Ardi.am-ի՝ «Հենրիկ Սիրավյանը 65 տարեկան էր, երբ բացվեց նրա առաջին և, կյանքի օրոք, վերջին ցուցահանդեսը» վերտառությամբ հոդվածում կա անդրադարձ Հենրիկ Սիրավյանի որմնանկարների պահպանության խնդրին։ Անվանի արվեստագետի որդին՝ նկարիչ Գագիկ Սիրավյանը, իր մտահգությունն էր հայտնում, մասնավորապես, Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի անմխիթար վիճակի մասին։ Շենքը վթարային է, որմնանկարը անձրևից ոչնչանում է, քայքայվում, Գագիկ Սիրավյանն ահազանգում է՝ մինչև անդրադառնան այս խնդրին, հուշարձանը կարող է էլ չլինել։
Համեմատաբար «բարվոք» վիճակում է Հենրիկ Սիրավյանի՝ Հայաստանի երաժշտական ընկերության ճեմասրահում գտնվող «Հայ ժողովրդական երգի տոն, ծաղկի տոն» որմնանկարը, բայց այս որմնանկարը նույնպես ունի խնդիրներ՝ վերականգման ու պահպանման հետ կապված:
ԿԳՄՍ նախարարությունից փորձեցինք պարզել՝ տեղյա՞կ են խնդրին, և ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու, մասնավորապես, Բջնիի որմնանկարի մասով։ Մեր հարցերին պատասխանեց ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի պաշտոնակատար Հարություն Վանյանը: Նա նշեց, որ Սիրավյանների ընտանիքը դիմել է նախարարություն՝ պարզելու, թե նշված որմնանկարներն ընդգրկվա՞ծ են որմնանկարների դիտանցման ծրագրում, ինչպես և խնդրել միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար: «Բջնիում գտնվող որմնանկարը անցյալ տարի նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել։ ՀՀ կառավարությանըԿԳՄՍՆ-ի ներկայացված ծրագրի շրջանակում նախատեսվում է դիտանցում (մոնիթորինգ) իրականացնել՝ պարզելու համար առավել վտանգված որմնանկարների ցանկը, բայց իրականում այդ մոնիթորինգը Սիրավյանների ընտանիքի պատկերացրած փրկությունը չէ։ Պետական միջոցներով հուշարձանների վերականգնման համար տրամադրվող գումարն ու վթարային, արագ միջամտության կարիք ունեցող հուշարձանների թիվը անհամեմատելի են։ Այս գումարով կարողանում ենք վերականգնել հուշարձանների մի փոքր տոկոսը, տարվա ընթացքում՝ մոտ 10 հուշարձան, այն էլ՝ երբեմն մասնակի»,- ասաց Հ. Վանյանը։
Ի՞նչ է ենթադրում Կառավարության քննարկմանը ներկայացված ծրագիրը։ Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների դիտանցման» ծրագրով նախատեսվում է հստակեցնել և գնահատել որմնանկարների պահպանության, վերականգնման, փաստավավերագրման, ամրակայման խնդիրները: Խոսքը շուրջ 150 որմնանկարի (այդ թվում՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեցող կամ արժևորման փուլում գտնվող) մասին է, որոնց ցանկը կազմել է նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ծրագրի հաստատումից հետո՝ սկսած 2021 թվականից, կանցկացվի մոնիթորինգ՝ յուրաքանչյուր որմնանկարի ներկա վիճակը պարզելու և առավել վտանգված որմնանկարների ցանկը կազմելու նպատակով։ Եթե ծրագիրը չհաստատվի, տեղային, մասնակի լուծումներ պետք է գտնեն՝ արդեն ոչ թե՝ 150, այլ առանձին որմնանկարների մասով:
Այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել՝ «Պատմություն և ներկան» որմնանկարի խնդրի լուծումն ինչ է ենթադրում՝ շենքի վերանորոգո՞ւմ, թե՞ որմնանկարի տեղափոխում։
Հարություն Վանյանն ընդգծեց, որ լավ է, եթե հնարավորություն կա իրականացնելու շենքի վերանորոգումը. ցանկալի է՝ հուշարձանի սկզբնական դիրքը չխախտել, այն չտեղափոխել, քանի որ տեղափոխումը ծայրահեղ միջոց է, որը կիրառվում է հուշարձանի ֆիզիկական փրկությունն ապահովելու համար։ Մինասի որմնանկարների օրինակով գիտենք, որ խնդրի լուծման այդ տարբերակը որոշակի դժգոհությունների տեղիք է տալիս։
«Ո՞վ պետք է իրականացնի շենքային պայմանների բարելավման գործը»,- հարցրինք մեր զրուցակցին։
«Այստեղ շատ կարևոր է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն օժանդակեն, որովհետև, ըստ Հուշարձանների մասին օրենքի 11-րդ հոդվածի, նրանց իրավասության մեջ է նաև, սահմանված կարգով, տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների կազմակերպումը։ Երբեմն համայանքները, ունենալով կա՛մ համայնքի բարերաների օժանդակությամբ, կա՛մ բնակիչների կազմակերպած հանգանակությամբ հավաքված գումար, դիմում են նախարարություն, ներկայացնում վերականգնման նախագիծ։ Նախարարության թույլտվությունից հետո համայնքային միջոցներով հուշարձանների վերկանգնման հաջողված փորձեր ունենք»,- ասաց Հ․ Վանյանը։
Հետաքրքրվեցինք նաև Հենրիկ Սիրավյանի՝ Հայաստանի գրողների տան նախագահության ճեմասրահում գտնվող «Հայաստան» եռապատկեր որմնանկարի կարգավիճակի մասին։ Վերջինս հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, բայց գրողների տունը հուշարձան է։ Մեր զրուցակիցը բացատրեց, որ եթե շենքը հուշարձան է, որմնանկարը համարվում է շենքի բաղադրիչը, այսինքն՝ ինքնաբերաբար ունի հուշարձանի կարգավիճակ, եթե նույնիսկ առանձնացված չէ՝ որպես ենթահուշարձան։ Օրինակ՝ եթե տեղական նշանակության հուշարձան-շենքի մի պատուհան ուզենան փոխել, էլ չասենք՝ որմնանկար, դրա համար պետական կառավարման տարածքային մարմնի թույլտվությունն է պետք, որը տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա: Իսկ եթե հուշարձանը հանրապետական նշանակության է, հարցը լուծվում է կառավարության որոշմամբ։
Արմինե Սարգսյան
«Պատմություն և ներկան» որմնանկարի լուսանկարները՝ Գագիկ Սիրավյանի
Հ․Գ․ Նախարարությունը ներկայումս բանակցում է համայնքապետարանի հետ՝ Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկան» որմնանկարին առնչվող խնդրի լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար։ Նույն խնդրով ամիսներ առաջ դարձյալ դիմել են համայնքապետարան, սակայն գործը որևէ ընթացք չի ստացել։
No Comments