Կարինե Ռաֆայելյան Կինո

«Ամենասարսափելի որոտից ու հեղեղից հետո, միևնույն է, ծագում է արևը»

11.02.2021

Ardi.am-ը զրույցի է հրավիրել կինոգետ, արձակագիր Սիրանույշ Գալստյանին:

Սիրանույշ, ծանր ժամանակներ ենք ապրում՝ լի անօրինակ փորձություններով: Այս պայմաններում մեր հասարակության գիտակից մասը հայացքն ուղղում է Աստծուն և իբրև նեցուկ՝ ապավինում նաև մշակութային բարձր արժեքներին: Այս իրականության համապարփակ վերարտադրությունը կինոյում հնարավոր համարո՞ւմ եք:

— Այո՛, միայն Աստծո վրա կարող ենք հույս դնել մեր օրերում: Եվ միայն Աստվածաշնչում կամ մեր եկեղեցում կարող ենք գտնել մեզ տանջող հարցերի պատասխանները: Բայց ֆիզիկական գոյությունն էլ իր հերթին այլ կարգի խնդիրների առաջ է կանգնեցնում մարդուն: Տարրական իմաստով՝ գոյության կռիվ է գնում: Իհարկե, որոշ չափով, հոգևոր- մշակութային արժեքներն են նաև ի զորու այսօր գիտակից մարդուն գոնե մի փոքր շեղել պատուհասած այս ծանր վիճակից, որում հայտնվել ենք հատկապես մենք` հայերս: Հիշենք մեկ դար առաջ Հայաստանում տիրող իրավիճակը… կարծես, պատմությունը կրկնվեց. Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանների» հայրենազրկված վանեցի հերոս Օհանեսի նման այսօր շատ հայեր Արցախում և Սյունիքում իրենց տներն այրեցին և ապրում են աղոտ ապագայի հույսով: Մնացածներիս ապագան էլ անորոշ է: Այն օրերին Ալեքսանդր Մյասնիկյանը՝ այդ ազնիվ հայորդին, նվիրյալը, որ ոչնչից երկիր էր կերտում ինքնամոռաց, գիտակցելով, որ ֆիզիկական իրականությունը չի կարող հառնել՝ առանց մշակույթի և պոեզիայի, կարևորեց Տերյանի, Չարենցի, Սարյանի ներկայությունը… Դովլաթյանն էլ մեծ կինոկտավ ստեղծեց մոտ կես դար հետո` «Երկունքը»: Դժբախտաբար, այսօր մենք չունենք այդպիսի ղեկավարություն: Իսկ երբ մտածում եմ ստեղծագործության մասին, ինձ թվում է, դժվար է գտնել մի երկ, որ ի զորու է ընդգրկելու, համապարփակ կամ սպառիչ վերարտադրելու այս տեսակ տիեզերական մասշտաբի աղետները: Թերևս, մի մոնումենտալ գործ եմ այս պահին մտաբերում` Փելեշյանի «Մենքը»:      

Այսպես, առաջին և երկրորդ աշխարհամարտերի ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների գրական կամ կինոխորհրդածություններն աշխարհում շարունակվում էին մինչև վերջին ժամանակները: Հայոց Մեծ եղեռնի, հրեաների Հոլոքոստի մասին նույնը կարող ենք ասել: Մարդկային պատմությունները միշտ կարիք ունեն նոր տեսանկյունից ներկայացվելու, վերաիմաստավորվելու, և ամեն մի ժամանակ իր մոտեցումներն է բերում: Արդիականության մեջ այդօրինակ վերաիմաստավորման լավագույն գեղարվեստական օրինակ համարում եմ Էմիր Կուստուրիցայի ֆիլմերը:

Մեր հասարակությունը կարծես թե բավարարված չէր այն գրականությամբ, կինոյով, թատրոնով, արվեստի այլ ժանրերով, որոնցում արտացոլվել էր 1990-ականների արցախյան հերոսամարտը: Հիմա նոր պատերազմ ունեցանք՝ նոր ու անփառունակ ելքով: Այսպիսի հանգուցալուծումն ավելի՞ է բարդացնում արվեստի լեզվով պատերազմական թեմային անդրադառնալու գործը:

— Մենք հաղթել էինք 90-ականների արցախյան հերոսամարտում, սակայն չկարողացանք հաղթանակին համարժեք գեղարվեստագրել այդ ազատամարտի պատմությունը, թեև որոշ սրտառուչ ֆիլմեր նկարեցինք: Հիմա շատ ավելի ծանր կլինի այդ թեմայով գործեր ստեղծելը: Բայց անօրինակ հերոսության դրվագները, աներևակայելի սխրանքներ գործած մեր քաջարի զինվորների կերպարները, անկախ ամեն ինչից, անպայման պիտի պատկերվեն թե՛ կինոյում, թե՛ գրականության մեջ: Սակայն նկատի չունեմ էժանագին տիրաժավորումը: Դա պիտի արվի բացառապես բարձր գեղարվեստական չափանիշներով: Մանավանդ, կարծում եմ, բոլորն են գիտակցում, որ մեր զինվորը չի պարտվել: Պարտությունը զինվորինը չէ, համենայն դեպս: 

Կինոն ամենալայն զանգվածներ ներառող արվեստն է: Այնինչ, հիմա մարդկությունն ամբողջ աշխարհում պարտադրված է ինքնամեկուսանալու, հանրային շփումները սահմանափակելու: Սա ուղղակի հարված չէ՞ կինոարտադրությանը, կինովարձույթին, կինոդիտման՝ ավանդաբար ձևավորված մշակույթին:

— Այո՛, իհարկե: Բայց դա առաջին հերթին հարված է մեր ապրելակերպին, գոյությանը: Մեր առողջության մասին հոգ տանելու անվան տակ իրականում հարված է հասցվում ոչ միայն դարերով կամ տասնամյակներով ձևավորված սովորույթներին ու ավանդույթներին, այլև ուղղակի մեր իմունիտետին, հետևաբար` առողջությանը: Սա աբսուրդ է: Չէ՞ որ, հենց մարդկային փոխհարաբերությունները, շփումներն են, որ նորոգում են մեզ, ապրելու նոր լիցք հաղորդում: Ասում են` ծերերին մի այցելեք, որ հանկարծ չվարակեք, իսկ նրանք մեռնում են կարոտից ու մենակությունից: Փաստորեն, մարդուն ուզում են զրկել այն ամենից, ինչը ջերմացնում է, ապրեցնում, էլ չասենք, որ հաճախ զրկում են նաև աշխատելու` ապրուստ վաստակելու հնարավորությունից…  Ինչ վերաբերում է կինոդիտմանը, ապա ծննդյան առաջին իսկ օրից` Լյումիեր եղբայրների կազմակերպած առաջին ցուցադրությունից սկսած, գուշակվել է կինոյի բնույթը և առաքելությունը: Այն ինչ-որ իմաստով կոչված է միավորելու մարդկանց: Երբ նրանք դահլիճում կողք կողքի նստած ֆիլմ են դիտում, անկախ տարբեր ընկալումներից, հուզվում, շնչում են նույն ռիթմով, որ թելադրում է ֆիլմը, ավելի ճիշտ՝ նրա հեղինակը: Բայց վերջին տարիներին համացանցը շատ բան էր փոխել: Շատերն սկսեցին նախընտրել ֆիլմը դիտել տանը, նույնիսկ գերադասել` մենակ այն դիտել: Դա արդեն այլ երևույթ է, փոխում է շատ բան: Անգամ ընկալումն է փոխում: Եվ նույն այդ մարդիկ կինոդահլիճում, մեծ էկրանին նույն ֆիլմը դիտելիս հանկարծ հասկանում են, որ նախորդ` համացանցային դիտումն ընդամենը թեթևակի ծանոթություն է եղել ֆիլմի հետ, իսկ նրա գեղարվեստական, առավել ևս՝ գեղագիտական կողմը տեսանելի է միայն մեծ էկրանին: Ի դեպ, մեր ընկալումը, զգացողությունը զարմանալիորեն փոխվում է՝ նաև կախված այն բանից, թե կիսադատարկ դահլիճո՞ւմ ենք այն դիտում, թե՝ լիքը: Կինոն հանրային երևույթ է: Դրա համար էլ ոչ այնքան հին ժամանակներում չէին վերացել կինոթատրոնների հերթերը, իսկ այս համավարակի պատճառով, զրկվելով կինո գնալու հնարավորությունից, մարդիկ սովորեցին տարբեր հնարամտություններ բանեցնել: Օրինակ, շարքերով դասավորված ավտոմեքենաներում նստած, իսկ ծովափնյա քաղաքներում` ջրի վրա թեթևակի ճոճվող նավակներում նստած, նրանք դիտում էին ֆիլմ` պրոյեկտված դիմացի մեծ շինության վրա, որ իբրև էկրան էր ծառայում: Եվ այդ տեսարանն ինքը կարծես կինո լիներ… Դա խոսում է այն մասին, որ մարդը միշտ ինչ-որ ելքեր է փնտրում ու գտնում:       

Մենք հազարավոր թանկ կյանքեր տվեցինք պատերազմին: Զոհերի թվում կային նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ: Ի՞նչ տրամադրություն է այսօր ինստիտուտում, ի՞նչ հոգեվիճակում են երիտասարդությունը, պրոֆեսորադասախոսական կազմը: Հաջողվո՞ւմ է աշխատել:

— Ամեն մարդ յուրովի է վերապրում այդ ողբերգական իրողությունը: Իհարկե, որոշ ժամանակ անց, հանուն կյանքի շարունակության, պիտի հաղթի «կյանքը շարունակվում է» ծեծված ճշմարտությունը… Բայց հիրավի, շատ ծանր է, անտանելի: Երբ մտածում եմ, որ ազգի սերուցքն ենք կորցրել, բառերն անէանում են: Հիշում եմ, մեծագույն իտալացի սցենարիստ և պոետ Տոնինո Գուեռան ասում էր, որ համակենտրոնացման ճամբարից ազատվելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ երջանկության զգացում էր ապրել, երբ թիթեռին նայել էր՝ առանց նրան ուտելու ցանկության… Ես չգիտեմ, ե՛րբ կգա այն պահը, երբ կապրեմ, ինչ-որ ուրախություն կամ հաճույք կզգամ՝ առանց մեղավորության զգացման, որ այդ լույսի ճրագ տղաները չկան, իրենց կյանքերը չապրած՝ նահատակվեցին, իսկ մենք ապրում ենք… Բայց աշխատել, ընդ որում` ողջ սրտով ու կարողությամբ, պարտավոր ենք: Նախ` մեր երիտասարդության մեծ մասն արժանի է դրան: Եվ հետո, մենք պիտի ամեն ինչ անենք նրանց ոգևորելու և այնպես կրթելու համար, որ վաղը-մյուս օր իրենք ըստ արժանվույն կայանան ու ներկայացնեն մեր երկիրն աշխարհում: Դա կլինի մեր երախտագիտությունը զոհված հերոսներին ու մեր վաղվա հաղթանակը: Իսկ սահմաններն ու բնագծերը փոփոխական են, վերջնական չեն: Երբ կունենանք արժանի կառավարություն, ժամանակի ընթացքում կգտնվեն և լուծումներ: Ու ես նկատի չունեմ պատերազմական լուծումը: Աշխարհում շատ բան է փոխվելու: Մենք այդպիսի ժամանակաշրջանում ենք հայտնվել և պիտի պատրաստ լինենք օգտվելու ընձեռվող շանսերից, որ անպայման դեռ կունենանք: Կարևորը հոգևոր դաշտն ամուր պահելն է այս հոգեզուրկ դարաշրջանում:

Կինոն կորուստներ ունեցավ ոչ միայն մարտադաշտի տիրույթներում: Հետպատերազմական այս կարճ ժամանակահատվածում հայկական կինոյի երկու անվանի դեմքեր հեռացան երկրային կյանքից. խոսքը դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի և ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի մասին է: Չե՞ք կարծում, որ այս մահերը ևս մեր ապրած վերջին մեկ տարվա ու հատկապես պատերազմական 44-օրյա մղձավանջի անուղղակի հետևանքներն են:

— Անխոս, այդպես է: Երկուսն էլ մայրաքաղաքային կերպարներ էին, մշակույթ կրող… և շատ հայրենասեր: Թե՛ Վիգեն Ստեփանյանը, թե՛ Ռուբեն Գրիգորյանը չէին կարող անտարբեր կամ չեզոք լինել` տեսնելով երկրում տեղի ունեցող անցանկալի, վտանգավոր պրոցեսները: Իսկ բոլոր առումներով աննախադեպ պատերազմը և բոլոր մեր կորուստները… բարակեցրին այդ բաբախուն սրտերը: Շատ եմ ցավում, անասելի շատ: Իբրև ԵԹԿՊԻ իմ կոլեգայի մասին, պիտի ասեմ, որ Մոսկվայի հռչակավոր կինոինստիտուտի` ՎԳԻԿ-ի ավանդույթները կրող Ռուբեն Գրիգորյանը բացառիկ նվիրվածությամբ էր աշխատում իր ուսանողների հետ, դառնում էր նրանց ոչ միայն ուսուցիչը, այլև ավագ ընկերը, հարազատը: Կարծես ընտանիքի էր վերածում նա իր կուրսը` լեզու գտնելով և օգնելով, որ ամեն մեկը յուրովի կայանա, իր մեջ եղածը հղկելով դուրս բերի: Նրա ուսանողները որակապես տարբերվում են: Հուսով եմ, այն ամենը, ինչ ստացել են իրենց վարպետից, միշտ կկրեն և կարտահայտեն իրենց հետագա գործունեության մեջ:

Յուրաքանչյուր հրապարակային խոսքի վերջում, որպես կանոն, առաջարկվում է հուսադրումի, լավատեսության ինչ-որ «դեղատոմս»: Ո՞րն է այդ «դեղատոմսը» Ձեր դեպքում:

— Ամենասարսափելի որոտից ու հեղեղից հետո, միևնույն է, ծագում է արևը: Իբրև Մեծ եղեռնը վերապրածների թոռ՝ ես միշտ դա նշում եմ՝ ոչ միայն հիշեցնելու համար, թե ի՛նչ ոճրագործություն է կատարվել մեր նախնիների հանդեպ, այլև վկայելու համար, որ մեզ ոչնչացնել, կոտրել անհնար է: Նրանց ամուր կամքի, արժանապատիվ, կենսահաստատ աշխարհայացքի շնորհիվ ծնվեցին Սարոյաններն ու Ազնավուրները… Այդ օրինակները մեզ պարտավորեցնում են նոր սերնդին ուղղորդել և ոգեշնչել դեպի նոր նվաճումներ:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

Լուսանկարները` Նելլի Շիշմանյանի

No Comments

Leave a Reply