ՄշակութաԳիծ Արամ Ալավերդյան ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան, Բրետի հետ

25.12.2019

                                                  

Նամակ՝ Ս. Ա.-ին…

….Սարի մեղր կերե՞լ ես երբևէ, մեջը՝ սադափե, արևկա համ,- գրեցի նրան:- Առանձնակի քաղցր-մեղցր չէ, հազիվ անուշելու թավշե բույր ունի, անարատ համ, ի՜նչ համ, ռունգերդ են համտեսում կարծես, պուտը չի հասնում քիմքիդ խոռոչը, չի հալչում բերանիդ մեջ, լեզվի, շուրթերի արանքում չքանում է: Լեռան մեղրի նման քնքուշ մեկ էլ լույսը բացվելու հետ անշշուկ նստող ձմեռնամուտի նրբին, բլբուլ ձյունն է, երբ արթնանում, տեսնում ես՝ երկրի երեսը ցոլցլատում է, տարվա զառամյալ չորի երեսին սիրուն սավան է քաշել ամենուր, ամեն ինչ ճերմակ է:  

Նրա ձայնի թովչության մեջ ազնվություն էի զգում: Իրար չէինք տեսել, սակայն նա մտել էր իմ արյան մեջ արդեն: Ձայնն էի լսել ընդամենը: Ձայնի՝ հեռախոսի տարբերակն էր ծանոթ իմ ականջին, նրա ֆեյսբուքյան հատուկենտ նկարները ամեն օր անթիվ անգամ հետուառաջ ծալում էի, կտրվել չկար: Պատկերացնու՞մ ես՝ ինչպիսի ցնորք է,- գրում եմ,- ինքնախաբեության երանելի փորձ էր ընդամենը, որին գիտակցաբար ես տրվել: Տենչալի մի տենդ, կանացի անեզր հմայք, աղետալի կիրք՝ հյուսկեն տարփանքով, ժամ առ ժամ ինձ հափշտակում էր: Քնում էի բախտավոր, արթնանում էի կյանքին սրտոտ, ինչից բռնում էի, ծաղիկ էր դառնում, ինչ ուզում էի սարքել, թեթև էր, նյարդ չկար մեջը, օրուժամ էի հաշվում՝ նրա շնչառությունը զգալու երեսիս: Ամեն օր ավելի էի լցվում նրանով, նա մտել էր սիրտս, գլխիս ու մարմնիս միջից, զարմանալիորեն, առժամանակ կնոջ հանդեպ առնական լիբիդոն իսպառ չքացել էր, ծալը պակասի նման ամեն օր նրանից աստվածուհի էի ստեղծում ինձ համար, չքացող, համր տարփանքի  միջից կարծում, որ նա ամենևին ձեռք տալու համար չէ, որ կա, որ նա քրմուհի է, քո քրմուհին է, նա սիրելու, բայց ձեռք չտալու համար է: Անծանոթ կին՝ ձայնի երանգին՝ իրար վրա «չաթում» թռցրած լուսանկարների դյութանքով. առանց գինի հարբես հանկարծ՝ քո մեջ  ի հայտ եկած երևութական արեգակի ջերմությամբ: Հավատա՛, -շարում էի ընկերուհուս՝ արդեն իմանալով, որ մեկ ուրիշի մասին չի կարելի անունը մտերիմ դրած ընկերուհիներին այդպիսի խանդավառ տողեր գրել, դա նրանց ակամա վշտացնում է. նրանք կկարդան նամակդ, անկապ, անհասցե, անէական մի խանդ կվանի քեզ նրանցից. չի կարելի, առհասարակ, ընկերուհու հետ մի ուրիշի հանդեպ սիրո անձկանքի մասին խոսել, անհեթեթ է, միտքս իսկույն ուզում էի բերել բուն իմ ասելիքին:

-Ուզում էի այդ հեքիաթին ամենևին ձեռք չտալ,- գրեցի նրան,- ուզում էի այդպես՝ այդ մոգական զգացողությունը, պարզապես, ինչքան հնարավոր է երկարաձգել: Մարդն ինչքա՜ն է անմիտ, ժամանակն ինչքա՜ն է կարճ, ու այդ անմիտ ու կարճոտ լինելու մեջ է կարծես դրված մեր հպանցիկ երջանկությունների ողջ քաղցրությունը, գայթակղության համեղ տեսիլքների մեջ է այս կյանքի ամենաերանությունը: Մի՞թե այդպես չէ…

