Թատրոն Հասմիկ Ավետիսյան

Ապամոնտաժո՞ւմ, թե՞ էքզիստենցիալ կապվածություն

05.11.2025

Հոկտեմբերի 13-ին Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում տեղի ունեցավ Պետեր Տուրինիի «Առնետաորս» ներկայացման ցուցադրումը, բեմադրիչ՝ Դավիթ Միրիջանյան։ Մեկ գործողությամբ այս դրաման ներկայացնում է ժամանակակից արևմտյան հասարակության ամենաէական և թաքնված խնդիրները՝ օտարացումը, ինքնության ճգնաժամը և իսկական մտերմության անհնարինությունը՝ սպառողական մշակույթի ճնշման ներքո։ Բեմադրության ողջ դրամատիկական լարվածությունը, հուզական և փիլիսոփայական խորությունը կենտրոնացած է երկու անանուն կերպարների՝ Տղամարդու (ՆԱ) և Կնոջ (ՆԵ) միջև ծավալվող մեկ գիշերվա զրույց-խաղի շուրջ, որը տեղի է ունենում մի արտառոց և խորհրդանշական միջավայրում՝ քաղաքային աղբանոցում։ Այստեղ հսկայական աղբի կույտը «սև, անաստղ երկնքի» և հեռավոր քաղաքի հազվադեպ լույսերի ֆոնին հզորագույն մետաֆոր է։ Այն ոչ միայն ֆիզիկական տեղանք է, այլև ժամանակակից քաղաքակրթության հոգևոր և սոցիալական «ներքին» կողմը, ուր նետվում է այն ամենը, ինչը մերժվել է, օգտագործվել և դարձել անպետք։ Այս ֆոնին հերոսների «սովորական» տեսքը, կարծես թե «պատրաստի հագուստի խանութից գնված» լինեն, ստեղծում է կտրուկ հակադրություն. արտաքին մաքրությունն ու նորմատիվությունը դիմակ են ծառայում ներքին կեղտոտության և ապականության համար, որի մասին ակնարկում է Տղամարդը (դեր.՝ Լևոն Այվազյան)՝ ասելով, որ քաղաքի կեսը կառուցված է աղբի վրա, և որ «տներ, տներ, ու բոլորի հիմքերն աղբի մեջ են»։ Աղբանոցը դառնում է հակակոնֆորմիզմի վայր, որտեղ, ըստ Տղամարդու, հնարավոր է «ազատություն» գտնել, քանի որ «Ոչ ոք չի լրտեսում քեզ»։

Դերասանը տղամարդու կերպարը բացահայտում է երկու հիմնական մղումների միջոցով։ Նախ ինքնահաստատման մղումն է՝ կապված իր սեփական ձեռքերով հավաքած կաբրիոլետ մեքենայի հետ։ Մեքենան նրա համար ազատության և ստեղծագործական աշխատանքի մարմնացում է, մի ռոմանտիկ երազանք, որտեղ նա «աստղագնացի նման» թռչում է տների վրայով։ Սակայն այս երազանքը կործանվում է ռեալիզմի ճնշման ներքո՝ «դա ուղղակի իր է, հասկանո՞ւմ ես։ Սովորական իր, ուրիշ ոչինչ», ինչը հանգեցնում է էքզիստենցիալ դատարկության և հիասթափության զգացումի։

Երկրորդ մղումը, որն ավելի կործանարար է, առնետաորսն է։ Դա դառնում է ճնշված «տղամարդկային բնազդի» դրսևորում, որը քաղաքակիրթ հասարակության կողմից արգելված բռնության և ագրեսիայի «օրինականացված» փոխարինում է։ Թե՛ պիեսում և թե՛ բեմադրության մեջ առնետը ոչ միայն կենդանի էակ է, այլև մարդկային ապականության, կեղտի և գոյատևման չարիքի խորհրդանիշ։ Տղամարդը ատում է առնետներին՝ վախենալով, որ նրանք կվերապրեն ատոմային պատերազմը և «փառահեղ կնախաճաշեն [մարդկանց] աչքերով», ինչը մարդկության վախի և սեփական անպիտանության զգացումի արտացոլումն է։ Այս «սպանելու» կարիքը՝ «Դա իմ էության մի մասն է»,  այլընտրանք է «վախկոտ» դառնալու կամ բանտ նստելու միջև։

Կինը՝ Նեն (դեր․՝ ՀասմիկՄխիթարյան), առաջին րոպեներին ստեղծում է հասարակական զգուշավորությունը և մերժումը մարմնացած էակի միջոցով արտացոլելու տպավորություն։ Նրա՝ «Ես քեզ դեռ չեմ ճանաչում» արտահայտությունը դառնում է բարիկադ, որը կանգնեցնում է Տղամարդու մարմնական մոտեցումները։ Սակայն այս մերժումը աստիճանաբար վերածվում է ճանաչողության ցանկության։ Երբ Տղամարդը մատնանշում է մարդու «ներքին աղբով» լցված լինելը՝ «Մեր ներսում միայն գարշանք է, աղբ, թափոններ», իսկ Կինը «աղբաման» է՝ դեմքը «դիմահարդարման նյութերի գերեզմանոց», զույգը հասնում է կոնֆլիկտի կետին, որը տանում է պիեսի կենտրոնական և ամենախոր տեսարանը՝ «ապամոնտաժման խաղը»։

«Ապամոնտաժման խաղը» նախատեսում է ֆիզիկական և նյութական մերկացում։ Հերոսները մեկը մյուսի հետևից հանում և աղբի մեջ են նետում այն ամենը, ինչը ծառայում է որպես նրանց արհեստական ինքնության կամ հասարակական դերերի մաս։ Նրանք իրենցից հեռացնում են ֆիզիկական դիմակները։ Կինը հանում է կեղծամը, Տղամարդը՝ ատամի պրոթեզը, ապա բառացիորեն պոկում կնոջ արհեստական թարթիչները։ Այս արհեստական մասերը, որոնք թանկ են նստել և նախատեսված են արտաքին նորմերին համապատասխանելու համար, դեն նետելով՝ նրանք ֆիզիկապես մերկացնում են իրենց թերությունները։ Անատամ և ճաղատ մնալուց հետո նրանց ծիծաղը ազատագրման և սեփական անկատարելիությունն ընդունելու նշան է։ Երկրորդ քայլը նյութական և հոգևոր «աղբի» հեռացումն է։ Կնոջ պայուսակից և Տղամարդու դրամապանակից դուրս են գալիս վերջիններիս կյանքի «աղբային» տարրերը. կոսմետիկա, բիոկրեմներ, պահպանակ, «Էլֆիի», «Գերտիի» (նախկին սիրուհիների անուններով և նրանց հետ քնելու ամսաթվերով), «Մկնիկից Արջուկին» սիրային նամակ, պոռնոֆիլմերի տոմսեր և պոռնոգրաֆիկ ամսագրերի գովազդներ։ Այս իրերը բացահայտում են հերոսների մանր-մունր, հաճախ ստոր, բայց միանգամայն միջակ կյանքը, որը լի է անորակ հաճույքներով, ստերով և թաքուն ցանկություններով, ապա տեղի է ունենում փողի մերժում։ Տղամարդու դրամապանակում եղած «համարյա հազար» շիլինգը, որը ներկայացնում է նյութական հնարավորությունները, պատռվում և նետվում է աղբի մեջ։ Փողի ոչնչացումը խորհրդանշում է այն համակարգի մերժումը, որը նրանց ստիպել էր կեղծ դիմակներ կրել և կուտակել «կեղտ»։ Տղամարդու համար փողով կարելի է գնել միայն «մի կույտ կեղտ ու թափոն», և այն չի օգնում ճանաչել ուրիշին։

Ներկայացման ավարտին, երբ Կինը նույնիսկ Տղամարդու դրամապանակից հանած նախկին սիրուհիների լուսանկարներն ու գրառումները կարդալուց հետո էլ մնում է նրա կողքին, վերահաստատում է նրանց միջև իսկական մտերմության հնարավորության մասին։ «Ապամոնտաժման խաղը» հանգեցնում է էքզիստենցիալ կապվածության։ Այն ճշմարտությունը, որ երկուսն էլ նույնքան թերի, նույնքան արհեստական դիմակներով, նույնքան «աղբով» լի են, ստեղծում է ընդհանուր հիմք անկեղծության համար։ Կնոջ վախը («Անկեղծ ասած՝ ես վախենում եմ») արդեն ոչ թե Տղամարդուց, այլ մերկացած իրականությունից է, որտեղ «հետո» չի կարող լինել, քանի որ դիմակներն այլևս գոյություն չունեն։ Լևոն Այվազյանը և Հասմիկ Մխիթարյանը ցուցադրում են պրոֆեսիոնալ դերասանական խաղ, որում ամբողջովին արտացոլվում են Տուրինիի հերոսների հոգեբանական դրսևորումները, որն էլ իր հերթին հանգեցնում է հերոսների ներքին ու արտաքին թափանցիկությանը։ Միմյանց առջև «մերկանալով»՝ իրականանում է Կնոջ մշտական խոսույթը՝ «Ես դեռ քեզ չեմ ճանաչում»։ Նրանք ճանաչում են միմյանց, ինչի շնորհիվ էլ տեղի է ունենում Կնոջ և Տղամարդու հոգևոր ու մարմնական, իրական մերձեցում։ Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում։ Պարզվում է, բացի տղամարդուց՝ քաղաքային աղբանոցում իր ազատությունն է որոնում նաև մեկ այլ տղամարդ (դեր.՝ Նարեկ Հովակիմյան) մեկ այլ կնոջ հետ (դեր.՝ Գեղեցիկ Հայրապետյան)։ Վերջինս, Տղամարդուն և Կնոջը առնետներից չտարբերակելով, առանց մտածելու «որսում» է, սպանում՝ չունենալով ափսոսանքի ու զղջման ոչ մի ակնթարթ։ Սա շարունակական բնույթ կրող պատմություն է։ Ինչպես նրանք էին որսում առնետներին, այնպես էլ առնետանման մարդիկ «որսացին» նրանց։

Դավիթ Միրիջանյանի «Առնետաորսը» խոր և մռայլ հայացք է ժամանակակից անհատի հոգեբանությանը։ Աղբանոց հիշեցնող բեմում, նվազագույնի հասցված, բայց ռիթմիկ  գործողություններով, որին կարելի է գումարել նաև հերոսների տրամադրությունն արտացոլող երաժշտությունը, ներկայացվում է քաղաքակրթության ֆոնի տակ թաքնված մի զանգվածային աղբանոց, որտեղ մարդկային կապերը դժվարությամբ են ծնվում՝ միայն այն դեպքում, երբ հերոսները համարձակվում են բացահայտել իրենց կյանքի անպետք մասերը, ոչնչացնել արհեստական արժեքները և ընդունել սեփական ներքին «առնետաֆիկացված» էությունը։ Այն յուրօրինակ կերպով «մաքրված» մերկություն է, որը հնարավորություն է տալիս երկու օտարացած անհատներին «ճանաչելու միմյանց»։

  Հասմիկ Ավետիսյան