Օրերս մեկնարկած «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի մասին զրուցել ենք Հովհանես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն, մրցույթ-փառատոնի ղեկավար Աշոտ Հարությունյանի հետ։
— Ո՞վ է «Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնի մտահղացման հեղինակը։
— Մրցույթ-փառատոնի միտքը՝ ավելի ճիշտ սաղմնային միտքը, առաջացել էր Հովհ. Թումանյանի թանգարանի մանկական կրթական ծրագրերի պատասխանատուի՝ Լիլիթի մոտ, որպես ֆոտոմրցույթ: Իսկ մինչ արտակարգ դրությունը՝ թանգարանում աշխատանքներ էին ընթանում՝ Թումանյանի երկրագիտական առարկաների անձնական հավաքածուների, հայրենագիտական գործունեության և մտորումների մասին կրթական ծրագիր մեկնարկելու ուղղությամբ: Արտակարգ դրությունը առիթ դարձավ, որ երկու մտքերը միաձուլվեն և դառնան հրաշալի նախագիծ: Թումանյանի թանգարանի բոլոր լավ մտքերը իրականացվում են համագործակցաբար, ամեն մեկս մեր իմացության մի մասնիկն ենք դնում նախագծերի մեջ. այնպես որ, պետք է վստահաբար ասել, որ հեղինակը թանգարանի աշխատակազմն է:
Այնուհետև մեզ փոխլրացնելու եկան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայոթյուն» ՊՈԱԿ-ը և «ԱրխեոԱրտևԼԱԲ» գիտակրթական, գիտահետազոտական, մշակութային, սոցիալական հասարակական կազմակերպությունը: Նրանց անմիջական օգնությամբ մրցույթ-փառատոնի կանոնակարգման գիտական բաղադրիչը դարձավ համակողմանիորեն հղկված:
— Այն կարելի՞ է համարել փորձարարական և հաջողելու դեպքում հնարավո՞ր է՝ դառնա շարունակական։
— Այո՛, այս տարի մրցույթ-փառատոնը կլինի փորձնական, բայց արդեն հիմա մենք տեսնում ենք դրա ամենամյա դառնալու հեռանկարը: Արձագանքները դրական են և անչափ ոգևորիչ մեզ համար: Բավականին մանրամասն աշխատանք է իրականացվել, մասնակցելը նպատակային և կենսական է մեր նախանշած խմբերի համար: Իսկ եթե ինչ որ նախագծի նպատակ լինում է կարևոր, պետքական, գործածելի և հիմնավորված, ուրեմն այն չհաջողելու շանսեր չունի:
— Արտակարգ դրությունը չի՞ խոչընդոտում նախագծին։ Կամ գուցե հակառակը՝ ստեղծված իրավիճա՞կն է այս և այլ նորարարական գաղափարների պատճառ դարձել։
— Արտակարգ դրությունը աշխատեց փառատոնի օգտին: Եթե անգամ չլիներ արտակարգ դրությունը, մասնակիցների կապը կազմակերպիչների կամ մասնագիտական խմբերի հետ լինելու էր տեսակապով, քանի որ մասնակցության աշխարհագրությունը խիստ ցրված և մեծ է լինելու: Պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կարողացանք խուսափել նրանից, որ խմբերը կարող էին շատ մեծ լինել, ինչի պատճառով մենք կունենայինք մասնակիցների կողմից ոչ համաչափ կատարված աշխատանք: Արտակարգ դրությունը նպաստում է նաև ծնողների կամ ուղեկցող անձանց խիստ զգուշավորությանը՝ անվտանգության կանոնները պահպանելու հարցում:
— Ի վերջո, սա կարելի է համարել նաև ինտելեկտուալ ժամանց, ամառային արշավ։
— Շատ ճիշտ բնորոշում է «ինտելեկտուալ ժամանցը», ես մի քանի օր չէի կարողանում գտնել դիպուկ բնորոշում: Մրցույթ-փառատոնի նպատակներից է կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստը, օգնել ուսուցիչներին՝ երեխաների համար ճիշտ առօրյա կազմակերպելու, հեռավար ուսուցման մեթոդաբանական մոտեցումներում նորույթ ներառելու:
— Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 13 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Ինչո՞վ է պայմանավորված տարիքային շեմը։ Որքան հասկանում եմ, հիմնականում դպրոցական տարիքի երեխաների՞ն է ուղղված նախագիծը։
— Տարիքային շեմը պայմանավորված է նախ և առաջ անվտանգության կանոները լիարժեք գիտակցելով և պահպանելով: Քանի որ նախագծի ամենահետաքրքրական բաղադրիչը գիտական-հետախուզական արշավներն են մշակութային ժառանգության տարածք, կան բազմաթիվ ռիսկեր, որոնք կարող են գիտակցել և շրջանցել միջին դպրոցական տարիքի և ավելի մեծ տարիքի անձինք: Տարիքային նման շեմ մեզ թելադրում է նաև վերջնարդյունքի գիտական որակը: Չի կարող իրականացվել բացառապես խիստ գիտական կամ զուտ սիրողական ուսումնասիրություն կոթողի վերաբերյալ, պետք է լինի այդ երկուսի խառնուրդը՝ ոսկեմիջինը: Այո՛, առավել կենտրոնացած ենք դպրոցահասակների (13+) մասնակցության վրա, բայց ոչ մի վերապահում չկա մնացած խմբերի նկատմամբ, մենք սիրով և պատրաստակամորեն կընդունենք նաև մեծերի հայտերը:
-Ո՞րն է հիմնական նպատակը, որ պատանի, երիտասարդ ուսումնասիրողները ծանոթանան իրենց մշակույթի՞ն, թե՞ հայտնաբերվեն ու հանրայնացվեն անհայտ, մոռացության մատնված, գուցե նաև կիսավեր մշակութային հուշարձանները։
— Բոլորը միասին… Առաջնայինը՝ ճանաչել հայրենիքը և սիրել այն բովանդակության համար, հետո խորությամբ ուսումնասիրել, պահպանել և անհրաժշտության դեպքում հանրայնացնել: Մենք հույս ունենք, որ վերջում ի հայտ կգան ոչ միայն նյութական մշակույթի կոթողներ, այլ նաև ոչ նյութական մշակույթի՝ երգեր, բաղադրատոմսեր, հեքիաթներ, ավանդախոսություններ և այլն:
— Իսկ եթե «անհայտ» համարվող հուշարձանը պաշտոնապես գրանցված է մշակութային ժառանգությունների ցանկո՞ւմ, այսինքն, որպես այդպիսին, անհայտ չէ՞․․․
— Իհարկե դա էլ է հնարավոր: Սակայն գուցե լինեն այնպիսի գտածոներ, որ կարիք լինի նման գործընթաց սկսելու՝ թանգարանային դարձնելու, կարգավիճակ տալու, հաշվառելու… Ոչինչ չպետք է բացառել, ես կարծում եմ, որ ազգագրական առարկաների մեջ մենք հետաքրքիր բացահայտումներ կունենանք: Եթե լինեն նման բացահայտումներ, ապա մասնագիտական հանձնաժողովը դրանք աչքաթող չի անի, քանի որ հանձնաժողովի կազմում մշակութային ժառանգության ոլորտի ականավոր ներկայացուցիչներ են, որոնք զբաղվում են են մշակութային ժառանգության կոթողների պահպանությամբ և ուսումնասիրությամբ:
Ե՛վ նյութական, և՛ ոչ նյութական ժառանգության ուսումնասիրման գիտական ձևաչափերը հնարավորություն կտան ներկայացված նյութը դիտարկել որպես գրանցման օբյեկտ:
— ՈՒսումնասիրված նյութը ինչպե՞ս է հանրայանցվելու, տեսականորե՞ն, թե՞ գործնականում էլ կկազմակերպվեն ճանաչողական այցեր։ Ծրագիրը գուցե նպաստի նաև զբոսաշրջության զարգացմա՞նը, երբ հաղթահարենք համաճարակը։
— Հանրայանցման գործիքակազմը մեծ է, նախ՝ բոլոր արդյունքները, ուսումնասիրությունների գործնական ընթացքը մեկնաբանման ինտերակտիվ և գրավիչ ձևաչափով տեղ կգտնեն համացանցում, հեռուստաեթերներում: Մենք հույս ունենք, որ ուսումնասիրությունները ի հայտ կբերեն մշակութային ժառանգության այնպիսի կոթողներ, որոնք իրենց բովանդակությամբ կարող են դառնալ համայնքի բրենդավորման տարբերակ: Այս գործընթացների կարևորագույն արդյունքը զբոսաշրջիկների համար գրավչություն ստեղծելը չէ, կազմակերպիչներին և գիատական հանձնաժողովին զարմացնելը չէ, այլ համայնքում ապրողի սերը, գնահատանքն ու նորովի վերաբերմունքն է սեփական բնակավայրի նկատմամբ: Այդ սերը համայնքում ամեն ինչ կարող է փոխել՝ դարձնել այն գրավիչ, զարգացող և այլն: Եվ այս ճանապարհին չափազանց կարևոր է Թումանյանի միտքը. «Մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը: Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»:
— Դրամական պարգաևտրումներ լինելու՞ են։
— Անվանակարգերը հիմնականում դրամական են, ինչպես նաև՝ խրախուսական նվերներ,ի դեպ՝ շատ արժեքավոր:
— Կա՞ն արդեն հայտեր, հիմնականում ցանկանում են առանձի՞ն գործել, թե՞ խմբերով։
— Մրցույթ-փառատոնը դեռ իր մեկ շաբաթն էլ չի բոլորել, բայց արդեն բավականին շատ հայտեր կան: Եղածների աշխարհագրությունը շատ մեծ է, և հիմնականում անհատական մասնակցության հայտեր են: Անհատական մասնակցությունը ավելի հեշտ է նախաձեռնել, քան խմբայինը, քանի որ նախագիծը խմբային հայտերի համար սահմանում է մի քիչ ավելի զգուշավոր մոտեցում, իսկ դա ապահովելը ավելի ժամանակատար է, բայց անպայման սպասվում են մեծ թվով խմբային հայտեր:
— Ո՞ր տարածարշջաններում են ավելի ակտիվ։
— Ակտիվ են Արցախը, Լոռին, Արագածոտնը և Արմավիրը: Հուսանք՝ մասնակցության ցանկությունը վարակիչ կլինի նաև մնացած մարզերի համար: Այս հարցում մեզ օգնում են համայնքային դպրոցները, համայնքապետարանները, տարածաշրջանային երկրագիտական թանգարանները, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնաճյուղերի աշխատակիցները: Այս օգնության և նվիրվածության համար ուզում եմ ջերմագին շնորհակալություն հայտնել բոլոր աշխատակիցներին:
— Փաստորեն, Արցախը մասնակցու՞մ է ծրագրին։
— Առաջին հայտը մենք ստացել ենք Արցախից՝ Բերձոր համայնքից… Միանգամից հասկացանք՝ մեկնարկը հաջողել ենք:
— Մինչ որոնումները սկսելը ուսումնասիրողները խորհրդակցելո՞ւ են ոլորտի ներկայացուցիչների հետ, որ ջանքերը, որոնումները ճիշտ ուղղությամբ լինեն և ապարդյուն չանցնեն։
— Մասնակիցների ուսումնասիրությունները չեն կարող իրականացվել առանց մ/փ-ի մասնագիտական կազմի ներկայացուցչի ուղղորդումների: Գիտական վերահսկողության առաջին օղակը համայնքի պատմության ուսուցիչն է կամ պատմական գիտություններին հարող մասնագետը, որի հսկողությունը շատ կարևորում ենք մի քանի պատճառով. նա շատ լավ ճանաչում է իր աշակերտներին, գիտի համայնքի պատմական ակնարկը, կարող է զուգակցել ամառային դպրոցական հանձնարարականները:
Մ/փ-ի կազմկոմիտեն հավաքագրել է մասնագիտական մեծ խումբ: Այդ խումբը ոլորտի առաջատար մասնագետների մի մեծ բանակ է, որոնք պատրաստակամ են յուրաքանչյուր մասնակցի ուսումնասիրության տանել սկզբից մինչև վերջ: Մասնագիտական խումբը ներառում է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության առաջատար գիտնականներին, ՀՀ երկրագիտական թանգարանների գիտական անձնակազմը, «ԱրխեոԱրտևԼԱԲ» գիտակրթական, գիտահետազոտական, մշակութային, սոցիալական հասարակական կազմակերպության գիտական կազմը և բազմաթիվ անկախ մասնագետների:
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
No Comments