Արգելված պտուղ, ազնվապետություն …. չեմ ուզում այսպիսի տափակ, մաշված բաների հետևից ընկնել իմ էության մեջ: Մեկը եղե՞լ է աշխարհում — գրքերում անգամ — որ «արգելված պտուղ» ասածի գայթակղությանը թարս գնա: Գայթակղութանն անձնատուր լինելու մեջ ոչ մի երկրային խիզախություն չի գործում: Ամեն պատկեր՝ օրերի մեջ, մայիս-հունիսի զիլ, ապրեցնող կանաչ է հագել, քանի՜ գույն ունի կյանքը, առհասարակ օրերն ի՜նչ այլազան համեր ունեն, ի՜նչ կորով ունեն կորցրած կարոտները, ի՜նչ երաժշտություն նաև՝ սրտիդ իսկական մեղեդին: Ո՜վ գիտի: Այդ հարկավոր անտեղյակության մեջ է կարծես օրերի աղը:

Ուզում էի՝ անվերջ երկարեր այդ սև-սպիտակ իսկական կինոն, չէի շտապում նրան տեսնել՝ ա՛յ հենց այդ հանճար հեքիաթի համար. չարքոտ մի առինքնասեր զգայարանի փխրուն լարով գիտեի՝ հազար կիլոմետրի հեռուն շուտով բյուրեղապակու ճայթանքով փշրվելու է, անպայման շուտով իրար տեսնելու ենք: Բաներ կան կյանքում, լավ-վատ, անհայտ է, թե քո ի՜նչ զգայարանի լար է բերում-հաղորդում քեզ: Այո՛, սիրտդ, ենթագիտակցությունդ, արյունդ են քեզ իմաց տալիս այդ մասին: Կենսագիտությունը անզոր է առայսօր ջրի երես հանել այդ բնազանցությունը: Այդ բնազանցության մութ ու ճերմակ վայելքից մենք հաճախ սրսփում ենք իրականում:

Ո՞վ է ասում՝ սիրելն  անբացատրելի է, չե՛մ հավատում: Իմ տիեզերական, տեսանելի իկոնն էր դարձել այդ աղջիկը, նա ինձ համար այլևս նյութեղեն երազների մի շարք էր: Քաղցր երազը սո՞ւտ է, երբ գիշերը ընդարմանում, բռնել ես ուզում ու …. տխրում, ա՜խ, գրողը տանի, հատնեց, ափսո՜ս, դյութական տեսիլք էր, կորավ, աչքս փակեմ, սուտմեռուկի տամ, գուցե մեկեն բռնեմ նրան՝ անողոք այդ ջերմագին անուրջը: Սուտ չէ՛: Հավատում եմ արդեն՝ սիրելը մեծագույն, հավանաբար, կենսաքիմիական առույթ է մարդու առեղծվածային մատերիայի մեջ, այն նյութեղեն շարժի մի ինքնօրինակ բորբոքում է: Այն երբևէ բացել հնարավոր չի լինելու, ու՝ այդ առեղծվածի մեջ է աղը:

Համաձայն եմ, հարկավ, ամեն մարդ չի կարող խոսել այդ մասին, լեզու թրջելն ավելորդ է, բայց քեզ հիմա թիթիզի նման պատմում, ուզում եմ՝ ընդամենը վերհուշի կրկնությամբ սիրտս մի քիչ էլ պարարի վաղուցվա շորշոփը, ուզում եմ այն օրերի հիացմունքը նորից ափ դուրս բերել, հմայվել դրանով: Այո, կրկնում եմ, գայթակղությունը համրացնում է ամեն ամեհի խիզախություն, երկրի հեքիաթը զինաթափում է ամեն մի դիմակայություն: Գիտե՜ս՝ ինչ է նշանակում դուրս գալ ափ. պիտի բախտ ունենալ, օրերով օվկիանոսի գորշ անծայրության մեջ՝ մի նավախցում,  ձանձրալի ու անելանելի պահեր ապրել, որպեսզի իմանաս, թե ափ դուրս գալու կանխավայելումն ինչ է: Նավը, բարեբախտաբար, ծովի մեջ ընդամենը փնչացող մի ժամանակավոր բանտ է, իսկ ծովը …. ծովը՝ անվերջանալի հորիզոններ, հուսադրող, ավետյաց ափեր տանող միակ չորսկողմյա ապորոշ գորշ ու կապույտ անեզրություն: Դա է ծովը:

Ա՜խ, ինչպես չեմ ուզում՝ կրծքիս տակ բթանա իմ այդ ժամանակը, հավատս չի գալիս, երբ ասում են՝ հնարավոր չէ սիրել ու մոռանալ: Սերը նաև մոռացվում է, այո, որովհետև, կրկնում եմ, այն նյութեղեն է, մենք նրա մարմնին հասու ենք միայն զգայարանով, ժամանակը սրբում-տանում է սարի մեղրի իմ ասած համը, ծուխ տված, կիսաչոր հաճարենու բնի վրա մնում են, ավա՜ղ, միայն որսկանի ամառոտ ոտնահետքերը, նրանք, ընդամենը մի շիլ, տեղատարափ անձրևի բաժին են լինելու ահա, անձրևաշիթը սրբելու է մեկընդմիշտ, իր հետ անհայտնության խառնարան տանի ժամանակ կոչվող կինոսերիալը, վե՛րջ…

Այդպես եմ կարծում:     

Ինչպե՜ս կարող ես դու դատարկվել, կորցնել եդեմական զգացումը, իսկույն հարմարվել այդ տաժանեալի հոգեվիճակին, դա հնարավոր չէ՛:  Ու սա, իհարկե, անձնական ճղճիմ մի հիպոթեզ չէ:

Պոկված զգացմունքների արյուն տվող վերքը, այնուամենայնիվ, ամոքվում է, բալասանը ժամանակն է, մի թեթև՝ ողջամտությունը: Հազվադեպ անձ կարող է բանեցնել ողջամտությունը, դա տաղանդի ամենադժվար տուրքն է, որի մեջ ծնողներից ստացած նյարդերի մի սովորական կոնստրուկցիա է ի պահ զետեղված: Զարմանում եմ այն մարդկանցով, որոնք կարողանում են սրտի շոշափելի վերքը իրենց իսկ  ձեռքով ամոքել, որովհետև կողքիցը՝ սուտ է: Մեկնումեկը ի զորու չէ քո փոխարեն… Այն կռվի նման է, երբ վիրավոր քո վերքից արյուն է ցայտում, մոտդ մեն-մի պահունակ փամփուշտ է մնացել, ոչ մի փրկություն էլ թիկունքից քեզ չի սպասում: Ճիգն ու ընդվզումը հնացած բառեր են, սակայն նրանք են նյութականանում քո մեջ. հանկարծ, գոյության իրական բնազդով, քեզ պոկում ես դարանից, շնչակտուր հասնում այն եզերքը, որտեղ քեզ առհապա ապրելու են սպասում անհայտ ոմանք, քո ցեղակիցները սպասում են՝ ապրելու դեպի նոր ապագա:

Գիտեմ, հիմա կարող է՝ հարյուր բան մտքովդ անցնի, հարյուր կանացի ինտերպրետացիա, թե ինձ միամտաբար քաշել են գայթակղության ու գոտկատեղի խորության ծովի ծանծաղուտը: Ո՛չ: Գիտեմ, որ ինձ ճանաչում ես, համոզված եմ, որ, ով-ով, դու գիտես՝ իմ գրած տասը բառի գոնե կեսի մեջ իրական, անխաթար, եթե կուզես՝ ֆիզիկական իմաստ ու տաք երակ կա: Իմ ասած տասի կեսը, իմիջիայլոց, մեծ թիվ է: Եթե ամեն գիրք գրողի հաջողվեր տառացիորեն իր բոլոր խոսքերի մեջ իրական ու ճշմարիտ գեղեցկություն դնել, առավելևս՝ բնական, անաղարտ, շնչավոր զգացողություն, ոչ թե միայն իր համար հասկանալի զառանցանք, հավատա՛, գրականագետի կարիք չէր էլ զգացվի այդ մշակույթի մեջ՝ ընթերցողներ գլխին հավաքելու համար: Նա, ուրեմն, հանճարեղ գրող է:

Այդիսկ մտքից ելնելով՝ ես ինձ գրող չեմ հաշվում, ազնիվ խոսք. հետաքրքիր, միգուցե, շարադրություն կարող եմ գրել. խնդրում եմ՝ հավատաս անկեղծությանս: Միշտ փորձում եմ գրչի ծայրին սրսուռ պատկերներ ու համեստ լեզու ունենալ: Չգիտեմ՝ երբ է ստացվում: Իմ դասատուներից եմ սովորել:

Լա՛վ: Գամ իմ երաժշտությանը: Ինչպես արդեն ասացի, ներքին փափուկ լարի զորություն կար մեջտեղ, որ ահա ուր-որ է հանդիպելու եմ  նրան: Հազար կիլոմետրից ավելի ճանապարհ, այդ ճանապարհին, հարգելի՛ իմ ընկերուհի, ով-ո՜վ, եթե ոչ դու կպատկերացնես, թե իմ մեջ ինչ սքանչելի ապրումներ ու մտավախություններ կլինեն շրջաբերված: Հազար կիլոմետր, աշխարհի ամենացուրտ ձմռան օր, անպարագիծ ու անխնամ տափաստաններ. գնում եմ դեպի անհաս, երանելի երկիր, որտեղ բաղձալի ամազոնուհին ինձ է սպասում:

Պատկերացնու՞մ ես՝ ինչ հանդիպում կլիներ տեղի ունեցած: Պատահեցի վերջապես նրան՝ իմ օրերը փոխած ամազոնուհուն, պատահեցի ու, չասեմ՝ կրկնապատկվեց ամեն ինչ, ինձ թվաց՝ նրան վաղուց գիտեմ, ինչպես գիտեմ, օրինակ, իմ դասարանցիներին կամ՝ ինչպես գիտեմ անբաժան այն մարդկանց, որոնք վաղանցուկ ժամանակից ինձ հետ են: Ու ձմռան այդ օրը, աշխարհի լիքը սպիտակը, մեծ քաղաքի անհասկանալի եռուզեռը, շրջակա անծանոթ ամեն մի վտանգ ինձ հարազատ էին դարձել, հյուրանոցի սենյակը, ուր երկուսով օթևանել էինք, իսկական մեր սեփական կղզին էր արդեն, անհաշիվ հոգսերը կորել էին:

Դեռ հանդիպումից առաջ գիտեի՝ անհնար է լինելու այդուհետ միասին լինել, գիտեի արդեն, որ սա միառժամանակյա քաղցր արկածախնդրություն է: Չգիտեմ՝ լինո՞ւմ է արդյոք գիտակցաբար սիրել: Չգիտե՛մ: Սիրահարությունը ամրանում, լրջանում է, երբ մարմնից զատ, թանկագին սուբտանտ կա քեզ համար: Սկսում ես սիրել՝ իսկը շատ շուտ, մի օր այն անվերադարձ կորցնելու համար սոսկ, ուրիշ կերպ սիրել գոյություն չունի այս արևի ներքո: Հենց այն է, որ ասացի՝ սթափ գիտակցությամբ գնացել եմ այդ քայլին: Ուրիշ ապուշություն՝ սեփական  ձեռքով՝ անձիդ հանդեպ, կարելի՞ է մտածել: Բայց հարց եմ տալիս ինձ ու քեզ հիմա՝ իսկ մի՞թե մտածել էի:

Սովորաբար, կնոջ  ողջամտությունը ճիշտ ժամանակին է աշխատում: Առհասարակ, միշտ մտածել եմ — ահա՛ առնվազն մեկուկես տասնամյակ —  կինն ու տղամարդը տարբեր սոցիալ-քաղաքական կենդանիներ են: Հիմա չեմ ուզում տաղտկալի մի կնամեծար լինել, ճի՛շտ հասկացիր ինձ, այլ, իրոք, իմ բոլոր պատահած ծանոթուհիների բնույթից ուզում եմ դատողություն անել, որ կինը անառարկելի մեծություն է: Կինն առաջինն է նկատում վտանգը, առաջինն է իրար հետ մնալու անխախտ ազդանշան թողնում: Չեմ պատահել սիրող կնոջ, որն ուզենա, հլու-հնազանդ, մշտապես մնալ սիրուհու կերպարի մեջ, չկա՛ այդպիսի բան: Սիրուհին սիրո համար չէ, սիրուհին սոսկ մերձենալու համար է, ընդ որում՝ գալիս է մի պահ, երբ սիրուհու մերձենալն է նույնիսկ վճարովի դառնում: Սա իմ սեփական թեզը չէ, ուղղակի կանգ եմ առնում թեթև ու՝ անցնում:

Ամազոնուհուս հետ լուրջ կապի պատրաստ չէի, կանխավ, ցավով ասել էի, ոչ էլ կարող էի նրան սիրուհու դեր առաջարկել: Նողկալի է ինձ համար այն պահը, երբ ոմն մեկը սեր-սիրուհին իրար է խառնում: Աշխարհի երեսին դրանից ավելի թունդ մեկ ուրիշ խաբեություն գոյություն ունի՞:

Անհասկանալի դիլեմայի առաջ էի մնացել, ինչպես ասացի, ես էի իմ գլխին սարքել: Ու՝ չէի փոշմանել: Սրանք գրքային ճշմարտություններ չեն, խնդրում եմ հավատաս, սիրելի՛դ իմ բարեկամուհի,- գրում եմ ընկերուհուս,- փաստագրում եմ ուղղակի ամեն ինչ, որպեսզի դու ինքդ իրավիճակը պատկերացնես:

Շաբաթը բարդացրեց գործս, արկածախնդրությունը սկսեց ինձ համար գեհենի վերածվել: Չէի ուզում արդեն լքել այդ աղջկան: Զգում էի արդեն, որ հրաժեշտին դիմանալը մի նոր մութ օրերի ստրկություն է լինելու: Մռայլ ժամանակի համար այլևս տառապանքի ավյուն չունեի, սա նախկին ոչ անդարդ օրերից է, հասկանում ես երևի՝ ի՜նչ նկատի ունեմ: Անպատկերացնելի դժոխք է Բաժանումը: Պատրաստ եմ մենակ մի վաշտի դեմ մարտի բռնվել. կմեռնեմ-կմեռնեմ, գրողի ծոցը, բայց իմ ապրած այդ օրերը ոչ ոքի չեմ ցանկանում, թեպետ այդ օրերը այժմ ինձ չքնաղ են թվում, այդիսկ պատճառով եմ քեզ հիմա պատմում՝ կրկին զգալու համար այդ օրերը, եթե կուզես՝ գրելու պատճառը հոլիվուդյան այն չքնաղ, անմոռաց կինոյի մեջ ինձ վերագտնելն է, այո, թեկուզ՝ խաբուսիկ, գոնե քեզ պատմելու այս՝ ինքս ինձ հմայող տողերի արանքում, թեկուզ ինչ-որ աղոտ շորշոփներ տրորելու համար:

Բաժանումը հակաբնական երևույթ է: Քչերը գիտեն, որ Հրաժեշտը մահ է: Ես էլ գիտեմ արդեն: Բաժանումը ո՛չ կլինիկական մահ է, ո՛չ էլ ֆիզիկական, Բաժանումը բարոյական ինքնաոչնչացում է: Բարոյական ոչնչացումը միայն գրքերում, ֆիլմերում է մատուցված՝ իբրև սիրուն, իրական հեքիաթ, բաժանումը վերջ է:

Ճիշտ է, Բաժանումը նաև սկիզբ է, մի պահ, եթե բարոյական մահ էլ չէ, ապա ամենայն վստահությամբ պիտի ասեմ, որ կորստի նույն այդ օրը դու անանցելի, կպչուն մի հիվանդություն ես ձեռք բերում, այն քո մեջ ճիվաղի նման թաքուն նստած մնում է, ապրում քո մեջ, սպասում ոտքիդ սայթաքելուն, որպեսզի ի հայտ գա հանկարծ չարքի մի պատեհ օր ու քեզ տանջի՜, մաշի շարունակ…

Ինչպես տեսնում ես, չկարողացա, այնու …. խուսանավել սենտիմենտալ արտահայտություններից, զգայական նուրբ երանգերից զերծ լինել. չհաջողվեց, սիրելի՛դ իմ:

  Հնարավոր չէ՛:

  Չեմ ուզում ավել զիզի-բիզի բաներ պատմել, մի տեսակ սա տղամարդու գործ էլ չէ, կարծես, առանց այդ էլ շատ թեթևացա: Ապուշի նման հիմա հիանում եմ այդ մի աստվածատուր շաբաթով. ամիսներ անց մենք կրկին հանդիպեցինք, էլի մի երեք օրով, հետո նորեն՝ ինքնաթիռի վոյաժի ևս մի երկու օրով:

Այսքան ընդամենը:

Բայց նա իմ սիրուհին չէր: 

Նա իմ Բրետն էր…

No Comments

Leave a Reply