Օգոստոսի մեկին կտրվի «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի մեկնարկը։ Ներկայացումները անցկացվելու են բացօթյա տարածքներում, ինչպես նաև հեռարձակվելու են առցանց ձևաչափով։ Ի թիվս այլ մոնոներկայացումների՝ թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու ամերիկացի կատակերգակ դերասան Ռոբ Բեքերի հանրահայտ «Քարանձավի մարդը» պիեսի համանուն բեմադրությունը։ Հանդիպման վայրը «Թիվ 15» սրճարանն է։ Օրն ու ժամը՝ օգոստոսի 9-ը, ժամը 20։00-ն։ Մոնոներկայացմամբ հանդես է գալու Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանը։
****
«Հետո՞ ինչ, որ մի հոգի է խաղում, կամ դեկորներ չկան»
Նարեկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Քարանձավի մարդը» հայտնի պիես է, նույնիսկ Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել․ Բրոդվեյում բեմադրված ամենաերկարակյաց մոնոներկայացումն է։ Թարգմանվել է ավելի քան 30 լեզվով և բեմադրվել աշխարհի շուրջ 45 երկրում։
— Ի՞նչ ժանրում է պիեսը։
— Սթենդափ ժանրում է, բայց, այսպես ասած, ավելի ինտելեկտուալ սթենդափ է, դրամատուրգիա ունի։ Հիմքում տղամարդ-կին հարաբերություններն են։ Քարի դարից մինչ օրս ոչինչ չի փոխվել․ փոխհարաբերության ձևերն են գուցե փոխվել, բայց մարդու էությունը մնացել է նույնը։ Հեղինակը՝ Ռոբ Բեքերը, ընտանեկան հոգեբան է եղել։ Պիեսը կառուցել է իր աշխատանքային գործունեության ընթացքում հավաքած տեղեկատվության հիման վրա։
— Ո՞վ է բեմադրիչը։
— Տաթև Ղազարյանն է։
— Առաջին անգա՞մ եք մոնոներկայացմամբ հանդես գալիս։
— Ո՛չ, խաղացել եմ «ՀամլետMachin» մոնոներկայացումը։ Ես դրամատիկ թատրոնի դերասան եմ։ Սթենդափի ժանրը նոր է ինձ համար։ Այդ առումով զգացողություն ունեմ, որ առաջին անգամ է։
— Մոնոներկայացումը բա՞րդ է՝ տեխնիկայի, մատուցման, ասելիքը տեղ հասցնելու առումով։
— Մի կողմից բարդ է, մյուս կողմից իր առավելություններն ունի։ Բարդ է այն առումով, որ մենակ ես բեմում, քեզ օգնող կամ փրկող չկա որևէ բարդ պահի։ Ամբողջ պատասխանատվությունը քո ուսերին է։ Լավ է այն առումով, որ խանգարող չկա։ Իրականում շատ հետաքրքիր ժանր է և հատկապես այս շրջանում ավելի մեծ պահանջարկ ունի։
— Նպատակահարմարությունից ելնելով՝ երևի թե կշատանան մոնոներկայացումները։
— Արդեն իսկ բավականին շատ են։ Փառատոնի շրջանակում մոտ 20 ներկայացում է ցուցադրվելու։
— Միջազգային փառատոների մասնակցելու նպատակ ունե՞ք։
— Տեսնենք՝ ինչ արձագանք կգտնի․․․ Սա սկիզբն է։ Չեմ ուզում կանխագուշակել, որ ամեն բան փայլուն է լինելու, թեև չեմ էլ թերագնահատի։
— Սրճարանային, բացօթյա տարածքում ներկայանալուն ինչպե՞ս եք վերաբերվում։
— Անկեղծ ասած՝ անսովոր բան կա՝ նաև այդ առումով։ Ավելի բարդ և հետաքրքիր է դառնում ընթացքը։
— Կարծում եք՝ մարդիկ հեռացե՞լ են թատրոնից, թե՝ կարոտել։
— Բարդ հարց է, միակողմանի պատասխան չեմ կարող տալ։ Կարծում եմ, իրականում, կարոտել են, բայց գուցե վախենան առողջությունը վտանգել։ Թեև, որ տեսնում եմ փողոցները, սրճարանները ինչքան բազմամարդ են․․․ կարծես այդ վախն էլ է անցել։ Ինձ թվում՝ ժամանակն է, որ թատրոնները վերսկսեն աշխատանքը։
— Մոնոներկացումը պահանջվա՞ծ ժանր է։
— Հարցը լավ կամ վատ ներկայացումն է։ Եթե մոնո է ու լավ ներկայացում է, պահանջարկ ունենում է։ Ուղղակի հիմա սովորություն կա մոնոներկայացում անել՝ անելու համար։ Մոնոներկայացմանն էլ պետք է վերաբերվել որպես լուրջ, մոնումենտալ ներկայացման, հետո՞ ինչ, որ մի հոգի է խաղում, կամ դեկորներ չկան։ Իրականում շատ ավելի լուրջ ժանր է, քան դրան վերաբերվում են (խոսքը թատրոնի մարդկանց մասին է)։
— Նարե՛կ, դուք Տավուշի Բերդ քաղաքից եք։ Սահմանամերձ շրջաններում մշակույթի պահանջարկի ու կարևորության մասին ի՞նչ կասեք։
-Տարածված կարծիք կա, որ սահմանամերձ շրրջաներում, առհասարակ գյուղերում հեռու են մշակույթից, արվեստից։ Ընդհակառակը՝ այնտեղ շատ ավելի մեծ է կարիքն ու պահանջարկը, քան մեծ քաղաքներում։ Պետք է հնարավորություն ընձեռել՝ դիտելու այն արժեքավորը, որ կա մայրաքաղաքում։ Ես առաջին անգամ ներկայացում եմ նայել 17 տարեկանում, երբ եկել եմ ընդունվելու ինստիտուտ։ Այսինքն՝ մինչ այդ Բերդում ներկայացումներ չեն ցուցադրվել։ Գուցե էլի լինեին երիտասարդներ, որ առնչվելով թատրոնին՝ ընտրեին դերասանի, ռեժիսորի մասնագիտությունը։
— «Քարանձավի մարդը» Ձեր հայրենի քաղաքում խաղալու մտադրություն ունե՞ք։
— Մտադրություն կարող է լինել, բայց քանի ձմերուկը չենք կտրել, գույնը չգիտենք, ոչինչ չեմ կարող ասել։
*****
«Ամենաշատը կարոտել եմ մարդկանց աչքերին հանգիստ խղճով նայելուն»
Համազգային պետական թատրոնի դերասան Տաթև Ղազարյանին խնդրեցինք պատմել «Քարանձավի մարդը» պիեսի շրջանակում Նարեկ Բաղդասարյանի հետ համագործակցության մասի։
— Համագործակցություն բառն ավելի ճիշտ է, ես մասնագիտությամբ ռեժիսոր չեմ։ Նարեկն այն արտիստներից է, որի հետ աշխատելով՝ ավելի շատ սովորում ես նրանից թե՛ բեմում՝ որպես դերասան, թե՛ այս նախագծի շրջանակում՝ որպես «բեմադրիչ»։ Իրականում, «Քարանձավի մարդը» մինչ արտակարգ իրավիճակը պետք է ներկայացնեինք փոքր դահլիճում՝ իբրև թատերականացված ընթերցանություն։ Նարեկի հետ աշխատում էինք տեքստի վրա։ Բայց համավարակով պայմանավորված՝ հետաձգվեցին այդ տեսակի բոլոր ներկայացումները։ Եվ որոշեցինք ներկայացնել «Արմմոնո» փառատոնում՝ իբրև մոնոներկայացում։
— Նույն ներկայացման դեպքում, եթե խաղում է Նարեկը կամ մեկ այլ դերասան, ասելիքը փոխվո՞ւմ է։ Այստեղ կարևոր է մատուցմա՞ն ձևը։
— Մատուցումը, իհարկե, շատ կարևոր է։ Նույն ներկայացումը կարող է տարբեր լինել՝ կախված նրանից, թե ռեժիսորը, դերասանը ինչն են ուզում շեշտադրել, ինչի մասին են ուզում ավելի սուր խոսել կամ ավելի հումորով։ Գուցե մեկն էլ որոշի որպես տրագիֆարս բեմադրել այս պիեսը։ Կախված է մոտեցումից։ Մենք փորձել ենք առավելագույնս պահել դրամատուրգի առաջ քաշած կանոնները։ Լինելու է կատակերգություն, որպեսզի հանդիսատեսը կարողանա ծիծաղել։ Դրա կարիքը հիմա շատ ունենք։ Այս ներկայացման մեջ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ տեսնելու են իրենք իրենց։ Հետո անպայման մտածելու տեղիք է տալու։ Եթե նրանց կյանքում, հարաբերություններում մի բան փոխվի դեպի լավը, մենք մեր առաքելությունը կհամարենք հաջողած։ Հավելեմ, որ «Քարանձավի մարդը» աշխարհում մեծ տարածում ունեցող և սիրված պիես է։ Թարգմանիչը ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանն է, որը միշտ հետաքրքիր պիեսներ է գտնում-թարգմանում։
-Համավարակի հետևանքով փոխվե՞լ է դերասանների մոտեցումը, խաղը։
— Փոխվել է այն առումով, որ ծարավ ենք աշխատանքի։ Մինչ համավարակը ասում էինք՝ երբ ենք հանձնելու այս ներկայացումը, մի քիչ հանգստանաք, հոգնել ենք թե՛ իրարից, թե՛ թատրոնից։ Փաստորեն, խոսքն ուժ ունի (Ծիծաղում է- Ա․ Ս․), ինչքան հնարավոր է՝ հանգստացանք, հիմա ծարավ ենք ներկայացում խաղալուն։ Փորձեր անում ենք՝ չիմանալով անգամ՝ երբ կներկայացվի։ Բայց այն փաստը, որ կամաց-կամաց վերադառնում են աշխատանքի, արդեն իսկ մեզ երջանկացնում է։
— Կյանքը դրամատիկ է դարձել, ամեն ինչին ուրիշ կերպ ենք նայում։ Ողջագուրվելը, ձեռքսեղմումն անգամ երազանք են դարձել։ Գուցե դերասանի խաղո՞ւմ էլ այդ տրամադրություններն արտահայտվեն։
— Պետք է աշխատենք, որ այդպես չլինի, որովհետև, ինչպես նշեցի, մարդիկ կարիք ունեն լիցքաթավելու։ Վերջերս մեկին ասում էի՝ ամենաշատը կարոտել եմ մարդկանց աչքերին հանգիստ խղճով նայելուն, որ չմտածեմ՝ տեսնես ի՞նքն է վարակակիր, թե՞ ես եմ վարակակիր։ Մտածում էի՝ մի ժամանակ դերասաններն էին դիմակներով ներկայանում, հիմա հանդիսատեսն է լինելու դիմակներով։ Ինչևէ, դերասանը ճկուն մասնագիտություների թվին է դասվում, պետք է ամեն ինչ անենք այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել։ Մենք չպետք է մեր խաղով, մեր պիեսների ընտրությամբ անընդհատ հիշեցնենք համավարակի մասին։ Բժիշկները մարդկանց կյանքերն են փրկում, դերասաններն էլ պետք է փորձեն մարդկանց հոգեպես օգնել, ուրախություն պարգևել։
— Հանդիսատեսը, սակայն, փոքրաթիվ է լինելու՝ դատելով ներկայացման վայրից։
-Եթե հաջողություն ունենա, մենք բացօթյա տարածքներում, սրճարաններում կշարունակենք ներկայացնել այն։
— Հուսանք՝ մարզեր էլ կգնաք։
— Մենք այն թատրոներից ենք, որ հաճախ է լինում մարզերում։ Այս դեպքում էլ, ինչո՞ւ ոչ, կարելի է վերցնել մի փոքրիկ ճամպրուկ ու ճամփորդել մարզերում, տեսնել՝ ճանապարհն ուր կտանի։ Բայց դեռ պետք է ներկայացումը խաղալ։ Որքան էլ մենք կողքից նայում ենք, շտկումներ անում, վերջնական ֆիլտրողը հանդիսատեսն է։ Հանդիսատեսի արձագանքից հետո նոր միայն վստահ ու հպարտորեն կանենք մեր հաջորդ քայլերը։
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments