Գիտությունը ճիգ է անում պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ: Մարդիկ ստիպված են փակվել տանը: Թանգարանները, թատրոնները և մշակութային այլ հաստատությունները փորձում են կազմակերպել մարդկանց ինտելեկտուալ ժամանացը տնից: Հեռահար շրջագայություն է առաջարկում նաև Վերսալի պալատը (ֆր.՝ Parc et château de Versailles):
Ներկայումս առցանց տիրույթում հասանելի են արքայական պալատի հավաքածուի 22 հազար նմուշ՝ Հայելիների սրահը, Մեծ Տրիանոնը, թագավորական բնակարանները, այգիները, շատրվանները, ինչպես նաև արվեստի գործեր՝ Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի հավաքածուից: Այցելուները կարող են մտնել այգի, շրջել պալատում, լինել պալատի 21 սենյակներում, մանրակրկիտ դիտել ներհարդարանքը, նկարները, քանդակները… Այս շրջագայության համար արվել է 132 հազար լուսանկար: Վիրտուալ ցուցադրությունն անվճար է, այն իրականացվել է Google Arts & Culture հարթակի հետ համագործակցության արդյունքում:
Վերսալի պալատը ֆրանսիական արքաների նախկին նստավայրն էր Վերսալ քաղաքում (ներկայումս՝ Փարիզի արվարձան)։ Այժմ այն համաշխարհային նշանակության զբոսավայր է։ 1801 թվականին, ստանալով թանգարանի կարգավիճակ, բացվել է հանրության համար։ 1830 թվականին թանգարան է հռչակվել Վերսալի պալատական ողջ համալիրը։ 1837 թվականին պալատում բացվել է Ֆրանսիայի պատմության թանգարանը։ Վերսալի պալատը և այգին ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատրաստեց Արմինե Սարգսյանը
No Comments