Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մինչև հուլիսի 3-ը կգործի ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված 103 աշխատանքները պատմում են Սիրիայի, Իրաքի և Արցախի երկու պատերազմների, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններում հայերի հետքերի մասին։
— Պարո՛ն Ագուջյան, բազմիցս ցուցադրվել եք Ֆրանսիայում։ Ինչպե՞ս հասունացավ Ձեր աշխատանքները Հայաստան բերելու գաղափարը։
— Երկար տարիներ այդ միտքն իմ գլխում է եղել, պարզապես չէի գտնում ինձ հյուրընկալող հաստատություն։ Ընկերս՝ Բեռնար Գանիմյանը, որը մի քանի անգամ աջակցել է ինձ, հատկապես՝ Թուրքիայում իմ 2 ցուցահանդեսների ժամանակ (2011 և 2015 թթ.), Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում առաջարկեց ներառել նաև իմ աշխատանքները։ Համապատասխան տարածք չգտնելու, COVID-ի ու արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով նախագիծը չկայացավ։ 2021-ին ես 20 լուսանկարից կազմված մոնումենտալ ցուցահանդես ունեցա Բաստիլում՝ Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի աջակցությամբ։ Ներկա էր նաև Նիկոլա Ազնավուրի կինը՝ Քրիստինա Ազնավուրը, որը շատ հետաքրքրվեց նախագծով։ Կյանքի կոչեցինք Բեռնար Գանիմյանի ու «Ազնավուր» հիմնադրամի շնորհիվ։
— Ցուցասրահ ներս մտնողին միանգամից կլանում են մեծ ու զգացմունքային պատկերները։ Կարծես մութ թունելով ճամփորդություն լինի, որտեղ հանդիպում ես ծանոթ ու անծանոթ մարդկանց։ Ինչպիսի՞ն էին արձագանքները։
— Բավականին դրական։ Այս շարքը ցեղասպանության թողած ողբերգական ժառանգությունն է՝ մի մարդու աչքով, որը փրկվածների երրորդ սերունդն է և ծնվել է Ֆրանսիայում։ Աշխատանքս սկսել եմ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո։ Բացի Հայաստանից՝ շրջել եմ նախկին Արևելյան Օսմանյան կայսրության տարածքով, գտել հայկական հետքեր Երուսաղեմում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և այլն։ 2015 թվականից նաև պատերազմ եմ լուսաբանել Իրաքում, Սիրիայում և Արցախում։
— Ո՞րն է ցուցահանդեսի հիմնական ուղերձը:
-Սա երևակայական ճամփորդություն է հիշողությունների այն աշխարհով, որն իմ մեջ ստեղծել են Ֆրանսիա գաղթած տատիկս ու պապիկս:
-Լուսանկարներից բացի՝ նաև թեմատիկ վավերագրական ֆիլմի է անկյուն հատկացվել։ Ինչի՞ մասին է։ Գուցե սա Ձեր առաջին քայլն է կինոյում։
-Ֆիլմում խաղում է տղաս՝ Վարդանը։ Այն ցույց է տալիս, թե ինչ կա իմ հոգում, նկարագրում է պատկերների միախառնման գործընթացը՝ հիշողության ժառանգություն, պատմական ընթերցումներ, մարդկային հանդիպումներ, լրագրողական իրադարձություններ։ Ինչ վերաբերում է կինոյի ոլորտ մտնելուն, ապա ժամանակը ցույց կտա։
-Ձեր ընտրած դիմանկարի ժանրն ու խոշոր պլանը անտարբեր չեն թողնում։ Լուսանկարներից ո՞րը կառանձացնեք իր եզակիությամբ, պատմությամբ կամ ֆիքսելու դժվարությամբ։
-Ամեն մեկն ինձ համար եզակի է։ Այստեղ կարևորը ոճն ու գեղագիտական մոտեցումն է, որը կապվում է տիեզերքի հետ։
Անի Անտոնյան
Լուսանկարները՝ հեղինակի
No Comments