Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանի հետ զրուցել ենք Արցախի հուշարձանների պահպանության մասին, այդ թվում՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած ժառանգության։
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը հիմնվել է 2008-ին։ Գործունեության նպատակն է պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական և բնապատմական միջավայրի, լանդշաֆտների, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:
— Խնդիրներ, բացեր, խոչընդոտներ, որոնց հանդիպում է ՊՈԱԿ-ն իր գործառույթներն իրականացնելիս:
— Բնագավառում խնդիրները բազմաբնույթ են, առաջինը, որ կուզենայի նշել, ոլորտի համապատասխան մասնագետների պակասն է. ասենք՝ այսօր Արցախի տարածքում հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ իրականացնելու համար հաճախ ենք դիմում ՀՀ, կամ, օրինակ, վիմագրագետի, վերականգնող ճարտարապետի, ինչու չէ նաև շինարարների: Որոշակի խնդիրների հանդիպում ենք իրավական հարթությունում: Երբեմն դժվար է լինում քաղաքացիներին բացատրել, թե ի՞նչ է հուշարձանի պահպանական գոտին, և ի՞նչ չի կարելի անել այդ տարածքում:
Դժբախտաբար ունենում եք նաև գանձագողության դեպքեր և իհարկե՝ ֆինանսական խնդիրներ: Երբեմն այդ բացը լրացվում է մասնավոր հատվածի միջոցներով, այս դեպքում էլ հաճախ հովանավորները փորձում են իրենց «ճաշակով» իրականացնել վերանորոգումը կամ վերականգնումը: Արդյունքում՝ կրկին առաջ են գալիս հարցեր: Որոշակի աշխատանքներ ենք տանում համայնքների ղեկավարների հետ՝ այդ իրավական հարթության խնդիրները հնարավորինս նվազեցնելու կամ ավելի արագ լուծելու համար:
— ՊՈԱԿ-ը բաղկացած է վեց շրջանային պետական ծառայություններից (Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի), ինչպես նաև չորս արգելոցից («Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոց «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոց, «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց և «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց)։
Ծառայությունների սահմանները փաստորեն փոքրացել են։ Ի՞նչ կարող է անել ՊՈԱԿ-ը՝ զավթված տարածքների հուշարձանները ոչնչացումից, յուրացումից փրկելու համար։
— Այո՛, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում մենք կորցրինք երեք շրջանի (Քաշաթաղ, Քարվաճառ, Հադրութ) պամամշակութային բավական հարուստ միջավայր, առնվազն 3 ակտիվ գործող պատմամշակութային ու բնապատմական արգելոց, սակայն բարեբախտաբար ունենք մյուս շրջանները, որոք պակաս հարուստ չեն պատմամշակութային հուշարձաններով, որոնք և՛ ուսումնասիրման, և՛ իհարկե, պահպանության կարիք ունեն: Ի՞նչ վերաբերում է զավթված տարածքների հուշարձանների ճակատագրին, ասեմ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որի ենթակայությամբ գործում է ՊՈԱԿ-ը, այդ առումով Արցախի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի հետ համագործակցաբար դիմել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հուշարձանները ոչնչացումից հնարավորինս փրկելու հույսով: Բացի այդ, հիշյալ խնդրով բանակցություններ են տարվում նաև ռուսական կողմի հետ: Ի դեպ, Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով անդրադարձել է հուշարձանների պահպանության հարցին: Իհարկե, դա չի նշանակում, որ հուշարձանները վտանգված չեն. մոնիթորինգի արդյունքում՝ համացանցում ադրբեջանցի օգտատերերի էջերում հաճախ ենք հանդիպում տեսանյութերի, որոնցում հստակ երևում է այն վանդալիզմը, որին ենթարկվում է մեր մշակութային միջավայրը։
— Արցախի տարածքում (չզավթված) այս պահին քանի՞ հուշարձան կա։ Քանի՞սն ունեն վերանորոգման կարիք։
