Գրականություն, պատերազմ, սեր, ձանձրույթ, լռություն և աղմուկ․․․ Ardi.am-ի զրուցակիցը արձակագիր, աստվածաբան Դավիթ Սամվելյանն է։
— Գրքերումդ սովորաբար ասում ես այն, ինչի մասին լռու՞մ են։
— Հիմա ո՞վ է լռում: Բոլորը խոսում են, ամեն մեկը մի բան ասում է, հաճախ նույն սուտն են բոլորով ասում: Ամեն ինչից խոսում են: Մարդիկ վախենում են լռելուց, իրենք իրենց հետ մենակ մնալուց, ուրիշներից հետ մնալուց: Փորձում եմ ինչ-որ ձևով միջնորդ լինել, որ մարդն ինքն իրեն հանդիպի, առերեսվի ինքն իր հետ…
— Գրքերում ասու՞մ ես այն, ինչի մասին սովորաբար լռում ես։
— Գրքերում ասածներս զուսպ եմ ձևակերպում: Երկու բան կա, ինչից չեմ ուզում խոսել կյանքում՝ կրոն ու քաղաքականություն: Առաջինից խուսափել չի ստացվում, քանի որ մասնագիտական է, երկրորդից՝ որ դրա մեջ ենք: …մեջ ենք… բայց մի նորմալ քաղաքականություն էլ չկա: Գրքերում առաջինի մասին կա և երկրորդի հետևանքների: Գրքերում լռում եմ իմ մասին. ով ինձ ճանաչում է՝ գիտի անգամ տողատակերում թաքցրածս: Մարդիկ բառերդ են սխալ հասկանում, էլ ու՜ր մնաց լռությունդ ճիշտ հասկանան: Մարդիկ հասկանում են այնպես, ինչպես ուզում են, ինչպես ձեռնտու է, որ խոսելու տեղ ունենան:
— Ասում են՝ նույն նկարը միևնույն ձևով նկարել հնարավոր չէ, նախադասությունների, բառի դեպքում նույնը կարո՞ղ ենք ասել։ Ուզում եմ բառի ուժի մասին խոսես ու բառի ծննդի։
-Հիմա շատ են իրար կրկնում՝ առանց մտածելու, երբեմն՝ տարերայնորեն: Ամենաշատը սիրելի բառերն են օգտագործվում: Եվ ընդհանրապես, ամենաշատը սիրելի բաներն են օգտագործվում: Օրինակ՝ հայրենիքը՝ համ շատ խոսվում է նրա մասին, համ օգտագործում են՝ ոնց ուզում են… Մարդը: Սերը: Ասում են՝ սիրեք իրար, մարդիկ: Մարդիկ համ օգտագործվում են, համ օգտագործում: Մարդը սիրում է հայրենիքը, հայրենիքի համար օգտագործում են մարդկանց սերը: Կամ սերերն են անտեր մնում, կամ հայրենիքը: Բառը սպանում է և ապրեցնում: Բառը…Բառերից ծնվում ենք մենք: Ի վերջո, եթե չասվի՝ ‹‹ես սիրում եմ քեզ››, հազիվ թե ծնվենք: Մի նորմալ ծնվենք: Բառը մեռնում է, երբ չի դառնում խոսք՝ ի սկզբանե էր բանը՝ խոսքը… անհոդաբաշխ ու անտեղի բառերը շատացել են: Աղմուկն է շատացել…
— Ռազմիկ Դավոյանի խոսքերը հիշեցի՝ «Մենք կյանքից ձանձրացել ենք․/ Բայց խոսում ենք կյանքի հրաշքների մասին»։ Հիմա՝ մենք միմյանց չենք հանդուրժում, բայց խոսում ենք սիրո մասին։
— Հանդուրժողականություն-ամենալպրծուն ու վտանգավոր երևույթ: Համարում ես սխալ, անընդունելի, բայց հանդուրժում ես: Կամ մի օր պայթելու ես, կամ էլ քեզ կուլ է տալու նա, նրանք, որոնց հանդուրժում ես: Կրկնում եմ, բայց կյանքի սխալները սկսում են բառերի սխալ կիրառումից: Զորօրինակ. վիճել ու բանավիճել: Մենք չենք կարողանում բանավիճել, խոսակցության կեսից բանավեճը վերածվում է վեճի: Մենք գաղափարի, տեսակետի սխալն անձնավորում ենք: Հա, տեսակետ, կարծիք: Ամենաչարչրկված բառերից մեկը. կարծիքի ազատություն, ամենահակասական երևույթներից մեկը: Եղբայր, ինչ ուզում ես՝ մտածիր, ինչ կարծիք ուզում ես՝ ունեցիր, բայց մի խելացի մարդ ժամանակին ասել է՝ կարծիքդ հայտնիր այն ժամանակ, երբ քեզնից հարցնում են։ Թե չէ վերածվում ես սեփական անձիդ չափից ավելի շատ, անտեղի նշանակություն տվող մեկի: Հանդուրժել պետք չէ, պետք է հարգել, հետո փորձել սիրել. բայց փոխադարձ, այլապես դատապարտված ես օգտագործվելու, ինչպես բառերը:
— Մեր հասարական-քաղաքական կյանքը ողբերգական վիճակում է։ Գրողն ու նրա ստեղծած գրականությունը մեղավո՞ր են դրանում։
