Կրեատիվ Արմինե Սարգսյան

Ապագայի աշխարհագրական քարտեզն ու քառակի ռեկորդակիր Էդուարդ Մակարյանը

03.06.2025

Առաջին դրոշը, որ ներկայացնում է իննամյա Էդուարդ Մակարյանը,  Հայաստանի եռագույն դրոշն է, որին հաջորդում են աշխարհի շուրջ 200 երկրների դրոշները։ Էդուարդ Մակարյանը «Դյուցազնագրքի» քառակի ռեկորդակիր է։ Առաջին անգամ ընդգրկվել է «Դյուցազնագրքում» աշխարհի պետությունների դրոշները մեծ արագությամբ՝ 2 րոպե 16 վայրկյանում ներկայացնելու համար։ Ապա գերազանցել է իր իսկ ռեկորդը՝ ներկայացնելով դրոշները 2 րոպեում։ Ռեկորդներ է սահմանել նաև Եվրոպայի (25 վայրկյան) և Ասիայի պետությունները (20 վայրկյան) մեծ արագությամբ թվարկելիս՝ պահպանելով միմյանց հնարավոր սահմանակից լինելու հաջորդականությունը։ 

Էդուարդը իր 5-րդ ռեկորդն է ներկայացրել․ մեծ արագությամբ (25 վայկյանում) աչքերը փակ թվարկում է Աֆրիկայի երկրները։

Կենսախինդ, աշխույժ, ընկերասեր է Էդուարդը։ Ուսումնասիրում է աշխարհը, սիրում իր երկիրը։ Հարցին՝ թե ինչու է որոշել ռեկորդներ սահմանել, պատասխանում է՝ ուզում եմ ինքս ինձ գերազանցել։  

-Էդուարդ, հիշո՞ւմ ես, թե երբ և ինչպես սկսեցիր հետաքրքրվել դրոշներով։

-Հետաքրքրվել եմ 8 տարեկանից, սկզբում սովորեցի մեծ երկրների դրոշները՝ 10 դրոշ, հայրիկն ասաց՝ եթե հետաքրքրում է՝ շարունակիր սովորել։ Ամեն օր 10 դրոշ սովորում էի, այդպես մինչև 200։

-Ինչպե՞ս ես սովորում։ Չե՞ս շփոթում, նման չե՞ն դրոշները։

-Շատ հեշտ։ Կան դրոշներ, որ նման են, բայց գույներով, երանգներով տարբեր են։

-Ո՞վ էր քեզ օգնում։

-Սկզբում հայրիկն էր օգնում, իսկ հիմա ինքնուրույն եմ սովորում։

-Ամեն ինչ ես լավ հիշո՞ւմ, թե՞ միայն դրոշները։

-Ամեն ինչը լավ հիշում եմ (ժպտում է-Ա.Ս.)։

Որ դրոշներն են ամենից շատ դուր գալիս։

-Հայաստանի և Արցախի։



-Երբ առաջին անգամ հայտ ներկայացրիր, վստա՞հ էիր, որ ռեկորդ ես սահմանելու։

-Այո։

-Ինչո՞ւ։

-Որովհետև ինքս ինձ հավատում էի։

-Դատելով քո մյուս ռեկորդներից՝ դու նաև մեծ թվով երկրների անուններ գիտես։ 

-Այո, գիտեմ նաև քարտեզի վրա բոլոր պետությունների գտնվելու տեղերը։ Թվարկում եմ որոշակի հերթականությամբ՝ սահմանակից լինելու սկզբունքը պահպանելով։

-Երբ դժվարություն է լինում, ի՞նչ ես անում։

-Նորից եմ փորձում։

-Շրջապատում ինչպե՞ս են արձագանքում քո հաջողություններին։ Ընկերներդ ի՞նչ հարցեր են տալիս։

-Բոլորը՝ ուսուցիչներս, ընկերներս, ասում են՝ ապրես։ Ընկերներս զարմանում են, հարցնում են՝ ինչպե՞ս ես կարողանում այդքանը հիշել։ Ասում են՝ ե՞րբ ես էլի ռեկորդ սահմանելու, անհամբեր սպասում ենք։ Ես էլ հպարտանում ու ուրախանում եմ իրենց հաջողություններով:



-Ունե՞ս զգացում, որ քո հաջողությամբ ներկայացնում ես երկիրդ։

-Այո։ Ամեն մարդ պետք է ինչ-որ բան անի իր երկրի համար։

-Ի՞նչ է հայրենիքը քեզ համար։

-Հայրենիքը, ինչպես ծնողը, ամեն ինչ է, որից առավել չկա ոչինչ: Հայրենիքը մեր տան տունն է։

-Գիտեմ, որ հաղթանակներիդ մասին պատմող տեսանյութի տակ «հարևան» երկրի ներկայացուցիչները չարախոսել են, դա քեզ անհանգստացնո՞ւմ է։

