ՄշակութաԳիծ ԳիտաՆյութ Դավիթ Սամվելյան

Աստղագիտություն և պոեզիա

07.08.2019

Ներածական խոսք

Մահկանացու եմ ես և գիտեմ, որ ծնվել եմ մեկ օրով։ 
Բայց երբ հաճույքով հետևում եմ աստղերի
հոծ բազմության շրջանաձև ընթացքին,
ոտքերս դադարում են երկրին դիպչելուց։
Պտղոմեոս, Ք. Ա. 150թ.

Չնայած այն հանգամանքին, որ առաջին հայացքից աստղագիտությունն ու պոեզիան պրակտիկորեն երկու տարբեր ոլորտներ են, բանաստեղծների ու աստղագետների միջև, այնուամենայնիվ, գոյություն ունի կապ, յուրօրինակ նմանություն։ Նրանք երկուսն էլ առաջնորդվում են բացահայտելու ցանկությամբ ու միավորված են՝ հանուն բացահայտման հիացմունքի։ 

16-րդ դարի վերջի գերմանացի աստղագետ Յոհաննես Կեպլերը, ով հանդիսանում էր աստղադիտակի ստեղծողը, գրել է. «Ճանապարհները, որոնցով մարդիկ հասնում են տիեզերական գիտելիքին, հազվադեպ կարող են ավելի քիչ հրաշալի լինել, քան հենց այդ իրերի բնույթը»։ Իսկ կա՞ արդյոք հիացմունքի մեջ սավառնելու ավելի լավ տարբերակ, քան պոեզիան։

Ինչպես անթիվ ֆիլմերում, գրքերում, հեռուստահաղորդումներում, խաղերում, նկարներում, քանդակներում, այնպես էլ պոեզիայում առկա են հղումներ տիեզերքին:

Բանաստեղծները ոգեշնչվում են աստղագիտությամբ այնպես, ինչպես բնության մնացյալ երևույթներով ու մասերով։ Պատմության ողջ ընթացքում պոեզիան ներառել է անթիվ հղումներ տիեզերքի գեղեցկությանը, ռիթմին, ներդաշնակությանը և քաոսին։ Պոեզիայում աստղագիտական օբյեկտներն ու երևույթները կարող են անձնավորվել կամ նկարագրվել իրական մանրամասներով։ 

Կոսմիզմի (տիեզերաբանության) գաղափարները ինչպես հնում, այսօր ևս բավականին լայն ու տարբեր տարածում ունեն՝ սկսած գիտական տերմինների սովորական օգտագործումից տարբեր ոլորտներում (օրինակ՝ մոգության, գուշակության մեջ) մինչև լուրջ գիտական գաղափարների զարգացում: Իհարկե, դժվար է պոեզիայի կենդանի շունչը համադրել գիտության չոր սահմանումների հետ, բայց իրական պոետը կարողանում է յուրահատուկ կերպով բանաձևել գիտական բարդ գաղափարները: Նույնպես և իրական գիտնականը պետք է կարողանա իր ուսումնասիրած բնության մեջ տեսնել պոետիկ բովանդակություն: Աստղագետները դա կարող են առավել, քան մնացածը՝ այն պարզ պատճառով, որ իրենց ուսումնասիրության առարկան հանդիսանում է «ամենաբարձր» և «ամենակատարյալ» աշխարհը, որը նրանց տալիս է մեծ ու բազմաթիվ էմոցիոնալ լիցքեր:

Այժմ փորձենք հակիրճ ներկայացնել տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր ազգերի պոետների մոտ աստղագիտական տարրերի և երևույթների առկայությունն ու դրսևորումները:

1. Հին Հռոմ և Հունաստան

Աստղերը լի են առասպելներով, քանզի պատմության մեջ ամեն մի քաղաքակրթություն ստեղծել է եզակի մշակութային կապ գիշերային երկնքի հետ։

Երկնքի գեղեցկությամբ ոգեշնչված պոեզիան գալիս է ավելի քան երկու հազար տարի առաջվանից և արդի է մինչ այժմ։ Գիտության զարգացումը հանգեցրել է ոչ միայն գիտելիքի, այլ նաև գեղեցկության ու հիացմունքի աճին, որը բանաստեղծներին տվել է նոր առարկաների, կոնցեպտների ու թեմաների վրա աշխատելու հնարավորություն։

Մարդկանց առաջնային անհրաժեշտություններից է տարածության մեջ կողմնորոշումը, որը պետք էր խաշնարած ու ծովագնաց ցեղերին, որոնք ապրում էին մերձծովյա հատվածներում, իսկ հողագործ ազգերի համար անհրաժեշտություն էր աստղագիտական գիտելիքներով իրենց ցանքսի ու առօրյա գործունեության ընթացքում ժամանակի հաշվարկների որոշումը:

«Առաջին անգամ ծովագնացը կոչեց ու հաշվեց լուսատուները,

Հիադայի ու Պլեադի աստղերն ու փայլող Արկտուր Լիկաոնը:

Եվ մենք, որպես նավաստիներ ՝ նավարկող տուն,

Որ փոթորկահույզ անդունդներով են լողում,

Ծովը Պոնտոս և նեղուցը Աբիդոսյան անցնելով՝

պիտ հետևենք աստղաբույլին Արկտուրի, 

հայտնվելուն Այծի և պայծառ Օձի»:

Պուբլիոս Վերգիլիոս, Գեորգիկաներ, մ.թ.ա. I դար (թարգմ.՝ Դ.Սամվելյան):

Բերված օրինակներն ընդամենը աստղագիտության զարգացման սկզբի պոետիկ վերակազմություն են: Ինչպես արդեն ասվեց, հին ժամանակներում մարդկանց պատկերացումներն աշխարհի մասին առասպելների միջոցով էին արտահայտվում, որոնք էլ բանաստեղծական ձևով փոխանցվում էին սերնդեսերունդ՝ գուսանների միջոցով: Հոմերոսի «Ոդիսականում» և «Իլիականում» մենք գտնում ենք նմանատիպ օրինակներ.

«Ուրախությամբ Ոդիսևսը առագաստը լարեց և համընթաց քամուն

Վստահվելով, լողաց։ Նստած նավախելին և հզոր ձեռքով

Ղեկը պտտելով՝ նա արթուն էր, քունը վրա չէր իջնում նրա

Աչերին և այն չէր կտրում Պլեադներից, ուշ վար իջնող

Ծովի դարպասներից, Արջից՝ մարդկանց մոտ դեռ Կառք անունը կրող,

Օրիոնի մոտ միշտ իր շրջանն անող և Օվկիանի ջրերում երբեք չլողալով»: 

Հոմերոս, Ոդիսական, մ.թ.ա. VII դար:

Այս հատվածում մենք տեսնում ենք մի ճշգրիտ ուղղորդող քարտեզ, որով դժվար չէ իմանալ, թե որտեղ ու երբ է նավարկել Ոդիսևսը: Այստեղ Հոմերոսը նաև ընդգծում է, որ ցածր կուլմինացիայում Մեծ Արջի համաստեղությունը հասնում է օվկիանոսին, բայց չի կորչում, չի ընկղմվում դրա մեջ: 

Օրվա ժամերի հաշվարկի մասին բավականին շատ տեղեկություն է հաղորդում մ.թ.ա. IXդ. պոետ Հեսիոդոսը՝ իր «Աշխատանք և օրեր» պոեմում: Ահա դրանցից մեկը.

«Ահա երկնքում Սիրիուսն Օրիոնի կողքին բարձրացավ,

Արևածագն էլ սկսեց անթաքույց տեսնել Արկտուրին,

Պերսևս, կտիր ու ողկույզները հասած խաղողի դու քո տուն տար»:

Հնում մարդիկ, օգնություն փնտրելով իրենց աստվածների մոտ, առավել հաճախ նայում էին երկնքին: Այդ պատճառով է, որ անտիկ պոեզիայում հաճախ ենք հանդիպում աստրոնոմիկ ատրիբուտների: Ահա մի օրինակ անտիկ բանաստղծուհի Սափոյի լիրիկական գործից.

«Բարձրացան իմ Պլեադները,

իսկ ես մենակ եմ, մենակ եմ անկողնում, 

Ես մենակ եմ իմ մահճում…» (թարգմ.՝ Դ.Սամվելյան):

Այստեղ Պլեադները հանդիսանում են ժամանակի չափման միավոր ու հերոսուհուն հոգեհարազատ էակներ, որոնց հեղինակն առաքում է իր թախիծը:

Նմանատիպ օրինակները բազում են, սակայն փորձենք սահմանափակվել վերոնշյալներով և նշենք, որ աստղագիտական պոեզիայի օրինակներն այլ ազգերի մոտ ևս քիչ չեն, հույներից ու հռոմեացիներից բացի, դրանք ամենավառն արտահայտվել են չինացիների և պարսիկների մոտ այն պարզ պատճառով, որ նրանց մոտ ևս զարգացած է եղել աստղագիտությունը՝ առավելապես վաղ միջնադարում:

Ահա մեկ օրինակ VIII դ. չինացի պոետ Դու Ֆուի «Կեսգիշեր» ստեղծագործությունից.

«Հարյուր ոտնաչափ բարձրության աշտարակում

Կեսգիշերին պատկերապատ պատուհանների մոտ եմ թափառում,

Ջրերի վրայով գիսաստղն է անցնում

Եվ լուսինն է թույլ առկայծում,

Որքան հեռու է այն գտնվում…» (թարգմ.՝ Դ.Սամվելյան):

Արևելյան աստղագիտության և պոեզիայի մեջ իր ուրույն և մեծ տեղն է գրավում XI-XII դդ. պարսիկ աստղագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա և պոետ Օմար Խայամը, որ որպես պոետ՝ նոր ուղղություն է մտցրել պարսկական գրականության մեջ՝ գրելով ռուբայինները, և այդ քառատողերում փորձել է ցույց տալ աստղաբույլ երկնքի ազդեցությունը մարդկանց կյանքերի վրա:

«Կյանքը կանցնի և այն դատաստանի առաջ չի կանգնի,

Իշխանությունն ու փառքը տեսիլք են առանց սեր ու գինի,

Մեզանից հետո երկնքում իրար փոխարնել կշարունակի

Կեռ մահիկը, կիսալուսինն ու լուսինը թագուհի…» (թարգմ.՝ Դ.Սամվելյան):

2. Ռուսական և արևմտայան պոեզիա

Ռուսական և արևմտյան պոեզիայում, ինչպես ամենուր, առկա են աստղագիտական տերմինալոգիայի և աստղագիտական երևույթների ավելի սիմվոլիկ ու համեմատական առումով օգտագործված ստեղծագործություններ, բայց կան նաև այնպիսիք, որտեղ տրվում են կոնկրետ երևույթների ու մարմինների նկարագրություններ: Հատկանշական է ռուս պոետ Ն. Գումիլյովի «Օտար երկինք» ժողովածուն, իսկ «Երկնքում» բանաստղծության մեջ նշվում է, որ մարդկային երևակայությունը տարբեր կենդանիներ, թռչուններ ու առարկաներ է դրել երկնքում, որոնցից ամեն մեկի հետ կապված է մի լեգենդ ու պատմություն: 

«Ցույց տուր Արջին, երկինք, քո հսկա Շանը:

Նա պինդ բռնել է իր ատամներով, ուժեղ է ու խորամանկ, բայց նաև անձնազոհ,

Նա անհիշելի ժամանակներից չարություն է հասցրել արջերին:

Նա չի կարող փրկվել ոչ մի տեղ և կսատկի վերջապես,

Որպեսզի երկնքում հանգիստ արածեն և Այծը, և Խոյը, և Ցուլը»:

Ամեն տարի՝ օգոստոս ամսին, երկնքում նկատվում է աստղային անձրև, որն իր արտահայտումն է գտել Մ. Ցվետաևայի բանաստեղծությունում.

«Ուշացած համբույրների,

Ուշացած վարդերի ու կայծակների

Աստղային անձրևների օգոստոս,

Ամիս աստղային հեղեղների…» (թարգմ.՝ Դ.Սամվելյան):

Հետաքրքիր համեմատական ունի Վ. Մայակովսկին՝ իր կնոջ և երկնքի մասին.

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԻՄ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

«Անհայտ ծովերի հեռավոր ափով

Անցնում է լուսինը —

Իմ կինը:

Իմ շիկահեր սիրուհին:

Իր կառքի ետևից, թափով

Ձգվում է համաստեղությունների երփներանգ ամբոխը»:

Արևմտյան պոեզիայում իրենց աստղագիտական իմացություններով ու աստղագիտական երևույթների նկարագրություններով աչքի են ընկնում Ռոբերտ Ֆրոսթը և Էդգար Ալան Պոն:

19դ. վերջի և 20-րդ դ. սկզբի ամերիկացի բանաստեղծ Ռ. Ֆրոսթը վաղ հասակից էր գրում բանաստեղծություններ ու աշխատում էր իր ֆերմայում։ Նա միշտ էլ մնում է որպես ֆերմեր, որը բնության կիրքը փառաբանող ու մարդկային կյանքը բնությանը վերադարձնող երգիչ էր։ Ֆրոստի բանաստեղծական հերոսը` նյուհեմփշիրցի ֆերմերը, իր հորթերով, կենաց ծառերով ու մութ անտառներով ճամփա ընկնող կոսմիկ մի գիտակցություն է։ 

