«Կերպարվեստ կենտրոն» ամսագրի երկրորդ (այս տարվա 1-ին) գարնանային համարում տեղ են գտել «Ասպետական դեգերումների ճամփա անցած նկարիչը», «Թումանյանի տուն-թանգարանի որմնանկարը», «Ժիրայր Օրագյանի արվեստը» և այլ վերտառությամբ հրապարակումներ: Ամսագրի նյութերը հասանելի են նաև առցանց տարբերակով:
Առանձնացրել և ներկայացնում ենք «Վերնիսաժյան խաղադրույքները» ակնարկը: Հեղինակը համարի թողարկման պատասխանատու, խմբագիր Վրեժ Առաքելյանն է:
Վերնիսաժ։ Կտավները հենած մայր հողին և ձախության ճախարակը մանելով` նկարիչը սպասում է։ Սպասում է մեկ օր, երկու օր, մեկ ամիս։ Վերջապես գնորդը (գլխավորապես՝ օտարազգի) ժամանում է Վերնիսաժ։ Ուշի-ուշով զննում է գործը, գնում և հեռանում։ Բայց այսպես լինում է դեպքից դեպք։ Դրության տերը հականկարիչն է, նա է սահմանում վերնիսաժյան խաղադրույքները, սահմանելով իրացնում է սեփական գույնզգույն մղձավանջը, անզուսպ պատճենում է այս կամ այն վարպետի հանրածանոթ գործը, նկարում է Սիս և Մասիս և անդառնալիորեն այլասերում է պարզասիրտ մարդկանց գեղագիտական ճաշակը։ Եվ ահա պատեպատ խփվելով մտորում եմ. գուցե հասունացել է պատմական պահը՝ նրանց (իմա` հականկարիչներին) վերնիսաժային տարածք տրամադրելու մայրաքաղաքի ծայրամասերից մեկում և դարպասին փակցնելու մի հսկա ցուցանակ, վրան գրված վառ կարմիր տառերով` ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱԿԱԱՐՎԵՍՏ և մի փոքրատառ լրացում` «Գեղարվեստական ճաշակ ունեցող մարդկանց մուտքը խստիվ արգելվում է, զի վտանգավոր է կյանքի համար»։
Ardi.am
No Comments