-Ոչ, գիտեմ, որ չարությունից էին գրում։

Նաև սաքսոֆոնահար ես։ Աշխարհագրական որոնումնե՞րդ ես ավելի շատ սիրում, թե՞ սաքսոֆոնը։

-Երկուսն էլ։

-Ինչո՞ւ ընտրեցիր սաքսոֆոնը։

-Որովհետև սիրուն գործիք է, ու երաժշտությունը լավ է հնչում սաքսոֆոնով։ Հայրիկն ինձ համերգների էր տանում և ուզում էր, որ ինքս որոշեմ՝ ինչ գործիք կուզեմ նվագել։ Ես ընտրեցի սաքսոֆոնը։



-Ի՞նչ հաջողություններ ունես այդ ոլորտում։

-Այս տարի մասնակցել եմ հանրապետական մրցույթի՝ զբաղեցրել եմ երրորդ հորիզոնականը, մասնակցել եմ մի շարք համերգների: Պատրաստվում եմ մենահամերգի։

-Սաքսոֆոնը ծանր չէ՞։

-Ծանր է։

-Բա ինչպե՞ս ես անում…

-Շատ հեշտ…(ժպտում է –Ա.Ս.)

-Հայրիկդ՝ Էդմոնդ Մակարյանը, կոմպոզիտոր է, սիրված երգերի հեղինակ։ Ինքդ ստեղծագործո՞ւմ ես։

-Մի քանի մեղեդի ունեմ գրած։

-Հայրիկի որ երգն ես շատ սիրում։

-«Արժանի» երգը (կատարում են Սևակ Ամրոյանը և Գառնիկ Սարգիսյանը-Ա.Ս.): Իսկ բոլորովին վերջերս հայրիկիս հետ առաջին անգամ բեմ բարձրացա՝ կատարելով իր «Արցախ» երգը, որը նույնպես շատ եմ սիրում: Ինքը նվագակցում էր դաշնամուրով, իսկ ինձ հետ բեմում երգում էր Մարիա Խանդանյանը:



-Երգում ես, աշխարհը ուսումնասիրում, բայց որոշել ես դառնալ սաքսոֆոնահա՞ր։

-Մանկաբույժ։

-Ինչո՞ւ, մանուկների՞ն ես սիրում, թե՞ բժշկությունը։

-Երկուսն էլ. ուզում եմ օգնել երեխաներին, որ նրանք լավ մանկություն ունենան։

-Էլ ի՞նչ հետաքրքրություններ ունես։

-Գնում եմ շախմատի, լողի, հաճախել եմ կարատեի (ակումբային առաջնության Հայաստանի չեմպիոն է դարձել- Ա. Ս.): Սիրում եմ նկարել, նկարում եմ դրոշներ, աշխարհի քարտեզը՝ մանրամասն և առանց նայելու։



-Ո՞ր երկրներում ես ուզում լինել։

-Ամենաշատը սիրում եմ Եվրոպան, ուզում եմ Եվրոպայում շրջագայել։



-Գրքեր կարդո՞ւմ ես։ 

-Այո, վերջերս կարդում էի «100 փաստ հայրենիքի մասին» գիրքը, «Սասունցի Դավիթ» էպոսը։

-Քաղաքում սիրած վայր ունե՞ս։

-Կասկադը… ու որ աստիճանները բարձրանամ- իջնեմ։ Համ էլ Երևանը Կասկադի ամենավերևից շատ գեղեցիկ է երևում:

-Ե՞րբ և ինչպես ես հանգստանում։

-Սովորաբար 4-ից 5-ը իմ հանգստի ժամն է։ Միրգ եմ ուտում, հեռուստացույց դիտում, երեկոյան նաև բակ իջնում:

-Քույրիկդ՝ չորս ամյա Մարին, հետևո՞ւմ է քո օրինակին։

-50 երկրի դրոշ սովորեցրել եմ։

-Նա՞ ինչ է ուզում դառնալ։ 

-Ատամնաբույժ։ 

-Նոր ռեկորդներ, աշխարհագրական որոնումներ…

-Միտք ունեմ ապագայում գրանցվել Գինեսի գրքում՝ ներկայացնելով աշխարհի բոլոր երկրները մեծ արագությամբ։ 

Սկսել եմ ուսումնասիրել չճանաչված երկրների դրոշները, բայց ամենակարևորը՝ նաև Հայաստանի արքայատոհմերի դրոշներն ու զինանշանները։ 

Հայաստանի պատմությունն եմ ուսումնասիրում՝ հաղթանակերը, պարտությունները, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է փոքրացել մեր երկիրը։

-Իսկ հայրենիքիդ ապագայի մասին ի՞նչ ես մտածում։

-Ես ապագայի աշխարհագրական քարտեզ եմ նկարել ու Հայաստանն ավելի մեծ եմ նկարել, քան հիմա է։

Ճեպազրույցը՝ Արմինե Սարգսյանի