Հաճախ պարզվում է, որ Ֆրոսթի նույնիսկ ամենապարզ բանաստեղծության մեջ կա ինչ-որ խորը ու կարևոր ակնարկ։ Օրինակ՝ իր «Canis Major» (Մեծ Շուն) ստեղծագործության մեջ առաջին հայացքից թվում է, թե պարզ և կոնկրետ նկարագրված  է համաստեղության շարժը դեպի արևմուտք ողջ գիշերային երկնքում, բայց պարզվում է, որ այն ավելին է։ Առանձին բառերի ուշադիր լինելով՝ նկատելի է, որ Ֆրոսթը ստիպում է ընթերցողին խորհել մարդու և Տիեզերքի բարդ հարաբերության մասին։ Պոեմն արտաքնապես բավականին պարզ ու կոնկրետ է։ Պատմողը նստած է ողջ գիշեր ու հետևում է երկնքում Canis Major համաստեղության՝ դեպի արևմուտք ճամփորդությանը։ Ի դեպ, Canis Major-ը, լատիներենից թարգմանած, նշանակում է Մեծ Շուն, հետևաբար այն կոչել «Մեծն Գերշուն, Երկնային Հրեշ մի աչքը աստղ» բոլորովին զարմանալի չէ։ Ու եթե մեկը նայի համաստեղության սխեմային, ապա կտեսնի, որ մի պայծառ աստղ համաստեղության եռանկունաձև «գլխում» պետք է որ աչքը լինի։ Ինչպես նաև այդպիսի սխեմաներում երևում է, որ համաստեղությունը կարելի է պատկերացնել որպես հետևի ոտքերի վրա պարող շուն, որը շարունակում է պարել «դեպի արևմուտք, և երբեք չի կանգնում դիմացի ոտքերի վրա, որ հանգստանա»։

Պատմողը երբեմն զգում է իրեն «խեղճ անհաջողակ (underdog, բառախաղ)», բայց ինչ-որ բան գիշերային երկնքում պարող մեծ շան մեջ գրավում է նրա ուշադրությունը, ու այդպես նա նայում է ողջ գիշեր, կամ այն 5-6 ժամը, որը հարկավոր է Canis Major-ին տեղաշարժվել արևելքից արևմուտք։ Վերջիվերջո, Canis Major-ին գիշերային երկնքում նկատելը շատ հեշտ է, քանզի այն իր կրծքավանդակում պարունակում է Սիրիուսը` երկնքի ամենապայծառ աստղը մեր դիտակետից։

Ֆրոսթին են պատկանում բազմաթիվ այլ աստղագիտական թեմաներով բանաստեղծություններ, որոնցից են «Արջը», «Լուսնի անկախությունը», «Ծերունու ձմեռային գիշերը», «Երկնքում կորածը»:

Ինչ վերաբերում է Պոյին, ապա նա ուներ քիչ հայտնի տեսակետ` արտահայտված գիտության մասին իր մտորումներում։ Իր վերջին «Էվրիկա» պատմվածք-բանաստեղծության մեջ, որը հրատարակվել է 1848-ին` իր մահից մեկ տարի առաջ, Պոն անդրադարձել է տիեզերքի մասին իր որոշ տեսակետներին։ 

Իր ստեղծագործության մեջ Պոն նկարագրել է բազմաբնույթ, անսահման տիեզերքի պատկերը` լցված կարգավորված ատոմներից բաղկացած անթիվ աստղերով։ Ըստ նկարագրության` նախնական ձուն կոտրվել է և վերածվել զարմանալիորեն բազմաբնույթ տիեզերքի։ 

Պոյի ժամանակաշրջանում հետաքրքիր գլուխկոտրուկ կար` առաջարկված Գերմանացի աստղագետ Հենրիխ Վիլհելմ Օլբերսի կողմից։ Հարցն այն էր, թե ինչու է գիշերը երկինքը մութ։ Եթե ենթադրենք, որ տիեզերքը անսահման հին է և անսահման մեծ, ապա Օլբերսն ասում էր, որ եթե ցանկացած կետ վերցնենք երկրից ու գիծ տանենք դեպի երկինք, ապա անպայման այն կհատի որևէ աստղի, որից էլ լույսի ճառագայթները պետք է հասնեին երկիր, հետևաբար նույնիսկ գիշերը պետք է լիներ լուսավոր։

