվում է անհատապես, այս պարագայում հարկադիր պարապուրդում գտնվող գրադարանի աշխատակցի ներկայությունը դժվար է պատկերացնել: Առանձին ընթերցողներ իրենց հետաքրքրող հարցերի մասին, ինչպես նաև խորհրդատվություն ստանալու համար կապվում են աշխատակիցների հետ ՖԲ նամականիով կամ հեռախոսով:
— Ի՞նչ առաջնահերթ քայեր են իրականացվելու գրադարանում՝ արտակարգ իրավիճակի ավարտից հետո:
— Առաջին հերթին ընթերցողներին պետք է խնդրենք վերադարձնել գրադարանի՝ իրենց մոտ գտնվող գրքերը: Հրատարակչություններից նոր ձեռք բերված գրքերը պետք է անցնեն գրադարանային հաշվառման ու մշակման փուլով, ապա պետք է լուսաբանվեն՝ իրազեկման ու ազդարարման հնարավոր միջոցներով:
Հեռավար զրույցը՝ Տաթև Խաչատրյանի
No Comments