«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնում է գրքեր, որ տպագրվելու են տարվա ընթացքում:
«Այս պահին աշխատում ենք 50-ից ավելի
գրքի վրա, ընդ որում՝ դրանք և՛ թարգմանական են, և՛ ժամանակակից հայ հեղինակներ, և՛
վերահրատարակություններ, և՛ այլ նախագծեր:
Այս պահին տպարանում է նոր հեղինակի գիրք ՝ Ջեսահի «Անանկենդան» վեպը, որը լույս է տեսնելու «XXI» մատենաշարով: Ընթերցողին մատենաշարը ներկայանալու է նոր տեսքով: Այդ շարքով տպագրվելու է Գուրգեն Խանջյանի նոր վեպը՝ «Ներսուդուրս»-ը, երիտասարդ գրող Գրիշ Սարդարյանի և Հովհաննես Հովակիմյանի առաջին ժողովածուները՝ «Եսավ» և «(Չ)վեպ»: Գուրգեն Խանջյանի 70-ամյակի հետ կապված երեք գրքով վերահրատարակելու ենք նրա նախկինում լույս տեսած վիպակները. առաջին գրքում՝ «Սպանել փրկչին» և «Հիստերիաներ» վիպակները, երկրորդում՝ «Ստվերներ խամաճիկների փողոցում», «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակները, երրորդ գրքում կլինի «Խրամատային գրառումներ» վիպակը: Գրքերը հրատարակվելու են խորհրդանշական 70 տուփով:
«Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս կտեսնեն տաղանդավոր, մի քիչ մոռացված հայ արձակագիր Բաղիշ Հովսեփյանի երկու վեպ՝ «Սերմնացանները չվերադարձան» և «Դու հասկացա՞ր ինձ» վեպերը: Նույն մետանաշարով կհրատարակենք Խուլիո Կորտասարի «Դեղին ծաղիկը» պատմվածքների ժողովածուն, ինչպես նաև կվերահրատարակվի Կորտասարի «Վիճակախաղ» վեպը: Վերահրատարակության ենք պատրաստում Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարին»՝ Վահե Միքայելյանի թարգմանությամբ: Կվերահրատարակվի նաև՝ Դոստոևսկու «Կարամազով եղբայրները»՝ Կարպիս Սուրենյանի թարգմանությամբ:
«Օտար գիր» մատենաշարից այս պահին տպարանում է Միլան Կունդերայի «Դանդաղություն» վեպը՝ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ: Շուտով լույս կտեսնի Խավիեր Մարիասի «Սիրահարություններ» վեպը՝ Ռուզաննա Պետրոսյանի թարգմանությամբ:
Հրատարակման վերջնական փուլում է երկու վեպ Էլիֆ Շաֆաքից՝ Արփի Աթաբեկյանի թարգմանությամբ: Խմբագրվում է Նիկոս Կազանձակիսի «Վերջին փորձությունը» վեպը՝ Շամրիկ Խաչատրյանի թարգմանությամբ:
Նախաձեռնել ենք մատենաշար, որտեղ համաշխարհային գրականության անանց արժեքներն են լինելու: Հրատարակության փուլում են Դանտեի «Աստվածային կատակերգությունը»՝ Ռուբեն Ղուլյանի թարգմանությամբ, Գյոթեի «Ֆաուստը»՝ Պարույր Միքայելյանի թարգմանությամբ, ավարտին է մոտենում աշխատանքը Կաֆկայի երրորդ հատորի վրա, որում ընդգրկված են լինելու «Դատավարություն» և «Դղյակ» վեպերը:
Կունենանք ևս մեկ գրողական մատենաշար՝ «Սարոյան» շարքի պես. լույս կտեսնի Սերգեյ Դովլաթովի վիպակները և պատմվածքները 7 գրքով:
Շուտով «Սարոյան» մատենաշարով լույս կտեսնի «Իմ անուշ փոքրիկ» վերնագրով պատմվածքների ժողովածուն՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ, արդեն տպարանում է Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վիպակը՝ Նունե Թորոսյանի նոր թարգմանությամբ:
Լույս ենք ընծայելու նաև Գաբրիել Գարսիա
Մարկեսի պատմվածքների նկարազարդ գիրքը:
Կհամալրենք «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարը՝ տպագրելով Թոմաս Մանի «Դոկտոր Ֆաուստուս»
վեպը՝ Մարիամ Եփրեմյանի թարգմանությամբ, Միգել
Անխել Աստուրիասի «Պարոն նախագահ» վեպը՝ Կառա Չոբանյանի թարգմանությամբ, Կուտզեի, Անդրե
Ժիդի, Իվան Բունինի, Բորիս Պաստեռնակի երկերը:
Այս տարի վերջապես կունենանք բնագրային թարգմանություն ճապոներենից՝ Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառը»:
Չեմ խոսում այն գործերի մասին, որ թարգմանության փուլում են:
Կարող եմ նշել էլի տասնյակ գրքեր, բայց այսքանն էլ հերիք է, կարծում եմ:
Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի
Լուսանկարը՝ Վազգեն Այվազյանի
No Comments