Սեդա Ադալյանի հետ մեր զրույցի առիթը «Ամերիկյան խճանկար» հուշապատումն է («Վան Արյան» հրատարակչություն)։ Ժամանակի վավերական պատկերն ուրվագծող գրքի մասին զրույցը մեզ տեղափոխեց 90-ականներ․ արտագաղթ, կարոտ, աշխատանք ԱՄՆ-ում, վերադարձի սպասում․․․ Իսկ հիշողությունների հեղեղը վավերապատում-զրույցը տարավ այլ ուղղությամբ՝ դեպի Հին Երևան՝ Նար — Դոս փողոց, որտեղ անցել է Սեդա Ադալյանի մանկությունը։
— Տիկին Սեդա, հուշերը գրի եք առել 1999-ին, ԱՄՆ-ում։ Գրելիս մտածո՞ւմ էիք, որ գիրք է դառնալու։
— Գրել սկսել եմ մինչև ԱՄՆ գնալը։ Երբ եղբայրս՝ նկարիչ Ռաֆֆի Ադալյանը, 90-ականներին ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ, ես մեծ կարոտ ապրեցի, ու ասես ինձ ի վերուստ խոսքեր էին տրվում՝ սրտիս ցավն արտահայտելու համար։ Այդպես սկսեցի գրել։ Հետո որոշ ժամանակ անց ստիպված եղա գնալ-աշխատել ԱՄՆ-ում։ Օդանավակայանում առաջին տպավորությունս հիացական էր՝ լուսավորություն, պայծառ դեմքեր, ջերմություն։ Բայց հետագա այցերի ժամանակ ինձ համար արդեն անհետաքրքիր էր ամերիկյան իրականությունը՝ վազքը, մեքենայացված կյանքը, դրան գումարած՝ չափից դուրս շռայլությունները՝ անվերջ ճամփորդություններ, խաղատներ․․․ խորթ էր ինձ համար այդ ամենը։
— Ու աշխատանքի ընթացքում սկսեցիք գրել․․․
-Հա, հուշապատումը գրել եմ աշխատանքի ընթացքում, նույնիսկ անդրադարձել եմ հոկտեմբերի 27-ի դեպքերին։
— Եվ միտք չունեի՞ք հրատարակելու։
— Բոլորովին, հոգիս էի թեթևացնում։ Բայց մի միտք եկավ, այսպես ասած՝ քար գցեցի․ եղբորս՝ Նորիկին (գրող, գրականագետ Նորայր Ադալյանին- հեղ․) ասացի գրվածքիս մասին, հարցրի՝ Նորի՛կ, կկարդա՞ս, ասաց՝ հետո։ Գիտե՞ք, թե քանի տարի հետո է կարդացել․․․ մի օր տրամադրությունը որսացի ու առաջարկեցի կարդալ։ Կարդաց․․․
— Խի՞ստ է Նորայր Ադալյանը։
— Ուղիղ է։
— Վախենո՞ւմ էիք նրա արձագանքից։
— Չէ, չէի վախենում, բնույթով այնպիսին եմ, որ չեմ նեղվում, երբ իմ սխալը, թերությունն ինձ ասում են, ես լսող մարդ եմ, դա երևի գալիս է իմ հայրիկից։ Երբ ինչ-որ առիթով հայրս խրատ էր տալիս, ոչ մեկս չէինք ընդդիմանում, լսում էինք։
Չեմ կարող չպատմել հայրիկիս՝ Մարտիրոս Ադալյանի մասին։ Դերձակ էր։ Հաճախորդները գալիս էին հագուստը փորձելու և խնդրում էին՝ մի ինչ-որ բան պատմի իր կյանքից, որովհետև արտակարգ պատմող էր․ ոգեշնչվում էր, աչքերը փայլում էին․․․ Հիշում եմ նրա պատմությունները, հայացքը, նրա փայլող աչքերը, աշխատասիրությունը։ Մինչև ուշ գիշեր կարում էր։ Մեր լույսը չէր անջատվում, հետո Ռուբիկն էր սկսում նկարել (ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյան- հեղ․)։ Ու ես մտածում էի՝ ե՞րբ են լույսն անջատելու․․․
Մի անգամ, հիշում եմ, հաճախորդներից մեկն ասաց՝ վարպետ ջան, բայց ինչի՞ եք դուք էսքան աղքատ։ Ես երևի 3-4 տարեկան էի (այդպես եմ հիշում), ասացի՝ մենք աղքատ չենք, ուղղակի փող չունենք։
— Ռուբենը Ձեր ավա՞գ աղբայրն է։
— Այո, բոլորը մեծ են ինձից, ես ամենափոքրն եմ և ընտանիքի միակ աղջիկը։ Մի սենյակի մեջ էինք բոլորս քնում ՝ վեց հոգով։ Եվ անվերջ միացած էին ձայնապնակները՝ Շոստակովիչ, Վագներ, Շոպեն․․․ պատից կախված էր Բախի դիմանկարը և, կարծեմ, Շոպենի․․․ ա՛յ այդ մթնոլորտն էր իմ աչքի առաջ։
— Որտե՞ղ էր Ձեր տունը։
— Նար – Դոսի փողոցում։
— Հայրիկը Արևմտյան Հայաստանի՞ց էր։
-Հայրիկը Երզնկայից էր եկել։ Ցեղասպանությունից մազապուրծ փախել էին հորեղբոր տղայի հետ։ Հորեղբոր տղան ԱՄՆ էր գնացել, հայրս՝ Ղրիմ, որ մոտ լինի Հայաստանին։ Մինչև 42 տարեկանն ապրել է Սիմֆերոպոլում։ Հետո (իր պատմածն եմ հիշում) նավով տեղափոխել է ունեցվածքը՝ թոփերով կարպետներ, ոսկեղեն՝ ձեռնափայտի մեջ շարված։ Նավի վրա ամբողջը վերցրել են ձեռքից։ Ասաց՝ ամբողջը վերցրին ձեռքես, այսքա՜ն բիլա վեջս չեղավ (ձեռքի շարժումը հիշում եմ), մտածեցի՝ նորեն կստեղծեմ։ Բայց դա եղավ վերջը բարեկեցիկ կյանքի։
— Մայրիկը․․․
— Մայրս լեհ էր։ Հայրիկս շրջապատում մեծ հարգանք է վայելել, գեղեցիկ հագուկապ է ունեցել․ նրան բարևելիս գլխարկը հանել են, ասել․ “здравствуй, молодой фабрикант”․․․ Այդպես են բարևել-պատվել հայրիկիս․․․ Օրերից մի օր ընկերոջ տանը հավաքույթի է հրավիրվում հայրս։ Փողոցում մութ է լինում, հայրիկս լուսամփոփը ձեռքին դուրս է գալիս հյուրերին դիմավորելու, այդ պահին մայրս ընկերուհու հետ անցնում է, այդ լույսի տակ մամայիս դեմքը տպավորվում է։ Ու ամբողջ մի տարի պապաս փնտրում է այդ դեմքը, վայրկյաններ տեսած դեմքը․․․ Մի օր շուկայից դուրս է գալիս, տեսնում է՝ դիմացի կանգառում մամաս կանգնած է։ Մոտենում է, ծանոթանում։
Հայրս 42 տարեկան էր, մայրս՝ 19։ Երբ հետագայում մամայիս հարցրի՝ քեզնից այդքան մեծ, ո՞նց հավանեցիր, ասաց․ «Մի քիչ աստեղ սպիտակել էր (բակերն է ցույց տալիս), այնքա՜ն գեղեցիկ էր»։
Երկու եղբայրներս՝ Ռուբենն ու Նորիկը, այնտեղ են ծնվել։ Հայրս մի օր երազ է տեսնում, որ Ռուսաստանից հրդեհ է գալիս դեպի Ղրիմ, արթնանում է, կնոջն ասում՝ լավ երազ չեմ տեսել, ինչ-որ բան է կատարվելու այս երկրում, ասում է՝ գնանք Հայաստան։
Գալիս է Երևան, մի տուն է տեսնում՝ մի սենյականոց՝ միջանցքով (որը հետագայում ծառայեց խոհանոց և մուտք)։ Հավանում է տունը, որովհետև արևկող է լինում և պատուհանից Արարատն է երևում։ Գնում է տունն ու ընտանիքին բերում Երևան։ Այդ ընթացքում Ստալինը Ղրիմի բոլոր հրեաներին, հայերին ու թաթարներին քշում է Սիբիր։ Չգիտեմ՝ որտեղից հայրիկիս այդ հեռատեսությունը։
— Ինչպե՞ս եղավ, որ Ձեր ընտանիքում բոլորը դարձան արվեստագետ։
— Ռուբիկը երեք տարեկան էր, հայրս թուղթ ու մատիտ էր տալիս, ասում էր՝ նկարի՛ր, տղաս։ Մի օր մամաս տանը չի լինում, սենյակում էլ մութ է լինում, երեք տարեկան Ռուբիկն ասում է․ «Мама придет, лампу зажжет, будет светло, будет добро»․ Դա նրա՝ երեք տարեկանում հորինած առաջին փոքրիկ ստեղծագործությունն էր։
Ռուբիկն ընդունվում է նկարչական տեխնիկում (ավելի ուշ՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը)։ Ամենալավը Նորայրն էր սովորում։ Երբ ութերորդ դասարան է տեղափոխվում, հայրս կանչում է, ասում՝ տղաս, գերազանց կսովորիս, բայց ի՞նչ ուղղություն ես ընտրելու, ժամանակն է արդեն․․․
Այդպես հորս հորդորով Նորիկն ու Պողոսը (Պողոս Հայթայանը՝ Սեդա Ադալյանի ամուսինը — հեղ․) գնում են «Պիոներ պալատ», ընդունվում են գրական խմբակ։ Սուսաննա Բաբայանն էր ղեկավարը (մտերիմ էր Պարյուր Սևակի հետ)։ Ի՜նչ ուսուցիչ էր, ի՜նչ կրթություն տվեց, հետագայում նրա գրեթե բոլոր սաներն այդ ասպարեզում կայացան։ Նորիկը շարունակեց գրականության ճյուղը, Պողոսն ընդունվեց գյուղատնտեսական ինստիտուտ, հետագայում՝ Լենինգրադի արվեստի ակադեմիա։
— Գյուղատնտեսությունը պետք եկա՞վ։
— Մեր տնամերձ այգին մինչև կյանքի վերջը խնամում էր։
— Ինչպե՞ս ամուսնացաք։ Ձեր ապագա ամուսինը, փաստորեն, Ձեր եղբոր համադասարանցին էր։
— Նույն դպրոցում էին սովորում։ Նույն նստարանին էլ նստում են։ Այն թվերին կարճ տաբատ հագնում էին արևմտահայերը։ Պողոսը տեսնում է՝ Նորիկի շալվարը կարճ է, հարցնում է՝ իմ պապան դերձակ է, ինձ համար կարել է, քե՞զ որտեղից, ասում է՝ իմ պապան էլ է դերձակ։ Այդպես մտերմանում են։ Հաճախ էր մեր տանը լինում։
Տարիներ անցան։ Մի օր Ռուբիկի ընկերոջ կինը մոտեցավ ինձ, ասաց՝ չե՞ս տեսնում այդ տղան ոնց է նայում քեզ, վաղը ժամը 11-ին «ԿինոԵրևանի» մոտ կսպասի քեզ։ Հանդիպեցինք․․․ 17 տարեկան էի։ Հիշում եմ․․․ Պողոսը հաճախ էր գալիս մեր տուն, Նորիկի հետ դուրս էին գալիս զբոսնելու։ Մի օր էլ Նորիկը գնաց, նա մնաց մեր տանը։ Մամաս ասաց՝ Սեդիկ, Պողոսը այլևս Նորիկի ընկերը չի՞, քո՞ ընկերն է․․․․ Ասացի՝ հա, մամա ջան։ Եղբայրներս գիտեին մեր ընկերության մասին․․․ Երեք ու կես տարի անց ամուսնացանք։
— Տաղանդավոր արվետագետների շրջապատում ապրելը հե՞շտ է, թե՞ դժվար։
-Չեմ էլ պատկերացրել ուրիշ միջավայր, որ մտնեմ մեր տուն, որի պատերին ոչ մի նկար չլինի։
*****
-Ռաֆֆի Ադալյանը ջութակահար է և նկարիչ։ Դուք՝ ջութակահար։ Ինչպե՞ս ընտրեցիք մասնագիտությունը։
-Երբ Ռաֆֆիի ջութակը փոքրանում էր, նրա համար մեծն էին առնում, փոքրը դնում իմ թևի տակ։ Այդպես ես էլ գնացի այդ ուղղությամբ։
— Ձեր եղբայրները Ձեզ նկարել են․․․
-Ռուբիկն է նկարել։ Նստում էի իր դիմաց՝ աթոռին, ասում էր՝ ինչ դիրք ընդունեմ, ուր նայեմ։
— Հավանո՞ւմ էիք «նկարած» Սեդային։
-Այո, բայց հոգնում էի։ Ասում էր՝ անուշ ջան, քեզ պաղպաղակ կառնեմ, կինո կտանեմ, նստիր․․․Այդպես երկար նստում էի։
******
-Անդրադառնալով գրքին։ Հայ կանայք ԱՄՆ-ում աշխատում են, խնամում ծերերին, փոքրերին, զբաղվում տան մաքրությամբ։ Գուցե նույնատիպ ապրումնե՞ր են ունենում։
— Գիտե՞ս, այդ թվերին շատ կանայք էին գնում, ես չգիտեմ՝ ինչ մարդիկ էին, ինչ պայմանների են հարմարվել․․․ Ես էլ եմ հարմարվել, քանի որ աշխատանքի կարիք ունեի, բայց ես և՛ զարմանում էի, և՛ տխրում, որ նույնիսկ հայի տանն աշխատելիս ինձ նսեմացած եմ զգում։ Դուք պալատներում եք ապրում, ես երեք ամսով եկել եմ մի փոքր գումար վաստակելու, բայց դուք ճզմում եք ինձ, և ուզում էի շատերը իմանան այդ մասին։ Բայց կանայք էլ կային, որ շատ գոհ էին տիրուհիներից։ Գուցե լավն էին։ Իմ բախտը չբերեց, ես աշխատեցի երկու-երեք տներում, ամեն տեղ մեկ-երկու շաբաթ, երկու տեղից էլ ինձ ազատեցին աշխատանքից։
— Զրույցի սկզբում ասացիք, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ում էիք, ի՞նչ զգացիք․․․
— Ահաբեկվեցի ու գրեցի այդ մասին։ Մեջբերեմ մի հատված․ «Այս առավոտ իմացա, որ Հայաստանում սպանել են պետական այրերին։ Սիրտս թուլացավ, ձեռքերս դողացին, դեռ հյուրեր պետք է ընդունենք, հավես հեչ չունեմ, բայց պարտավոր եմ։ Սա ի՞նչ բան է․ կա՛մ մեզ կոտորում է թշնամին, կա՛մ էլ մենք ենք մեզ կոտորում․․․»։
— Հայրենիքի մասին ասում եք՝ «իմ մարմինն է, ես ձգտում եմ հպվել նրան, տեսնել վերքերը, հետը ձանձրանալ, հուսալքվել ու նորից հույսով լցվել»։ ․․․Բզկտվեց այդ մարմինը։ Հիմա ի՞նչ եք զգում։
— Ես, միևնույն է, այս հողի վրա կանգնած եմ, ոչ մի տեղ չեմ ուզում ու չեմ գնա։ Ուղղակի ցավ եմ ապրում։ Գիտեմ՝ մտավորական սերուցք ունենք, երկիրը պաշտպանող սերուցք էլ ունենք, բայց ամեն ինչ խառնվել է։
Երբ ճանապարհները բացվեցին, մարդիկ ազատ գնացին-եկան, տեսնելով մյուս երկրների շռայլությունները, կոպիտ եմ ասում, դրան ձգտեցին, չհագեցան, չկշտացան։ Հոգևորը նահանջ է ապրում։ Կան նաև մարդիկ, որ ցավում են այս ամենի համար, բայց․․․ քիչ են նրանք։
— Գիրքն ավարտվում է այս տողերով․ «Շատ հաճախ երկնքում երևում են ինքնաթիռներ՝ ամեն մեկն իր ուղղությունը բռնած։ Ես էլ զարմանքով նայում եմ ու որոշում, թե իմը ո՞րն է լինելու և ի՞նչ ուղղությամբ է գնալու։ Ինչպես ուզում է, թող գնա,- մտածում եմ,- միայն թե անփորձանք հասնի Հայաստան։ Ու ես երկիրս խաղաղ տեսնեմ և երբեք թախիծ չտեսնեմ իմ շփոթված ու սևաչ ժողովրդի աչքերում»։ Այն տարիներին կարծես և՛ զգում, և՛ չէինք զգում խաղաղության գինը, պատերազմի վտանգը․․․
— Այդպես է ստացվում։ Առայսօր ես իմ գիշերային աղոթքի մեջ «Հայր մերն» եմ ասում, հայիկս է ինձ սովորեցրել։ Ուրիշ աղոթք չգիտեմ, երբ շնորհակալություն եմ հայտնում, աղոթքի վերջում դա եմ ասում՝ երկիրս խաղաղ լինի։ Ուզում եմ ասել նաև՝ թող պատժվեն նրանք, ովքեր երկրին վնասում են, բայց չեմ կարողանում։ Ասում եմ՝ թող խելքի՛ գան, դավաճանությունը վատ բան է, իսկ խելքի գալ կարող են․․․ եթե ուզեն։
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments