«Նռան հատիկները», «Հերոսներ», «Վիշապ Նեսին», «Թզուկ Մզուկ» «Քաչալ ոզնին», «Թագավորն ու վիշապը»… Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, արվեստաբան, մանկագիր Նունե Սարգսյանը քսանից ավելի գրքերի հեղինակ է, որոնք հրատարակվել են հայերեն (նաև՝ արևմտահայերեն, հայկական բարբառներով), անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ուզբեկերեն: Նունե Սարգսյանի՝ մանկական գրքերի աշխարհում սպասվող նորությունների, գրքի հմայքի, մարդ-բնություն փոխհարաբերության և առհասարակ, մանուկների աշխարհի մասին է մեր զրույցը սիրված մանկագրի հետ:
— Գրել սկսել եք ուսանողական տարիների՞ց, հետաքրքիր է՝ ձեռագրային տարբերություն կա՞: Ի՞նչն է ոգևորում, ստեղծագործության աղբյուր դառնում երիտասարդ տարիքում, ի՞նչը՝ հասուն տարիքում:
— Գրել սկսել եմ յոթ տարեկանից, դեռ դպրոցի գրական խմբակից։ Ստեղծագործել եմ երիտասարդության տարիներին, ստեղծագործում եմ մինչև հիմա, ընդ որում՝ ոչ միայն մանուկների համար։ Գրելաոճի տարբերություն, իհարկե, եղել է ամեն տարիքում։ Միշտ կարդացել եմ տարբեր հեղինակների գործեր, ուսումնասիրել և հետազոտել ոչ միայն կյանքը և մարդ արարածին, այլև թե ինչ է կատարվում արվեստում, գիտության և քաղաքականության մեջ։ Եվ դա արել եմ այն նպատակով, որ միշտ նույն ոճով նույն բանի մասին չգրեմ։
— Կա՞ն մանկական գործեր, որ ծնվել են Ձեր երեխաների կամ թոռնիկների հետ երկխոսության արդյունքում:
— «Թզուկ Մզուկ» հեքիաթը, որն այժմ պատրաստվում է բեմադրության Երևանի խամաճիկների պետական թատրոնում, իմ գիշերային հեքիաթասացությունների արդյունքն է։ Բայց ավելի նշանակալի է «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» հոյակապ գիրքը, որը ստեղծվել է իմ թոռնիկ Սավաննայի հետ համագործակցությամբ։ Նա ոչ միայն վեց տարեկան հասակում կատարել է նկարազարդումները, այլև, երեք տարեկանից սկսած, աշխուժորեն ինձ հետ միասին հորինել է արկածներ ու պատմություններ՝ կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին։ Գիրքը 2019 թվականին հրատարակեց «Զանգակ» հրատարակչությունը՝ անգլերեն և հայերեն։
— Հաճախ գրողների կերտած կերպարները հանդիպում են տարբեր գործերում: Ընթերցողին դա գրավում է, մանավանդ եթե սիրված կերպար է: Ձեր գործերում կա՞ նման փոխկապակցվածություն՝ ընդհանուր գիծ, կերպարներ, որոնց կյանքը այս կամ այն կերպ շարունակվում է տարբեր գործերում:
— Իմ ստեղծագործություններում մի գրքից մյուսը կերպարների շարունակելիություն չկա։ Ամեն ստեղծագործություն ունի իր հերոսը կամ հերոսները։ Սակայն մոտ ապագայում որոշ գրքեր կունենան երկրորդ մաս կամ կդառնան եռագրություն։ Օրինակ՝ հենց այս պահին թոռնիկիս՝ Սավաննայի հետ աշխատում ենք ձեզ հայտնի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի երկրորդ մասի վրա։