— Ըստ պետական ցուցակների՝ այսօր Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջաններում (չհաշված Ասկերանի, Շուշիի և Մարտունու բռնազավթված տարածքների հուշարձանները) գրանցված են 2391 պատմամշակութային հուշարձան, սակայն հարկ է այստեղ նշել, որ մենք ունենք նաև մեծ թվով չգրանցված կամ նորահայտ հուշարձաններ, որոնք մոտ ապագայում մոնիթորինգի արդյունքներով կհամալրեն ցանկը: Ցավով պետք է նշեմ, որ հիմնական մասը վերանորոգման ենթակա են: Նախքան պատերազմը վերանորոգման աշխատանքներ էին տարվում Մայրաբերդում (Ասկերան), Երից Մանկանց վանքում (Մարտակերտ) և Ամարասում (Մարտունի): Հուսով ենք այդ աշխատանքները կշարունակվեն:
— Զավթված տարածքների հուշարձաններն ի՞նչ վիճակում են։ Կայի՞ն հուշարձաններ, որ ունեին անհապաղ վերանորոգման կարիք, կամ գուցե ընթացքի մեջ էր վերանորոգումը։ Եվ ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը։
— Բռնազավթված տարածքներում ունեինք հուշարձաններ, որոնք մասամբ կամ գրեթե ամբողջովին վերանորոգվել էին: Այդ առումով բավական ակտիվ էր Հադրութի շրջանը, որտեղ վերանորոգվել էին կամ վերանորոգման փուլում էին մի շարք հուշարձաններ, մեծամասամբ՝ եկեղեցիներ: Այսպես, վերանորոգվել էին Տող գյուղում՝ Գտչավանքը, Սբ. Հովհաննես եկեղեցին, Մելիք Եգանի ընդունարանը, Ծակոռի գյուղում՝ Սբ. Աստվածածին եկեղեցին, Տյաք գյուղում՝ Սբ. Մեսրոպ եկեղեցին, և առհասարակ, Տյաք գյուղի մի մասը՝ որպես պատմական թաղամաս, ընդգրկվել էր «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի մեջ, Ցորում՝ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին և երկու կամուրջ, Կամրակուճ, Տումի, Սարին շեն, Քուրաթաղ գյուղի եկեղեցիները: Աշխատանքներ էին սկսվել Մեծ Թաղլար և Վանք գյուղերի եկեղեցիների վերանորոգման ուղղությամբ: Ի՞նչ վերաբերում է Քաշաթաղի շրջանին, պետք է նշեմ, որ այստեղ վերանորոգվել են Ծիծեռնավանքը, Հոչանց, Հակ գյուղերի եկեղեցիները, Մելիք Հայկազի ապարանքը: Թե՛ այս շրջանների և թե՛ Շուշիի հուշարձանները, բնականաբար, վտանգված են, և միակ թույլ հույսը միջազգային հանրության ճնշումն է, ինչպես և՝ տարածաշրջանում խաղաղարար առաքելություն իրականացնող Ռուսաստանը:
— Ղազանչեցոցի վերանորոգման մասին ի՞նչ տեղեկություններ կան։ Վտանգ չկա՞, որ վերանորոգմամբ հուշարձանի նախնական տեսքը կխեղաթյուրվի։
— Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերանորոգման մասին բարձրաձայնել է Ադրբեջանի նախագահը: Եթե վերանորոգվի, ապա պետք է հնարավորինս փորձենք կրկին երրորդ կողմի միջոցով հասնել այն բանին, որ տեսքը չխաթարվի: Բայց դա առայժմ զուտ հայտարարություն է:
— Արցախի հուշարձանները փրկելուն ուղղված միազգային կազմակերպությունների, հեղինակավոր անձանց, պաշտոնյաների արձագանքն ու միջամտության փորձերը բավարար համարո՞ւմ եք։ Կարո՞ղ ենք ասել, որ դրանք հուսադրող են։
— Բավարար կհամարեինք, եթե այդ արձագանքներին ու միջամտության փորձերին հաջորդեին կոնկրետ գործողություններ: Այս պահին, թերևս, միայն Դադիվանքն է, որ պաշտպանության տակ է առնված ռուսական խաղաղապահ զորքի կողմից, մյուսների պարագայում կարող ենք ասել, որ հայտարարություններից այն կողմ չեն անցել, գործուն միջամտություն չի եղել, հետևաբար, վիճակը չի կարող հուսադրող լինել: Բացի այդ, ցավոք, բազմաթիվ օրինակներ ունենք, երբ մշակութային ժառանգությունը զոհաբերվում է տարվող քաղաքականությանը. դա մենք գիտենք թե՛ սեփական փորձից և թե՛ կարող ենք վկայակոչել Սիրիայի Պալմիրա քաղաքի օրինակն ու շատ այլ փաստեր:
— Ադրբեջանը արգելում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախի տարածք։ Սա փակուղի՞ է, եթե հաշվի առնենք, որ մշակութային վանդալիզմը կանխելու հստակ արգելքներ, պատժամիջոցներ չեն գործում։
