ՄշակութաԳիծ

Ալենի կախարդական հեքիաթը

29.07.2025

Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի մայրիկի՝ Նազելի Տերտերյանի հետ զրուցել ենք «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին։ «Կազմակերպությունը նպատակ ունի նպաստել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին։ Այն, ինչն Ալենը համարում էր իր առաքելությունն ու ամենօրյա աշխատանքը՝ կրթության և մշակույթի ոլորտում բարեփոխումների իրականացումը, ուսումնատենչ երեխաներին ու տաղանդաշատ երիտասարդներին մոտիվացնելը և խրախուսելը»,- ասում է տիկին Տերտերյանը։

-Տիկին Տերտերյան, խնդրում եմ համառոտ պատմել ձեր ՀԿ-ի գործունեության մասին։

-«Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն հիմնվել է ի հիշատակ որդուս՝ Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի: Այն իմ նախաձեռնությամբ և համակարգմամբ արդեն 4 տարի գործում ու հարյուրավոր ծրագրեր է կյանքի կոչում։ Ուսումնատենչ ու շնորհալի երիտասարդները գտնվում են բարեգործական ՀԿ-ի ուշադրության կենտրոնում և նրանցից շատերը «Ալենյան» կրթաթոշակների շահառու են։ ՀԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները։ ՀԿ-ի հովանավորությամբ և նախաձեռնությամբ կյանքի են կոչվել Ալենի անունն ու գաղափարախոսությունը կրող բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, այդ թվում՝ «Իմ Ընկեր Ալենը» համադպրոցական ընթերցանության մրցույթը: ՀԿ-ի ֆինանսական միջոցներով և ջանքերով հիմնադրվել է «Ընթերցասերը պուրակը», որտեղ էլ տեղադրվել է «Գրքասերը» քանդակը։ Ընթերցանությունը ՀԿ-ի կողմից խրախուսվում է նաև գրքերի նվիրատվությամբ։ Հանրապետության դպրոցներն ու գրադարանները հարստացել են հերոսի և այլ երիտասարդ ստեղծագործողների հազարավոր գրքերով։

-Տիկին Տերտերյան Ձեր գործունեությունը, նպատակասլացությունն ու այն գաղափարախոսությունը, որի կրողն եք, վկայում են հերոսածին մոր անկոտրում տեսակի մասին։ Ո՞րն եք համարում Ձեր կազմակերպության կողմից ստեղծված ամենակարևոր նախագիծը։

-Մեր բոլոր նախագծերը լրջագույնս և մանրակրկիտ մշակված է, նրանցից յուրաքանչյուրը ծառայում է մի գաղափարի, որոնք բոլորն էլ չափազանց կարևոր են, ուստի որևէ մեկին նախապատվության տալ չէի ուզի։ Կարող եմ ասել, որ մեր նախաձեռնությունները օգնում են հավատալ երազանքներին և առաջ շարժվել։

-Տեղեկացել ենք, որ այժմ ներդրում եք կատարում նոր նախագծում, այն է՝ սառցե ամանորյա շոուում։ Կասե՞ք, ինչու՞ հենց սառցե շոու, այլ ոչ՝ թատրոն կամ մյուզիքլ։

-Սառցե շոուի ձևաչափը պատահական չէ ընտրված։ Ես մանկուց սիրահարված եմ գեղասահքին, կասեմ ավելին՝ գեղասահքով զբաղվելը իմ չիրականացած երազանքներից է: Եվ ներկայացավ իմ երազանքն ու Ալենի ստեղծագործությունը միավորելու հիանալ առիթ: Հատկանշական է այն, որ մինչ այս հայ հանդիսատեսի դատին են հանձնվել սառցե ամանորյա շոուներ, որոնց հիմքում եղել են այլազգի ստեղծագործողների աշխատանքներ, իսկ այս շոուով, հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի սառույցի վրա մի գունեղ և չքնաղ ներկայացման: Կարծում եմ, դա ուղղակի հրաշալի է։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ համանուն հեքիաթի մոտիվներով նկարահանվում է մուլտֆիլմ՝ Սոյուզմուլտֆիլմի կողմից, և չի բացառվում, որ առաջիկա տարիներին Ալենի հեքիաթներից շատերը դառնան գեղեցիկ ներկայացումներ կամ մյուզիքլներ:

Նազելի Տերտերյան

-Մարդիկ դառնում են մեկենասներ, որովհետև նրանց մղում է բարձր բարոյական արժեքների ուժը։ Որպես սառցե արվեստի և սպորտի ոլորտում նոր նախագծի մեկենաս, ի՞նչ եք ակնկալում և ի՞նչ եք ցանկանում։

-Ինչպես ցանկացած նոր նախագծի, այս նախագծին ևս մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, քանզի որդուս «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հրաշալի հեքիաթը շուտով կդառնա մի լուսավոր ներկայացում: Հայ մանուկները, ինչու ոչ՝ նաև մեծերը, հնարավորություն կունենան վայելելու հայկական ամանորյա գեղեցիկ հեքիաթը սառույցի վրա: Հեքիաթ, որն իր հմայքով մարդկանց հոգիները կպարուրի լույսով: Ես վստահ եմ, որ այն կսիրվի բոլոր կողմից և երկար տարիներ տարբեր սերունդներ հաճույքով կդիտեն այն, քանի որ այս հեքիաթը բարության և հավատի մասին է, երբեք չհանձնվելու և նպատակասլացության մասին է, և, ի վերջո, ներողամտության ու վեհության մասին է: Որպես այս նախագծի Մեկենաս, ուզում եմ, որ այն փոխանցվի մարդկանց ա՛յն տեսքով, որին հավատում էր Ալենը։

-Արդյոք ներդրողը կունենա՞ վետոյի իրավունք արտադրական որևէ հարցի վերաբերյալ։

-Բոլոր իրավունքները ինձ են պատկանում, սակայն պայմանագիր ենք կնքել Հայաստանում այդ ոլորտում միակ՝ ԱՊՊԱ-Պրո ընկերության հետ, որն արդեն 15 տարի զբաղվում է սառցե շոուներով և 30 տարի շոու բիզնեսում է։ Կարծում եմ, ճիշտը պրոֆեսիոնալներին վստահելն է։ Ցանկացած նախագծի հաջողելու գաղտնիքը յուրաքանչյուրի իր՝ որակավորմանն ու մասնագիտացմանը համապատասխան խնդիրներն ու պարտականությունները իրականացնելու մեջ է։