Այդ գլուխկոտրուկի շուրջ Պոն արտահայտել է հետևյալ տեսակետը. «Եթե աստղերի հաջորդականությունը լիներ անսահման, ապա երկնքի ֆոնը կլիներ միաձև լույս, չէր լինի ներկայիս տիեզերքի նման, չէր լինի մթություն, չէր երևա որևէ կետ, հետևաբար գոյություն չէին ունենա աստղերը։

Միակ տարբերակը, որի դեպքում դա հնարավոր է, այն է, որ երբ նայում ենք հեռադիտակով, ապա տեսնում ենք տարածություն, որտեղ աստղերի ճառագայթները ԴԵՌԵՎՍ չեն հասել»։

Այսինքն՝ Պոն գիտեր, որ լույսի արագությունը հաշվելի էր, այսինքն անմիջապես չէր տարածվում, և որոշ ժամանակ էր պետք դրա տարածման համար։ Իսկ քանի որ տեսականորեն անսահման է տիեզերքը, ու հեռավորությունը աստղերից կարող է անվերջ մեծ լինել, ապա աստղերի լույսը երկրին կարող է հասնել մի քանի տարում։ 

Ելնելով այդ սկզբունքից՝ Պոն նաև նշել է, որ այն աստղերի լույսը, որը տեսնում ենք հիմա, կարող է գալ անցյալից։ Այսինքն դա հին աստղերից է գալիս։ Իսկ քանի որ մենք տեսնում ենք նաև մթություն, ապա ինչ-որ ժամանակ առաջ չի եղել լույս, հետևաբար նաև՝ աստղեր։ 

Այդպիսով, Պոն բացատրել է, որ Տիեզերքը անսահմանորեն հին չէ, այլ առաջացել է որոշակի ժամանակ առաջ։

Ահա նաև Պոյի ևս մեկ բանաստեղծություն, որտեղ նա արծարծել է երկնքի թեմատիկան:

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՍՏՂ

«Ամառն եկավ, ու աստղերն են սփրթնած

Եվ հալվում են լուսնի կեսգիշերային փայլում 

Աղախին մոլորակները լուսնին ենթակարկված,

Եվ նրա լույսը սառում է սպիտակ ալիքներում:

Ժպտում էր լուսինը, բայց այնպես պաղ,

Եվ սողում էին ամպերը լուսնի տակ 

Վերևից ինչպես պատանքներ գունատ:

Բայց հայացքս գրավեցին հեռվում առկայծող

Շողերը երեկոյան աստղի.

Բարակ լույսը հազիվ էր թափվում,

Բայց գիշերվա մեջ հոգիս էր ջերմացնում,

Եվ որսում էի աչքերով հեռավոր կրակը

Եվ ոչ թե սառած փայլը ալիքների»:

(թարգմ.՝ Դ.Սամվելյան):

Բացի Ֆրոստից ու Պոյից, բնականաբար, կան նաև այլ հեղինակներ՝ ամերիկյան և եվրոպական պոեզիայի ներկայացուցիչներ, որոնք անդրադարձել են երկնքի թեմային: Ահա նրանցից մեկի՝ 19-րդ դարի ֆրանսիացի գրող Ա. Ռեմբոյի «Արև և Մարմին» բանաստեղծությունից մի հատված.

«Արեգակը հնոցն է գգվանքների և կյանքի,

Որ հմայված երկրի մեջ հուրն է հեղում հեշտանքի.

Եվ երբ պառկում ես դաշտում, դու ջղերով քո իսկույն

Հասունացած այս հողի արյան խռովքն ես զգում.

Նրա կուրծքը անսահման՝ լցված հևքով կենդանի,

Կնոջ ծոցի է նման և Աստըծո սեր ունի,

Եվ շողերն ու ավիշը ստեղծում են նրա մեջ

Մի մրջնանոց սաղմերի, որ չունեն թիվ, չունեն վերջ»։

3. Հայկական միջավայր

Հայկական միջավայրում, ինչպես մեզ հայտնի է, տիեզերագիտության, աստղագիտության հարցերին անդրադարձը՝ նախնական պատկերացումներից մինչև գիտական մակարդակ, դեռևս վաղնջական ժամանակներից է զարգացած եղել՝ սկսած ժայռապատկերներից մինչև Մեծամոր, Զորաց Քարեր ու Շիրակացի:

Եթե առասպելներն ու ժողովրդական էպոսը դիտարկում ենք որպես պոեզիայի նախնական դրսևորման դաշտ, ապա այնտեղ բազում օրինակներ ենք գտնում՝ թե՛ աստվածների ծնունդի ու գործունեության առումով և թե՛ աշխարհաստեղծման մասին պատկերացումներում: 

Գեղեցիկ կերպով է սկսվում Վահագնի ծնունդը ներկայացնող առասպելը, որտեղ նրա ծնունդը զուգորդվում է տիեզերական պրոցեսների հետ.

«Երկնեց երկինք և երկիր,

Երկնեց և ծով ծիրանի,

Եվ եղեգնիկը կարմիր

Երկնեց ծովում ծիրանի…»:

Իսկ հայ ժողովրդական էպոսի Երրորդ ճյուղում գտնում ենք հետաքրքիր տողեր, որտեղ յուրօրինակ երկխոսություն է արևի հետ. 

«Արև, Դու դուրս մ’էլներ, ե՛ս դուրս էլնեմ»:

«Կուզեմ էլնեմ դուրս, արև, աշխարք տեսնեմ»:

Իսկ Առաջին ճյուղում՝ Սանասար և Բաղդասարում, ահա նմանատիպ տողի ենք հանդիպում.

«Գիշեր պայծառ աստղըն բռնեք նշան, Ցերեկն էլ Արևելից թագավորի Էրկիր…»:

Այս տողում պարզորոշ երևում է Սիրիրուսի մասին հիշատակումը:

Հայկական պոեզիայում, առավելապես՝ միջնադարյան, որի կարկառուն ներկայացուցիներն են Նարեկացին և Շնորհալին, և որը ներծծված էր քրիստոնեությամբ, երկնային մարմինները, լուսատուները և ընդհանուր առմամբ երկինքն ու տիեզերքը յուրատեսակ հոմանիշներ են դարձել կրոնական պատկերացումներին և ձևակերպումներին, այլ ոչ թե օգտագործված են որպես գիտական, աստղագիտական տերմինալոգիա ու բացատրություններ:

Օրինակ՝ արևը հաճախ նույնացվում է Քրիստոսի հետ, երկինքը Աստծո բնակության վայր է դիտվում, տիեզերքը՝ որպես Աստծո արարչություն և կատարյալ համաչափություն, լույսը նույնացվում է ճշմարտության հետ, իսկ մութը, խավարը չարի բնորոշիչ է: Արևելքը՝ սկզբի, արևմուտքը՝ վերջի հետ: 

Այդ ամենն անգամ կարելի է ընդունել որպես փաստ այն բանի, որ հայ պոետները ևս գիտակցել են երկնային տարրերի կենսական ներգործությունն ու ազդեցությունը մարդու վրա:

Օրինակ, Շնորհալու՝ բանաստեղծական ոճով գրված հանելուկներում պարզորոշ երևում է նրա իմացությունը լուսնային ցիկլի մասին, արևածագից մայրամուտ ընթացքի, հորիզոնի, երկնքում երկնային լուսատուների մասին:

«Ծնվում է ու մեծանում, 

Հենց նույն օրն էլ` մահանում, 

Հետո նորից կյանք առած

Պայծառ շորեր է հագնում:

(Արև)»:

«Գիշերով է նա լույս տալիս, 

Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս, 

Կիսվում է նախ և նորանում, 

Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս»:

(Լուսին)»:

«Կա մի գմբեթ` բարձր ու լայն, 

Կանգնած անսյուն ու անգերան, 

Մեջը կանթեղ` պայծառ լույսով, 

Կախված ջահեր, առանց պարան»:

(Երկինք)»:

Շնորհալու Առավոտ լուսո Արևագալի ժամերգության երգն անգամ սկսվում է անդրադարձով առ արևը.

«Առաւօտ լուսոյ,

Արեգակն արդար,

Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,

Բըղխեա ի հոգւոյս,

Բան քեզ ի հաճոյս…»:

Նարեկացու մոտ, թերևս, իշխում է վերոնշյալ կրոնական, քրիստոնեական մոտեցումը, սակայն ակնհայտ է, որ նա ևս ունեցել է պատկերացումներ և գիտելիք տիեզերքի մասին:

Նրա «Մեղեդի Նարեկացու» տաղը գեղեցիկ նկարագրությունն է արևի և երկնքի:

«Արևելքից վեր, արևելքից վեր,

Ճեմում է բաղձալի ձագմամբ

Սերն առավոտից, սերն առավոտից՝

Արուսյակը այն շքեղ:

Եվ այն երկինքը և այն երկինքը 

Նման է մեծ տավիղի,

Կամ սիրո շրջանի, սիրո շրջանի՝

Աստղերով բոլորված»:

Հետագա պոետները նույնպես իրենց ստեղծագործություններում արծարծել են երկնքի, արևի, լուսնի թեման, սակայն կրկին՝ ոչ գիտական կերպով, այլ որպես գեղարվեստական նկարագրեր կամ էլ վերնագրեր:

Հատկանշական է արևմտահայ բանաստեղծ Մ. Մեծարենցի «Արևին» բանաստեղծությունը, որտեղ նա արևը դիտարկում է որպես կենսատու:

«Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,

որ վաղուց երազված համբույրի մը պես,

իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,

շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,

մառախլապատ Երկունքիս մեջ`

ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,

շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…:

Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ,

միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը,

թևատարած կըսպասե՜մ.

պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ,

ու օրորե՜ ջերմագին

ու կիզանուտ համբույրիդ տակ

թող հոգվույս մեջեն անցնին կարգավ

մանուկներն ընդարմացած»:

Թումանյանի քառյակներում ևս կա անդրադարձ տիեերքին, սակայն կրկին համեմատական է անց կացվում տիեզերքի, երկնքի ու Աստծո միջև՝ նույնացնելով դրանք: 

«Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ»:

«Սիրիուսի հրաժեշտը» բանաստեղծությունը ստեղծվել է Հովհաննես Թումանյանի` պատանի Վիկտոր Համբարձումյանի հետ ունեցած մի զրույցից հետո: «Սիրիուսի հրաժեշտը» տիեզերական կանխադրույթներով և գիտական հարցադրումներով հագեցած բանաստեղծություն է: Ինչպես են ծնվում աստղերը. այս հարցը շատ է հուզել բազում գիտնականների, բայց նրանցից ոչ ոք չի կարողացել ճիշտ պատասխան գտնել: Եվ Թումանյանն էլ նույն գիտական հարցի բանաստեղծական տարբերակն է ձևակերպում, որը նրա խոհերի և խորհրդածությունների պտուղն է.

«Սիրիո՜ւս, երկնից ահեղ անցվոր.

Ո՞ւրկից եկել,

Ո՞ւր ես թեքել,

Ո՞ւր ես ճեպում էդքան հըզոր,

Անճար թափով,

Անծեր ճամփով,

Դարե՛ր, դարեր հազարավոր:

Սիրիո՛ւս, երկնից շըքեղ գոհար,

Որ խաղում ես,

Փաղփաղում ես

Ճերմակ ու բիլ լուսով քո վառ,

Ու զարդարում,

Զըվարթ վառում

Մեր գիշերվան ճակատը մառ.

-Ի՛նչքան աչք է վըրադ հառել,

Նայում են քեզ

Հիմա մեզ պես,

Ի՛նչքան աչք է նայել, մարել,

Եվ կամ ի՛նչքան

Դեռ պիտի գան,

Որ անհայտից կյանք չեն առել:

Ո՞վ առաջինն ասավ ողջերթ

Քեզ մեր հողից,

Մարդու ցեղից,

Կամ ո՞ւմ աչքում պիտի անհետ

Մի օր հատնի,

Մարի, մըթնի

Հըրաժեշտի շողըդ հավետ…

Բարի ճամփա՜, հյո՜ւրըդ մեր հին.

Եվ թե տեսնես՝

Մեզնից էսպես

Մի հարցում տուր հըզոր մահին.

-Մարդու քանի՞

Սերունդ կանի

Մի հըրաժեշտն աստեղային»:

Անձնական պրպտումների, սիրո և տիեզերքի գեղեցիկ մի համադրում է իրենից ներկայացնում Ռուբեն Սևակի այս բանաստեղծությունը.

ՊԶՏԻԿ ՍԻՐՏԸԴ

«Ես մերթ կխորհիմ, թե աստղերն ինչ են, 

Սիրող աչերու պես քաղցր ու ջինջ են. 

Ու ամպերն ինչ են, ու Աստված ով է…

Նախանյութն առջին մարմին է, հով է…

Ու չէ կարելի մեծ տիեզերքին 

Մըտովի հասնիլ օր մը եզերքին. 

Ու Անհունությունն իրավ անհուն է,

Ու Անմահությունը լոկ անուն է…

Հիմար եմ, որ այսպես խոր կը խորհիմ, 

Ես, որ չգիտցա դեռ, պաշտելիդ իմ, 

Ինչու օր մը զիս սիրով սիրեցիր, 

Թե կը սիրեիր` ինչու լըքեցիր…

Չկրցա ճանչնալ պզտըլիկ սիրտըդ, 

Իմ մեկ ափիս մեջ փշրելիք սիրտըդ, 

Բայց դեռ կը խորհիմ` երազիս մեջեն` 

Թե աստղերն ինչ են…

Սիրո պես ջինջ են…»:

Երկնքին ձոնված գեղեցիկ բանաստեղծություն ունի նաև Ավ. Իսահակյանը, որտեղ նա համեմատական է անց կացնում բնության և իր սիրո հոոգեվիճակի մեջ.

«Արևն իջավ սարի գըլխուն,

Դար ու դաշտում լույս չըկա.

Հավք ու թըռչուն մըտան խոր քուն,-

Ա՜խ, ինձ համար քուն չըկա:

Լուսնյակն ընկավ երթկից ներս,

Կըշեռքն ելավ երկընքում,

Զով հովերն էլ մըթընշողես

Աստղերի հետ են զըրցում:

Սիրո՛ւն աստղե՜ր, անուշ հովե՜ր,

Յարըս ո՞ւր է՝ էս գիշեր.

Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր,

Յարիս տեսա՞ք էս գիշեր:

Լուսը բացվավ, դուռը բացվավ,

Ամպ ու զամպ է,- թոն կուգա.

Ալ ձին եկավ, անտեր եկավ,

Ա՜խ, յարս ո՞ւր է, տուն չի գա…»:

Օրինակները բազմաթիվ են, որոնցից յուրաքանչյուրին անդրադառնալու, նշելու համար մի առանձին աշխատանք ու ժամանակ է պետք:

Սակայն, սույն աշխատանքի մեջ փորձ ենք կատարել ցույց տալ աստղագիտության ներթափանցվածությունը և դրսևորումը պոեզիայի մեջ՝ տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր ժողովուրդների պոետների մոտ: Աշխատանքը կրում է առավելապես ճանաչողական և ընդհանուր բնույթ՝ որոշ դեպքերում կենտրոնանալով կոնկրետ պոետների աստղագիտական մտքի բացահայտման և հակիրճ վերլուծության վրա: Աշխատանքի արդյունքում հանգել ենք այն հիմնական եզրակացությանը, որ աստղագիտությունն իր ամբողջությամբ և ատրիբուտներով՝ երկինք ու երկնային մարմիններ, երևույթներ, եղել է և մնում է պոետների և ընդհանրապես, ստեղծագործողների համար ոգեշնչման աղբյուր, իսկ ոմանց մոտ էլ նկատվել են անգամ ատղագիտական գիտելիքների դրսևորումներ:

Դավիթ Սամվելյան
կրոնագետ

Գրականության ցանկ

Вергилий Публий, 1979, изд. Дом Художественная Литераура Георгики, Книга первая, стих 138, стих 204-205:

Անտիկ, Միջնադարյան, Վերածննդի գրականություն, Երևան, Արևիկ, 1990, էջ 405, 410, 411: 

Гомер. Одиссея, перевод Жуковского, песнь V, стих 269-277. Пгр., 1902, стр. 70:

Անտիկ, Միջնադարյան, Վերածննդի գրականություն, Երևան, Արևիկ, 1990, էջ 483:

Омар Хайям. Рубаи. Полное собрание, РИПОЛ классик, Москва, 2008, стр. 43 стих 28,1034:

В. И. Цветков, «Николай Гумилев» (Космическая поэзия) – Земля и Вселенная, № 6, 1993, с. 102-103:

В. И. Цветков «Марина Цветаева» (Космическая поэзия) – Земля и Вселенная, № 4, 1991, с. 110-111. Фрост P., Неизбранная дорога. — СПб.: Кристалл, 2000. — (Б-ка мировой лит. Малая серия):

Эдгар Аллан По, Стихи, Эксмо, 2006, стр. 112:

Ուխտագիրք Արորդաց, Երևան, 2014, էջ 476, Վահագնի ծնունդը:

«Գրքուկս այս որ ասի Հանելուկ, զոր արարեալ ի տեառն Ներսէսի Կլայեցւոյ Հայոց կաթողիկոսի վասն ուրախութեան մարդկան», Կ. Պոլիս, 1724։

Գր․Նարեկացի, Տաղեր,Երևան, 2013, էջ 11:

Ցեղին Սիրտը, Երևան, Արևիկ, 1991, էջ317: 

No Comments

Leave a Reply