ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Ալիս Հովհաննիսյան, Բոլորը իրականություն է. հորինվածքը քիչ է այստեղ-3

27.01.2020

Սկիզբը՝ այստեղ

 Իհարկե, Մարիամը ծպտուն իսկ չի հանի իր հայտնաբերածի մասին: Ու հաջողվում է: Բայց նրա բերանից ինքնաբերաբար դուրս թռավ հարցը.
 — Ո՞ւր գնաց:    
Եղիսաբեթը արցունքների միջից ներողամտաբար ժպտաց.
-Այն աշխարհ: Ես նրան ինչքան ասես կխնամեի, սիրով, եթե նույնիսկ անդամալույծ լիներ, բայց որոշեց ու մի քանի վայրկյանում գնաց… այս ձեռքերիս մեջ…

Մարիամը ուզում էր քաշվել, կուլ գնալ ինքն իր ներսը, որ ոչինչ չմատնի հանկարծ իրենից անկախ: Անսովոր լավ, անկաշկանդության մի քանի րոպեները հեշտությամբ լքում էին իրեն: Բայց ե՞րբ այդպես չի եղել որ: Չափից դուրս ցավակից մի ձայն անսպասելիորեն դուրս եկավ իր սրտից, հարցրեց.
— Ի՞նչ ասաց մեռնելիս:
Ասաց. – Եղիսաբեթը դեռ սրբում էր աչքերն ու քիթը, — «Ներող կեղնիս, ես քու եղունգդ չարժեցա էս քամբախ կյանքիս մեջ»: Անհեթեթություն: Ամբողջ քաղաքը սիրում ու պաշտում էր նրան: Նրա նման նկարիչ, մանկավարժ, երաժիշտ դեռ չի տվել մեր ամբողջ մարզը: Ամբողջ Գյումրին էր եկել Երևան՝ թաղման, Վանաձորից էլ լիքը մարդ կար, Վորոնեժից, Կրասնոդարից, Չելյաբինսկից բանակային ընկերներն էին եկել: Ինձ սիրտ տալու փոխարեն իրենք էին մղկտում… Ես էի մխիթարում իրենց:

Եղիսաբեթի այս խոսքերի վրա՞, թե՞ մի ուրիշ անհայտ պատճառով Մարիամի կրծքից սկզբում մի փղձկոց, իսկ այնուհետեև անզուսպ հեկեկոց թռավ, որին վերջ տալ չէր կարողանում:

Եղիսաբեթը գրկել էր Մարիամի ցնցվող ուսերը, շոյում էր մազերը, համբուրում էր… Հասկանում էր, իհարկե, որ երիտասարդ կնոջ լացի պատճառը ոչ թե իր Սերոբի մահն է, այլ բաժակի մեջ այն կաթիլը, որից հետո ջուրը թափվում է պռունկից:

-Ըհը, հիմա էլ քեզ պիտի մխիթարեմ, — գտել էր էլի մեկին, որ ցավակից լինելու սիրտ ունի: — Աստված քեզ ուղարկեց: Աղջիկներիցս մեկը Ամերիկայում է, մյուսը՝ Դուբայում: Ամեն օր սկայպով խոսելուց հետո մենակ եմ մնում Սերոբիս նկարների հետ:

Մարիամը նոր միայն նայեց ու նկատեց պատերի նկարները: Մի քանիսում Եղիսաբեթն էր՝ որպես ժպտացող գարուն, մեկը հեռավոր ձևով Նաիրային էր հիշեցնում, թեև իր իմացած Նաիրայից շա՜տ սիրուն էր: «Ինչ լավ էր, մեխ չունեի, դեռ պատից չէի կախել Սերոբի նվիրած նկարը»:
— Գնա, երեխեքիդ դպրոցից բեր, երեկոյան ուղարկիր, անգլերեն պարապեմ հետները,- վերջակետ դրեց Եղիսաբեթը տխուր մտքերին:

Մարիամը դրամապանակից հանեց 30000 դրամը, դրեց սեղանին ու կարծեց, թե դրանից թեթևանալու է: Բայց օրը դեռ չէր վերջացել, այլ նոր էր միայն սկսվելու: Եղիսաբեթը փողը վերցրեց, դրեց Մարիամի դրամապանակն ու ժպտաց.

— Ես էս փողի կարիքը չունեմ: Պահի՛ր, երեխաներիդ համար կոշիկի հազիվ հերիքի: Աղջիկներս ինձ ամեն ամիս փող են ուղարկում, թոշակս էլ հետը, ամեն ինչին հերիքում է: Դեռ օպերա, համերգներ էլ, ոչ մի բան բաց չեմ թողնում, թոշակառուներին էժան տոմսեր բաժանող ընկերուհի ունեմ: Կարող եմ քեզ համար էլ վերցնել, եթե սիրում ես:

— Իսկ Ձեր եղբա՞յրը: — Այդ մարդուն, որ անբարյացակամ էր նայել իրեն ընդամենը մի կարճ պահ, կարծես պարտք ուներ, որ չգիտեր՝ ինչպե՞ս մարի և նրա հանդեպ վախը փարատելու համար տվեց այս հարցը, թեև օպերային, թոշակառուներին, էժան տոմսերին վերաբերող հարցերը վխտում էին գլխի մեջ:

— Եղբայրս, ի՞նչ: Նա շատ լավ է ապրում, ինձ էլ է օգնում: Մեկ-մեկ գյուղից իր պատրաստած պանիրը, կարագն է բերում, մեղր, էժան է տալիս: Սպասի՛ր, մի քիչ մեղր ու կարագ տամ, տա՛ր երեխաներին կերցրու:

Մի փոքրիկ բանկա բերեց. մեղրը գդալով դրա մեջ ծորացնելու հետ ծիծաղելով պատմեց.
— Մի անգամ եղբորս կնոջը հարցրի. «Էս մեղրը դո՞ւք եք պատրաստում»: Ասաց. «Ի՞նչ կխոսաս, Եղիսաբե՛թ քույրիկ, Աստված ոչ էնե, մեր մեղուները կըպատրաստեն»:

Մարիամն ուզում էր շուտ գնալ այստեղից, ուզում էր օրը վերջանար, երեխաներին դպրոցից բերեր, դասերը անեին, քնեին:

Բայց օրը դեռ չէր վերջանում ու չէր վերջանում: Լսվեց սկայպի ազդանշանը:
— Ըհը, աղջիկներիցս մեկն է, հիմա կծանոթանաս:

Բայց էկրանին մի տղամարդ հայտնվեց:
— Չէ, ափսոս, աղջիկս չէ: Վասիլին է՝ Սերոբիս բանակային ընկերը: Ուխաժորս է:

Մարիամը ուրախացավ, որ վերջապես վարձը մի անգամ էլ կդնի սեղանին ու կգնա:
— Չէ՛, սպասիր, հետաքրքիր չի՞: Չե՞ս ուզում իմանալ 70-ն անց բիձուկները ոնց են փորձում ինձ նման պառավներին գայթակղել:

Վասիլին ամոթխած պատանյակի նման ժպտալով պատմում էր, թե ինքը մի ամիս առաջ ոնց է եկել Երևան, երեք օր փնտրել է Սերոբի տունը, ոչ մի կերպ չի գտել: Կարծում էր աչքերը փակ կգտնի, բայց կամ փողոցի անունն է փոխվել, կամ կողքին մի նոր բազմահարկ է բուսել: Դե երկու տարի է անցել Սերոբի թաղման օրից:  Թե ոնց է երեք օր Երևանի փողոցներում Ելիզավետայի համար գնած ծաղկեփնջերը նվիրել պատահական կանանց, վերջապես հուսահատ վերադարձել Վորոնեժ:  Բայց այս անգամ ո՜նց է խնդրում՝ ասի հասցեն, որ գա ու գոնե մի անգամ միասին զբոսնեն, գուցե գնան քաղաքից դուրս:
   «Վորոնեժ» անունը լսելուց հետո, դեռ չհասկանալով թե ինչու, Մարիամը լարեց ուշադրությունը:
 — Ես կմտածեմ, Վասիլի՛ Ֆյոդորովիչ, — պատասխանեց ամենևին ոչ պառավական, թրթռուն ժպիտով Եղիսաբեթը, — հիմա տեսնո՞ւմ ես, հյուր ունեմ:  Իսկ ո՞նց են Նաիրան, Մուշեղը:
— Наира процветает день за днем, а Мушегу, ты уже знаешь, устроили на Суворвскую, кадетскую. Он отличник во всем.
  — Կասեմ՝ վաղը գան ձեր սենյակում ինտերնետ անցկացնեն, — սկայպը անջատելուն պես դարձավ Եղիսաբեթը Մարիամին: Տեղնուտեղը մոռացավ Վասիլի Ֆյոդորովիչին:
 «Բայց ի՞նչ եմ անելու ինտերնետը, — չասաց, — երբ համակարգիչ չունեմ, հեռախոսս էլ արդեն բանի պետք չէ»:

— Սերոբիս նոթբուքը քեզ կտամ, ես նորն եմ գնել ինձ համար: Ցույց տուր հեռախոսդ, տեսնեմ:

Այս կինը մտքեր կարդացող կախարդ է: Մարիամը ցույց տալու փոխարեն փորձեց թաքցնել հեռախոսը, բայց չհասցրեց: Եղիսաբեթը հեշտությամբ վերցրեց նրա ափի մեջ սեղմված, փոքրիկ, նախաջրհեղեղյան հեռախոսը: Քիչ անց դրա միջից հանված քարտը արդեն տեղադրվում էր մեծ էկրան ունեցող, կարմիր պատյանով հեռախոսի մեջ, որ երևի նույնպես Սերոբին էր պատկանել:

Բարի մեծահարուստների, նրանց՝ հազարից մեկ հանդիպող առատաձեռնությունը վայելող աղքատների մասին շատ էր կարդացել Մարիամը, բայց վստահ էր, որ գրքերից դուրս նրանք կյանք չունեն, ու թե գրքերում էլ կան, արդեն բարեբախտություն է իր նման թշվառ ընթերցողների համար:

                                                       *** 

Հետագա օրերին Մարիամը ոչնչի վրա չէր կարողանում կենտրոնացնել իր մտքերը, որովհետև հակառակ իր լավատես լինելուն՝ այսքան լավ դեպքերից հետո սպասում էր չար կամ գոնե վատ երևույթների ի հայտ գալուն, իսկ դրանք ուշանում էին: Քիչ էր մնում տատի նման ռոմանտիզմի գիրկն ընկնի ու սկսի հասկանալ նրան, թե՝ որքան հեշտ է երևակայական աշխարհում ապրելը: Ուզում էր անընդհատ հիշել իր ծանոթներից կամ կարդացած գրքերի հերոսներից նրանց, որ կենդանի կամ գոնե առանց ծանր վնասվածքների դուրս էին պրծել այս թակարդից:

«Իսկ ո՞վ է ասել, որ ես ապահով ապրելու իրավունք չունեմ», — մի օր փողոցում բարձրաձայն հարցրեց ինքն իրեն ու վախեցած շուրջը նայեց. իրեն ոչ ոք գժի տեղ չդրե՞ց:   Կամ էլ թող մտածեն՝ հեռախոսով է խոսում: Ի նկատի ուներ հայ կնոջ այն տեսակը, ում տատը որբանոցում է մեծացել՝ պատերազմից անմիջապես հետո, ապօրինի երեխա է ծնել այն թվերին, երբ դա աններելի հանցանք էր, տեսել է մեծ զրկանքներով, օր ու գիշեր դաժան աշխատանքով մեծացրած աղջկա մահը, առաջինն է տեսել փեսային՝ պարանից կախ ճոճվելիս: Ի նկատի ուներ իրեն՝ ում մի գարնանամուտի դուրս են արել տնից՝ առանց հարցնելու, թե երկու երեխաների հետ որտե՞ղ է գիշերելու:

                                                       *** 

Եղիսաբեթն աննկատ սկսել էր մայրություն անել Մարիամին: Մարիամը չէր հասկանում ՝ո՞նց է հարմարվում լավ կյանքի բերումին, որի մասին երբևէ չի էլ երազել: Գուցե ռոմանտիկ տատի երազանքնե՞րն էին իրականություն դառնում: Բայց ինքը դեռ չի համարձակվում ու չպետք է համարձակվի մեծ-մեծ երազներ ունենալ: Արգելում է իրեն:

Չէր ծախսել 30000 դրամը, պահել էր, որ հաջորդ ամսին չմտածի, թե որտեղի՞ց է ճարելու: Ինքն իրենից թաքուն մի քանի հազար էլ էր ավելացրել նաև հունիսի պարտքը թեթևացնելու համար: Բայց Եղիսաբեթը չվերցրեց ոչ մայիսի, ոչ հունիսի վարձը: Այդ սենյակը ոչ ոքի չի պատկանում, — ասաց, — դրա տերը մեռել է: Այնպես որ հանգի՛ստ ապրիր:

Մարիամը ավելորդ հարցեր չտվեց: Բայց Եղիսաբեթը դեռ նոր էր բացել բացահայտումների իր կծիկը: Այդ բնակարանը իմ Սերոբը գնել էր, որ վարձով տայինք:  Բայց եկավ գյումրեցի մի կենվոր կին՝ իր տասներկուամյա տղայի հետ: Ծնողները երկրաշարժին փլատակների տակ էին մնացել: Ամուսինը դավաճանել էր: Սա չէր ներել: Եվ լավ էր արել: Երեխային վերցրել, եկել էր Երևան: Գյումրին, դե, իհարկե կզայրանար. «Կինն ի՞նճ է, օր չների»… «Հըմի մարդ է, պադահել է»… Հետո կզարմանար… «Քանի՞ գլուխ ունի, օր չների»… Հետո… «Բա էդ տեսակ կընգան, (այսինքն՝ Նաիրային), կարելի՞ էր դավաճանել»… Խոսքը մեր մեջ, տղամարդ լինեի, ես էլ կդավաճանեի էդ փնթիին: Ո՛չ ճաշ պատրաստել գիտեր, ո՛չ լվացք անել, ո՛չ տունը մաքրել: Լավ է, որ համակարգչից գլուխ էր հանում: Սերոբը աշխատանք էր գտել դրա համար: Բայց ամուսիններով միաձայն արդեն որոշել էինք, որ տղայի խաթեր վարձ չենք վերցնելու: Տղային սիրել էինք մեր հարազատ որդու պես, մանավանդ որ տղա զավակ չէր տվել մեզ Աստված: Աղջիկներս էլ սիրեցին նրան: Բերում էին տուն, կերակրում էին, խաղում էին հետը, դաս էին սովորեցնում: Լավ նկարում է: Սերոբը շատ բան տվեց նրան: Չարգելեց իրեն «հայրիկ» ասել: «Աղջկերքիս պապան եմ, ըսոր հայրիգն եմ»,- ասում էր: Իսկ Նաիրան՝ մեր կենվորը, Սերոբի թաղմանը եկած մի ռուս գեներալի հետ ծանոթանալն ու Վորոնեժ թռնելը մեկ եղավ: Վասիլի Ֆյո՞դորովիչի:
Չէ, նրա ընկերոչը՝ Ֆյոդոր Վասիլևիչի: Վասիլի Ֆյոդորովիչի աչքը ինձ է կպել: Մուշեղիս կատեդական դպրոց տեղավորեցին: Տեսա՞ր ասում է՝ ամեն ինչում գերազանցիկ է:

Տատի ասելով Նաիրան երբեք ամուսին չի ունեցել և ծնողներին էլ չի տեսել երբևէ, մանկատանն է մեծացել, — դեռ նոր էր անցնում Մարիամի մտքով, իսկ Եղիսաբեթն արդեն փոխել էր Նաիրայի թեման:

Սերոբս, ազատ մտածող արվեստագետ մարդ էր: Տանել չէր կարող գյումրեցոց բարքերը: Աղջիկներս լավ լողորդներ էին, բայց հայրը շրջապատի բերանը չընկնելու համար, թույլ չտվեց, որ Եվրոպա՝ մրցումների գնան: Իսկ երբ հաստատվեցինք այստեղ, ամեն մեկն իր սրտի ուզածին գտան, հանդիպեցին էլ, սիրեցին էլ, հետո էլ թռան օտար երկրներ: Ամուսնուս ընկերները բոլորը մինչև էս տարիքն էլ սիրուհիներ ունեն: Ով էլ չի դավաճանում, փակի տակ է պահում կնոջը: Գյումրեցիների գիտեմ, որ իրենց կանանց ուղեկցում են վարսավիրանոց, կոշիկ, հագուստ ընտրելու, մեքենայի դուռը բացելուց հետո նայում են փողոցի երկայնքով մի կողմ, հետո՝ մյուս, ու եթե տղամարդ չի երևում, ձեռքով կանչում են իրենց «հուրի-մալաքին», որ արագ խցկվի մեքենան:

  Մարիամը հասկանում էր Եղիսաբեթի հեգնանքը: Անհարմար էր զգում, քանի որ այս ամիսների ընթացքում իր կրած տառապանքներից հետո դեմ չէր լինի այդ չդավաճանողների տեղում իր Արթուրին, իսկ փակի տակ ապրող կանանց տեղում իրեն տեսնել:Ամռան օրերին 21-րդ դարի Գյումրու գլխավոր փողոցով զբոսնողների մեջ չեմ տեսել ամուսինների, որ կողք կողքի քայլեն կամ տղաների ու աղջիկների՝ նույն խմբում: Ինչպես որ 20-րդ դարում էր, էդպես էլ հիմա: Քայլում են աղջիկներն առանձին, տղաներն առանձին, կանայք երկու-երկու ընկերուհիներով, տղամարդիկ՝ ընկերներով, ուրախ են, հպարտ են, բայց միասնական մի աչք կա, որ հսկում է՝ փողոցի մի ծայրից մինչև մյուսը: « Հըլը, հըլը իդոր աշե, հըլը ինոր լավ աշե, տես ի՞նքն է, թե ինքը չէ»: Նրանք բոլորը իրար տեսնում են: Եթե որևէ հայացք կամ ձեռքսեղմում անիմաստ է, ուրեմն մի թաքուն իմաստ ունի. այսօր կամ էգուց անպայման պարզ կդառնա:

Մարիամը Արթուրի հետ, ուսանողական միակ տարում, մի քանի անգամ ձեռք ձեռքի քայլել է Աբովյանով ու գիտի, թե ի՜նչ երջանկություն է, երբ բոլորը տեսնում են քեզ, դու տեսնում ես միայն ձեռքդ ամուր բռնած տղային, ու քեզ ոչ ոք չի ճանաչում: Չգիտեն՝ ում աղջիկն ես, ում տղան ես, որտեղի՞ց ես… օտար մի տեղում քայլողի անձեռնմխելիություն: Թեև սրտիդ մի թաքուն անկյունում վաղնջական ժամանակներից եկող վախ կա, անհասկանալի, անբացատրելի տագնապ, ու դա ավելի է քաղցրացնում սիրելիիդ այդքան մոտ լինելը: Հասկանում էր ծանոթ — անծանոթ  հայացքների տակ գտնվելու անհարմարությունը: Եղիսաբեթի այս խոսքերից հետո էլ ծուռ չի՞ նայելու Երևանի փողոցներում համբուրվող զույգերին:

Շարունակելի

No Comments

Leave a Reply