— Այո՛, Ադրբեջանը արգելել է դա՝ ինչ-որ ժամանակավոր բնույթի պատճառաբանություններով, սակայն բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ երկիրն անընդհատ փորձելու է խոչընդոտել փորձագետների մուտքը: Պետք է ասեմ, որ սպասելի էր Ադրբեջանի կողմից նման պահվածքը, սակայն ես պետք է շեշտեմ. ինչքան որ մեզ համար է մտահոգիչ փաստը, կրկնակի անգամ, հավանաբար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, քանզի սա ուղղակի հարվածում է նրա հեղինակությանը: Սրանով կարելի է դատել, թե որքանով է այդ միջազգային կազմակերպությունը ի զորու պաշտպանել մշակութային արժեքները կամ իրականացնել իրեն վերապահված գործառույթները:
— Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Արցախի տարածքի 67 մզկիթների ոչնչացման մասին որևէ աղերս ունի՞ իրականության հետ։ Միջազգային կազմակերպությունները ասելիք չունե՞ն այս առումով։ Տեղեկատվական պայքարում, ի վերջո, հաղթում է նա, ում ձայնը բա՞րձր է հնչում, թե՝ պատմական ճշմարտությունը։
— Բնականաբար, Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ինչպես շատ դեպքերում, որևէ աղերս չունի իրականության հետ, նա կա՛մ զբաղված է զեղծարարությամբ, կա՛մ չի տիրապետում փաստերին: Հակված եմ մտածել, որ առաջինն է: Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում, որիր մեջ էր ներառում թվով հինգ շրջան՝ Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի, մզկիթներ և մեդրեսեներ կան մի միայն Շուշի քաղաքում (14) և մոտակա Մալիբեկլու գյուղում (1). Ընդհանուր թվով՝ թվով 15 հատ: Այդ փաստը արձանագրված է նաև Ադրբեջանի հանրապետության կառավարության՝ դեռևս 1988թ. ապրիլի 27-իթիվ 145 որոշմամբ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Մի բան, որ չեն կարող ասել, թե մենք ենք հորինել: Եվս 12 հատ կան ԼՂԻՄ-ի հարակից շրջաններում, որոնք բաշխվում են հետևյալ կերպ. Քաշաթաղի (Լաչինի) շրջան՝ 1, Քաշունիքի (Կուբաթլու) շրջան՝ 2, Կովսականի (Զանգելան) շրջան՝ 1, Ջաբրայիլի շրջան՝ 1, Ֆիզուլու շրջան՝ 2, Ակնայի (Աղդամ) շրջան՝ 6, որոնցից մեկը իջևանատուն է՝փոխակերպված մզկիթի: Որևէ հատուկ քաղաքականություն՝ ուղղված մզկիթների ոչնչացմանը, չի եղել, հակառակը՝ այդ մզկիթները ներառվել են պետական պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ և պահպանվում էին պետության կողմից: Նույնիսկ վերականգնվում էին: Ինչպես հայկական շատ ու շատ եկեղեցիներ, որոնք Արցախում գտնվում են փլուզման եզրին կամ փլվել են, նույնն է նաև մզկիթների պարագայում: Արցախի հանրապետությունում, անկախ ազգային, կրոնական պատկանելիությունից, հայկական հուշարձանների հետ միասին հաշվառվել ու վկայագրվել-անձնագրավորվել են նաև մահմեդական հուշարձանները, այդ թվում՝ մզկիթները, քյումբազ-դամբարաններն ու գերեզմանոցները: Նույնիսկ գրքույկ է տպագրվել՝ «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները». նախագծի հեղինակն է Սամվել Կարապետյանը: Պետությունն իր հնարավորությունների սահմաններում իրականացրել է նաև դրանց մաքրման-բարեկարգման աշխատանքներ: Դժբախտաբար, կրկին պետք է հղում անենք փորձին. պատմական ճշմարտությունը միշտ չէ, որ հաղթանակի գրավական է: Նախ պետք է կարողանանք գրագետ տեղեկատվական պայքար մղել, և իհարկե, գիտակցել, որ մեծ դեր ունեն նաև աշխարհաքաղաքական զարգացումները. էական է, թե ում ձայնը հասանելի կդառնա:
— Ի՞նչ կասեք վերջում։
— Հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում, ինչը մեզանից պահանջում է ուժերի գերլարում: Պետք է կարողանանք միահամուռ ուժերով ու ճշմարիտ փաստարկներով աշխարհին ներկայացնել ճշմարտությունը: Այսօր, բացի քանդման, ոչնչացման վտանգից, Ադրբեջանը որդեգրել է այլ մարտավարություն՝ այն է, հայկական մշակութային ժառանգությունը աշխարհին ներկայացնել աղվանական պիտակով: Պետք է կարողանանք միասնաբար դիմագրավել այս մարտահրավերներին:
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
No Comments