Սեպտեմբերի գետնին անձրև կաթկթեց, փոշու հոտ բարձրացավ, Փոլի ձորի կեսօրվա մատղաշ, խամ քամին թարմ օդով լցրեց դպրոցի դատարկ բակը։ Մենավոր ձմեռնենի տանձի ծառը, մեկուսի սվսվալով, բարեբեր աշնանամուտի հովից թռչել ուզեց:
Զանգն ահա կհնչի, դպրոցի միջանցքները կենարար որոտ կբռնեն, դասից քաղցած երեխաները աշխույժ աղաղակով կշտապեն տուն:
— Ուրեմն, Եվրոպան ու Ասիան Կումա-Մանիչի իջվածքով, Ուրալյան լեռների արևելյան ստորոտով ու Մուհոջարի լեռներով, Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիսային ափագծով իրարից բաժանվում են,- վերջին ժամին աշխարհագրության ուսուցիչ Արմեն Անդրեասյանը ցուցափայտի ծայրը, առանց նայել, ֆիզիկական քարտեզով անցկացրեց, հայացքը խիստ, ի տես բոլորի՝ հառեց միջին շարքի վերջին նստարանի աջից գլուխը դաստակների վրա նինջ տված Սամվելին, — Վանեսանց տղա, հո՞ւնձ ես արել գիշերը, թե՞ հայրդ՝ Երվանդը, քեզ շատ ա չարչարում ձեր դռանը:
Սամվելն ու Հովիկը երդվյալ ընկերներ են, դասարանի՝ երկրորդ, մեկուսի թևը: Մյուս՝ Կարենի խմբի հետ միանալու, իրականում, խանգարիչ, կիսելու բան չկա, աղջկա հարց է՝ որոշողը իրենք չեն, իրենք իրար զուր նեղացնում են, այդ շփոթի մեջ էլ մեկ ուրիշը՝ ավագ դասարանից, շրա՛խկ, ինչպես ուրու, անսպասելի հայտնվում, գրավում է աղջիկներին, մնում են շվար:
Ամեն տարի խաղողաքաղը անմեկնելի ապրումով են դիմավորում, ամսուկես պիտի զինվորական կարգով հանդերում լինեն, առավոտ վեցին՝ վերկաց, իրիկունը տասին՝ քուն: Դասի չեն գնալու, ուխա՜յ, օրերով երկա՜ր, ելուպարան դաշտերում իրար հետ, ազա՜տ, մի ուրիշ բավականություն է:
Խաղողայգու հորիզոնին անհնար է հասնել: Մի սպիտակ, զիլան արև է երկնքից խանձում, առատ դաշտերի համար շուրջանակի հորիզոնը սոսկ խաբուսիկ եզր է: Մոտեցի՛ր, հապա, ահա նոր գունավոր հեռուներ են բացվում, հեռուները տանելու են քեզ դեպի ծովերը: Ծովի վրա քանի՞ կիլոմետրից է հորիզոնը սկսում գլոր տալ դեպի նոր շրջապար. հավանաբար՝ մի տասը-տասնհինգ, չէ՞: Խաղողայգին ծովի նման է՝ հարթ, տափարակ, անեզր, որտեղ նրա անկյունները հատվում, հորիզոնի բերանից այն կողմ է՛լ տեսանելի ուրվագիծ չկա՝ նոր հորիզոն է սկսվում, նոր աշխարհ, այնտեղ կյանքն ուրիշ է, ուրիշ լեզվով են խոսում, այնտեղ կնոջ հանդեպ տարբեր մոտեցում ունեն մարդիկ: Բայց նույն աչքերով, նույնպիսի կրքով են աղջիկներին նայում: Աղջիկները նույն տարիքում են հասունանում, նրանց աչքին իրենց դասարանի տղաները տհաս են երևում։ Թաքուն, արատավոր ու սիրալիր մոլուցքով բարձր դասարանի տղաներին են ուզում այնտեղ աղջիկները:
Սամոյի ու Հովիկի երեսին բոլորն են ժպտում: Ինչքան ճութը բերնեբերան դույլերը ծանր լինեն, քանակով մի երկուհարյուրին մոտ արդեն, մեքենայի թափքի գլխաթիթեղի վրա կանգնածին դատարկելու տան, աղջիկները բեռնված գալիս, աչքերով նրանց են փնտրում, գործի միջին նրանք աշխուժանալ են ուզում, աստված գիտի, թե էլ ինչ են ուզում:
Կեսօրաճաշին ինչքա՞ն է մնացել. հազիվ քառասուն րոպե: Սամվելն ու Հովիկը ալարկոտ խաղողաքաղներից են, ամեն ճութ, գիտեն, որ կեղտոտ է, բայց անպայման պիտի անհաղորդ, անոթի դեպի բերան տանեն, երկու-երեք գիլան շուրթերով էծի նման պոկոտեն, հետո հինգ տեղից ճմոռ տված ցինկե դույլի մեջ նետեն: Դույլի իրանը մի հինգ տեղից հատուկ խոցոտելը իբր ծավալը սեղմելու, շուտ ճթերով լցնելու համար է՝ քանակ է հարկավոր: Աղվեսների մեկը։ Դույլը աննկատ խոցոտելը ավելի շատ աղջիկներին ծիծաղեցնելու, ուշադրություն գրավելու նպատակ ունի: Աղջկան ինչքան ծիծաղեցնես, այնքան նրա սիրտը մտնելը հեշտ է։ Աղջկան կարելի է գրավել միայն՝ նրանից չափազանց, անկապ ժամանակ խլելով. աղջիկը, հայտնի է, չարաճճի անբանին է հմայվում, խուլիգանի ետևից հայիլ-մայիլ լինում, է՛հ․․․
Սամոն ու Հովոն ամեն մանրուք կինո են սարքում. երեկվանից, ամեն շարք մտնելով, իբր երգում են․ սուտ, հանպատրաստից, մտացածին, հատուկ քրքզալու իտալերենով՝ ահա՝ Ադրիանո Չելենտանո կամ Ռիկարդո Ֆոլյի են կատարելու.
Ջոռնի մենտո սիստե մորե,
Կոնտի դե պինոդե վիէլ լորի
Տոտիդենտե մի ֆո նեստրա
Կատո-մատո գենե մունեջո
……………………………………….
………………………………………..
Մթերման մեքենայի խցիկի տանիքին նստած, դույլերը ցուցակագրող, այդ տարին դաս տալու եկած պատմության ուսուցիչ Սերգեյ Քանանյանը սաստիկ նյարդային է, նկատողության հասաս, մանրախնդիր, զավեշտալի մի տառակեր: Իսկ ի՜նչ կա երգելու մեջ, խաղողաքաղը հո՜ չի տուժում: Հովոն ու Սամոն, քանի՜ մեքենային մոտեցող շարքը հետզհետե ճթերից մաքրում, այնքան ավելի են սուտ իտալերենով փորապատառ լինում, որպեսզի գծուծ Քանանյանին հունից հանեն: Իբր սա կարգի ո՞ր կանոնի խախտում է, ուսուցիչն ինչո՞ւ պիտի զինքը ցրիվ տա, թե՝
— Վե՛րջ տվեք, գլուխ եք ցավեցնում, դաշտում մենակ չե՞ք, հո, հարյուր հիսուն աշակերտ ա աշխատում…
Հովոն, Սամոն ու իր տարեկից սերունդն ամենևին քաղաքականության տեղյակ չեն, դասեր են կիսատ-պռատ սերտում, ֆուտբոլ խաղալուց՝ մութն ընկնելու հետ տուն գալիս: Նրանք չգիտեն, որ այգիների հորիզոնները, ի վերջո, գալիս հասնում են Կասպյանի ափեր, ուր ցմփոր կոմունիստ տերեր կան. երեխայի հոգնատանջ ձեռքով մթերվող խաղողի գլխին մի երկու անգամ էլ սուտ թղթի վրա իրենք են թիվ թխում, ուղարկում Մոսկվա: Բաքու հատուկ ծրագիր կա մշակված՝ հետզհետե դուրս մղել ջահելներին իրենց երկրից։ Հայաստան ոչ ոք լուր չունի, իրազեկ չէ՝ Մոսկվաներում պաշտպան կանգնի նրանց:
Աղվեսաբարո, թեթև ժպիտը երեսին Հեյդար Ալիևը, խորհրդային պետության փլուզվելու հետ միասին, մեջլիսի ցուրտ շենքում կոլխոզի բրիգադավարի իր՝ ձմռան հարսանքի համար պահված մուշտակը հագին՝ պատգամավոր է ընտրվել: Դեռ հին՝ խաղողի, բրդի վերագրումների, համեղ խորհրդային տարիներից երբեմնի սոցիալիստական հանրապետության միանձնյա փադիշահի հանդեպ ատամ ունեցող մի թուրք անկախական գրող բարձրացել է մեջլիսի ամբիոն՝ ղարաբաղյան դա՛րդը, ձախավե՛րը, արյո՛ւնը կապի նրա գլխին, թե՝ «կացության միակ մեղավորն ու պատասխանատուն քսան տարի կամայական ղեկը ձեռքին՝ հենց ինքը՝ Հեյդար Ալիևն է»:
Բաքվի հունվարյան օրերն էին, թուրք խառնամբոխը հայերին մորթոտում էր, այնուհետև խորհրդային բանակը միջամտում՝ քաղաքի փողոցներում անողոք «մաքրազարդումներ» էր իրագործում: Մեջլիսի՝ ծեծկռտուքի հասվեհաս կռիվը ուղիղ եթեր է հեռարձակվում, ամբիոնի գրողը սառնասրտորեն իր ելույթը շարունակում է, տեղից ռեպլիկները չտեսնելու տալով՝ արհամարհում Հեյդար Ալիևիչի պատասխան հոխորտանքը: Գլուխն իր զեկույցի մեջ՝ նա անտարբեր կարդում, առաջ է անցնում, ավելի բորբոքում անկյալ առաջնորդին. «էսինչ թվին, Հեյդար Ալիևի թողտվությամբ ու անմիջական հրահանգով .․․․ էսինչ թվին…»: Ըմբոստ գրողին մեջլիսի նախագահը, իբր կիսահայ, հանրահայտ Բախտիար Վահաբզադեն նույնպես չի սաստում: Դեմոկրատիա է: Հեյդար Ալիևը՝ բրիգադավարի մուշտակը հագին, հերսոտ, խոսափողը ձեռքն է վերցնում.
— Ձենդ կտրի՛ր, սրիկա՛, ձենդ կտրի՛ր, երախտամո՛ռ սրիկա, շա՛ն որդի:
— Նրա ղեկավարության օրոք…. ,- անթարթ, ակնոցների միջից՝ գլուխը զեկուցման թղթերի վրա կախ, ժպտերես ու չարախինդ շարունակում է գրողը,- նրա ղեկավարության օրոք հայերը…
— Ձենդ կտրի՛ր, դավաճա՛ն, ճո՛րտ, ավանա՛կ շան որդի: Իմ ղեկավարության օրոք Ղարաբաղի հայ բնակչությունը տասնյոթ տոկոսով քչացրել եմ, կո՛ւյր շան որդի,- ուղիղ եթերում, ի լուր աշխարհի, խոստովանում է Հեյդար Ալիևը:
Իրիկունը Սամոն հաց էր ուտում, իսկ հեռուստացույցը ադրբեջանական մեջլիսի այդ պատմական հատվածն էր եթեր տալիս: Մայրը խոհանոցի իր գործին էր, հայրը՝ դրսերում: Սամոն հասուն տղա է, տասներորդը տարվա վերջին պիտի ավարտեր: Նա, Ալիևի խոստովանությունը, վազեց խոհանոցում մորը պատմելու: Հետո արագ մոտեցավ հեռախոսին՝ զանգելու ընկերոջը՝ Հովիկին: Զանգը գնաց, նա՝ անհամբեր, ընկալուչը վերցնող չկա: Սամոյի ձեռքը դողում էր, զայրույթից չգիտեր ինչ անել: Զանգը գնում՝ ընկալուչը վերցնող չկա:
Տարիներ հետո ընկերները Անդրոն Կոնչալովսկու՝ Ալիևի հանճարեղության մասին կենսապատում ֆիլմը եղկելի զգացումով պիտի նայեին ու իսկական մարտիկ Սամվելին հիշեին: Հեյդար Ալիևի մասին Անդրոն Կոնչալովսկու հիացական ոգևորությունը Կաննի փառատոնի հոդորոշ լինելը ստվերի մեջ էր դնում:
…Իսկ Սամոն այլևս չկար. սուտ իտալերեն երգող աղջկասեր աշակերտը, ադրբեջանցի իր տարեկիցների հետ միշտ ազնիվ, ընկերասեր երբեմնի երիտասարդը Գետաշենի անհավասար մարտերում, ուր դիմացից խորհրդային կանոնավոր զորամասի ժամկետայիններն ու նորաստեղծ թուրքական օմոնի խաժամուժն էր կրակում, հոգին արդեն տվել էր երկնքին:
Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղուց դեպի արևելք, որտեղ Առանն է սկսվում, ադրբեջանցիներ էին ապրում, դեպի խորքը Աղդամն էր բացվում:
— Գնա Աղդամ՝ հավի պանիր էլ ես առնելու: Մակարով ատրճանակ ուզես գտնել, մտի բազարը, ասա՝ թխսկան ա հարկավոր ճտերի հետ:
Ոմանք ասում էին՝ Աղդամ կալաշնիկով էլ են ծախել ժամանակին: Այդ քաղաքում խորհրդային կարգեր չկային. բնակչությունը անօրեն, ժրաջան, սահուն առուտուր էր անում, մտքիդ եկած ամեն բան, խնդրեմ, գնա Աղդամ, առ՝ բեր…
Ֆիզիկայի ուսուցիչ Շեկյան Արամը թունդ զրույցի պահին ձայնի երանգը փոխում, քթարմատի մի անտարբեր շեշտով՝ իբր գաղտնիք է բացում, ասում էր. «Եվրոպան գալիս-ավարտում է Աղդամի մեջտեղը: Աղդամի դարպասի մոտ Եվրոպան վերջանում է, դենն արդեն Եվրոպա չի»:
Սամոն Աղդամի հսկա լինելը երկնքից է տեսել, երբ տատի հետ յոթերորդ դասարանում Ստեփանակերտից ավտոբուսով մեկնել է Երևան. ետ պիտի թռչեին տուն: Երևան՝ հորաքրոջ, նրա ամուսնու ու տատի հետ կրկես են գնացել: Կրկեսի նախասրահից շարժասանդուղքները իջնում էին հանդիսասրահ, շուրջը՝ «Իզաբել, Իզաբե՜լ», համալիրը ձայնասփյուռի խրոխտ, թնդուն հնչյունների տակ էր: Հորաքրոջ երկրաբան ամուսինը կայտառ ծիծաղել, կատակել է.
— Զոքա՛նչ, Ազնավուրն ա երգում, գիտե՞ս՝ Ազնավուրն ով ա:
Զոքանչը բազմանշանակ, անտեղյակ փորձել է դրությունից դուրս գալ:
Հանդիսասրահի ջրաղացին հատուկ եռուզեռի թավ աղմուկի մեջ երկրաբան փեսան դեպի Սամոն է շրջվել, մեծավարի ասել.
— Ֆրանսահայ հայտնի երգիչ ա, երիտասա՛րդ, հիշի՛ր: Ամբողջ աշխարհը Ազնավուրին սիրում ա: Ճիշտ ա, Ռեյ Չարլզ էլ կա, բայց…
Հորաքրոջ ամուսինը դիտմամբ առաջինն է իջել շարժասանդուղքի վերջին աստիճանի արգելքը, որտեղ անսովոր աստիճանների ընթացքը կտրուկ կանգ է տալիս. սրընթաց արգելանքից անտեղյակը — օրինակ, շենից եկած տատն ու Սամոն — այլայլվում, մի կերպ են իրենց պահում՝ չընկնեն: Ու, կողքից նայող, վաղուց քաղաքաբնակ երկրաբանը առաջինն է հատուկ իջել՝ աչք տնկի, անշառ քրքզա:
Տունդարձին՝ հորաքրոջ ամուսինը տոմսերը առել, օդանավով է նրանց տուն ուղարկել: «Յակ-40»-ը Ստեփանակերտ վայրէջքի համար սովորաբար Աղդամի երկնքում ցածրաթիռ, ընդարձակ մի պտույտ է տալիս, օդասրահում մարդու սիրտ է ակամա նվաղում: Սամվելը վայրէջքի սրտահմա պահին այտն ու ճակատը զմայլանքից հպել է սառը լուսանցույցին, ագռավի թևահարումի բարձրության տեսարանից նրա աչքերը փայլել են, կարծել է, թե թռչնաթռիչքի այդ արարչական բարձունքից ինքը նայում է անհորիզոն, արևկող, իր ապագա սիրելի Ստեփանակերտ քաղաքին: Շենքե՜ր, սեփական տնե՜ր, ուղղանկյուն երկար շինություննե՜ր, որոնք հավանաբար դպրոցնե՜ր էին, ձեռնարկություննե՜ր, պետական հաստատություննե՜ր: Նա ավելի է հափշտակվել, մինչև հարևան բազմոցի ակնոցավոր, լեզվանիկ տարեց կինը, որ մի ժամից էլ պակաս երկնային ճանապարհին թռիչքի սրտխառնուքի դեմ ծծովի կոնֆետ էր իր մի այտից մյուսին տալիս, հոգնատես լմլմացնում, ասաց.
— Անտեր, կրակ ընկած Աղդամդ տե՜ս ինչ էլ մեծ ա, է՜, քաղաք եմ, է՜, ասել… ոչխար ցե՛ղդ կտրվի, եկան մեր հողերի տեր դառան…
Մայրուղին սահման չէր, դեպի թուրքեր ուրիշ աշխարհ էր սկսվում: Սահմանակից գյուղերում սովորական մարդիկ էին ապրում, իրար նման՝ անասնապահ, այգեգործ, արհեստավոր, նալբանդ: Իսկ Աղդամը, ահա, արդեն շրջակա հայերի ու թուրքերի համար ուրիշ կոնգլոմերատ էր:
Սամոյի հայրը հեռու մեկնումի էր գնացել: Առավոտ շուտ՝ վեցնանցկեսի կողմերը, վարորդ զուգընկերոջ հետ սովորականի նման կանգ է առել Աղդամից դուրս գալու վրա՝ ճանապարհի երթևեկելի մասի սրճարանում խաշ ուտելու: Հայրը խաշի սիրահար էր, մանավանդ առավոտները՝ նախանձելի ախորժակ ուներ, մարդ, որ չէր հագենում ուտելուց, իր ուտելով էլ գրգռում էր տեսնողների ախորժակը: Տարեց զուգընկերը ծխող էր, համադամասիրությունից հեռու, գրեթե միշտ անթրաշ, սակայն նա չափազանց ձեռնբաց, բարի ու մշտահաս էր: Նա գիշերը բեռնատարի ղեկին՝ կիսաքուն, աչքերը կիսախուփ մեքենա վարելու մեջ էր հայտնի, նա տառացիորեն քնած էր մեքենա վարում: Ու, որովհետև այլևս նրա վտանգավոր այդ բնավորությունը ուղղելի չէր, բոլոր բարյացակամ ծանոթները սրտներում միշտ բարեկամաբար տենչում էին՝ հանկարծ շառուփորձանքի մեջ չընկնի: Խաշի մի ափսեն դառնում է երկու, երկուսը՝ երեք, երեքը՝ չորս, անհավանական, ախորժալի բկլատ նախաճաշ, մինչև մատուցողուհու ափսե տանել-բերելուց սրճարանի թուրք վարիչ Իլդրիմը ծագի հենց այդ ժամին տեղում է լինում, հաշիվ-հաշվառքի, թղթերի մեջ նկատում է: Ակնոցը քթի ծայրին՝ շրջվում է դեպի սրահ, նախաճաշի երկու օտար եկվորի խաշ ուտելուն ժպիտը երեսին նայում. մե՛կ մատուցողուհուն, մե՛կ վարորդ հայերին: Նա ոսկյա ատամնաշարի միջից ժպտում է, հաճախորդի գրավիչ ախորժակից զարմացած՝ մատուցողուհուն բարձրաձայն առաջադրանք տալիս.
— Այսուհետև, ուրեմն լսիր, երբ էլ լինի, քանի անգամ էլ լինի, էս մարդիկ մեզ մոտ կանգ առնեն խաշ ուտելու, որպեսզի նրանցից կոպեկ չվերցնեք: Իրենք այսուհետև մեր թանկագին հյուրն են: Ասածս փոխանցիր նաև հերթափոխիդ:
Հայրն այդ օրվանից աղդամեցի սրճարանի վարիչ Իլդրիմին ընկեր է դարձել, մտերմությունը կոչվել է քիրվայություն: Հեռու մեկնումից վերադարձել է տուն, կնոջը պատմել զվարճալի օրվա մասին, հարցրել.
— Բա ինչո՞վ պատասխանենք էդ թուրքի աղայությանը: Աղդամեցուն ինչո՞վ զարմացնես, է՜:
Իրար են տվել, որոշել՝ հոնի արաղից ուրիշ տղապետ չկա, հարգի պահուստ է: Հաջորդ ճամփա գնալուց թանկագին հյուրի համար հոնի արդար, հոտավետ խմիչքի մի բալոնը՝ որպես փոխադարձ պատկառանքի նշան, տարել է Իլդրիմին: Այդ օրվանից իրար իսկական, պատվի ընկեր էին՝ սրճարանի վարիչ, ունևոր, աղայական շնորհքի Իլդրիմն ու՝ Սամոյի ջահել վարորդ հայրը:
Բաքվից ետ դառնալու ճանապարհին մի օր Իլդրիմը Սամվելի հորը կրկին տեսել է, նորահայտ ընկերոջը ընտանյոք հանդերձ հյուր կանչել: Սկզբից, ճիշտ է, Սամոյի ծնողները տարակուսել են՝ Աղդամ, քիրվա, թուրքի աշխարհ, նիստուկացն ուրիշ. հիշել են տարածված զրույցը, թե թուրքերն ամեն նովրուզ-բայրամի, հարսանիք-կնունքի հայ են մորթում, ու տխրել: Իրենք իրենց հետո սրտապնդել են, հայրը թառանչել, ցրել է տան պիրկ մթնոլորտը.
— Հետո ի՜նչ՝ թուրք ա, իսկական մարդու ազգի՞ն պիտի նայես: Իլդրիմի ընկերությունը մաքուր ա, անշահախնդիր: Որ կանչել ա, ուրեմն մարդն ուզում ա մեզ պատիվ տա: Իրենց մոտ պատիվ տալը մեծ շնորհքի հարց ա: Մի անգամ էլ մենք կկանչեք, կին-երեխա կվերցնի, կգա մեր տուն հյուր: Դու պատրաստվի՝ տեսնենք էդ հարուստ մարդուն ինչով ենք զարմացնելու,- դարձել է նա կնոջը:
Թուրք ընկերը իր եղբոր հարևանությամբ էր ապրում, նույնպես սննդի մատակարարման մեջ էր: Նա դղյակ ուներ, ասֆալտապատ բակ, երկու դուստր, արևային ակնոցը վարսերին, մետաքսե, թանձր նախշերով զգեստը հագին՝ դաշնամուրի ուսուցչուհի գրագետ մի կին: Դուստրերից ավագը՝ Ֆահրիյան, Սամոյի տարեկիցն էր: Նոփ-նոր Դեսնա-2 հեծանիվ ուներ: Աղջիկը վարժ քշում էր, անզուսպ հուպ տալիս արգելակին, քշոցի սույլն ու հետքը թողնում գորշ ասֆալտի վրա, ուրախանում: Բակը մեծ էր. անվարժ, կամաց քշելը իմաստ չուներ:
Սամոն շիտակ ռուսերեն էր խոսում. ամռանը շենի հովեկ ռուսախոս ազգականներից էր հմտացել: Ութերորդցի Ֆահրիյան ռուսական դպրոցում էր սովորում, հասուն աղջկա տեսք, մայրաքաղաքից հեռու ապրող պարմանուհու համար՝ շնորհալի պահվածք ուներ: Սամոն ու Ֆահրիյան մի տարիքի էին: Աղջիկների բախտը բերում է, երբ եղբայր չեն ունենում, հայրը նրանց ազատություն շատ է տալիս:
Ֆահրիյայի կենսուրախ, անվեհեր աչքերը Սամոյին սկսեցին կաշկանդել: Նա թուրք տարեկիցների հետ ֆուտբոլի դաշտում է միայն առնչվել, երբ հարևան թուրքի շեն հանդիպման էին գնացել: Մրցավարը տեղացի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր: Սա, որպեսզի խաղը հյուրընկալ «ոչ-ոքի»-ով վերջանա, վիճելի պենալտի է նշանակել իրենց դպրոցի թիմի դարպասին:
Սամոն հա՜ կաշկանդվում էր պարմանուհու մոտ: Ֆահրիյան իսկույն հասկացավ, հեծանիվը տվեց նրան, որպեսզի նա տան շուրջը պտույտ տա, իբր ժամացույցին նայեն ու՝ մրցեն: Աղջիկն ընդամենը իր տարեկից հյուրին խոսեցնել էր ուզում, Սամոյի աչքերին էր նայում, իսկ հայ տղան՝ հեծանվի ոտնակներին էր աչքերը գցել: Պտույտից հետո Ֆահրիյան ուզում էր նրան բաց չթողնել ծնողների մոտ։ Սկսեց գովել առաջին անգամվա խամ արագությունից, փչեց իր ճակատի մազափնջին, միասին ներս մտան դաշնամուրի սենյակ: Թուրքի տան թագավորությունը, պսպղուն դաշնամուրը, լայնարձակ հյուրասրահը Սամվելը հնդկական կինոյում էր տեսել: Ֆահրիյայի հանդուգն, նազելի, դիմագրավ պահվածքը խիզախություն տվեց տղային վերջապես: Նա շփումից ցոլացող ստեղներին ու աղջկա քնքուշ մատերին էր նայում, մոռացել էր արդեն, որ Ֆահրիյան թրքուհի է: Աչքերը սկսեցին սահել աղջկա կառուցիկ իրանով, մանրավանդակե կտորի զգեստը նրա ուրվագծով ձգվում էր դեպի վեր՝ դեպի բաց պարանոց: Սամոն աչքերը փախցնում էր, որովհետև աղջիկը ստեպ-ստեպ նվագելու թովչությունն ուզում էր ի ցույց անել՝ թեքելով գլուխը դեպի իրեն: Սամոն նկատելի համեստ էր, արդեն բռնվել էր տղայական գգվանքով, ինքն էր տեղյակ միայն այդ զգացումին: Նայում էր աղջկա մատներին, կիսաբաց սրունքներին, մազահյուսքին՝ սիրտը տաքանում էր. նա անհասկանալի վայելքի մեջ էր այդ պահին, առաջին անգամ էր նրա արյունը աղջկա վրա այդքան քաղցրանում: Տապտապ, անփորձ դեռահասի բնազդական, անսքող լիբիդոն եռում էր նրա ներսում, հասնում էր աղջկա զգեստի տակ թաքնված կրծքի բլրին, պարանոցին: Ու ինքն էր տեղյակ միայն իսկական, նորածին այդ հույզին:
Երեխաները, ծնողներից առանձին, միասին մի սեղանի շուրջ հավաքվեցին, ճաշեցին, հետո ինչ-որ ֆիլմերից սկսեցին զրուցել, թե ո՛ր ֆիլմում՝ ո՛ր դերասանն է նկարահանվել:
Աղդամ հյուր գնալու փաստը ինքնին համարձակ քայլ էր, սակայն Իլդրիմի աղայությունը վանում էր ամեն վտանգի զգացողություն: Թուրքին հյուր գնալը յուրօրինակ սխրանք է, ընդունված կարգից դուրս արտառոց դեպք, երբ ապահով լինելու հենքը սովորական մարդու հեղինակությունն էր ու պատասխանատվությունը: Հայերն ու թուրքերը Մանազկերտի ճակատամարտի ժամանակներից միշտ իրար դեմ-հանդիման կանգնած են, ամեն հարմար առիթ-դիպվածի՝ պատրաստ իրար վերացնելու: Հայկական բարձրավանդակում թուրքի հայտնվելու ժամանակը մեծ դժբախտություն էր, բայց սովորական ճակատագիր, անփախուստ իրողություն: Երկիրն ինքն է թույլ-ուժեղի հավերժական օրհասի ձեռքին: Դարերում խորանալու իմաստ չկա: Այն օրվանից, երբ հայն ու թուրքը սկսել են իրար հետ պատեպատ հարևան ապրել, իրար վերացնելու կենսական բնազդը որպես սովորական երևույթ է ընկալվել: Հրոսակ, սարսափազդու եկվորը, հարկավ, դաժանություն է գործածել, հայերն իրենց պետականության վերջին մասուքներն են ծախսել, հավաքվել եկեղեցու շուրջ, կամ՝ հուսահատ, սեփական օջախի պաշտամունքն է մեջտեղ բերվել: Հարևաններն անգամ քաղաքակիրթ մեր դարում են անհաշտ թշնամի: Երկրորդ աշխարհամարտից մեկ տասնամյակ հետո ֆրանսիացիները ատոմային ռումբ են սարքել, նրանց հարցրել են՝ ու՞մ դեմ է, ախր, ձեր մահաբեր զենքը Եվրոպայի սրտում՝ Ալժիրի՞, Մարոկկոյի՞, ո՞ր թշնամու դեմ է: Ֆրանսիացիները անտատան պատասխանել են՝ գերմանացիների: Լեհերից հարցրեք՝ ով է ձեր հավերժական թշնամին, կասեն՝ ռուսը, նույն հարցը տվեք հնդիկներին, կասեն՝ Պակիստանը, կորեացին ճապոնացու անունը կտա, պորտուգալախոս բրազիլացին՝ իսպանալեզու արգենտինացու: Մարդկայնության խաչը առանձին անհատների մեջքին է, ավա՜ղ:
Հետագա տարիներին ամեն ինչ փոխվել է, ճանապարհները փակվել են, իսկական պատերազմ է սկսվել: Սամվելենց ընտանիքը ամեն առիթով բարյացակամորեն է հիշել Իլդրիմին, նրա երեխաներին: Սամոն միշտ Ֆահրիային է հիշել, տարփալի շորի մեջ՝ պիրկ ու սիրուն մարմնի ուրվագիծը, պարծենկոտ պարմանուհին հեզորեն անցնում է ստեղներով, հետո բացատրում, թե՝ սա Վեցերորդ էտյուդն է, ինքը «Տարանտելլան» էլ կարող է նվագել: Սամոն տղայական առաջին ինքնաբեր տենչը դաշնամուր նվագող, կրքի ալիքից անտեղյակ, դեռատի Ֆահրիյայի վրա է զգացել, երբ հարևան հյուրասրահում թուրք մարդիկ, բարեկամներով հավաքվել, հյուրասիրում էին նրա հորը, մորը, փոքրիկ քրոջը: Բոլորը մի անկախ զգայարանի համար պահուստ փակ էջ ունեին, իրենք երկու տարբեր աշխարհից են, իրենց աշխարհները սահմանաբաժան ունեն, իրենք իրար դեմ են միշտ: Սամոյի հայրը կռվի անողորմ օրերին, երբ իրիկունները թեյի են նստել, գորովանքով, բարձրաձայն, անորոշ հարց է տվել.
— Տեսնես՝ Իլդրիմն ո՜ւր ա հիմա, տեսնես՝ որ իրար պատահեինք հիմա, ոնց կնայեր ինձ, էլի էնպես ձեռնբաց կբերեր, սեղանը կլցներ, կնոջն էլի կասե՞ր՝ տես ինչի կարիք ունեն մեր հյուրերը, կապիր-պատրաստիր, որ իրենց հետ տանեն…
Հետագայում՝ կռվից առաջ, ինչ-որ ընտանեկան, անձնական դժբախտություն է պատահել Իլդրիմին: Մեկնումի հերթական մի օր բեռնատար զույգ մեքենաները ճաշարանի մոտ կանգ են առել, ծանոթերես մատուցողուհիները խորհուրդ են տվել առժամանակ չկապվել Իլդրիմի հետ: «Ինչ է պատահել, հո լուրջ բան չի՞ եղել»,- հարցրել են: Թուրք աշխատակցուհիները ուս են թափ տվել, տարօրինակ մի բառ են ասել միայն՝ չգիտենք:
Խաղողայգու երբեմնի ծովը այժմ դիրքեր են: Մրգաբեր վազերը՝ վաղուց վայրի. խոտոր կրակոցներ, ժամանակ առ ժամանակ անողորմ մահեր: Հանկարծ դիրքերի թիկունքում՝ խաղողայգու դեմուդեմ երբեմնի ծովում՝ թե տրակտոր է հռնդում, հերկ է ծիր տալիս, անհոգ ու մահապարտ զինվորի խնդուքը շարժվում է:
Իսկ քամքաշ հորիզոնում մերթընդմերթ երանելի մեղեդի է շնկշնկում. «Իզաբել, Իզաբե՜լ…»…
No Comments