— Մեկուսացումով պայմանավորված՝ պարտադիր դարձավ աշխատանքի, շփման, ընթերցելու էլեկտրոնային տարբերակը: Կարծում եք՝ կա՞ տարբերություն, թե ինչ կրիչով ես կարդում գրական ստեղծագործությունը: Եվ կա՞ հստակ պատասխան՝ ինչո՞ւ է այսքան անփոխարինելի տպագիր, թերթվող, հոտ ու որոշակի ձև ունեցող գիրքը:
— Գիրքը երբեք չի կորցնի իր հմայքը։ Մանավանդ՝ մանկական գիրքը։ Զարմանալի չէ, որ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում, երբ էլեկտրոնային տեքստը սկսեց նախընտրելի դառնալ մեծահասակ շատ ընթերցողների համար, մանկական գրքի շուկան, ընդհակառակը, ավելի հզորացավ։ Ծնողներն ուզում են, որ իրենց երեխաները գրքեր կարդան, գրքի նկարները նայեն, գիրքը շոշափեն, թերթեն, խաղան, քնելիս դնեն իրենց կողքին։ Կարդալու ձևն անհատական է և կախված է անհատից։ Ինձ համար ընթերցանության բոլոր տեսակի կրիչները մատչելի են և կիրառելի։ Սիրում եմ բոլորը՝ թե՛ գիրքը, թե՛ համակարգիչը և թե՛ աուդիո գիրքը։
— «Զանգակ» հրատարակչություւնը վերջերս լույս է ընծայել Ձեր «Կախարդական կոճակներ» գիրքը՝ Սադափ Դարզի անունով անվախ աղջկա մասին: Գրքում ասվում է. «Սադափը, ճիշտ է, փոքրիկ էր, բայց նա սովորաբար ուզում էր օգնել բոլորին և փրկել ամբողջ աշխարհը»: Փոքր հասակում երեխաներին հնարավոր են թվում հրաշքները: Խոսքը սրա՞ մասին է, թե՞, որ աշխարհի փրկությունը հենց մանուկների մեջ է:
— Մեծ ու փոքր երեխաները երբեմն այնքան շատ էներգիա ունեն, որ, այո՛, կարծում են, թե կարող են փրկել կամ փոխել աշխարհը։ Եվ բոլոր արգելքները նրանց թվում են հաղթահարելի։ Իմ թոռնիկները վրդովվում են, որ մարդիկ աղտոտում են բնությունը։ Եվ ուզում են հիմա՛, հե՛նց հիմա փոխվի մարդ-բնություն փոխհարաբերությունը։ Վստահ եմ՝ երբ իմ թոռնիկները և իրենց սերունդը մեծանան, կփոխեն աշխարհը։ Փրկությունը ապագայի մեջ է։ Սակայն շատ ավելի լավ կլինի, որ իմ սերունդը՝ մենք, փրկենք, շտկենք, լավացնենք աշխարհը և հանձնենք մեր երեխաներին ու նրանց երեխաներին։
— Անիմատորների ուշադրությունը չե՞ն գրավում մանկական գրքերը: Շատ հաճախ հենց կինոն է ապահովում գրական գործի հայտնիությունը: Ի՞նչ պետք է անել՝ կապը ստեղծելու համար: Գուցե գրո՞ղը գտնի ռեժիսորին, կամ լինեն ծրագրեր՝ ուղղված նման համագործակցություններին:
— Իմ դեպքում անիմացիա կամ ֆիլմ պատրաստելն առաջնային չէ։ Մի քանի անգամ առաջարկել են, բայց ուրախ չեմ եղել։ Կսպասեմ՝ մինչև ճիշտ ընկերություններ հետաքրքրվեն։
— Մանկական լավ գիրքն անպայման գրավում է նաև մեծահասակ ընթերցողին: Ինչո՞վ եք սա բացատրում: Ստացվում է մանկական գրականությունը և՛ մեծահասկաների, և՛ փոքրահասակների՞ համար է:
— Միևնույն է, մեզնից յուրաքանչյուրի մեջ մանուկ է ապրում։ Այո՛, լավ մանկական գրականությունն ունի երկար կյանք և կարդացվում է թե՛ մեծերի և թե՛ փոքրերի կողմից։
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
No Comments