— Մեղավոր են բոլորը, միևնույն ժամանակ ուղղակիորեն նրանք, ովքեր առաջնորդում են հասարակական-քաղաքական կյանքը, այսինքն՝ նրանք, ովքեր լծակներ ունեն: Մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ հասարակ, շարքային մարդուց. ինչ ցանում ես, այն էլ հնձում ես: Էդ հիմա է դարձել այնպես, որ բոլորն ամեն ինչի մասնագետ են, բայց միայն խոսքի մակարդակում: Աղետներից մեկն էլ հենց դա է…
Գրողն ի՞նչ անի: Գրողին նախ կարդացող է պետք: Բայց կարդալուց զատ՝ կարդալը հասկանալ է պետք, հասկանալ ու կիրառել է պետք: Երբ արժեզրկում են տարբեր հասարակական ինստիտուտներ, երբ հենց այդ ինստիտուտների ներկայացուցիչներն իրենք են ժամանակի մեջ արժեզրկել այն կառույցները, այն կոչումները, որոնց կրողն են, ապա խոսքը արժեք ու լսող չի ունենում: Խոսում ես, ասում են՝ հերթական խոսողն է, ու անպայման խոսքդ փորձում են ‹‹պառկեցնել›› այս կամ այն քաղաքական ուժի տակ, չես խոսում՝ մեղադրում են: Ընդհանրապես դժվար է խոսել մի տեղում, որտեղ ակնկալում են, որ պետք է ասես այն, ինչ իրենք սպասում են լսել քեզնից. ոմանք, թեպետ, սիրում են հաճոյանալ…
Հավանաբար մեղավոր է ոչ թե գրականությունը, այլ չստեղծված գրականությունը: 90-ականների ոգու հուրը պահող գրականություն պետք է ստեղծվեր հենց հաղթանակից հետո: Թեպետ… ինչ եմ ասում… էդ տարիներին ում էր պետք գիր-գրականությունը: Հետո էլ պետք չէր, հիմա էլ պետք չի: Մարդիկ իրենց ունեցած հարյուրավոր գրքերը հանում-թափում են տներից հենց միայն այն պատճառով, որ չի սազում ինտերիերին…
-Ինչի՞ մասին գրել (պատերազմից հետո)։
-Նախ պետք է գրելու ուժ գտնել: Ապա այն մասին, ինչի մասին պետք է ճշմարիտ գրականությունը լինի՝ մատնանշել թերությունները, սխալները, արատները տարբեր ասպարեզներում, և դրան զուգահեռ փորձել լույս, հավատ տալ: Գոնե գրականության միջոցով հավատ ներշնչել ապագայի հանդեպ: Միգուցե զուր գործ է, բայց պետք է փորձել:
— Մինչ մենք տեղին- անտեղի ասում էինք՝ չկա պատերազմի մասին գրականություն, նոր պատերազմը եկավ․․․ Հիմա՞ ինչ ենք ասելու․․․
-Հիմա արվելու է նույնը, հավիտենապես արվում է նույնը: Գրվում, գրվում են գրքեր զոհված տղերքի մասին: Ավելի շատ ոչ թե պատերազմի մասին գրականություն է պետք հիմա, այլ պատերազմներում հաղթելու մասին:
— Եթե մենք հաղթեինք․․․
— Եթե…
Մենք անգամ մեզ չենք կարողանում հաղթել… մենք ինքներս մեզ, միշտ, միշտ պարտվում ենք, ու զոհում ենք մեր ամենանվիրականը, այն, ինչը բազում կյանքերի գնով պահպանվել ու ժառանգվել է մեզ:
— Դավիթ, համավարակը թիվ մեկ խնդիր է դարձել։ Պատվաստվելու պարտադրանքը չգիտեմ՝ արդարացի՞ է, թե՞ չէ։ Կարծես ստանում ենք պատասխանը՝ ինչպես է նեռը ղեկավարելու աշխարհը, մարդկությանը։
— Ընդհանրապես լավ կլիներ, որ պարտադրեին մարդկանց սիրել իրենց քաղաքը, հարգել դիմացինին, ստիպեին կիրթ ու գրագետ դառնալ: Լավ կլիներ, եթե պարտադիր լիներ սիրելը: Բայց ամեն ինչ պարտադրվում է միայն մարդկանց գրպանին դիպչելու կամ ինչ-ինչ բաներից զրկելու միջոցով: Ում են պետք առողջ մարմիններն առանց առողջ բանականության և ընտրության բացակայության:
Չգիտեմ՝ մեկը կասի նեռի գալուստ, մյուսը՝ տոտալ վերահսկման սկիզբ, մարդկանց թվաքանակի կրճատման փորձեր ու այլևայլ բաներ, բայց մի բան ակնհայտ է. աշխարհը, հաստատ, էլ առաջվանը չի… ու չի էլ լինելու:
— Գրում էի հարցերն ու մտածում, որ փոխվել են հարցադրումներս։ Պատասխանները նու՞յնպես․․․
— Ցավոք, պատասխանները նույնն են, ինքս իմ ներսում գտած պատասխանները չեն փոխվել:
— Նոր գի՞րք ես գրում։
— Փորձում եմ: Տեսնենք ինչ կստացվի, երբ կհաջողվի ավարտել:
— Կարո՞ղ ենք լավատեսական շեշտադրումով ավարտել զրույցը։
-Ամենագեղեցիկ հանդիպումները դեռևս չկայացած հանդիպումներն են…
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments