Ardi.am-ը զրույցի է հրավիրել Էջմիածնում բնակվող պոետին՝ Խաչիկ Մանուկյանին՝ ակնկալելով նրանից ստանալ հավաստի տեղեկություններ կորոնավիրուսի համավարակի վտանգավոր օջախի վերածված սուրբ քաղաքի մասին:
Հռչակենք ծերերին ու կարիքավորներին այցելելու միամսյակ
-Խաչի՛կ, Դուք կորոնավիրուսի համավարակի հայկական էպիկենտրոնում եք: Ինչպե՞ս կբնութագրեք Էջմիածնում տիրող իրավիճակը, մարդկանց տրամադրությունը:
-Էջմիածինը համավարակի էպիկենտրոն կոչելը, իհարկե, չափազանցված է: Այլ բան է, որ առաջնային բացահայտումներն իմ քաղաքում եղան, ինչի արդյունքում հանիրավի վիրավորեցին հարգարժան տիկնոջը` կեղծ տեղեկություններ ներկայացնելով հանրությանը: Երկրով մեկ կատարեք լայնածավալ ստուգումներ, և համաճարակի ճիրաններում հայտնվածների թիվը շատ ավելի մեծ կլինի: Աստիճանաբար հարմարվում ենք իրավիճակին, փորձում ենք ավելին իմանալ մեզ համար նորահայտ այս վիրուսի մասին, որը թագակիր կոչվելու պատվին արժանացավ: Կուզեի՝ գովազդային պահվածքներից դուրս, իրական օժանդակություն ցուցաբերվեր մարդկանց: Կուզեի՝ հանրապետությունում հռչակվեր ծերերին և տկարներին այցելելու միամսյակ: Կուզեի՝ պարգևավճարվածները և ֆինանսական քիչ թե շատ հնարավորության տեր մեր հայրենակիցները մրգերով, բանջարեղենով այցելեին իրենց շրջապատում եղած կարիքավորներին: Մարդկանց հարկավոր է առողջ սնունդ և հոգևոր ուժ` դիմակայելու այս փորձությանը:
-Հովհաննես Հովհաննիսյանի թանգարանը, որի տնօրենն եք, նույնպես փակ է, ենթադրում եմ: Ի՞նչ միջոցներով եք պահում կապը թանգարանի բարեկամների հետ: Առհասարակ մշակութային կյանքն ի՞նչ ընթացքի մեջ է այս օրերին:
-Վստահ եմ, նկատած կլինեք, որ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը միջոցառումների իր աշխուժությամբ վաղուց հանրապետության ամենաներկայանալի թանգարանների շարքում է, և դա մեր աշխատակազմի ջանքերի արդյունքն է, ինչը, վստահ եմ, իրական արժեքներին դավանող արժանավորների կողմից անպայման կգնահատվի: Համամեկուսացման այս ընթացքում աշխուժացել է Հովհ. Հովհաննիսյան ՖԲ էջը, որը վարում է թանգարանի գիտաշխատող Քրիստինե Աբրահամյանը. նրա ջանքերով նաև վերջին շրջանում բանաստեղծին առնչվող նոր նմուշներ հայտնաբերվեցին, այդ թվում` նամակներ, փաստաթղթեր: Բախտավորություն է նման հրաշալի աշխատակազմ ունենալը: Շատերն են համոզվել, որ մեր թանգարանում մշակույթի իսկական նվիրյալներն են:
-Ողջ հանրապետությունում, նաև հոգևոր կենտրոն Էջմիածնում եկեղեցական ծեսերն իրականացվում են առանց հավատացյալ ժողովրդի անմիջական մասնակցության: Սա ընկալվո՞ւմ է հավատացյալ հանրության կողմից:
-Գիտե՞ք, ժամանակները փոխվել են, և հոգևորականի հանդերձներով շրջող ամենքը չէ, որ հավատարիմ են իրենց կոչմանը: Մենք բախտավոր ենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի նման հոգևորական ունենք, որն իրապես ծառայում է ժողովրդին՝ իր ողջ ուժն ու կարողությունը նվիրաբերելով, նեցուկ կանգնելով զինվորին, մշակին, կարիքավորին…
-Կորոնավիրուսային այս օրերին պոեզիան տեղի՞ է տվել համընդհանուր շփոթին, թե՞ գրվում է, այնուամենայնիվ, բանաստեղծություն: Եթե այո՛, ներկայացրեք խնդրեմ այս օրերին գրված որևէ գործ:
-Մի պահ մարդկությունը դադար առավ ոչ մի տեղ չտանող անիմաստ մրցավազքից: Նյութապաշտների հայացքները մի պահ լքեցին փայլը ոսկու և փորձեցին ոգեղենության ապրեցնող շունչն զգալ: Դժվար է նյութին գերվածներին վերադարձնել դեպի ճշմարիտ արահետը կյանքի: Դժվար է բարոյազուրկներին մարդուն մարդ պահող արժեքների դավանանքին բերել: Բայց պիտի փորձենք, այլ ճանապարհ չկա: Իսկ բանաստեղծություններ, իհարկե, գրում եմ: Հիմա կներկայացնեմ ֆբ-ում տեղադրածս: Իսկ տարեվերջին լայնածավալ մի գործ կհրապարակեմ: Առողջություն եմ մաղթում բոլորիդ: Հույս ունեմ`չեք մոռանա ծերերին և կարիքավորներին:
Հայ ժողովուրդ
Դժվար պահերին ուրացա՛ն քեզ,
Դավաճանեցի՛ն ու լքեցի՛ն,
Այս մոլորակի ո՛րբը որպես՝
Հեգնանքի սյունի՛ն քեզ գամեցին,
Յաթաղանեցի՛ն ու քամեցի՛ն,
Հրճվեցի՛ն գառան քո մայունով,
Շունչդ չկտրած քեզ թաղեցի՛ն,
Գավե՛ր զարկեցին քո արյունով,
Քո՛ ստեղծածին տեր կանգնեցին,
Հեշտ հոսեցին քո՛ բացած հունով,
Իբրև աշխարհաքաղաքացի
Հռչակվեցին մեծ քո՛ ավյունով…
Հառնեցի՛ր լույսի արարումով,
Խայտանք ցանեցիր անծիրով մեկ,
Սրտիցդ մանվող սիրո գույնով
Շուրջդ սփռեցիր գարուն ու երգ:
Թրծվե՛լ ես ամեն ցավ ու թույնով,
Ոչի՛նչ չի կարող քեզ պաշարել,
Հանու՛ն փրկության` ծնկաչոք թող
Թշնամինե՛րդ ապաշխարեն:
17.03.2020
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
No Comments